Դարանաղի
Դարանաղի, գավառ Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհում[1]։ Համապատասխանում է ուշ ժամանակների Կամախին (Քեմախ)։ Հայտնի էր իր արգավանդ հողերով և հանքային ջրերով։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավառը պատմության մեջ հիշատակվում է տարբեր անվանումներով՝ Աղյաց գավառ, Դարալիստե, Դարանա, Դարանալիս, Դարանաղ, Դարանաղե, Դարանաղիկ, Դարանաղիք, Դարանաղյաց աշխարհ, Դարանաղյաց գավառ, Դարանաղյաց երկիր, Դարանաղյաք, Դարանիսա, Դարյաց գավառ։
Լատիներեն աղբյուրներում նույնացված է Անալիբլայի հետ, որը համարվում է 7-րդ դարի «Աշխարհացույց»-ի Աղյուն կամ Առյուծ գավառը։ Հարուստ էր աղահանքներով, որի պատճառով էլ նրա անունը սովորաբար կապում են աղի հետ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածվում էր Արևմտյան Եփրատի հովտում։ Հնում մտնում էր Ստրաբոնի հիշատակած Ակիլեսենեի (հետագայում՝ Եկեղեցյաց գավառ) կազմի մեջ։
Իր տարածքով համապատասխանում է այժմյան Թուրքիայի Կամախի շրջանին, գտնվում էր Երզնկայից հարավ-արևմուտք։ Հրաբխային սարահարթ է, ունի սառնորակ աղբյուրներ, հարուստ է հանքային ջրերով։ Պատմաաշխարհագրական վայրերից նշանավոր են Թորդան գյուղը և Անի ամրոցը։
Գավառի կենտրոնը Անի ավանն էր՝ Արևմտյան Եփրատի առ ափին, որի մոտ էր գտնվում Կամախը՝ նույն գետի ձախ ափին։ Մյուս պատմական վայրերից են Սեպուհ լեռը, Մանյա այրքը և Թորդան ավանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ պատմագիրներից Դարանաղիի գավառը առաջին անգամ հիշատակում է Փավստոս Բուզանդը, ով այդ Եկեղեցյաց գավառները համարել է Լուսավորչի տոհմի սեփականությունը։
Հեթանոսության շրջանում Դարանաղի գավառը կրոնական մեծ կենտրոն էր․ այստեղ էին գտնվում (Անի ամրոցում) Արամազդ աստծո մեհյանը, Արշակունի թագավորների պանթեոնը[2]։ Ըստ Փավստոս Բյուզանդի, 4-րդ դարի 2-րդ կեսին՝ 360 թվականին, երբ Սասանյան Շապուհ II արքայի զորքերն ավերել են Արշակունյաց դամբարանը, նրանք միայն չեն կարողացել քանդել Սանատրուկի շիրիմը Դարանաղյաց Անի բերդում՝ Արշակունիների հանգստարանում, որը «հսկայաշեն, հաստապինդ և ճարտարագործ կառուցվածք էր»[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1988։
- ↑ Հայ ժողովրդի պատմություն, հատոր1, գլուխ երեսուներորդ, Հայաստանի քաղաքական վիճակը մ․ թ․ II դարում. էջեր 766–767.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 311)։ |