Աթշի-Բագավան
Երկիր | Մեծ Հայք |
---|---|
Կարգավիճակ | գավառ |
Մտնում է | Փայտակարան |
Հիմնական լեզու | գրաբար, թալիշերեն |
Ազգային կազմ | կասպեր, թալիշներ |
Կրոնական կազմ | զրադաշտականություն |
Աթշի-Բագավան, գավառ Մեծ Հայքի Փայտակարան նահանգի կազմում՝ ըստ Աշխարհացույցի։ Վարչական կենտրոն Բագավանի մասին հստակ գտնվելու մասին տեղեկություններ չեն պահպանվել, սակայն հայտնի է, որ տարածքում է գտնվել նաև Ապարշահր բնակավայրը։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավառի երկու անուններից առաջինը կապվում է պահլավերեն «աթաշ»՝ կրակ բառից։ Երկրորդ հատվածը վկայում էր կրոնապաշտամունքային կառույցներ ունենալուն («բագ»՝ դից, աստված, «ավան»՝ բնակավայր), որով հարուստ էր Փայտակարան նահանգը (Յոթնփորակյան Բագինք)։ Հատկանշական է, որ այդ անունով եղել են նաև Բագրևանդ և Բագարան քաղաքները Այրարատ նահանգում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աթշի-Բագավանը եղել է Փայտակարանի տասներեք գավառներից մեկը, եղել սահմանային վարչական միավոր։ Հյուսիսում սահմանակցել է Հանի, հարավ-արևելքում՝ Որմիզդ-Պերոժ, հարավ-արևմուտքում՝ Սպանդարան-Պերոժ և արևմուտքում՝ Քաղանռոտ գավառներին։ Արևելյան՝ ոչ ցամաքային սահմանը Կասպից ծովն էր։
Տարածքով հոսում էր Առոս գավառից սկզիբ առնող Վիլյաժ գետը, որը թափվում էր Կասպից ծով։ Ունի լեռնային ռելիեֆ, անտառապատ է։ Հարմար է անասնապահության և երկրագործության, մասնավորապես՝ արևելյան մրգերի (թուզ, նուռ, ձիթապտուղ և այլն) այգեգործության համար։
Գավառի տարածքը համապատասխանում է ներկայիս Ադրբեջանի Լենքորանի և Մասալիի շրջաններին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավառը Փայտակարան նահանգի կազմում եղել է Մեծ Հայքի թագավորության մեջ՝ Արտաշես Ա Բարեպաշտի (մ․թ․ա․ 189 - մ․թ․ա․ 160)՝ հայկական հողերի միավորման արդյունքում, մինչև Հայաստանի առաջին բաժանումը (387)՝ ավելի քան կես հազարամյակ։ Տարածքը, Պարսկահայքի մի շարք գավառների և ամբողջ Փայտակարանի հետ միասին, հաշվի առնելով այդ գավառներում հայ բնակչության սակավությունը կամ բացակայությունը, անցել է Ատրպատականին (Սասանյան Պարսկաստան)։
Ինչպես գավառը, այնպես էլ Փայտակարան նահանգը, հայկական պետության մեջ չեն մտել՝ դրանում հայկական իշխանության կամ վարչական այլ միավորի բացակայության պատճառով։ Փայտակարանի՝ Կասպից ծովին հարող գավառներում, այդ թվում այստեղ, Սասանյանները բնակեցնում են թալիշների, իսկ Կուրից հյուսիս՝ Աղվանքում, բնակեցնում են թաթերի։ Դրանում բնակվող զրադաշտականություն դավանող կասպերը և թալիշները 7-րդ դարի կեսերին արաբական նվաճումների արդյունքում ընդունել են իսլամ, ապա և դարձել Ատրպատականում ձևավորվող տարբեր պետական կազմավորումների բնակիչներ։
Ռուս-պարսկական պատերազմների (1804-1813, 1826-1828) Փայտակարանի մեծագույն մասի հետ անջատվում է Իրանից, հայտնվում նախ Ռուսական կայսրության, ապա՝ Ադրբեջանի կազմում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Розалия Габриелян Армения и Атропатена / М.Э. Авакян. — Ереван: Издательство Российской-Армянского (Славянского) университета, 2002. — С. 318. — ISBN 99930-928-3-6
- Пайтакаран. - "Вестник общественных наук" АН Арм.ССР, т. ХП, с. 301-302 (հայ.)
- Ինճիճյան Ղ., Ստորագրութիւն հին Հայաստանեայց, Վնտ., 1822
- Հարությունյան Բ., Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ “Աշխարհացոյց”-ի
- Երեմյան Ս., Հայաստանը ըստ “Աշխարհացոյց”-ի, Երևան, 1963
- Ուլուբաբյան Բ.Ս., Դրվագներ Հայոց Արևելից կողմանց պատմության IV-VII դդ., Երևան, 1981
- Арутюнян, Б. Система политико-административного деления Великой Армении = Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ Աշխարհացույցի. — Ереван, 1998.
- Hewsen, R. H. (1988). «BAGAWAN». In Yarshater, Ehsan (ed.). Encyclopædia Iranica. III/4. p. 407.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 132)։ |