Jump to content

Առանռոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առանռոտ
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք
Կարգավիճակգավառ
Մտնում էՈւտիք
ՎարչկենտրոնՏիգրանակերտ
Հիմնական լեզուգրաբար, ուտիերեն
Ազգային կազմհայեր, ուտիներ, կասպեր
Կրոնական կազմԱղվանից եկեղեցի, զրադաշտականություն

Առան-ռոտ կամ Առանռոտ, գավառ Մեծ Հայքի Ուտիք նահանգի կազմում[1]՝ համաձայն Աշխարհացույցի։ Վարչական կենտրոնն էր Տիգրանակերտ բնակավայրը, որը մինչև 1993-2020 թվականներին գտնվում էր Արցախի Հանրապետության տարածքում։

Գավառի անվանումը ունի երկու բաղադրիչ. «Առան», որը «Աղվանք» պետության պահլավերեն անվանումն է (Արցախում կար նաև Մեծ Առանք գավառ), և «ռոտ», որը կասպերեն վերջավորություն է (Փայտակարան նահանգում հանդիպում են նաև Ռոտիբաղա, Քաղանռոտ, իսկ բուն Ուտիքում՝ Ռոտ-Պացյան գավառները)։ Հատկանշական է, որ «Ռոտ» վերջավորությունը հանդիպում է նաև Վասպուրականի Աղանդռոտ և Ճուաշռոտ անուններում, որոնք աշխարհագրական տեսանկյունից բավական հեռու էին կասպերի բնակության շրջաններից։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանռոտը եղել է Ուտիքի ութ գավառներից մեկը, հանդիսացել է սահմանային ծայրագավառ։ Հյուսիսում սահմանակցել է Ուտի Առանձնակ, հարավ-արևելքում՝ Տռի, հարավում, հարավ-արևմուտքում և արևմուտքում՝ Արցախ նահանգին (Մեծառանք, Պիանք և Մուխանք գավառներ), իսկ արևելքում՝ Կուր գետից այն կողմ, Աղվանքն էր։ Տարածքով է անցել երկու ճանապարհ՝ Պարտավը (Բարդա) Բայլականին, և Տիգրանակերտը Ամարասին ու Արաքս գետին։

Տարածքով հոսում էր Խաչենագետը, որը թափվում էր Կուր։ Ունի հարթավայրային ռելիեֆ։ Ամենաբարձր կետը Տիգրանակերտ քաղաքի արևմտյան հատվածում է, որտեղ 6-րդ դարում կառուցվել էր Վանքասարը։ Կլիման մերձարևադարձային է՝ մեղմ ձմեռներ և շոգ ամառներ։ Հարմար է երկրագործության (այգեգործություն, դաշտավարություն և խաղողագործություն), ինչպես նաև անասնապահության համար։

Գավառի տարածքը համապատասխանում է ներկային Ադրբեջանի Աղջաբեդիի և Աղդամի շրջաններին։

Գավառը Ուտիք նահանգի կազմում եղել է դեռ Երվանդունիների թագավորության ժամանակ՝ համահայկական պետության կազմավորման տարիներին, սակայն Աքեմենյան շրջանում վերածվելով սատրապության՝ երկիրը կորցրել է որոշ ծայրագավառներ։ Հետագայում Առանռոտը մտել է Մեծ Հայքի թագավորության մեջ՝ Արտաշես Ա Բարեպաշտի (մ․թ․ա․ 189 - մ․թ․ա․ 160)՝ հայկական հողերի միավորման արդյունքում, մինչև Հայաստանի առաջին բաժանումը (387)՝ ավելի քան կես հազարամյակ։ Տարածքը, Արցախի մի շարք գավառների և ամբողջ Ուտիքի հետ միասին, հաշվի առնելով Ուտիքում հայ բնակչության սակավությունը և աղվանական ցեղերի բազմաքանակությունը, անցել է Աղվանից մարզպանությանը (Սասանյան Պարսկաստան)։ Հայաստանում քրիստոնեության ընդունումից կարճ ժամանակ անց աղվանների արքա Ուռնայրը ևս ընդունում է քրիստոնեություն և հիմնում աղվանից եկեղեցին։ Վերջինս 552 թվականին վերածվում է կաթողիկոսության, որի կենտրոնը Կապաղակն էր, իսկ միջնադարում մուսուլմանների նվաճումներից հետո՝ զարգացած միջնադարում տեղափոխվում է Արցախի Գանձասարի վանք։ Մոտ լինելով գավառին՝ դրա բնակչությունը շարունակում է ապրել Առանռոտում, մասնավորապես կենտրոն Տիգրանակերտում՝ ընդհուպ մինչև ուշ միջնադար։

Ինչպես գավառը, այնպես էլ Ուտիք նահանգի հարավային հատվածը, հայկական պետությունների (Բագրատունիների թագավորություն, Զաքարյան իշխանապետություն) մեջ չեն մտել՝ դրանում հայկական իշխանության կամ վարչական այլ միավորի բացակայության պատճառով։ Որոշ քարտեզներում գավառը անգամ ներկայացվում է որպես Փայտակարանի մաս, ի տարբերություն Ուտիքի հյուսիսային՝ հայաբնակ գավառների։ Դրանում բնակվող քրիստոնեադավան ուտիները Աղվանքի թագավորության կործանումից և արաբական նվաճումներից հետո աստիճանաբար տեղափոխվել են Շամախիի և Արցախի լեռնային շրջաններ, հաճախ ձուլվել հայ բնակչությանը։ Տարածաշրջանը զրկվել է բնիկ բնակչությունից արդեն ուշ միջնադարում այստեղ հաստատված կիսաքոչվոր և քոչվոր անսասնապահ ցեղերի՝ կարակոյունլու և ակկույունլու թուրքմենների, օղուզների և զանազան թյուրքալեզու գերդաստանների զանգվածային թափանցման պատճառով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 30-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ինճիճյան Ղ., Ստորագրութիւն հին Հայաստանեայց, Վնտ., 1822
  • Հարությունյան Բ., Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ “Աշխարհացոյց”-ի
  • Երեմյան Ս., Հայաստանը ըստ “Աշխարհացոյց”-ի, Երևան, 1963
  • Ուլուբաբյան Բ.Ս., Դրվագներ Հայոց Արևելից կողմանց պատմության IV-VII դդ., Երևան, 1981
  • Арутюнян, Б. Система политико-административного деления Великой Армении = Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ Աշխարհացույցի. — Ереван, 1998.
  • Մեծ Հայքի վարչական բաժանումը Արխիվացված 2013-12-27 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։