Jump to content

Աղիովիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աղիովիտ գավառից)
Աղիովիտ
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք
Կարգավիճակգավառ
Մտնում էՏուրուբերան

Աղիովիտ, գավառ Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի ծայր արևելքում, Վանա լճի հյուսիսային ափին[1]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղիովիտն ընկած էր Աղի գետի հովտում (որից և ստացել է իր անվանումը), տարածվելով մինչև Նեխ Մասիք լեռը և Աղի լեռնանցքը՝ արևմուտքում, Ծաղկանց լեռները՝ հյուսիսում, Առեստ գետի արևմտյան ջրբաժանը՝ արևելքում և Վանա լիճը՝ հարավում։ Գավառի անունով Վանա լիճը երբեմն կոչվել է նաև «Աղի լիճ», իսկ գավառի Արճեշ քաղաքի անունով՝ երբեմն «Արճեշի ծով»։

Վասպուրականի Առբերանի և Ծոփաց Հաշտեանք գավառների հետ միասին հանձված էր Արշակունյաց արքայատոհմի սեպուհներին և համարվում էր արքունի կալված, ինչի հետևանքով գավառը կոչվել է նաև «Սեպուհական» կամ «Վասպուրական»։ Վերջին անվանումն ավելի ուշ տարածվել է ամբողջ նահանգի վրա։

Ինչպես վկայում է Պատմահայրը՝

Հայոց թագաւորէ Արտաւազդ որդի Տիգրանայ։ Սա ժառանգեցուցանէ զեղբայրս իւր և զքորս ի գաւառս Աղւոյ ովտի և Առբերանւոյ, թողլով ի նոսա զմասն արքունի որ ի շէնսն այնց գաւառաց, հանդերձ առաձին մտից և ռոճկաց, ըստ օրինակի ազգականացն որ ի կողմանս Հաշտենից. որպէս զի լինել նոցա պատուականագոյն և առաւել թագաւորազն քան զայն Արշակունիս. միայն օրինադրէ ոչ կեալ յԱյրարատ ի բնակութիւնս արքայի։
- Պատմութիւն Հայոց (էջ 137)
Եւ եկեալ առ նա (Արտաշեսի որդի Տիրանը - Ծ.Հ.) կանխագոյն իւրոյ ազգին Արշակունեաց, որ էին ի կողմանս Հաշտենից՝ ասեն. «Ընդարձակե՛ա մեզ զժառանգութիւնս, զի նեղ է. քանզի բազմացաք հոյժ»։ Եւ նա հրամայէ ոմանց ի նոցանէ երթալ ի գաւառն Աղիովտի և Առբերանւոյ։ Իսկ սոցա առաւել ևս բողոք կալեալ առ արքայի, թե առաւելագոյն նեղ է մեզ՝ ոչ ինչ ունկնդիր լինի Տիրան, այլ հաստատեալ վճիռ՝ ոչ այլ ժառանգութիւն տալ նոցա, բայց զոր ունէինն՝ հաւասար տրոհել յինքեանս։ Զոր բաժանեալ ըստ մարդաթուի, գտաւ պակաս ժառանգութիւն բնակողացն Հաշտենից. վասն որոյ բազումք ի նոցանէ եկին ի գաւառն Աղիովտի և Առբերանւոյ։
- Պատմութիւն Հայոց (էջ 193)
Քանզի սովորութիւն էր՝ արքայի միայն բնակել յԱյրարատ և միոյ որդւոյ նորա, զոր փոխանորդ թագաւորի պահէին, և այլոց Արշակունեաց բնակել ի գաւառս Հաշտենից և Աղիովտի և Առբերանւոյ, հանդերձ ռոճկաւք և մտիւք յարքունուստ։
- Պատմութիւն Հայոց (էջ 282-283)

Գավառում էր գտնվում արքունի քաղաք Զարիշատը, որտեղ թաղվեց Արշակ Բ թագավորի կողմից սպանված Գնել Արշակունին և որն ավերվեց ու գերեվարվեց Շապուհ II թագավորի զորքերի կողմից IV դարի 60-ական թթ։ Զարիշատ քաղաքն ի պատիվ Արտաշես Ա-ի հոր՝ Զարեհի, ստացել է «արքունի քաղաքի» իրավունք, նաև հողային տարածություն՝ Աղիովտի արևմտյան մասը ևս, որը ստացել է «Զարիշատ Աղիովտի» քաղաքային տարածքը։ Թովմա Մեծոփեցու օրոք Զարիշատը գյուղաքաղաք էր, որը հեղինակի հավաստմամբ գտնվում էր Քաջբերունյաց գավառում։ Պատմիչները Աղիովտում հիշատակում են Արճեշ գյուղը կամ քաղաքը, որի ավերակները այսօր լճի հայելու բարձրացման հետևանքով ջրասույզ են եղել, Երիկավը, Խառաբաստոյ գյուղը, Խառաբաստայ կամ Սուխարայ վանքը, Կերմանից գյուղը, Մեծոփավանքը, Ասպիսնակ կամ Վարախանից գյուղը, Ասպիսնակա վանքը և այլն։

Երկու Աղիովիտների խնդիրը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ պատմագրության մեջ ժամանակին տարածված էր այն տեսակետը, թե Աղիովիտ գավառը կիսված է եղել Տուրուբերանի և Վասպուրականի միջև։ Սուրեն Երեմյանը, չունենալով «Աշխարհացույցի» բոլոր ձեռագրերի տարընթերցումները, գավառը բաժանում է երկու մասի, որի արևմտյան հատվածը որպես Աղիովիտ գավառ, հատկացնում է Տուրուբերանին, իսկ արևելյան հատվածը՝ որպես Աղիովիտ գավառ, Վասպուրականին։ Նրա կարծիքով, ըստ երևույթին սկզբում գոյություն է ունեցել մեկ Աղիովիտ գավառ, որը հետագայում վաճառաշահ Զարիշատ քաղաքի բարձրանալու հետևանքով, որը ստացել էր «արքունի քաղաքի» իրավունք, բաժանվում է երկու մասի, որոնցից արևմտյանը դառնում է Զարիշատի քաղաքային տարածք։

Վասպուրականը Աղիովիտ անունով գավառ չի ունեցել, հետևաբար անկախ ներքին բաժանվածությունից, Աղիովիտն ամբողջությամբ պատկանում է Տաւրուբերանին։ Այդ իրողությունը պարզորոշ երևում է նաև այն փաստից, որ Հայաստանի 591-ի երկրորդ բաժանման ժամանակ պարսկա-բյուզանդական սահմանագիծը անցնում էր ոչ թե իրականության մեջ գոյություն չունեցող երկու Աղիովիտների միջով, այլ Առեստի անմիջական հարևանությամբ, որով կարծես թե Վասպուրականի մի հատվածը ևս անցնում էր Բյուզանդիային։ Իրապես, վերջինս Վասպուրականում տարածքային ձեռքբերումներ չուներ, պարզապես Աղիովիտ գավառն ամբողջությամբ անցել էր կայսրությանը։

Աղիովիտն ուշ միջնադարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղիովիտն ավելի ուշ ժամանակներում ավելի շատ հայտնի էր «Արճիշոյ գավառ» կամ «Քաջբերունիք» անուններով։ XIX դ վերջին և XX դ սկզբին գավառի տարածքի հիմնական մասը համընկնում էր Օսմանյան կայսրության Վանի վիլայեթի Արճեշի գավառակի տարածքին։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Երեմյան Ս.Տ., Հայաստանն ըստ «Աշխարհացոյց»-ի, Երևան, 1963
  • Հարությունյան Բ.Ն., Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ «Աշխարհացոյց»-ի
  • Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան։ «Միտք»։
  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հ.1, էջ 257
  • Հարությունյան Բ.Ն., Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ «Աշխարհացոյց»-ի}}

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 257