Աբրահամ Ա Աղբաթանեցի
Աբրահամ Ա Աղբաթանեցի | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Եկեղեցի | Հայ Առաքելական եկեղեցի |
Տիտղոս | Ամենայն Հայոց կաթողիկոս |
Ընտրվել է | 607 |
Գահակալություն | 607-615 |
Իրավանախորդ | Մովսես Բ Եղիվարդեցի |
Իրավահաջորդ | Կոմիտաս Ա Աղցեցի |
Ծնվել է | անհայտ[1][2] |
Ծննդավայր | Աղբաթան, Ռշտունիք, Վասպուրական, Հայկական մարզպանություն[1] |
Մահացել է | մոտ 615[1][2] |
Հոգևոր աստիճան | կաթողիկոս |
Աբրահամ Ա Աղբաթանեցի (անհայտ[1][2], Աղբաթան, Ռշտունիք, Վասպուրական, Հայկական մարզպանություն[1] - մոտ 615[1][2]), հայ հոգևորական գործիչ, մատենագիր, Ամենայն Հայոց կաթողիկոս (607-615)[3]։ Հաջորդել է Մովսես Բ Եղիվարդեցուն։ Նախքան կաթողիկոս ընտրվելը եղել է Ռշտունիք գավառի եպիսկոպոսը[3]։ Նրա օրոք է տեղի ունեցել Վրաց եկեղեցու բաժանումը Հայ Առաքելական եկեղեցուց։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է մոտ VI դարի կեսերին, Վասպուրական աշխարհի Ռշտունիք գավառի Աղբաթան գյուղում։ Նախապես եղել է Ռշտունիքի եպիսկոպոսը[3]։ 607 թվականին մասնակցել է Հայ Առաքելական եկեղեցու եկեղեցական ժողովին, որին ներկա է եղել 50 եպիսկոպոս և 390 քահանա, սակայն հիշատակվում է միայն 12 եպիսկոպոսների անունները[3][4]։ Ժողովի ժամանակ չի ընտրվում կաթողիկոս, որի պատճառով էլ եպիսկոպոսները Վրկանի մարզպան Սմբատ Բագրատունու նախաձեռնությամբ նորից են գումարում եկեղեցական ժողով և կաթողիկոս ընտրում Ռշտունյաց Աբրահամ եպիսկոպոսին[3][4]։ Գահ բարձրանալով՝ նորընտիր կաթողիկոսը 607 թվականին նորից ժողով է հրավիրում, որպեսզի համոզվի հատկապես այն գավառների եպիսկոպոսների ուղղափառության մեջ, որոնք 571 թվականի պայմանագրով անցել էին Բյուզանդական կայսրությանը[3][4]։ Այդ ժողովին մասնակցում են միայն 15 եպիսկոպոսներ[3]։
Գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]VI-VII դարերում, ինչպես ողջ քրիստոնյա Արևելքում, այնպես էլ հայ և բյուզանդական եկեղեցիների միջև սրվել էր պայքարը դավանական հարցերի շուրջ։ Այդ պայքարն ընթացել է քաղկեդոնականների և հակաքաղկեդոնականների, նեստորականների և արևելյան եկեղեցիների, այդ թվում՝ Հայ Առաքելական եկեղեցու միջև։ Սասանյան Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև շարունակվող պատերազմում երկու կողմերն էլ ձգտել են իրենց կողմը գրավել քրիստոնյաներին՝ այդ քաղաքականության մեջ մեծ տեղ հատկացնելով դավանության խնդիրներին։ Չնայած արդեն V դարի վերջին նեստորական եկեղեցին Պարսկաստանում պաշտոնապես ճանաչում էր ստացել, սակայն քաղկեդոնականություն ընդունած Բյուզանդիայի ազդեցությունից հայերին հեռացնելու համար Պարսից Խոսրով Բ Փարվեզ թագավորը պաշտպանել է Հայ եկեղեցու հակաքաղկեդոնական դիրքը և խրախուսել հակահունական տրամադրությունները։ Վրկանի մարզպան Սմբատ Բագրատունի Բազմահաղթի (VI դարի վերջ) միջոցով հեռացնելով Հայքի հունաց մասի հակաթոռ Հովհաննես կաթողիկոսին, որին հաստատել էր բյուզանական Մորիկ կայսրը (591 թվականից), թույլատրել է Մարզպանական Հայաստանի մայրաքաղաք և կաթողիկոսանիստ Դվինում կառուցել նոր եկեղեցի, իսկ ավելի ուշ՝ Պարսից ժողովում Հայ եկեղեցու դավանանքը ճանաչել է միակ ուղղափառ դավանությունը Պարսից տերության սահմաններում։ Աբրահամ Ա Աղբաթանեցու օրոք պայքարը բյուզանդական և պարսկական կողմնորոշում ունեցող քրիստոնյաների (հայեր, վրացիներ, ասորիներ) միջև շարունակվել է քաղկեդոնական և հակաքաղկեդոնական դավանանքի քողի տակ։ Չնայած Աղբաթանեցու ջանքերին՝ հետ պահել Վրաց Կյուրիոն կաթողիկոսին քաղկեդոնականություն ընդունելուց և հույների հետ դավանական միություն հաստատելուց, այնուամենայնիվ 608 թվականին Վրաց եկեղեցին ընդունել է քաղկեդոնականությունը։
Հոգևոր ժառանգությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Այդ շրջանի իրադարձությունների, դավանական թեժ պայքարի կարևոր վավերաթղթեր են «Գիրք թղթոցում» պահպանված՝ Աղբաթանեցու եպիսկոպոսական և կաթողիկոսական գործունեությանը վերաբերող թղթերը, շրջաբերական գրությունները՝ ուղղված Վրաց Կյուրիոն կաթողիկոսին, Ցուրտավի Մովսես եպիսկոպոսին, Վրթանես Քերթողին, Վրկանաց մարզպան Սմբատ Բագրատունուն։ Հատկապես Վրաց Կյուրիոն կաթողիկոսին գրած թղթերում Աղբաթանեցին շեշտել է Հայոց, Վրաց և Աղվանից եկեղեցիների միությունը VI դարի սկզբին, երբ նրանք միասնաբար պայքարել են Հույն եկեղեցու նկրտումների և քաղկեդոնականության դեմ («Գիրք թղթոց»)։ Հայոց կաթողիկոսն իր թղթերում կարևոր տեղեկություններ է հաղորդել Դվինի 506 թվականի Ա ժողովի ընդունած որոշումների, Հայ եկեղեցու հակաքաղկեդոնական դիրքորոշման վերաբերյալ։ Ըստ Աղբաթանեցու, Դվինի Ա ժողովի գլխավոր նպատակը Քաղկեդոնի և քաղկեդոնական խնդիրների հանդեպ Հայ եկեղեցու և նրա ավագությունն ու գահերեցությունն ընդունող Վրաց և Աղվանից եկեղեցիների դավանական դրության պարզեցումն էր, միասնական պաշտոնական դիրքորոշման արտահայտումը։
Աղբաթանեցու գրություններն օգտագործել են հետագա դարերի հայ պատմիչներն ու մատենագիրները՝ Հայ և Վրաց եկեղեցիների բաժանման դեպքերը շարադրելիս, իսկ Ուխտանես եպիսկոպոս պատմիչը Աղբաթանեցու 14 թղթերից 11-ը զետեղել է իր «Պատմություն Հայոց» գրքի «Պատմութիւն բաժանման Վրաց ի Հայոց» հատվածում։
Աղբաթանեցին գրել է նաև դավանական բնույթի ճառեր։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աբրահամ Աղբաթանեցու գործերը հայ մատենագրութեան թուանշային գրադարանում
- Աբրահամ Աղբաթանեցի, Թղթեր («Մատենագիրք Հայոց», Դ հատոր, Է դար, Անթիլիաս, 2005, էջ 3-37)։
- Աբրահամ Աղբաթանեցի, Խոստովանութիւն («Մատենագիրք Հայոց», Դ հատոր, Է դար, Անթիլիաս, 2005, էջ 42)։
- Աբրահամ Աղբաթանեցի, Կանոն. Յաղագս դատաստանաց ամուսնութեան եւ քանիոնութեան ազգականաց («Մատենագիրք Հայոց», Դ հատոր, Է դար, Անթիլիաս, 2005, էջ 38-41)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում», Նիկողայոս Ադոնց, Երևան, 1987, էջ 371.
- ↑ 4,0 4,1 4,2 «Գիրք թղթոց», էջ 146, 149, 151.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տէր-Մինասեան Երուանդ, Հայոց եկեղեցւոյ յարաբերութիւնները ասորւոց եկեղեցիների հետ, Էջմիածին, 1908։ Երկրորդ հրատարակութիւնը տե՛ս Էջմիածին, 2009։
- Ակինեան Ներսէս, Կիւրիոն կաթողիկոս Վրաց, Վիեննա, 1910։
- Օրմանեան Մաղաքիա, Ազգապատում, հտ. 1, Կ. Պոլիս, 1912։
- Անասյան Հ., Հայկական մատենագիտություն, հ. 1, Ե., 1959։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 41)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |
Նախորդող՝ Մովսես Բ Եղիվարդեցի |
Կաթողիկոս 607–615 |
Հաջորդող՝ Կոմիտաս Ա Աղցեցի |