Կոնստանդին Բ Կատուկեցի
Կոնստանդին Բ Կատուկեցի | |
---|---|
Ծնվել է | 1210-ականներ |
Մահացել է | ոչ վաղ քան 1293 |
Մասնագիտություն | քահանա |
Զբաղեցրած պաշտոններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Կոստանդին Բ Կատուկեցի (Պրոնագործ, 1210-ականներ - ոչ վաղ քան 1293), Ամենայն Հայոց կաթողիկոս 1286 թ-ից։ Հաջորդել է Հակոբ Ա Կլայեցուն։ Ծնվել է մոտ. 1210 թվականին Կիլիկիայի Կատուկ ավանում։ Մահացել է 1293 թվականից հետո։
Ուսանել է կաթողիկոսանիստ Հռոմկլա դղյակի հայրապետանոցում, այնուհետև ձեռնադրվել է վարդապետ և նշանակվել Բարձրբերդի մոտ գտնվող նշանավոր գրչավայր Խորին վանքի առաջնորդ։ Զուգահեռ զբաղվել է նաև այծի մորթին (պրոն) մշակելու արվեստով, այստեղից էլ առաջացել է Պրոնագործ մականունը։ 1286 թվականի ապրիլի 13-ին ընտրվել է Հայոց կաթողիկոս։ Օծվել է Սսի Սուրբ Սոֆիա Մայր եկեղեցում։
1287 թվականին Կոստանդին Բ Կատուկեցին Ստեփանոս Օրբելյանին ձեռնադրել է «Սյունյաց մեծ աթոռի մետրոպոլիտ» և հատուկ շրջաբերականով հաստատել Սյունյաց մետրոպոլիտական աթոռը և վերջինիս առաջատար դիրքը արևելահայ եպիսկոպոսների նկատմամբ։ Կոստանդին Բ Կատուկեցու այդ քայլը միտված է եղել Սսի կաթողիկոսական աթոռի և Սյունյաց աթոռի, վերջինիս միջոցով նաև Հայաստանի մյուս եկեղեցական կենտրոնների միջև սերտ կապեր հաստատելուն։
1289 թվականի հուլիսի 7-ին Հռոմի պապ Նիկողայոս IV-ը նամակ է հղել Հեթում Բ-ին՝ հայ ժողովրդին դավանափոխ անելու և ազգովին հռոմեադավանության անցնելու նպատակով։ Հեթում Բ թագավորը, ունենալով լատինամետ դիրքորոշում, 1289 թվականին լատինամետ հոգևորականների հետ ժողով է հրավիրում մայրաքաղաք Սիսում։ Ժողովին չի հրավիրվում կաթողիկոսը, քանզի վերջինս դեմ էր Հայոց եկեղեցու՝ հռոմեական եկեղեցու հետ միավորմանը։ Ժողովականները կաթողիկոսի վրա բարդում են մտացածին մեղադրանքներ, կանոնազանցումներ, աշխարհիկ գայթակղություններ, ուստի Կոստանդին Բ Կատուկեցին կամովին հրաժարվում է կաթողիկոսական պաշտոնից, որից հետո լատինամոլ կղերականները նրան նետել են տալիս Լամբրոն բերդաքաղաքի բանտը։
Ինչպես Ստեփանոս Օրբելյանն է հավաստում, Կիլիկիայի լատինամետ հոգևորականները վախենում էին, որ Կոստանդին Բ Կատուկեցին կարող է հեռանալ արևելահայ եկեղեցականների մոտ և նրանց կողմից ճանաչվել Ամենայն Հայոց կաթողիկոս։ Նույն պատմիչի վկայությամբ բանտ նետվելու պահին Կոստանդին Բ Կատուկեցին վերցրել է Լուսավորչի Աջը և օրհնել Հայոց թագավորությունն ու հայ ժողովրդին։
Նա չորս տարի անցկացրել է բանտում, ապա Հեթում Բ-ի կամքով ազատ է արձակվել և 1293 թ. նշանակվել Սկևռա վանքի առաջնորդ։ Սկևռայի վանքի «Սկևռայի Սրբարան» կոչված մասնատուփի վրա պահպանվել է Կոստանդին Բ Կատուկեցու արձանագիր հիշատակարանը։
Կաթողիկոսական գահին Կոստանդին Բ Կատուկեցուն հաջորդել է Ստեփանոս Դ Հռոմկլայեցին։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սամուել Անեցի, Հաւաքմունք ի գրոց պատմագրաց, Վաղարշապատ, 1893
- Ալիշան Ղ., Սիսուան, Վենետիկ, 1885
- Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Երևան, 1986
- Օրմանյան Մ., Ազգապատում, հատ. Բ, Ս. Էջմիածին, 2001
Նախորդող՝ Հակոբ Ա Կլայեցի |
Կաթողիկոս 1286–1289 |
Հաջորդող՝ Ստեփանոս Դ Հռոմկլայեցի |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 613)։ |