Շիշկերտ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շիշկերտ (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Շիշկերտ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Կապան (համայնք) | Կապան համայնք[1] | ||
ԲԾՄ | 1820 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 264[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | շիշկերտցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Շիշկերտ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Ծավ գետի ձախակողմյան Շիշկերտ վտակի ձախ ափին՝ ծովի մակարդակից մոտ 1820 մ բարձրության վրա։ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է մոտ 16 կմ դեպի հարավ-արևմուտք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը շրջապատված է խիտ անտառներով, որտեղից սկիզբ է առնում Բասուտա գետը, որը հոսում է Ծավ - Ներքին Հանդ գյուղերով, հասնում է մինչև ադրբեջանական ազատագրված տարածքները և թափվում է Արաքս գետը։
Գյուղը Տաթևի վանքի հարկատու գյուղերից էր և վճարում էր 10 միավոր հարկ։ Հետագայում գյուղը կոչվել է Շիշկերտ կամ Շկետ։ Վերջին անունը ավելի շատ հնչում է տեղացիների կողմից։ Շիշկերտը հիշատակվում է Ղուկաս Սեբաստացու «Դավիթ Բեկի» պատմության մեջ, որի համաձայն գյուղը հանդիսացել է Դավիթ Բեկի զորակայաններից մեկը։
Տեղացիները հաղթական մարտեր են մղել խանական ուժերի դեմ՝ ամուր պահելով թե գյուղի, և թե այն ժամանակ Չավնդուր կոչվող գավառի տարածքը։ Այստեղ՝ գյուղի հին գերեզմանատանն է թաղված Դավիթ Բեկի քաջ զորավար Մեղրեցի Առաքելը, ով ավանդության համաձայն եղել է Շիշկերտ գյուղի փեսա։
Հին գերեզմանատան ստորին մասում, ձորի պռնկին աչքի է ընկնում մի տապանաքար, որի վրա գուրզ է քանդակված։ Դա Առաքելի տապանաքարն է։
Գյուղի պատմությունը ունի անհայտ էջեր։ Ըստ զրույցների եղել է ժամանակ, երբ բնակչությունը հեռացել է և հաստատվել հեռավոր վայրերում։ Կա վարկած որ գյուղը վերաբնակեցրել են Մեղրու Լիճք գյուղից այստեղ եկած հովիվները։ Նրանք նկատել են քեղի և մացառուտների մեջ թաղված եկեղեցին ու ավերակ շինություններ։ Նրանք այստեղ են տեղափոխել իրենց ընտանիքները, ապա հրավիրել Շիշկերտում ապրել ցանկացողներին և շունչ տվել ավերակներին։ Դա տեղի է ունեցել ռուս-պարսկական 1826-1828 թվականների պատերազմից առաջ։ Ահա թե ինչու 1832 թվականի Ցարական Ռուսաստանի անցկացրած կամերալ (ծխական) նկարագրության մեջ գյուղն ունեցել է 82 բնակիչ։ Հետագայում բնակչությունն աճել է։ Շիշկերտում նախապես բնակություն են հաստատել նշանավոր Մելիք-Օհանջանյանները, որոնք որոշ ժամանակ այստեղ ապրելուց հետո տեղափոխվել են Մեղրու Կալեր գյուղ։ 1840 թ. կամերալ նկարագրության մեջ Մելիք-Օհանջանյանները հաշվառված են Շիշկերտ գյուղում։
Լեռնային այս գյուղը աչքի է ընկել առանձնապես Զանգեզուրի գոյամարտի տարիներին։ Նրանք բազմաթիվ հաղթական կռիվներ են մղել մուսավաթական ուժերի և Կարմիր բանակի դեմ։ Զանգեզուրի գոյամարտի շիշկերտցի նվիրյալներին բարձր է գնահատել Գարեգին Նժդեհը։
Շիշկերտը ամենահարուստ կոլեկտիվ տնտեսությունն է եղել խորհրդային ժամանակներում։ Գյուղը հացով ու կարտոֆիլով կերակրել է շրջանի սովյալներին, ինչպես նաև թուրք բնակչությանը։ 1968 թվականի Զանգեզուրի երկրաշարժից հետո բնակչության պահանջով գյուղը տեղափոխվեց ներկայիս Ծավ գյուղի Խաչտափ տարածքը։ Սակայն տեղացիները շարունակում էին աշխատել Շիշկերտի բնական ռեսուրսներով հարուստ տարածքում։ Խնդիր դրվեց վերականգնել գյուղը։ Խորհրդային Հայաստանի կառավարությունը սկսեց վերականգնման աշխատանքները։ Կառուցվեցին բնակելի տներ, սակայն շինարարությունը կիսատ մնաց արցախյան պատերազմի պատճառով։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Շիշկերտի մշտական բնակչությունը կազմել է 264, առկա բնակչությունը՝ 229 մարդ[2]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[3]։ Ստորև ներկայացված է Շիշկերտ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[3][4].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 82 | 129 | 334 | 586 | 598 | 636 | 341 | 336 | 262 | 342[5] | 264[2] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Կապան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 23․12․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հ. 4, էջ 127
- ↑ 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները