Jump to content

Կոստան Զարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոստան Զարյան
Ծննդյան անունԿոստանդին Քրիստափորի Եղիազարյան
Ծնվել էփետրվարի 2, 1885(1885-02-02)[1][2]
ԾննդավայրՇամախի, Ռուսական կայսրություն[2]
Վախճանվել էդեկտեմբերի 11, 1969(1969-12-11) (84 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Մասնագիտություննկարիչ, գրող, լրագրող, բանաստեղծ և վիպասան
Լեզուռուսերեն և ֆրանսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՍուրբ Ղազար կղզի
Ուշագրավ աշխատանքներQ3220357?
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրԲարձրավանք, Երևանի պետական համալսարան, Բեյրութի ամերիկյան համալսարան, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
ԱմուսինԹագուհի Շահնազարյան
ԶավակներՆվարդ Զարյան և Արմեն Զարյան
ԱզգականներԱլեքսանդր Շիրվանզադե և Հովհաննես Աբելյան
Կոստան Զարյան Վիքիքաղվածքում
Կոստան Զարյան Վիքիդարանում

Կոստան Քրիստափորի Զարյան (փետրվարի 2, 1885(1885-02-02)[1][2], Շամախի, Ռուսական կայսրություն[2] - դեկտեմբերի 11, 1969(1969-12-11), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2], իսկական անունը՝ Կոստանտին Եղիազարյանց), հայ գրող, բանաստեղծ, արձակագիր, արվեստաբան, գրականագետ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1965 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոստան և Արմեն Զարյանների հուշատախտակը Երևանի Աբովյան փողոցում

Կոստան Զարյանը ծնվել է Շամախի քաղաքում։ Հայրը՝ Խաչատուր Եղիազարյանցը, եղել է ցարական բանակի գեներալ, Սուրբ Գևորգի (Գիորգիևյան) խաչի երեք աստիճանի ասպետ։ Մայրը՝ Սոնա Ստեփանյանը, եղել է կիրթ և զարգացած անձնավորություն։ Հոր ծննդյան և մահվան ստույգ թվականները հայտնի չեն։ Հայրը ենթադրաբար մահացել է 1890 կամ 1891 թվականին։ Հոր մահվանից հետո, Եղիազարյանների ընտանիքը տեղափոխվել է Բաքու, որտեղ Կոստանն ընդունվել է ռուսական գիմնազիա։ 1895 թվականին փոքրիկ Կոնստանտինի ավագ եղբայրներից մեկը՝ Լևոն Եղիազարյանցը, որը երաժիշտ էր, երաժշտություն էր ուսանում Փարիզում, Կոնստանտինին տարել է Փարիզ, տեղավորել Սեն-Ժերմեն-ան-Լեի լիցեյում[3]։ Լիցեյն ավարտելուց հետո Կոստան Զարյանն վերադարձել է Կովկաս։ 1904 թվականի սեպտեմբերից նա իր ազգական Հովհաննես Աբելյանի թատերական խմբում դարձել է դերասան և մասնակցել է թատերախմբի հյուրախաղերին Հյուսիսային Կովկասի քաղաքներում [4]։

Կոստան Զարյանը վերջին անգամ բեմ է բարձրացել 1905 թվականի մայիսին։

1905 թվականի ամռան վերջին Կոնստանտին Եզիազարյանցը Թիֆլիսում տարվել է հեղափոխական գաղափարներով։ Հեղափոխական շարժումների ակտիվությունից հետո Կոնստանտինը որոշել է մեկնել Եվրոպա՝ կրթությունը շարունակելու։ Նա մեկնել է Բելգիա՝ ընդունվելով տեղի «Ազատ համալսարանը»։ Բելգիայում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։

Միևնույն ժամանակ Կոնստանտին Եղիազարյանցը, հետևելով իր հեղափոխական մղումներին, մեկնում է Շվեյցարիա՝ Ժնև և շուտով հայտնվում է բախտորոշ և ճակատագրական դեպքերի և իրադարձությունների հորձանուտում[5]։

Ժնևում լույս տեսնող ռուսալեզու «Радуга» («Ծիածան») ամսագրում Կոնստանտինը տպագրել է ռուսերեն գրված իր երկու բանաստեղծությունը՝ «Из песен борьбы» («Պայքարի երգերից») խորագրով և «Констан З.» («Կոնստան Զ․») ստորագրությամբ։

Բելգիայում Կոնստանտինը շարունակել է իր գրական փորձերը, գրել է ֆրանսերեն։ Շատ շուտով հայտնվել է Բելգիական գրական նշանավոր գործիչների միջավայրում, աշխատակցել է Բելգիայի գրողների ամենամյա «Le Thyrse» ամսագրի և այլ պարբերականների հետ։ Նրան բարձր է գնահատել Բելգիայի մեծ բանաստեղծ Էմիլ Վերհանը[6]։

Գրական հայերենին լավ չտիրապետող Կոստանի մեջ արթնանում է ազգային ինքնագիտակցության զգացում, և որ նա այլևս պատկանում է իր լեզվին ու ազգին։ Գրականության և մշակույթի փիլիսոփայության դոկտորի աստիճանով վկայված երիտասարդ գրողը թողել է Բելգիան և գնացել է Կ․Պոլիս։ Իր գրությունները գրողը ստորագրում էր որպես Կոստան Զարյան։

Պորլում արդեն գիտեին Կոստան Զարյան անունը։ 1911 թվականին գրողը գնում է Պոլիս՝ միանալու հայ գրողների եղբայրությանը և գրական շարժում սկսելու այնտեղ։ Բայց քանի որ գրողի գրական հայերենը թերի էր, գրողը որոշում է մեկնել Վենետիկ և հայերեն սովորել Մխիթարյան հայրերից։

1911 թվականին Կոստան Զարյանը մեկնել է Վենետիկ։ Սուրբ Ղազար կղզում գրաբարի նրա ուսուցիչն է դարձել գրաբարագետ Հայր Աթանաս Տիրոյանը, աշխարհաբարի ուսուցիչը՝ հայտնի գրող, լեզվաբան և թարգմանիչ Հայր Արսեն Ղազիկյանը։

1912 թվականի դեկտեմբերին Զարյանը վերադարձել է Կ․Պոլիս։ 1913 թվականին նա և բանաստեղծ Հրանտ Նազարյանցը գրական մի ուղերձ են հրապարակել «Խենթերի կամքը» վերտառությամբ։ Շուտով Կոստան Զարյանի շուրջն են հավաքվում երիտասարդ տաղանդավոր մարդիկ, Եվրոպայից Պոլիս եկած Գեղամ Բարսեղյանը, Արմեն Դորյանը (նույն ինքը՝ Հրաչյա Սուրենյանը) և ուիշներ։

1913 թվականի դեկտեմբերի 1/14-ին Պոլսի «Ազատամուտ» թերթում տպագրվել է երիտասարդ գրողների համախմբման ծրագիր-խոսքը՝ «Հավատո-հանգանակ» խորագրով։ Այն ստորագրել էին Դանիել Վարուժանը, Կոստան Զարյանը, Հակոբ Քյուֆեճյանը, Գեղամ Բարսեղյանը և Ահարոնը։ 1914 թվականին, երբ Պոլսում Հեթանոսական շարժման մեջ էին ներգրավված հայտնի մտավորականները, Կոստան Զարյանը Դանիել Վարուժանի, Հակոբ Օշականի, Գեղամ Բարսեղյանի և Ահարոն Տատուրյանի հետ հիմնել են «Մեհեան» հանդեսը՝ «հանդէս գրականութեան և աուեստի», որը լույս է տեսել 7 համարով՝ 1914 հունվարից մինչև հուլիս։ Շուտով հայերի գլխին կախվում է ֆիզիկական ոչնչացման վտանգը։ Թուրքիայից արգելում են հայերին հեռանալ։ Կոստան Զարյանը Պոլսում ապրել է պարսկահպատակ կոշկակար Տիգրան Բոգդասարյանի անձնագրով։ Այնուամենայնիվ, 1914 թվականի հոկտեմբերի կեսերին նրան հազիվ է հաջողվում կնոջ և երկու երեխաների հետ տեղ գտնել Բուլղարիա մեկնող գնացքում[7]։ Բուլղարիայից Զարյանը տեղափոխվում է Սալոնիկ, ապա՝ Բարի, հետո՝ Նեապոլ, և ի վերջո հաստատվում է Հռոմում։ Սկսվում է Կոստան Զարյանի կյանքի նոր՝ իտալական շրջանը։

1915 թվականին իտալական Լա Սպեցիա քաղաքում լույս է տեսել «L'Eroica» ամսագրի 8-10-րդ ամիսների միացյալ հատուկ համարը, շքեղ ու պատկերազարդ «All՛ Armenia» խորագրով և ամբողջությամբ նվիրված Հայաստանին։ Գիրք-ամսագրի այս համարում տպագրվել է Կոստան Զարյանի «Երեք երգեր ասելու համար վիշտը երկրի և վիշտը երկնքի» պոեմների շարք։ «L'Eroica»-ի այս հրապարակումը մեծ հաջողություն է ունեցել և մեծ ճանաչում է բերել Կոստան Զարյանին։ «Երեք երգերի» այս առաջին հրապարակման առիթով իտալական մամուլում («Coriere di Livorno», «Il Nuovo Giornale», «L'ldea Nazionale», «Le Martin», «Giornale dell՛Isola», «Il popole D'Italia», «Giornale d'Italia», «La Nazionale» և այլն) տպագրվել են շուրջ երեք տասնյակ հոդված ու գրախոսություն։ Այդ պոեմների հիման վրա հետագայում կոմպոզիտոր Օտտորինո Ռեսպիգին ստեղծել է սիմֆոնիա։ Հռոմում մշակութային և գրական իր լայն գործունեության համար Մուսոլինին պետական թոշակ է առաջարկել, որից Կոստան Զարյանը հրաժարվել է։ Կոստան Զարյանը բարեկամական սերտ կապեր է հաստատել իտալական նոր թատրոնի հիմնադիր Անտոնիա Ջուլիո Բրագալիայի, նշանավոր բանաստեղծ Վիչենցո Կարդարելիի, ֆուտուրիզմի հիմնադիր Ֆիլիպպո Տոմմազո Մարիանետտի, նկարիչներ Բարտոլիի, Շառլ Դուդելի, Էնրիկո Պրումպոլինիի և ուրիշների հետ։ Զարյանն ամեն բան անում էր, որպեսզի եվրոպական քաղաքական ամենաբարձր շրջանակներն ուշադրությունը դարձնեին Հայաստանի վիճակին ու ճակատագրին։ Կոստան Զարյանը ունկնդրություն է խնդրել Բենեդիկտուս XV պապից, խոսել է հայկական ջարդերի և հայերի ողբերգական վիծակի մասին։ Եվ պապը իր կոնդակի մեջ, առաջին անգամ, խոսել է հայկական զանգվածային կոտորածների մասին։

Մի որոշ ժամանակ Կոստան Զարյանի կյանքը կապվել է Ֆլորենցիա քաղաքի հետ։ Այնտեղ նա ծանոթացել և բարեկամացել է մի խումբ նշանավոր գրողների հետ, նրանց հետ հայանպաստ գործունեություն է ծավալել։ 1917 թվականին Կոստան Զարյանը Ֆլորենցիայի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Գաետանո Սալվեմինիի (1873-1957 թվականներ) և քաղաքապետ Օրացիո Բաչչիի հովանավորությամբ հիմնել է «Պրո Արմնեիա» ընկերությունը։

1917 թվականին հունիսի 11-ին՝ առավոտյան, Ֆլորենցիայի Պալացցո Վեկկիոյի մեծ սրահում շուրջ երկու հազար հանդիսականների մասնակցությամբ, տեղի է ունեցել հայասիրական «վեհաշուք ցոյց մը»։ Ցույցը բանախոսել է պատմաբան Գուլիմելո Ֆեռռերոն, նախագահել՝ Ֆլորենցիայի քաղաքապետ պրոֆեսոր Օրացիո Բաչչին։ Հաջորդ բանախոսը Կոստան Զարյանն է եղել, որի խոսքը տևել է մեկուկես ժամ։

1919 թվականի հուլիսին Կոստան Զարյանը իբրև իտալական «Il Nuovo Giornale», «Il Secoli», «Il Messengero» թերթերի հատուկ ներկայացուցիչ, գործուղվել է Կովկաս։ Երեք ամիս նա մնացել է Թիֆլիսում։ 1920 թվականի փետրվարից Զարյանը վերադառձել է Ֆլորենցիա։ Սակայն հայկական կյանքն ու հայկական միջավայրը ձգում էրն նրան։ Եվ Կոստան Զարյանը, թողնելով Ֆլորենցիայի խաղաղ միջավայրն ու ապահով կյանքը, 1921 թվականի աշնանը գնացել է Պոլիս։ 1921-1922 թվականներին ապրել է Կ.Պոլսում, որտեղ Հակոբ Օշականի, Վահան Թեքեյանի, Շահան Պերպերյանի և Գեղամ Գավաֆյանի հետ հրատարակել է «Բարձրավանք» հանդեսը։ Առաջին համարը լույս է տեսել 1922 թվականի հունվարին։ Ցավոք այն կարճ կյանք է ունեցել։ Նույն թվականին Պոլսում լույս է տեսել Զարյանի հայերենով գրված առաջին գիրքը՝ «Օրերի պսակը»։ 1922 թվականի աշնանը Կոստան Զարյանն ընտանիքով հասել է Հայաստան և հաստատվել Երևանում։ Այստեղ նա աշխատանքի է անցել պետական համալսարանում, որտեղ դասավանդել է, հիմնադրել է բաղդատական գրականության ամբիոն։ 1922-1924 թվականներին համեմատական գրականության պատմություն է դասավանդել Երևանի պետական համալսարանում։ Կոստան Զարյանը Երևանում գրել է մի շարք հետաքրքրական ու շատ կարևոր հոդվածներ, հրապարակել բանաստեղծություններ։ Սակայն շուտով նրան իրական վտանգ է սպառնում․ համալսարանում նրան հայտարարում են օտար և խորթ գաղափարների կրող, կանչում են նաև դատարան, անգամ մեղադրանք առաջադրում։ Սակայն, 1924 թվականի հունվարին «Մարտակոչ»-ում Ալեքսանդր Մյասնիկյանը մեծ համակրանքով էր տվել Մարտիրոս Սարյանի և Կոստան Զարյանի անունները․ նրան հաջողվել է խուսափել բացահայտ հաշվեհարդարից։ 1924 թվականի հունիսին Կոստան Զարյանն ընտանիքով հարկադրաբար հեռացել է Հայաստանից՝ հաստատվելով Փարիզում։ Այստեղ նա 1925 թվականին հիմնել և խմբագրել է արվեստի, գրականության և փիլիսոփայության «Բաբելոնի աշտարակ» ամսագիրը (ֆրանսերեն)։ Ամսագրի առաջին համարը լույս է տեսել 1925 թվականի նոյեմբերին։ Երկրորդ համարը, պատրաստ տպագրության, լույս չի տեսել նյութական միջոցներ չլինելու պատճառով։

1925 թվականին «Հայրենիք» (Բոստոն) ամսագրում (դեկտեմբեր, № 2) տպագրվել է Կոստան Զարյանի «Հայաստանում» ծավալուն պոեմը, որի առավել ընդարձակ տարբերակը կոչվում է «Այցելություն Հայաստանին»[8]։

1926 թվականին Կոստան Զարյանը ձեռնարկել է գրել «Անցորդը և իր ճամբան» վեպը։ Վեպը շարունակաբար տպագրվել է «Հայրենիք» (Բոստոն) ամսագրում 1926 թվականի հոկտեմբերից մինչև 1928 թվականի փետրվարը։

1927 թվականին Կալիֆորնիայում մահացել է ազգային հերոս Անդրանիկը։ Զարյանն անմիջապես արձագանքել է հայ ժողովրդի մեծ կորուստին և Բոլոնիյաի «Il Resto dell Curlino» օրաթերթում (1927 թվականի սեպտեմբերի 28) տպագրվել է էսսե «Il generale Andranik» («Զորավար Անդրանիկ») խորագրով։

«Անցորդը և ճամբան» վեպից անմիջապես հետո Կոստան Զարյանը «Հայրենիք» ամսագրում տպագրել է երկու արձակ գործ․ երկու վեպ, մեկը՝ «Արևմուտք», մյուսը՝ «Քաղաքներ» խորագրով։

1930 թվականին «Հայրենիք» ամսագրում (ապրիլ, № 6) տպագրվել է Կոստան Զարյանի բացառիկ գործը՝ «Տատրագոմի հարսը» պոեմը։ 1931 թվականի նոյեմբերից (№ 1) «Հայրենիք» ամսագիրը սկսում է տպագրել Զարյանի նոր վեպը, որը կրում էր «Բանկօօպը և մամութի ոսկորները» խորագրով։ Վեպի տպագրությունը շարունակվել է մինչև 1933 թվականի դեկտեմբերը։ Վեպը մնացել է անավարտ, և այնուամենայնիվ, վեպը մեծ ծավալ ունի[9]։

1934 թվականին Միլանի «Esame» և «Ambrosino» հանդեսների առաջարկով Կոստան Զարյանը մեկնել է Իսպանիա։ Այնտեղ էլ ծագում է «Երկիրներ և Աստւածներ» գրքերի շարքի գաղափարը։ 1935 թվականի հոկտեմբերից մինչև 1936 թվականի հուլիսը «Հայրենիք» ամսագիրը շարունակաբար տպագրել է Կոստան Զարյանի «Սպանիա»-ն՝ հայ գրականության եզակի գործերից մեկը[10]։ Սա «Երկիրներ և Աստւածներ» շարքի առաջին գիրքն է։ Շարքի երկրորդ գիրքը՝ «Միացյալ նահանգներ» վեպը «Հայրենիք» ամսագրը շարունակաբար տպագրել է 1936 թվականի օգոստոսից (№ 10) մինչև 1938 թվականի օգոստոսը (№ 6)։

1936 թվականին Կոստան Զարյանը Հոնիական ծովի կղզիներից մեկում՝ Կորֆու (Կերկիրա) կղզում հիմնել է գրական-փիլիսոփակայան մի կենտրոն, որը կոչվում էր «Միջերկրացիներ»։ Կղզու և խմբակցության կյանքն արտացոլվում են նրա «Կղզին և մի մարդ» վիպակում, որ տպագրվում է «Հայրենիք» ամսագրում 1955 թվականին։ Այս նույն ընթացքում՝ 1937-1939 թվականներին գրողն ավարտել է իր մեծ գործը՝ «Նաւը լերան վրայ» վեպը։ 1939 թվականին այն արդեն ավարտված էր։

Շուտով Զարյանն ու մի շարք գրողներ հաստատություն են հաստատել Ամերիկայում։ Նախ հաստատվում է Վուդստոկում, որտեղ գրել է «Տարագրություն» պոեմը[11]։

1943 թվականին Բոստոնում լույս է տեսել «Նաւը լերան վրայ» վեպը և մեծ արձագանք գտել։ 1940-ական թվականներին Կոստան Զարյանը Նյու Յորքի Կոլումբիա համալսարանում համաշխարհային գրականություն է դասավանդել։ 1946 թվականին Կոստան Զարյանի նախաձեռնությամբ հրատարակվել է գիտական մի հանդես «Armenian Quarterly» («Հայկական քառամսեակ») խորագրով։ 1949 թվականի ապրիլին Նյու Յորքի Ասիայի խնդիրների ինստիտուտի պրոֆեսոր Կոստան Զարյանը Ամստերդամի ֆրանսիական համալսարանի հրավերով մեկնել է Ամստերդամ դասախոսություններ կարդալու։ Զարյանը թողել է տեսական գրությունների մեծ ժառանգություն։ 1951 թվականի հոկտեմբերի 19-ին նա տեղափոխվել է Բեյրութ, որտեղ տեղի ամերիկյան համալսարանում դասախոսություններ է կարդացել արվեստի պատմության և փիլիսոփայության շուրջ։ Դասավանդել է նաև «Նշան Փալանջյան» ճեմարանում[12]։

Բեյրությում Զարյանը մնացել է մինչև 1954 թվականը, հետո գնացել է Կիպրոս, ապա՝ Իտալիա և Ավստրիա։ Վիեննայում երիկամների ծանր վիրահատության է ենթարկվել, և Արմեն Զարյանի և իր կնոջ՝ Մարիա Գավրինսկու վկայությամբ, մոտ յոթ րոպե կլինիկական մահ տարել։ Երկու տարի ապրել է Ավստրիայում։ Այստեղ էլ ամբողջացրել է իր դյուցազներգական պոեմների շարքը, որը սկսել էր վաղուց, 1940-ական թվականներին, որ նախապես կոչել էր «Թվելյաց երգեր», հետագայում վերանվանեց «Գիրք դյուցազներգությանց»[13]։

1959 թվականին տեղափոխվել է Ամերիկա։ 1960 թվականի հուլիսին իր ամերիկյան ուղևորության ընթացքում Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը հանդիպում է գրողին և հորդորում վերադառնալ Հայաստան։

1961 թվականին Զարյանը կարճ ժամանակով եկել է Հայաստան ծանոթանալու երկիրն և կյանքին։ Մեկ տարի հետո եկել է Հայաստան և հաստատվել Երևանում։ 1962-1969 թվականներին եղել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ավագ գիտաշխատող։ 1963 թվականին Երևանում տպագրվել են «Նավը լեռան վրա» վեպը աղավաղված վիճակում և «Տատրագոմի հարսը»՝ 1965 թվականին, որ բովանդակում էր երեք պոեմ՝ «Տատրագոմի հարսը», «Արա աստված» և «Վահագն»։ 1965 թվականից եղել է ԽՍՀՄ Գրողների միության անդամ։ Ռուսերեն լույս է տեսել նրա «Նավը լեռան վրա» վեպը (Մոսկվա, 1969 և 1974)։

Տիգրան Մանսուրյանը Զարյանի մի շարք բանաստեղծությունների հիման վրա ստեղծել է վոկալային երաժշտություն[14]։

Կոստան Զարյանը վախճանվել է 1969 թվականի դեկտեմբերի 13-ին։ Իր աճյունը ամփոփված է Երևանի Թոխմախ կոչվող գերեզմանոցում։

1912 թվականի դեկտեմբերի 5-ին Կոստան Զարյանն ամուսնացել է Թագուհի (Ռաշել) Շահնազարյանի (1887-1962 թվականներ) հետ։ Թագուհի Շահնազարյանը «Հայրենիք» օրաթերթի հիմնադիր, խմբագիր Հովհաննես Շահնազարյանի եղբոր դուստրն էր և երաժշտություն էր սովորում Իտալիայում։ Եղել է դաշնակահարուհի։ 1913 թվականի սեպտեմբերի 14-ին Պոլսում ծնվել է նրանց առաջին որդին՝ Վահեն (վախճանվել է 1985 թվականի դեկտեմբերի 27-ին, Օսլոյում), 1914 թվականի սեպտեմբերի 13-ին՝ երկրորդ որդին՝ Արմենը (վախճանվել է 1994 թվականի մայիսի 31-ին, Երևանում)։ 1917 թվականի օգոստոսի 6-ին Ֆլորենցիայում ծնվել է Զարյանի դուստրը՝ Նվարդը (վախճանվել է 2005 թվականի փետրվարի 3-ին, Հռոմում)։ 1929 թվականին Կոստան Զարյանը հեռացել է Թագուհի Շահնազարյանից և ամուսնացել է ամերիկյան նկարչուհի Ֆրանսիս Բրուքսի (1901-1963 թվականներ) հետ։ 1930 թվականի օգոստոսի 12-ին Ասկոնայում ծնվել է նրանց որդին՝ Հավանը։ Մահվան ստույգ թվականը հայտնի չէ։

Կոստան Զարյանը, Շիրվանզադեն և Հովհաննես Աբելյանը եղել են երեք քույրերի որդիներ։

  • Օրերի պսակը, Կ. Պոլիս, 1922, 192 էջ[15]։
  • Տատրագոմի հարսը, Պոսթըն, 1930, 68 էջ։
  • Երեք երգեր, Վիեննա, 1931, 144 էջ։
  • Նաւը լերան վրայ, Պոսթըն, 1943, 549 էջ։
  • Նավը լեռան վրա, Երևան, 1963, 544 էջ[16]։
  • Օրերու պսակը, Պէյրութ, 1971, 174 էջ։
  • Երկեր, Անթիլիաս, 1975, 646 էջ։
  • Գիրք դիւցազներգութեանց, Երուսաղէմ, 1978, 280 էջ։
  • Տատրագոմի հարսը։ Ոսկեդար, 1982, 79 էջ[17]։
  • Երկեր, Երևան, 1985, 576 էջ։
  • Բանկօօպը եւ մամութի ոսկորները, Անթիլիաս, 1987, 652 էջ։
  • Երկրներ և աստվածներ։ Սպանիա, Երևան, 1999, 378 էջ։
  • Նավատոմար, Երևան, 1999, 670 էջ։
  • Դեպի Արարատ, Երևան, 2001, 417 էջ[18]։
  • Նաւը լերան վրայ, Անթիլիաս, 2002, 554 էջ։
  • Միացյալ Նահանգներ։ Երկրներ և աստվածներ, Երևան, 2002, 498 էջ։
  • Գիրք դիւցազներգութեանց, Երեւան, 2003, 361 էջ։
  • Страны и боги: Испания: Роман-эссе: Гаспринт, 2003, Испания, 368[19].
  • Բառերի ոսկին (բանաստեղծություններ), Երևան, 2009, 686 էջ։
  • Անցորդը եւ իր ճամբան, Երևան, 2010, 620 էջ։
  • Նաւը լերան վրայ, Երեւան, 2015, 780 էջ։
  • Կղզին եւ մի մարդ։ Սարգիս Խաչենց, Պրինտ ինֆո, 2016։ էջ 505[20]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սեդա Անանյան, Կոստան Զարյան։ հուշագրություն։ 2011[21]։
  • Ավագյան Ա., Կոստան Զարյան, Կյանքը և գործը։ Երևան, 1998[22]։
  • Գասպարյան Դավիթ, Հայ գրականություն, գիրք 1, Երևան, 2000։
  • Կարապետյան Գ., Կոստան Զարյան կամ Չընդհատվող շարական, Երևան, 2005[23]։
  • Մատթէոսեան Վ., Կոստան Զարեանի շուրջ, Անթիլիաս, 1998։
  • Սնապյան Պ., Ավազախրած նավը, Բեյ­րութ, 1964։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://imslp.org/wiki/Category:Zarian%2C_Kostan
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Archivio Storico Ricordi — 1808.
  3. Կոստան Զարյանի «Արևմուտք․ Քաղաքներ» (Երևան, «Սարգիս Խաչենց-Փրինթինֆո», 2022) հատորի «Ալբոմի արծաթե բանալին» գլուխ
  4. Բախտիար Հովակիմյան, «Կոստան Զարյանը՝ դերասան», «Գրական թերթ», 1998, №1
  5. Կոստան Զարյան, «Նավատոմար», Երևան, «Սարգիս Խաչենց», 1999, էջ 611-614
  6. Կոստան Զարյան, «Էմիլ Վերհարեն»՝ Կոստան Զարյանի «Նավատոմավար», «Լեզուն և արիւնը» (Երևան, «Սարգիս Խաչենց․ Փրինթինֆո․ Անտարես», 2019)
  7. Կոստան Զարյան, «Արևմուտք․ Քաղաքներ» (Երևան, «Սարգիս Խաչենց-Փրինթինֆո», 2022) հատորում «Եւրոպայի փշրւած թևերը» գլուխ
  8. Կոստան Զարեան, «Սրտի ճանապարհով․ Պոէմներ» (Երևան, «Սարգիս Խաչենց․ Փրինթինֆո․ Անտարես», 2020)
  9. Կոստան Զարեան, «Բանկօօպը և մամութի ոսկորները», Երևան, «Սարգիս Խաչենց․Փրինթինֆո», 2021, էջ 894
  10. Կոստան Զարեան, «Սպանիա», Երևան, «Զանգակ», 2018
  11. «Սրտի ճանապարհով․Պոէմներ»
  12. «Դեպի Արարատ» և «Լեզուն և արւունը», գիրք Բ
  13. Կոստան Զարեան, «Գիրք դիւուցազներգութեանց», Երևան, «Սարգիս Խաչենց․ Փրինթինֆո», 2017
  14. http://haymitq.info/view_post.php?id=10(չաշխատող հղում)
  15. Զարյան, Կոստան Քրիստափորի (1922). Օրերի պսակը։ Բանաստեղծություններ. Մ. Տէր-Սահակեան.
  16. Զարեան, Կոստան (1963). Նավը լեռան վրա. Հայպետհրատ.
  17. Զարյան, Կոստան Քրիստափորի (1982). Տատրագոմի հարսը. Ոսկեդար.
  18. Զարյան, Կոստան Քրիստափորի (2001). Դեպի Արարատ. Սարգիս Խաչենց. ISBN 9789993059165.
  19. Զարյան, Կոստան Քրիստափորի (2003). Страны и боги: Испания : Роман-эссе. Гаспринт. ISBN 9789993099505.
  20. Զարեան, Կոստան (2016). Կղզին եւ մի մարդ. Sargis Khachʻentsʻ-Pʻrintʻinfo. ISBN 9789939852096.
  21. Անանյան, Սեդա (2011). Կոստան Զարյան։ հուշագրություն. EPH hratarakchʻutʻyun. ISBN 9785808415263.
  22. Ավագյան, Արծրուն Աբգարի (1998). Կոստան Զարյան։ Կյանքը եւ գործը. ԵՊՀ. ISBN 9785808402645.
  23. Կարապետյան, Գեւորգ Բաղդասարի (2005). Կոստան Զարյան կամ չընդհատվող շարական։ (Էսսե). ՀԳՄ. ISBN 9789994145201.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոստան Զարյան» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոստան Զարյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 670