Jump to content

Ծերենց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծերենց
Ծննդյան անունարմտ. հայ.՝ Յովսէփ Շիշմանեան
Ծնվել էսեպտեմբերի 16, 1822(1822-09-16)[1]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էփետրվարի 17, 1888(1888-02-17)[1] (65 տարեկան)
Վախճանի վայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
ԳերեզմանԽոջիվանք
Մասնագիտությունգրող
Լեզուհայերեն
ԿրթությունՍուրբ Ղազար կղզի (1837), Փարիզի համալսարան (1852) և Մուրադ-Ռափայելյան վարժարան
Ուշագրավ աշխատանքներԵրկունք Թ դարու և Թեոդորոս Ռշտունի
ԱշխատավայրԱրևելյան մամուլ և Ներսիսյան դպրոց
Ծերենց Վիքիդարանում
 Tserents Վիքիպահեստում

Ծերենց (Հովսեփ Հակոբի Շիշմանյան), (սեպտեմբերի 16, 1822(1822-09-16)[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - փետրվարի 17, 1888(1888-02-17)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2]), հայ գրող, հրապարակախոս, բժիշկ ու պատմավիպագիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1822 թ. սեպտեմբերի 16-ին Կոստանդնուպոլսում։ Միջնակարգ կրթությունն ստացել է Վենետիկի Մխիթարյան վարժարանում։ Ուսումն ավարտելուց հետո հրաժարվել է հոգևոր կոչում ստանալուց և 1837 թ. վերադարձել է Կոստանդնուպոլիս, ծավալել ազգային–լուսավորչական գործունեություն։ 1843 թ. մեկնել է Կովկաս, այցելել Արևելյան Հայաստան։ 1848 թ. մեկնել է Փարիզ, ընդունվել Սորբոնի համալսարանի բժշկական ֆակուլտետը, միաժամանակ դասավանդել է Սամվել Մուրադյան վարժարանում։ Նույն թվականի Ֆրանսիական բուրժուական հեղափոխությունը, իտալական ազգային–ազատագրական շարժումները մեծ ազդեցություն են ունեցել Ծերենցի լուսավորական աշխարհայացքի վրա։

1849 թ. Ն.Ռուսինյանի, Ծերենցի և այլոց ջանքերով Փարիզում ստեղծվում է «Արարատյան ընկերությունը»։ 1852 թ. Ծերենցն ավարտում է Պիզայի համալսարանը, 1853 թ.՝ վերադառնում Կոստանդնուպոլիս, հանդես գալիս կրթա–դաստիարակչական բնույթի հրապարակախոսական հոդվածներով, մասնակցում ազգային սահմանադրության մշակմանը, պայքարում դավանաբանական վեճերի դեմ, դառնում հակահասունյան շարժման պարագլուխ։

1853 թ. փետրվարին Կ.Պոլիս վերադառնալու ճանապարհին Միլանում ոստիկանությունը թյուրիմացաբար ձերբակալել է նրան, քանի որ դեմքով նման է եղել իտալական ազգային-ազատագրական շարժման ղեկավար Ջուզեպպե Մաձձինիին։ 1853 թ. վերադարձել է Կ.Պոլիս և զբաղվել բժշկությամբ։

1860-ական թվականների սկզբներին, լինելով Կոստանդնուպոլսում կազմակերպված «Բարեգործության ընկերության» հիմնադիրներից մեկը, զբաղվել է հայ ժողովրդի ազատագրական շարժման հարցերով, հարել Սվաճյան-Նալբանդյան խմբին։ 1862 թ. Զեյթունի ապստամբության նախօրեին մեկնել է Կիլիկիա, մշակութային, կրթական աշխատանք ծավալելու, գյուղատնտեսական դպրոց բացելու առաջադրանքով, սակայն քաղաքական հալածանքների ենթարկվելով, հարկադրաբար վերադարձել է Կ.Պոլիս։

1872 թ. ազգային կյանքին նվիրված հոդվածներով աշխատակցել է Մ.Մամուրյանի «Արևելյան մամուլ» հանդեսին։ 1872 թ. Գրիգոր Օտյանի միջնորդությամբ աշխատանքի է ընդունվել Կ. Պոլսի հիվանդանոցներից մեկում՝ որպես բժիշկ։ 1874 թ. մահացել է կինը՝ իր խնամքին թողնելով 14-ամյա դստերը՝ Թագուհուն։ 1875 թ. գարնանը, ֆրանսիացի կաթոլիկ մայրապետների՝ քաղաքական հիմք ունեցող բանսարկությունների հետևանքով, հիվանդանոցի տնօրեն Հ. Տատյանը նրան հեռացրել է աշխատանքից, ինչը նրա հոգեկան տառապանքներն ավելի է ծանրացրել։

Ենթարկվելով նոր հալածանքների՝ 1876 թ. բժշկի պաշտոնով մեկնել է թուրքական կառավարության աքսորավայրերից մեկը հանդիսացող Կիպրոս կղզի և բնակչության ու աքսորյալների բժիշկ աշխատել։ 1878 թ. դստեր հետ տեղափոխվել է Թիֆլիս, որտեղ անցկացրել է կյանքի վերջին տարիները։ Նա հայոց պատմություն է դասավանդել Ներսիսյան դպրոցում։ Այդ ընթացքում, բնակչությանը բժշկական օգնություն ցուցաբերելու առաքելությամբ եղել է Վանում, Ալաշկերտում, Բասենում և այլուր։ Բժշկական և ազգային-հասարակական աշխույժ գործունեության զուգահեռ զբաղվել է գրական-ստեղծագործական աշխատանքով։ Մահացել է 1888 թ. փետրվարի 17-ին Թիֆլիսում՝ 66 տարեկանում։

Ստեղծագործական աշխատանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերեզմանաքարը Խոջիվանքում։

Ծերենցը պատմական վեպերի, պատմվածքների, հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։ Նրա առաջին վեպը՝ «Թորոս Լևոնի»–ն (1877), պատկերում է Կիլիկիայի պատմական իրադարձությունները։ Քննադատելով հայ ֆեոդալների կենտրոնախույս ձգտումները՝ Թորոսը երկրի անկախության վերականգնման երաշխիքը տեսնում էր ժողովրդի միասնության և կենտրոնաձիգ իշխանության հաստատման մեջ։

1879 թ. Ծերենցը հրատարակել է «Երկունք Թ դարու» պատմական վեպը։ Հայրենիքի ազատագրման համար արաբական խալիֆայության դեմ հանդես է գալիս «ժողովրդի մարդը»՝ Խութեցի Հովնանը։ Նա ոտքի է հանում ժողովրդին՝ վերականգնելու Բագրատունյաց պետականությունը։ Ազնվականությանն անվանելով «բազմագլխյան վիշապ»՝ Հովնանը գտնում է, որ երկրի անկախության գլխավոր հենարանը «ժողովրդոց բանակն» է։ Հովնանի կերպարում հեղինակն ընդգծել է անձնազոհության, անշահասիրության, մարդկային առաքինության բարձր հատկանիշները։ Վեպն ավարտվում է «երկունքից» ծնվող լավատեսությամբ. հաղթում է ժողովուրդը՝ վերականգնելով երկրի անկախությունը։

1881 թ. լույս է տեսնում «Թեոդորոս Ռշտունի» վեպը, որտեղ արտահայնված են Ծերենցի ըմբռնումները՝ կապված հայ ֆեոդալական իշխանության ներքին հակասությունների և պետականության անկման հետ։ Թեման վերցված է 7-րդ դարում Հայաստանում տեղի ունեցած պատմական իրադարձություններից։ Ներկայացնելով Բյուզանդիայի և Պարսից պատերազմների թատերաբեմ դարձած Հայաստանի ծանր վիճակը՝ Ծերենցը ժողովրդին կոչ է անում դուրս գալ ընդդեմ բռնակալների։ Ծերենցի քաղաքական երազանքը, հասարակական իդեալները խարսխվում են 18-րդ դարի եվրոպական լուսավորիչների գաղափարների վրա։ Նա երազում էր պետական այնպիսի համակարգ, որտեղ կգործեր հասարակության բոլոր դասերի «բարոյական միասնության» դաշինքը։

Ծերենցի դերը նշանակալից է նաև պատմա–ռոմանտիկական դասական վեպի ստեղծման ու զարգացման գործում։

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Երկերի մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Թորոս Լեւոնի, Կ. Պոլիս, 1877, 336 էջ։
  • Երկունք Թ դարու, Տփղիս, 1879, 468 էջ։
  • Թեոդորոս Ռշտունի, Տփղիս, 1881, 235 էջ։
  • Թորոս Լեւոնի, Տփղիս, 1881, 237 էջ։
  • Թորոս Լեւոնի, Տփղիս, 1901, 307 էջ։
  • Երկունք Թ դարու, Կ. Պոլիս, 1911, 346 էջ։
  • Թեոդորոս Ռշտունի, Կ. Պոլիս, 1911, 312 էջ։
  • Թորոս Լեւոնի, Կ. Պոլիս, 1911, 319 էջ։
  • Թորոս Լեւոնի, Պոսթըն, 1917, 302 էջ։
  • Թորոս Լեւոնի, Հալէպ, 1933, 308 էջ։
  • Թորոս Լեւոնի, Պէյրութ, 1935, 342 էջ։
  • Թեոդորոս Ռշտունի, Պէյրութ, 1936, 307 էջ։
  • Երկունք Թ դարու, Պէյրութ, 1936, 341 էջ։
  • Թորոս Լեւոնի, Գահիրէ, 1939, 328 էջ։
  • Երկունք Թ դարու, Գահիրէ, 1940, 331 էջ։
  • Երկունք Թ դարու, Երևան, 1941, 264 էջ։
  • Թեոդորոս Ռշտունի, Գահիրէ, 1944, 323 էջ։
  • Երկեր. Թորոս Լևոնի, Երկունք Թ դարու, Թեոդորոս Ռշտունի, Երևան, 1957, 644 էջ։
  • Երկեր. Թորոս Լևոնի, Երկունք Թ դարու, Թեոդորոս Ռշտունի, Երևան, 1968, 704 էջ։
  • Թորոս Լեւոնի, Պէյրութ, 1980, 320 էջ։
  • Թեոդորոս Ռշտունի, Պէյրութ, 1982, 295 էջ։
  • Երկեր. Թորոս Լևոնի, Երկունք Թ դարու, Թեոդորոս Ռշտունի, Երևան, 1983, 592 էջ։
  • Երկեր. Թորոս Լևոնի, Երկունք Թ դարու, Թեոդորոս Ռշտունի, Երևան, 1985, 640 էջ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ։ Այբուբենական համառօտ անուանացանկ (1688-1940), Իսթանպուլ, 1940։
  • Նանումյան Ռ., Ծերենց, Երևան, 1961։
  • Հայկական սովետական հանրագիտարան, հատ. 5, Երևան, 1979։
  • Ստեփանյան Գառնիկ, Կենսագրական բառարան, հատ. Բ, Երևան, 1981։
  • Պարսամյան Ա., Բժիշկը, գրողը, մարդը…, «Նարեկ», Երևան, 1997, թ. 2 (67)։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
  • Հովակիմյան Բախտիար, Հայոց ծածկանունների բառարան, Երևան, 2005։
  • Հայ նոր գրականության պատմություն, հատ. 3, Երևան, 1964, էջ 500-533։
  • English translation of Toros, Son of Levon, Travails of the 9th Century, and Theodoros Rshtuni. Արխիվացված 2019-08-05 Wayback Machine

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://avproduction.am/?ln=am&page=person&id=2424
  2. «Ծերենցի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».

Կարդացեք նաև

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծերենց» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծերենց» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 123