Առաքել Դավրիժեցի
Առաքել Դավրիժեցի | |
---|---|
Ծնվել է | մոտ 1590-ականներ |
Ծննդավայր | Թավրիզ, Իրան[1][2] |
Մահացել է | 1670[1][2] |
Մահվան վայր | Վաղարշապատ[2] |
Գերեզման | Էջմիածնի միաբանության գերեզմանոց |
Քաղաքացիություն | Սեֆյան Պարսկաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | պատմաբան, քահանա և ուսուցիչ |
Զբաղեցրած պաշտոններ | հոգևոր հովիվ |
Arakel Davrizhetsi Վիքիպահեստում |
Առաքել Դավրիժեցի (մոտ 1590-ականներ, Թավրիզ, Իրան[1][2] - 1670[1][2], Վաղարշապատ[2]), հայ պատմագիր, եկեղեցական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Սուրբ Էջմիածնի հոգևոր վարժարանում, աշակերտել կաթողիկոս Փիլիպոս Ա Աղբակեցուն։ Ձեռնադրվել է վարդապետ, զբաղվել ուսուցչությամբ, ընդգրկվել Էջմիածնի միաբանության մեջ, 1636-1637 թվականներին Հովհաննավանքի առաջնորդն էր։ 1645–1646 թվականներին այցելել է Պարսկաստան, Թուրքիա, Սիրիա, Պաղեստին, Հունաստան, եղել Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներում, հանգանակել գումարներ Մայր աթոռի համար։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1651-1662 թվականների ընթացքում Փիլիպոս Ա կաթողիկոսի հանձնարարությամբ գրել է «Պատմություն» («Գիրք պատմությանց», «Պատմագիրք») աշխատությունը, որտեղ մանրամասն նկարագրել է իր ապրած ժամանակների եղելությունները, անդրադարձել Հայաստանի տնտեսական ու քաղաքական կացությանը, պարսկա-օսմանյան պատերազմների պատմությանը, ջալալիների շարժմանը, վավերականորեն նկարագրել 1604 թ. շահ Աբբաս I-ի կազմակերպած՝ հայերի բռնագաղթը և դրա աղետալի հետևանքները։ «Պատմութիւնը» արժեքավոր աղբյուր է հայկական գաղթավայրերի պատմության ուսումնասիրության համար, եզակի են Լվովի հայերի ներքին կյանքի, ինքնավարության, դատավարության, կենցաղի, Նոր Ջուղայի հիմնադրման ու ծաղկման, արհեստների, առևտրի զարգացման վերաբերյալ տեղեկությունները։ Պատմության մեջ մանրամասն անդրադարձ կա XVII դ. 1-ին տասնամյակներին Ս. Էջմիածնի անմխիթար կացությանը, Մայր աթոռի ներքին կյանքի դժվարություններին, հոգևորականության բարքերին, վկայաբանություններին, նահատակության առանձին դեպքերին, Մովսես Գ Տաթևացի, Փիլիպոս Ա Աղբակեցի, Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսների գործունեությանը, նոր վանքերի ու դպրոցների հիմնադրմանը, ժամանակի հայոց մշակույթի ու եկեղեցու նշանավոր դեմքերի (Սիմեոն Ջուղայեցի, Ստեփանոս Լեհացի, Մինաս Ծաղկող, Ներսես Մոկացի և այլոց) ծավալած եկեղեցական, կրթական ու մտավոր-մշակութային գործունեությանը։
Պատմում է լեհահայ գաղութի կյանքի, նրանց բռնի կաթոլիկացման գործընթացների, Նիկոլ եպս. Թորոսովիչի ազգադավ գործունեության, Հայաստանում, Պարսկաստանում, Լեհաստանում և հայկական այլ գաղթավայրերում լատին միսիոներների ծավալած քարոզչության մասին, քննադատում հայությունը պառակտող նրանց գործելակերպը։ Այդ պատճառով Լեհաստանի կաթոլիկ եկեղեցին Առաքել Դավրիժեցու «Պատմություն»-ը համարել է «վտանգավոր ու մոլորական» և մտցրել արգելված գրքերի ցուցակի մեջ։ Դավրիժեցին անդրադարձել է նաև իր ժամանակի աղանդավորական շարժումներին, կազմել Հայոց կաթողիկոսների ժամանակագրությունը և այլն։
«Պատմությունը» առաջին անգամ լույս է տեսել դեռևս հեղինակի կենդանության օրոք՝ 1669-ին, Ամստերդամում, Ոսկան Երևանցու աշխատասիրությամբ[3]։ 1990 թ. լույս է տեսել երկի գիտական հրատարակությունը[4][5]։ Գիրքը թարգմանվել է ֆրանսերեն (1874), ռուսերեն (1973)[6], լեհերեն (1981), անգլերեն[7], հատվածաբար՝ վրացերեն (1974)։
XVII դարը հայոց պատմության մեջ նշանավորվեց ոչ միայն քաղաքական աղետալի անցքերի և խոշոր տեղաշարժերի ժամանակաշրջան, այլև բերեց տնտեսական ու մշակութային կյանքի աշխուժացում։ Այս իմաստով ժամանակաշրջանը անվանում են հարաբերական վերանորոգման, վերակենդանացման դար, որին նախորդել էր ավերածությունների, սովի, գերեվարության ամբողջ հարյուրամյակ, պատմաբեմ էին դուրս եկել ասիական երկու հզոր պետություններ՝ Սեֆյան Իրանն ու Օսմանյան Թուրքիան, որոնց միջև պատերազմների ժամանակ տուժել էին Հայաստանի և հարակից երկրների տարածաշրջաններ, իսկ բնակչությունը ենթարկվում էր կոտորածի։
Պարսիկների և թուրքերի բախումը նոր թափով բռնկվեց, երբ Իրանը հասնելով քաղաքական ու տնտեսական վերելքի դուրս եկավ իր թշնամու դեմ։ Այս պատերազմի թատերաբեմը Հայաստանը և Ադրբեջանն էին։ Հայաստանում տիրում էր համատարած անկումային իրավիճակ։ XVI դարը չտվեց ոչ մի պատմագիր․ այդ ժամանակաշրջանի մասին մեզ տեղեկություն հաղորդող հայկական աղբյուրները մի քանի ժամանակագրություններ ու ձեռագրերի հիշատակարաններ են և չափածո գործեր, որոնք կցկտուր տեղեկություններ են տալիս այդ ժամանակ տիրող անիշխանության ու բնակչության ողբալի վիճակի մասին։
XVII դարի առաջին տասնամյակներին այս իրավիճակը փոխվեց, հայերի մոտ արդնացավ ինքնապաշտպանական բնազդը։ Ստեղծվեց համեմատաբար խաղաղ իրադչություն (1639 թվականին իրանա-թուրքական պայմանագրից հետո)։ Սկսվում է կրթական մշակութային շարժում, դպրոցներ են բացվում ոչ միայն Հայաստանում այլև հայաշատ երկրների կենտրոններում։ Մեծ նշանակություն է ունենում Էջմիածնի հոգևոր կենտրոնի դիրքի ամրապնդումը։ Այս կրթամշակութային վերելքի պայմաններում ակտիվանում է նաև հայ պատմագրությունը ի դեմս Առաքել Դավրիժեցու։ Այս ժամանակ հանդես եկան նաև այլ պատմիչներ, բայց ոչ մեկ չկարողացավ հասնել Դավրիժեցու երկի մեծությանը։ Դավրիժեցին եղավ հայ միջնադարյան պատմագրության վերջին խոշոր երախտավորը։
Առաքել Դավրիժեցու կենսագրությունից քիչ բան է հայտնի։ Նրա կյանքի և գործունեության մասին տեղեկություններ են պարունակում իր իսկ հիշատակարանը, "Պատմությունը", ինչպես նաև մի քանի այլ աղբյուրներ։ Պատմիչի ծննդյան թվականը հայտնի չէ։ Պարզ է միայն, որ նա ծնվել է XVI դարի վերջին։ Դա ակնհայտ է իր հիշատակարանից, որից տեղեկանում ենք, որ "Պատմությունը" գրել է ծեր հասակում։ Պատմագրի ծննդավայրը Ատրպատականի Թավրիզ (Դավրեժ) քաղաքն է։ Մեծացել և սովորել է Էջմիածնում, որտեղ հիմնականում ապրել և գործել է։ Հիշատակարանը նաև վկայում է, որ Դավրիժեցին եղել է Փիլիպոս կափողիկոսի աշակերտը։ Պատմիչի աշակերտն է եղել նաև Վարդան Մակվեցին։ 1636-1637 թվականներին Դավրիժեցին եղել է Հովհաննավանքի առաջնորդը։
Աշխատությունը գրելու համար Դավրիժեցին շատ է ճամփորդել և գրել իր տեսածը։ Փիլիպոս կաթողիկոսը հաղորդել է նրան գրել ժամանակի իրադարձությունների մասին։ Երկի մի մասը պատմիչը գրել է շրջագայությունների ընթացքում, իսկ սկիզբը և վերջը գրել է Էջմիածնում:
«Պատմություն»-ից բացի Դավրիժեցու գրչին են պատկանում նաև տաղեր. «Տաղ վասն մահրամայի» գրված 1653 թվականին և «Տաղ անուշ և գեղեցկազան», երկուսն էլ կրոնական բովանդակության: Առաքել Դավրիժեցին վախճանվել է 1670 թվականին: Այդ է վկայում Մայր Աթոռի գերեզմանատանը գտվող նրա տապանաքարը:
Դավրիժեցու երկը բաղկացած է 56 գլխից և մի քանի չհամարակալված գլուխներից: Այն սկսվում է հեղինակի փոքրիկ նախադրությամբ և ավարտվում «Պատմություն» ընդորինակողների երկու հիշատակարանով: Բացի առանձին դեպքերից երկում ժամանակագրական կարգը պահպանված չէ: Այսպես` XVII դարի քաղաքական իրադարձությունները նկարագրված են առաջին գլուխներում, որոնց հաջորդում է Վրաստանի հետ կապված իրադարձությունները ընդգրկող 4 գլուխ և այլն: «Պատմության» մեջ տեղ են գտել նաև այլ հեղինակներրին պատկանող գլուխներ ու հատվածներ: Դավրիժեցին տվել է 60 տարվա պատմություն (1602-1662): Սակայն գրքում հանդիպում ենք նաև ինչպես վաղ այնպես էլ ավելի ուշ շրջանի տեղեկությունների: Ամենավաղ շրջանի տեղեկությունը վերաբերում է 561 թվականին, իսկ ավելի ուշը 1668 թվական: Աշխատությունը կարևոր սկզբնաղբյուր է ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի, Վրաստանի և հատկապես Իրանի և Թուրքիայի, ինչպես նաև լեհահայ գաղութի պատմության տարբեր հարցերի վերաբերյալ: Դավրիժեցու երկը կարևոր սկզբնաբյուր է նաև XVI դարի վերջ XVII դարի սկզբին Թուրքիայում ծայր առած` ջալալիների շարժման ուսումնասիրության համար: Իրանի պատմության մասին Դավրիժեցու տեղեկությունները վերաբերում են ինչպես քաղաքական այնպես էլ սոցիալ-տնտեսական կյանքի մասին: Դավրիժեցին արձանագրել է թուրք-պարսկական պատերազմների սարսափը տեսած, սովի, գաղթի և այլ աղետների ենթարկված մարդկանց անմիջական հիշողություններն ու տպավորությունները:
Ըստ մեզ հասած տեղեկությունների, Դավրիժեցու երկը ունեցել է մի քանի ձեռագիր ընդօրինակություններ, դրանցից երկուսը (1663 թվականի Կարբիում Աթանաս դպրի 1666 թվականի Երևանում Ավետիք երեցի ընդօրինակածները) գտնվում են Երևանի Մատենադարանում 1772 և 1773 համարների տակ: Այստեղ են պահպավում «Պատմության» մի քանի ոչ լրիվ ձեռնարկներ: Մի քանի օրինակ էլ պահվում է Վիեննայի Մխիթարյան միաբանության Մատենադարանում:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ «Առաքել Դաւրիժեցի, Գիրք պատմութեանց, Եւ վերակացութեամբ Տեառն Ոսկանայ Երևանցւոյ բանի սպասաւորի, Յամսթէլօդամ, Տպ. Սբ. Էջմիածին եւ Սբ. Սարգիսի զօրավար, 1669». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ Առաքել Դաւրիժեցի, Գիրք պատմութեանց, աշխատասիրութեամբ Լ. Ա. Խանլարեանի, ՀԳԱ հրատարակչութիւն, Երևան, 1990
- ↑ «Գրախոսությունը տե՛ս Դանեղյան Լ. Դ, Առաքել Դաւրիժեցի, Գիրք պատմութեանց, աշխատասիրությամբ Լ. Ա. Խանլարյանի, ՀԳԱ հրատարակչություն, Երևան, 1990, 592 էջ,- «Պատմա-բանասիրական հանդես», 1990, թիվ 4, էջ 242-247».
- ↑ Аракел Даврижеци, Книга историй, Пер. Ханларян Л. А., М. 1973
- ↑ The History Of Vardapet Arak'el Of Tabriz: Patmut'iwn Arak'el Vardapeti Dawrizhets'woy (Armenian Studies Series), Transl. Bournoutian George A., Vol. 1-2, Costa Mesa: Mazda, 2005-2006. ISBN 1568591829 ISBN 156859190X
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաքել Դավրիժեցին հայ մատենագրութեան թուանշային գրադարանում
- Առաքելյան Վ. Դ., Առաքել Դավրիժեցի (մահվան 300-ամյակի առթիվ),- «Պատմա-բանասիրական հանդես», 1970, թիվ 3, էջ 33-45
- Դանեղյան Լ. Գ., Առաքել Դավրիժեցու երկը որպես Սեֆյան Իրանի XVII դարի պատմության սկզբնաղբյուր, ՀՍՍՀ ԳԱ Հրատարակչություն, Երևան, 1978, 234 էջ։
- Խանլարյան Լ. Ա., Առաքել Դավրիժեցու աղբյուրներից մեկը.- «Պատմա-բանասիրական հանդես», 1984, № 2, էջ 82-86։
- «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002
- Արքմենիկ Նիկողոսյան. Առաքել Դավրիժեցու Պատմությունն իբրև գրական երկ, Երևան, 2012
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 533)։ |
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առաքել Դավրիժեցի» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առաքել Դավրիժեցի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առաքել Դավրիժեցի» հոդվածին։ |
|