Jump to content

Խաչատուր Էրզրումցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Խաչատուր Էրզրումցի
Ծնվել է1666[1][2]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել է1740[1][2]
Մահվան վայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն[1][2]
Ազգությունհայ
Մասնագիտությունհանրագիտական, փիլիսոփա և քահանա

Խաչատուր Էրզրումցի (Առաքելյան) (1666[1][2], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] - 1740[1][2], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[1][2]), հայ հանրագիտակ, փիլիսոփա, հայկական կլասիցիզմի հիմնադիրներից, եկեղեցական գործիչ։

Սովորել է Հռոմի պրոպագանդայի (Ուրբանյան) կաթոլիկական վարժարանում։ 1696-1707 թվականներին Կոստանդնուպոլիսում զբաղվել է քարոզչությամբ, այնուհետև դարձել է Վենետիկի հայկական համայնքի հոգևոր առաջնորդը։ Հեղինակ է փիլիսոփայության, բարոյագիտության, աստվածաբանության, տրամաբանության, հռետորության, երկրագիտության, մաթեմատիկայի, բնագիտության և այլ հարցերի նվիրված աշխատությունների։ «Համառօտական իմաստասիրութիւն» (1711) հանրագիտական բնույթի երկհատոր երկում անդրադարձել է ժամանակի գրեթե բոլոր գիտություններին։ Քաջատեղյակ լինելով եվրոպական գիտության նվաճումներին՝ նպաստել է առաջավոր գաղափարների ներթափանցմանը Հայաստան։ Երկերի մի մասը գրված է լատիներեն, որոնք հիմնականում թարգմանվել են հայերեն։

Փիլիսոփայական հայացքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյաբանական հարցերը լուծելիս Խաչատուր Էրզրումցին հետևել է Թովմա Աքվինացուն. Աստծուն համարել է աշխարհի միակ սկզբնապատճառը։ Ըստ նրա, բնության հիմքում ընկած է նյութը՝ որպես կարողություն, որը կատարյալ է դառնում տեսակի (ձևի) միջոցով։ Բնափիլիսոփայական հարցադրումները հիմնականում մեկնաբանել է մատերիալիստական ոգով։ Նյութը համարել է անվերջ բաժանելի, անոչնչանալի, հավերժական, որը շարժման ու փոփոխման հետևանքով մի ձևից անցնում է մեկ այլ ձևի։ Տվել է բազմաթիվ բնական երևույթների գիտական բացատրությունը, այսպես, օդի տաքանալը բացատրել է երկրից անդրադարձած արեգակնային ճառագայթների ազդեցությամբ։ Ձյան, բքի, ցողի, ստորերկրյա ջրերի և երկրաշարժերի պատճառը համարել է գոլորշիները։ Բնության մեջ, ըստ նրա, տեղի ունի զարգացում և փոփոխություն, որոնց հիմքում ընկած են ներհակ ուժերը։ Խաչատուր Էրզրումցու այս մտքերը փաստորեն նյութի պահպանման ու փոխակերպման օրենքի արտահայտությունն են։ Խաչատուր Էրզրումցին հետաքրքրվել է նաև երկրագիտության հարցերով, նկարագրել բազմաթիվ երկրների քաղաքական աշխարհագրությունը։ Իմացաբանության և տրամաբանության մեջ Խաչատուր Էրզրումցին հետևել է ռացիոնալիզմի և սխոլաստիկայի հիմնական դրույթներին։ Հասարակական, բարոյագիտական ըմբռնումներով հակադրվել է Թովմա Աքվինացուն և ֆեոդալական անօրինականություններին, առաջադրել բուրժ. գաղափարախոսության պահանջներ։ Արժեքավոր է պատերազմի և խաղաղության հարցադրումը, որը հիմնականում պարզաբանում է՝ կապելով արդարացի պատերազմների ու ազատագրական պայքարի ընդունման հետ։

Խաչատուր Էրզրումցու գեղագիտական ըմբռնումները ձևավորվել են ռացիոնալիզմի և XVII դարի ֆրանսիական կլասիցիզմի տեսաբանների (Ն. Բուալո և ուրիշներ) ազդեցությամբ։ Մարդն ունի ինչպես զգացմունքային, այնպես և բանական ցանկություններ։ Արվեստը, ամենից առաջ, արդյունք է մտածողության ու տրամաբանության։ Արվեստի հիմքում Խաչատուր Էզրումցին դնում է հասարակական օգտակարության սկզբունքը և այն բաժանում «ծառայականի» (տարբեր արհեստներ) ու «ազատականի» (պոեզիա, երաժշտություն, ճարտասանություն ևն)։ «Համառօտական իմաստասիրութիւն»-ում արտացոլված են պոեզիայի պատկերման առարկայի, սահմանների ու ներգործության մասին կլասիցիզմի նորմատիվ պոետիկային բնորոշ կողմեր։ Խաչատուր Էրզրումցու ռացիոնայիզմի հիմքում ընկած է այն պատկերացումը, թե բանաստեղծական արվեստը սկիզբ է առնում մտածողությունից (բանաստեղծի) և հանգում է մտածողությանը (ընթերցողի)՝ վերածվելով գաղափարական և գեղագիտական ներգործության։ Չանտեսելով զգացմունքի ու երևակայության վճռական նշանակությունը՝ Խաչատուր Էրզրումցին շեշտում է պոեզիայում բանականության առաջատար դերը։ Հենց այդ դիրքերից նա մեկնաբանում է բարձր պոեզիայի, իրականության «ընտիր ու վսեմ» կողմերի պատկերման, թեմայի նպատակահարմար ընտրության, բնությանը նմանվելու, մարդկային կրքերի ծայրահեղ դրսևորումները հաղթահարելու ու կանոնավորելու կլասիցիստական դրույթները։ Խաչատուր Էրզրումցին հիմնավորում է ստեղծագործական աշխատանքում կանոններին հետևելու անհրաժեշտությունը, գտնլով, որ դրանք բխում են արվեստի էությունից և մտածողության անհրաժեշտ բաղադրամասերն են։ Բանականության օրենքներին հավատարիմ մնալու սկզբունքը Խաչատուր Էրզրումցին տարածում է ստեղծագործության բովանդակության ձևական (լեզվա-ոճական, կառուցվածքային) կողմերի վրա։ Պոեզիայի հասարակական կոչումն ու ներգործությունը Խաչատուր Էրզրումցին կապում է բարոյագիտական խնդիրների հետ։ Բանաստեղծական արվեստի (նաև երաժշտության) գեղագիտական, բարոյադաստիարակչական կողմերը սերտորեն առնչվում, փոխադարձաբար պայմանավորում են միմյանց։ Արվեստի նպատակն է նպաստել հասարակության առաջընթացին, ծառայել բարոյական դաստիարակության խնդիրներին։

  • Գիրք քերականութեան, Լիվոռնո, 1696։
  • Համառօտ մեկնութիւն երգոյ երգոցն Սողոմոնի, ԿՊ, 1700։
  • Համաոօտութիւն բարոյականի աստուածաբանութեան, Վնտ., 1709:
  • Բանք և քարոզք յաղագս տէրունական տօնից (Քարոզգիրք), հ. 1, Վնտ., 1710:
  • Համառօտական իմաստասիրութիւն, հ. 1–2, Վնտ., 1711:
  • Ճարտասանութիւն, Վնտ., 1713:
  • Լիակատար աստուածաբանութիւն, հ. 1–2, Վնտ., 1729 – 1734:
  • Ներածումն առ քրիստոնէական կատարելութիւն, Վնտ., 1733:
  • Կարճառօտագունեղ համաոօտութիւն ընդհանրականի աստուածաբանութեան, Վնտ., 1736:

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Թորոսյան Հ., Վարք Միփթարայ Աբբայի Սեբաստացւոյ, Վնտ., 1901:
  • Թահմիզյան Ն. Խաչատուր Էրզրումցին որպես միջնադարյան հայ երաժշտության տեսաբան, «ԼՀԳ», 1966, № 11:
  • Նազարյան Շ., Պետրոս Ղափանցի, Ե., 1969:
  • Լեո, Երկեր, հ. 3, Ե., 1973:
  • Ջահուկյան Գ., Գրաբարի քերականության պատմություն, Ե., 1974:
  • Թադեոսյան Մ., Հայկական կլասիցիզմի տեսությունը. Ե., 1977:
  • Очерки развития эстетической мысли в Армении, M,, 1976.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 22