Jump to content

Հին աշխարհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հին աշխարհ (գիտական եզրով՝ լատին․՝ Antiquitas, հունարեն՝ Αρχαία Ιστορία, հունարենից տառադարձմամբ՝ «Արխայա իստորիա»), մարդկության պատմության առաջին պարբերափուլը, որն ընդգրկում է Նախնադարից մինչև ստրկատիրական կարգերի հաստատումն ընկած ժամանակահատվածը՝ անտիկ շրջանը։ Ըստ տարբեր հնագիտական հետազոտությունների՝ համաշխարհային պատմության հինաշխարհյան դարաշրջանը տևել է շուրջ երկուսուկես հազարամյակ՝ մ․թ․ա․ 3100-ական թվականներից մինչև մ․թ․ա․ 8-րդ դարը։ Այն բաժանված է երեք հիմնական շրջանների․ պղնձի-քարի դարի վերջին շրջափուլ, բրոնզի դար և երկաթի դարի վաղ շրջափուլ։ Մինչ այդ՝ նախնադարում, քարի դարի բաղկացուցիչ փուլերն են պալեոլիթը, մեզոլիթը, նեոլիթը, որոնք ավարտվում են պղնձի-քարի դարով կամ էնեոլիթով։ Քարի դարի ընթացքում ի հայտ է գալիս մարդկության պատմության առաջին գյուտը՝ կրակի հայտնաբերումը։ Ժամանակի ընթացքում մարդկության նվաճումները նախնադարյան համայնական հասարակարգի պայմաններում հանգեցնում են Նեղոսի դելտայում՝ ներկայիս Եգիպտոսի տարածքում, առաջին պետական կազմավորումների առաջացմանը։

Հին աշխարհի կարևորագույն կենտրոններից էր Մերձավոր Արևելքը։ Տիգրիս և Եփրատ գետերի միջև՝ Միջագետքում, գոյություն են ունեցել Աքքադն ու Շումերը, որոնք կուռ համակարգով առաջին պետություններն էին աշխարհում։ Մ․թ․ա․ 2-րդ հազարամյակում հենց այս տարածքներում էլ ձևավորվում են Բաբելոնն ու Ասորեստանը, որոնք կարճ ժամանակահատվածում դառնում են տարածաշրջանային գերտերություններ։ Քաղաքակրթությունը վերելք էր ապրում Հնդկաստանում (Ինդոս և Գանգես գետերի հովիտներում), Չինաստանում (Հուանհե և Յանցզի գետերի տարածքում) և Ճապոնական կղզիներում։ Մ․թ․ա․ 3-2-րդ հազարամյակներում սկսվում է ձևավորվել Կրետեի ծովապետությունը, որով հիմք է դրվում հին հունական, իսկ առավել գլոբալ իմաստով՝ արևմտյան քաղաքակրթության վերելքին։ Հին Հունաստանը համարվում է ոչ միայն արևմտյան քաղաքակրթության, այլ նաև ժողովրդավարության, փիլիսոփայության և թատրոնի բնօրրանը։ Մ․թ․ա․ 8-րդ դարում, արդեն, հիմնադրվում է Հռոմը, որը հետագայում դառնում է Հռոմեական տիրակալության քաղաքամայրն ու աշխարհի կենտրոններից մեկը։ Դրանով սկսում է անտիկ շրջանը։

Հայկական լեռնաշխարհը նախնադարյան մարդու բնակեցման նախնական օրրաններից է։ Վերջին տարիների ընթացքում Արևմտյան Հայաստանի տարբեր մասերում հայտնաբերվել են քարեդարյան մշակույթի զանազան փուլերին վերաբերող հնագիտական հարուստ նյութեր, որոնք անգնահատելի նշանակություն ունեն Հայաստանում մարդու վաղ բնակության և նախամարդու տարաբնակեցման կարևոր հարցերի լուծման համար։ Հինաշխարհյան շրջանում հայ ժողովրդի պատմական նախահայրենիքի տարածքում ձևավորվել են մի շարք ցեղեր, ցեղային միություններ և պետական կազմավորումներ։ Ավելի ուշ՝ անտիկ շրջանում ի հայտ է գալիս Վանի թագավորությունը, որը հընթացս գերիշխող դիրք է ձեռք բերում տարածաշրջանում։

Ստրուկների կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարարող գետերը սանձելու և դաշտերը ոռոգելու համար մարդիկ փորում էին ջրանցքներ, կառուցում ամբարտակներ։ Այդ ծանր աշխատանքները կատարում էին ստրուկները։ Նրանց աշխատեցնում էին նաև հանքերում ու քարհանքերում։ Ստրուկներ էին դարձնում ինչպես գերիներին, այնպես էլ հարուստներից ստրկական կախման մեջ ընկած ազատ մարդկանց։ Ստրուկները համարվում էր տիրոջ իրը և ամբողջովին ենթակա էր նրա կամքին։ Ստրուկները և իրավազուրկ էին, և ընչազուրկ։ Նրանց կարելի էր վաճառել, անգամ սպանել։ Հյուծիչ աշխատանքից և լիակատար իրավազրկությունից ստրուկներն հաճախ ապստամբություններ էին բարձրացնում, որոնք սասանում էին Հին Արևելքի շատ պետությունների հիմքերը։

Ազատ մարդկանց մեջ կային երկրագործ գյուղացիներ և սեփական արհեստանոցներում աշխատող արհեստավորներ։ Երբ նրանցից մեկնումեկը սնանկանում էր, խղճուկ վճարով աշխատանքի էր վարձվում ունեևոր հարևանի մոտ։ Ի տարբերություն ստրուկների, այդ չքավորները որոշ իրավունքներ ունեին։ Նրանք կարող էին դատի տալ իրենց իրավունքները ոտնահարողին, աշխատանքի վարձվել ուրիշ տիրոջ մոտ։

Հին Արևելքի երկրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Արևելքի թագավորներն ունեին հետևակ և հեծյալ ռազմիկների բազմահազարանոց բանակներ։ Նրանք նվաճողական պատերազմներ էին վարում, տնօրինում անհաշիվ հարստություններ։ Թագավորների պատվին կառուցում էին շքեղ դամբարաններ, որոնք թագավորների մահից հետո ևս հիշեցնում էին նրանց իշխանության հզորության մասին։ Եգիպտոսում կառուցվում էին բուրգեր։ Այնտեղ փարավոններին համարում էին աստվածներին հավասար։ Բուրգերն ու տաճաները նույնպես հիմնականում ստրուկներն էին կառուցում։ Հին արևելքի երկրներում կային բազմաթիվ հմուտ վարպետներ, տաղանդավոր գյուտարարներ, գիտնականներ։ Այստեղ են ծնունդ առել աստղագիտությունը, մաթեմատիկան և այլ գիտություններ։ Ստեղծվել է գիրը, կատարվել են կարևոր շատ հայտնագործություններ ու գյուտեր։ Շումերում է ստեղծվել բրուտագործական անիվը։ Հախճապակե ամաններն առաջինը պատրաստել են Հին Եգիպտոսում, ճենապակե ամանները, ինչպես նաև մետաքսն ու թուղթը՝ Չինաստանում։ Հնդիկներն ստեղծեցին թվանշանները։ Հին Արևելքի երկրներում յուրացվեցին կամ բուծվեցին բազմաթիվ օգտակար բույսեր, ընտելացվեցին գրեթե բոլոր ընտանի կենդանիները։

Ուրարտու (քարտեզ)

Հին Արևելքի խոշոր պետություններից էր նաև մեր թվարկությունից առաջ 1- ին հազարամյակի սկզբին Հայկական լեռնաշխարհում կազմավորված Արարատյան թագավորությունը, որին հարևան ասորեստանցիներն անվանել են Ուրարտու։ Մեր թվարկությունից առաջ 8 - րդ դարում իր հզորության բարձրակետին հասած այդ թագավորությունը, որն ընդգրկում էր գրեթե ամբողջ Հայկական լեռնաշխարհը, աշխարհակալ Ասորեստանից խլել է Առաջավոր Ասիայի գերիշխանությունը։

Թագավորության մեջ համախմբված ցեղերը, որոնց միաձուլումից աստիճանաբար կազմավորվել է միասնական հայ ժողովուրդը, կերտել են յուրօրինակ մշակույթ և բարձր քաղաքակրթություն։ Նրանք կառուցել են բազմաթիվ բերդեր, պալատներ, տաճարներ, բնակելի տներ, ջրանցքներ,որոնց ավերակներն մենք այսօր տեսնում ենք Հայաստանի տարբեր շրջաններում։ Պետության տնտեսական և մշակութային կարևոր կենտրոններ էին մայրաքաղաք Տուշպան, Էրեբունի բերդաքաղաքը, Թեյշեբաինի ամրոցը և այլն։

Հնագետների ջանքերով բացված հուշարձանները վկայում են Հայկական լեռնաշխարհի բնակիչների շինարարական բարձր արվեստի և զարգացած տեխնիկայի մասին։ Պալատների ու տաճարների պատերը զարդարվել են բազմագույն որմնանկարներով, հատկապես մարդակերտ աստվածների, քրմերի, սրբազան կենդանիների ու բույսերի պատկերներով։ Բացառիկ արժեք են ներկայացնում թագավորության գլխավոր սրբարանը՝ Արդինի - Մուսասիրի սյունազարդ տաճարը։ Քանդակագործության գլուխգործոցներ են աստվածների ու աստվածուհիների անդրիները, մարդկային դեմքով թեվավոր առյուծի արձանը, գահույքները և այլն։ Արվեստի հոյակապ նմուշներ են բրոնզե կապարճները, սաղավարտները, վահանները, որոնց վրա դրվագված են ռազմի տեսարաններ, մարտակառքեր,հեծյալ ռազմիկներ, առյուծներ, ցուլեր, վիշապներ, սրբազան ծառեր։ Զանազան հնավայրերից պեղված հնագիտական հուշարձաններից տեղեկանում ենք, որ դեռևս այն ժամանակ մեր նախնիները մշակել են քար ու փայտ, բրոնզ, երկաթ, ոսկոր, ազնիվ մետաղներ և այլ նյութեր, պատրաստել ժամանակի մարդուն անհրաժեշտ բազմազան իրեր։

Հին Հունաստան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունական գլխավոր պետությունը՝ Աթենքը ստրկատիրական պետություն էր։ Աթենքում բոլոր չափահաս տղամարդիկ ( բացի ստրուկներից և օտարերկրացիներից ) կարող էին մասնակցել ժողովրդական ժողովին, նրանք էին ընտրում իրենց կառավարիչներին, դատավորներին, զորահրամանատարներին։ Այստեղ ևս ծանր աշխատանքը կատարում էին ստրուկները։

Աթենացիները գիտական ակնառու աշխատություններ են ստեղծել երկրաչափության, բժշկության, փիլիսոփայության և աշխարհագրության վերաբերյալ։ Թատրոնի համար նրանք գրում էին ողբերգություններ և կատակերգություններ, կառուցում էին գեղեցիկ տաճարներ ու պալատներ, կերտում մարմարե արձաններ։ Ողջ աշխարին հայտնի են Հին Հունաստանի քանդակագործների և ճարտարապետների անմահ ստեղծագործությունները։

Հունական մյուս խոշոր ստրկատիրական պետությունը Սպարտան էր՝ խստաբարո ռազմիկների երկիրը։ Յուրաքանչյուր սպարտացու դեռ մանկուց կոփում էին, նախապատրաստում պատերազմի։

Մեր թվարկությունից առաջ 2- րդ դարում ամբողջ Հունաստանն ընկավ հռոմեացիների գերիշխանության տակ։

Հռոմեական պետությունը գոյատևեց ավելի քան հազար տարի։ Բոլոր հին երկրներից այն ամենաընդարձակն էր։ Դա ստրկատիրական պետություն էր։ Ստրուկներ և հողեր ձեռք բերելու նպատակով Հռոմեական պետությունն իր ողջ գոյության ընթացքում վարել է արյունահեղ պատերազմներ։ Սկզբում Հռոմը հանրապետություն էր։ Այն բանից հետո, երբ նրա տարբեր ծայրերում ստրուկներն ապստամբություններ բարձրացրին (որոնցից մեկը տեղի ունեցավ Սպարտակի գլխավորությամբ), հարուստ ստրկատերերը հաստատեցին միապետություն։ Պետության մեջ ամեն ինչ սկսեց պատկանել միանձնյա կառավարող կայսրերին։ Հին Հռոմը ևս կարևոր ավանդ ունի համամարդկային մշակույթի մեջ։ Հռոմեացիները կառուցել են հիասքանչ շինություններ՝ կրկեսներ ու տաճարներ, բաղնիքներ ու պալատներ, կամուրջներ ու ջրմուղներ։ Հռոմեացի բանաստեղծների, գրողների, պատմիչների երկերը թարգմանվել են ուրիշ ժողովուրդների լեզուներով[1]։

Հին աշխարհի երկրներ և ազգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ Մինչև 10000 թ․ Ք․ ծ․ ա․ Հյուսիսային և Հարավային Ամերիկա 13000 թ․ Ք․ ծ․ ա․Հյուսիսային Ամերիկայում հայտնվեցին առաջին մարդիկ։ Եվրոպա Աֆրիկա
10000 թ․ Ք․ ծ․ ա․ Մոտ 6000 թ․ Ք․ ծ․ ա․ – Կենտրոնական Ամերիկայում սկսեցին մշակել հողը։ Մոտ 6000 թ․ Ք․ ծ․ ա․ Հունաստանում, իսկ ավելի ուշ՝ Եվրոպայում սկսեցին մշակել հողը։ Մոտ 6000 թ․ Ք․ ծ․ ա․Սահարայում ընտելացրին խոշոր եղջերավոր անասուններին։
5000 թ․ Ք․ ծ․ ա․ Մոտ 1200 թ․ Ք․ ծ․ ա․ – Օլմեկներն սկսեցին տաճարներ կառուցել։ Մոտ 3000-1500 թթ․ Ք․ ծ․ ա․ – Բրիտանիայում կառուցվեց Սթոունհենջը։ Մոտ 1900-1450 թթ․ Ք․ ծ․ ա․ – Մինոացիները պալատներ կառուցեցին Կրետե կղզում։ Մոտ 1600 թ․ Ք․ ծ․ ա․ – Միկենացիները մեծ ազդեցություն ձեռք բերեցին Հունաստանում։ Մոտ 1450 թ․ Ք․ ծ․ ա․ – Միկենացիները նվաճեցին Կրետե կղզին։ Մոտ 1100 թ․ Ք․ ծ․ ա․ – Խավար դարաշրջանի սկիզբը Հունաստանի պատմության մեջ։ Մոտ 5000 թ․ Ք․ ծ․ ա․Նեղոսի հովտում սկսեցին մշակել հողը։ Մոտ 3100 թ․ Ք․ ծ․ ա․ – Մենես թագավորը միավորեց Վերին և Ստորին Եգիպտոսները։ Մոտ 2686 թ․ Ք․ ծ․ ա․ – Հին թագավորության դարաշրջանի սկիզբը Եգիպտոսում։ Մոտ 2630 թ․ Ք․ ծ․ ա․ – Եգիպտացիները Գիզայում սկսեցին Մեծ Բուրգի կառուցմանը։ Մոտ 2040 թ․ Ք․ ծ․ ա․ – Միջին թագավորության դարաշրջանի սկիզբը։ Մոտ 1720 թ․ Ք․ ծ․ ա․ – Հիքսոսները նվաճեցին Եգիպտոսը։ Միջին թագավորության անկումը։ Մոտ 1570 թ․ Ք․ ծ․ ա․ – Նոր Թագավորության դարաշրջանի սկիզբը։ Մոտ 1450 թ․ Ք․ ծ․ ա․ – Եգիպտոսը հասավ հզորության գագաթնակետին Թութմոս Երրորդ թագավորի օրոք։
1000 թ․ Ք․ ծ․ ա․ Մոտ 1000 թ․ Ք․ ծ․ ա․ – Ադենա ցեղն սկսեց դամբարանաբլուրներ կառուցել։ Մոտ 800 թ․ Ք․ ծ․ ա․Եվրոպայում տարածում գտավ կելտերի ապրելակերպը։ 776 թ․ Ք․ ծ․ ա․ – Առաջին Օլիմպիական խաղեր։ Մոտ 753 թ․ Ք․ ծ․ ա․ – Ըստ առասպելի՝ հիմնադրվեց Հռոմը։ 509 թ․ Ք․ ծ․ ա․Հռոմը դարձավ հանրապետություն։ Մոտ 814 թ․ Ք․ ծ․ ա․ – Փյունիկցիները հիմնադրեցին Կարթագենը։
500 թ․ Ք․ ծ․ ա․ Մոտ 300 թ․ Ք․ ծ․ ա․ – Հոփվել ցեղը նվաճեց ադենա ցեղին։ Մոտ 200 թ․ Ք․ ծ․ ա․ – Նասկա ցեղն անապատում գծեց վիթխարի պատկերներ։ Մոտ 500-350 թթ․ Ք․ ծ․ ա․ – Հին Հունաստանի բարգավաճման դարաշրջան։ 431-404 թթ․ Ք․ ծ․ ա․ – Պելոպոնեսյան պատերազմ։ 356 թ․ Ք․ ծ․ ա․ – Ծնվեց Ալեքսանդր Մեծը։ 44 թ․ Ք․ ծ․ ա․ – Սպանվեց Հուլիոս Կեսարը։ 27 թ․ Ք․ ծ․ ա․ – Հռոմի առաջին կայսր դարձավ Օգոստոսը։ Մոտ 500 թ․ Ք․ ծ․ ա․ – Սկզբնավորվեց Նոկ ցեղի ապրելակերպը։ 332 թ․ Ք․ ծ․ ա․ – Ալեքսանդր Մեծը նվաճեց Եգիպտոսը։ 146 թ․ Ք․ ծ․ ա․ – Հռոմեացիները ավերեցին Կարթագենը։ 30 թ․ Ք․ ծ․ ա․ – Հռոմեացիները նվաճեցին Եգիպտոսը։
1 թ․ Ք․ ծ․ Մոտ 1-700 թթ․ – Մոչե ցեղը կառավարեցին ռազմիկ–քրմերը։ Մոտ 250-900 թթ․ – Մայա ցեղի ծաղկման դարաշրջան։ Մոտ 500 թ․ – Տեոտիհուականը բնակչության թվով դարձավ աշխարհի վեցերորդ քաղաքը։ 117 թ․ – Կայսր Տրայանոսը առավելագույնս ընդարձակեց հռոմեական կայսրության սահմանները։ 395 թ․ – Հռոմեական կայսրությունը վերջնականապես բաժանվեց երկու մասի։ 476 թ․ Արևմտյան Հռոմեական կայսրության անկում։ Մոտ 100 թ․ – Աքսումական կայսրության հզորացում։ Մոտ 500 թ․ – Բանտու ցեղը հասավ Հարավային Աֆրիկա։
Տարեթիվ Մերձավոր արևելք Հարավային Ասիա Հեռավոր արևելք
10000 թ․ Ք․ ծ․ ա․ Մոտ 10000 թ․ Ք․ ծ․ ա․ – բարեբեր Կիսալուսնում սկսեցին մշակել հողը։ Մոտ 9000 թ․ Ք․ ծ․ ա․ – Ճապոնիայում սկիզբ առավ որսորդությունն ու ձկնորսությունը։
5000 թ․ Ք․ ծ․ ա․ Մոտ 3500 թ․ Ք․ ծ․ ա․ – Շումերները հայտնագործեցին անիվը։ Մոտ 3300 թ․ Ք․ ծ․ ա․ – Գրերի գյուտը Շամիրում։ Մոտ 2350 թ․ Ք․ ծ․ ա․ – Սարգոն Աքքադացին ստեղծեց աշխարհի առաջին կայսրությունը։ Մոտ 2000 թ․ Ք․ ծ․ ա․ – Հեթիթները բնակավայրեր հիմնեցին Անատոլիայում։ Մոտ 1792-1750 թթ․ Ք․ ծ․ ա․Բաբելոնում Համմուրաբի թագավորի կառավարման շրջան։ 1400 թ․ Ք․ ծ․ ա․ – Առաջին այբուբենը ստեղծվեց Քանանում։ Մոտ 1250 թ․ Ք․ ծ․ ա․ – Հրեաները հայտնվեցին Քանանում։ Մոտ 1200 թ․ Ք․ ծ․ ա․ – Փյունիկցիները դարձան հաջողակ ծովագնացներ և առևտրականներ։ Մոտ 3500 թ․ Ք․ ծ․ ա․Ինդոսի գետահովտում հեղագործները հիմնեցին բնակավայրեր։ Մոտ 2500-1800 թթ․ Ք․ ծ․ ա․ – Ինդոս գետահովտի բարգավաճման ժամանակաշրջան։ Մոտ 1500 թ․ Ք․ ծ․ ա․ – Արիական ցեղերը հայտնվեցին Ինդոս գետի հովտում։ Մոտ 5000 թ․ Ք․ ծ․ ա․ – Չինաստանում սկսեցին մշակել հողը։ Մոտ 2700 թ․ Ք․ ծ․ ա․ – Ստեղծվեց առաջին մետաքսե գործվածքը։ Մոտ 1766-1027Չինաստանում կառավարեց Շանգ դինաստիան։ Մոտ 1400 թ․ Ք․ ծ․ ա․ – Չինացիները փորագրեցին գուշակության ճաներ։
1000 թ․ Ք․ ծ․ ա․ Մոտ 1000-663 թթ․ Ք․ ծ․ ա․ – Ասորական կայսրության կաղմավորում։ Մոտ 965-928 թթ․ Ք․ ծ․ ա․ – Իսրայելում Սողոմոն թագավորի կառավարման տարիներ։ Մոտ 605-562 թթ․ Ք․ ծ․ ա․ – Բաբելոնում Նաբուգոդոնոսոր թագավորի կառավարման տարիներ։ Մոտ 559-530 թ․ Ք․ ծ․ ա․– Պարսկաստանում Կյուրոս Երկրորդի կառավարման տարիներ։ Ստեղծվեց հզոր կայսրություն Մոտ 560 թ․ Ք․ ծ․ ա․ – Ծնվեց Սիդհարտհա Գաուտաման։ 1027 թ․ Ք․ ծ․ ա․ – Չժոու դինաստիայի թագավորները հպատակեցին Չինաստանը։ 551 թ․ Ք․ ծ․ ա․ – Ծնվեց Կոնֆուցիուսը։
500 թ․ Ք․ ծ․ ա․ 490-479 թթ․ Ք․ ծ․ ա․ – Հունապարսկական պատերազմներ։ 331 թ․ Ք․ ծ․ ա․ – Ալեքսանդր Մեծը պարտության մատնեց պարսիկներին։ 64 թ․ Ք․ ծ․ ա․ – Հռոմեացիները զավթեցին Միջին Արևելքի մի մասը։ 272-231 թթ․ Ք․ ծ․ ա․ – Աշոկան կառավարեց Մաուրյան կայսրությունը։ Մոտ 500 թթ․ Ք․ ծ․ ա․ – Ճապոնիայում սկսեցին մշակել հողը։ 481-221 թթ․ Ք․ ծ․ ա․ – Պայքարող թագավորությունների շրջան Չինաստանում։ 221 թ․ Ք․ ծ․ ա․ – Ցին Շի Հուանդին դարձավ Չինաստանի առաջին կայսրը։ 202 թ․ Ք․ ծ․ ա․Հան դինաստիայի կառավարման սկիզբը։
1 թ․ Ք․ ծ․ Մոտ 29 թ․Հիսուս Քրիստոսի խաչելությունը։ 320-535 թ․ – Գուպտա կայսրության տարիներ Հնդկաստանում Մոտ 100 թ․ – Թղթի գյուտը Չինաստանում։ Մոտ 300 թ․ – Ճապոնիայում կառավարեց Յամատո ցեղը[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ինչ է ով է, Հ - Չ, հտ․ 3, Հայկական Սովետական Հանրագիտարանի Գլխավոր խմբագրություն, Երեվան, 1986
  2. «Հին աշխարհի երկրներ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1375 Արխիվացված 2016-03-04 Wayback Machine