Աֆրիկա
Աֆրիկա, տարածքի մեծությամբ (30,3 միլիոն կմ²) և բնակչության թվով երկրորդ մայրցամաքը՝ Եվրասիայից հետո, ներառյալ հարակից կղզիները, այն ծածկում է Երկրի մակերևույթի 6%-ը և ցամաքի 20%-ը[1]։ 1,3 միլիարդ բնակչությամբ այն կազմում է աշխարհի բնակչության 16%-ը։ Աֆրիկայի բնակչությունը ամենաերիտասարդն է բոլոր մայրցամաքների մեջ[2][3], տարիքի մեդիանը 2012 թվականին կազմել է 19,7, երբ աշխարհի բնակչության մեդիանը 30,4 է[4]։ Չնայած հարուստ բնական ռեսուրսների առկայությանը, Աֆրիկան մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով վերջինն է աշխարհում, մասամբ պատճառը եղել է Աֆրիկայի երկարամյա գաղութացումը Եվրոպայի կողմից և Սառը պատերազմը[5][6][7][8][9]։ Չնայած հարստության ցածր մակարդակի, վերջին տնտեսական աճը և երիտասարդ բնակչության առկայությունը դարձնում են Աֆրիկան հետաքրքիր տնտեսական գոտի համաշխարհային շուկայում։
Մայրցամաքը շրջապատված է Միջերկրական ծովով հյուսիսից, Սուեզի ջրանցքով և Կարմիր ծովով հյուսիս արևելքից, Հնդկական օվկիանոսով հարավ արևելքից և Ատլանտյան օվկիանոսով արևմուտքից։ Մայրցամաքը ներառում է Մադագասկարը և տարբեր կղզեխմբեր։ Այն ներառում է 54 ամբողջությամբ ճանաչված անկախ պետություն, ութ տարածք և երկու դե ֆակտո կիսով չափ ճանաչված պետություն։ Ալժիրը տարածքով Աֆրիկայի ամենամեծ պետությունն է, իսկ Նիգերիան՝ բնակչությամբ։ Աֆրիկյան երկրները հիմնել են Աֆրիկյան միությունը, որի գլխամասը գտնվում է Ադիս Աբեբայում։
Աֆրիկայով է անցնում հասարակածը և զրոյական միջօրեականի ընտրությունը՝ դարձնելով միակ մայրցամաքն աշխարհում, որը գնտվում է կողմնացույցի բոլոր ուղղություններում։ Միակ մայրցամաքն է, որն սկսվում է հյուսիսային չափավոր կլիմայից մինչև հարավային կլիմայական գոտիներ[10]։ Մայրցամաքի հյուսիսային հատվածի երկրների բնակչությունը կազմում է մեծամասնություն։ Մայրցամաքի մեծ մասը ծածկում են արևադարձային հատվածները, բացառությամբ Արևմտյան Սահարայի, Ալժիրի, Լիվիայի և Եգիպտոսի մեծ մասի, Մավրիտանիայի հյուսիսի, Մարոկկոյի, Սեուտայի, Մելիլյայի և Թունիսի մեծ հատվածի։
Աֆրիկան հարուստ է բուսական և կենդանական աշխարհով։ Մայրցամաքում բնակվում են ամենամեծ թվով մեգաֆաունայի ներկայացուցիչներ։ Այնուամենայնիվ Աֆրիկայում կան մեծ թվով բնապահպանական խնդիրներ, այդ թվում անապատացումը, ցամաքացումը, անտառային տարածքների քչացումը և ջրասակավության խնդիրներ։ Սպասվում է, որ կենդանական աշխարհը մեծապես կտուժի կլիմայական փոփոխությունների արդյունքում[11][12]։
Աֆրիկայի պատմությունը երկար է, բազմազան և հաճախ թերագնահատված միջազգային պատմագիտության կողմից[13]։ Աֆրիկան, մասնավորապես Արևելյան Աֆրիկան լայնորեն համարվում է մարդու և Հիմինիդի ծննդավայր։ Ամենավաղ հոմինիդները և նրանց նախնիները ապրել են մոտ 7 միլիոն տարի առաջ, ներառյալ Սահելանտրոպը, Աֆրիկյան Ավստրալոպիտեկուսը, Աֆարյան Ավստրալոպիտեկուսը, Հոմո Էրեկտուսը, Հոմո հաբիլիսը և Հոմո էրգաստերը։ Վաղ ժամանակների Մարդ բանականի (ժամանակակից մարդ) մնացորդներ հայտնաբերվել են Եթովպիայում, Հարավային Աֆրիկայում և Մարոկկոյում, որնց տարիքը համապատասխանաբար 200,000, 259,000, և 300,000 տարկեան է և համարվում է, որ Հոմո Սապիենսը առաջացել է Աֆրիկայում մոտ 350,000–260,000 տարի առաջ[14][15][16][17][18]։ Չնայած մայրցամաքը ամենաերկար բնակեցվածն է, այն նաև համարվում է ամենաշատ գենետիկ խառնուրդներ ունեցող մայրցամաքն աշխարհում[19][20][21]։
Վաղ մարդկության քաղաքակրությունները, ինչպիսիք էին Հին Եգիպտոսը և Կարթագենը զարգացել են Հյուսիսային Աֆրիկայում։ Երկարամյա և բազմազան քաղաքակրությունից, միգրացիայից և առևտրից հետո Աֆրիկա ժամանեցին տարբեր ազգեր և քաղաքակրթություններ։ Վերջին 400 տարում աճեց եվրոպացիների ազդեցությունը մայրցամաքում։ Սկսած 16-րդ դարից զարգացավ առևտուրը, ներառյալ ստրկավաճառությունը, որը ստեղծեց մեծ Աֆրիկյան սփյուռ Ամերիկայում։ 19-րդ դարի վերջին եվրոպական երկրները գաղութացրեցին գրեթե ամբողջ Աֆրիկան՝ ծախսելով պաշարները և աշխատացնելով տեղի բնակչությանը։ Ներկայիս պետությունների մեծ մասն առաջացավ 20-րդ դարի ապագաղութականացման շնորհիվ։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Աֆրիկայի աշխարհագրական դիրքը յուրահատուկ է։ Այն միակ մայրցամաքն է, որի գրեթե կենտրոնական մասով անցնում է հասարակածը։ Գլխավոր միջօրեականը անցնում է նրա արևմտյան մասով։ Աֆրիկայի մեծ մասը գտնվում է արևադարձային լայնություններում։ Մայրցամաքը հյուսիսից-հարավ ձգվում է 8000 կմ., իսկ արևմուտքից-արևելք՝ 3500-ից (հարավում) 7500 կմ. (հյուսիսում)։ Նրա ծայրակետերն են. հյուսիսում՝ Էլ Աբյադ (հս. լ. 32°20’), հարավում՝ Ասեղի (հվ. լ. 34°52’), արևմուտքում՝ Ալմադի (արմ. երկ. 17°32’), արևելքում՝ Ռաս Հաֆուն (Հաֆուն; արլ. երկ. 51°23’) հրվանդանները։
Ափերի գծագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աֆրիկայի ափերը արևմուտքից և հյուսիսից ողողում են Ատլանտյան, իսկ արևելքից՝ Հնդկական օվկիանոսի ջրերը։ Հյուսիսում Աֆրիկան Եվրոպայից բաժանվում է Ջիբրալթարի խոր ու նեղ նեղուցով և Միջերկրական ծովով, իսկ հյուսիս-արևելքում՝ Ասիայից՝ Սուեզի ջրանցքով, Կարմիր ծովով, Բաբ-էլ-Մանդեբի նեղուցով և Ադենի ծոցով։
Աֆրիկայի ափագիծը քիչ է կտրատված։ Խոշոր ծովածոցը Գվինեականն է, խոշոր կղզին՝ Մադագասկարը, խոշոր թերակղզին՝ Սոմալին։ Համեմատաբար փոքր են Ազորյան, Մադեյրա, Կանարյան, Կանաչ հրվանդանի, Սուրբ Հեղինե (Ատլանտյան օսկիանոսում), Զանզիբար, Կոմորյան, Սեյզելյան, Ամիրանտյան, Մասկարենյան, Սոկկոտրա (Հնդկական օվկիանոսում) կղզիները։
Մադագասկարը մայրցամաքից բաժանվում է Մոզամբիկի լայն նեղուցով։
Մակերևույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աֆրիկայի ռելիեֆում տիրապետում են տարբեր բարձրության սարահարթերը, և միայն ծայրամասերում են բարձրանում լեռները։ Առավել բարձր են արևելյան շրջանները, որտեղ գտնվում են Արևելաաֆրիկյան սարահարթը և Եթովպական բարձրավանդակը։ Աֆրիկայի հյուսիսում ձգվում են Ատլասի, հարավում՝ Դրակոնյան և Կապի լեռները։ Ամենաբարձր գագաթը Կիլիմանջարոն է՝ 5895 մ։
Oգտակար հանածոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աֆրիկան թեև երկրաբանական տեսանկյունից այնքան էլ լավ չի ուսումնասիրված, սակայն հայտնաբերված են բազմազան օգտակար հանածոներ, որոնցից շատերն ունեն համաշխարհային նշանակություն։
Մետաղային օգտակար հանածոներով հարուստ են հատկապես նրա հարավային և կենտրոնական շրջանները, որտեղ արդյունահանում են ոսկի, երկաթ, ալմաստ, պղինձ, ուրան, ցինկ, մանգան, անագ, պլատին և այլն։ Աշխարհի ալմաստի (60%; Կիմբեռլի նահանգում հայտնաբերված են այսպես կոչված «Կիմբեռլիտային խողովակները», որոնք հարուստ են ալմաստով), ոսկու (50%) և ուրանի (30%) հանույթի զգալի մասը բաժին է ընկնում Աֆրիկային։
Կենտրոնական Աֆրիկան հարուստ է գունավոր և հազվագյուտ մետաղներով, թանկարժեք քարերով, բոքսիդներով, ուրանով, հարավը՝ քարածխով, երկաթով, ոսկիով, ալմաստով, ուրանով, իսկ հյուսիսը՝ նավթով, գազով, ծծումբով, ֆոսֆորիտներով, երկաթով։
Գվինեական ծովափը հարուստ է նավթով։
Ջրագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աֆրիկայում գետերը բաշխված են խիստ անհավասարաչափ. հասարակածային և մերձհասարակածային գոտում բազմաթիվ են ջրառատ գետերը, իսկ արևադարձային գոտում քիչ են ու ծանծաղ, իսկ որոշ շրջաններում (Սահարայի, Կալահարիի ներքին շրջաններ) ընդհանրապես չկան։ Ամենաերկար գետը Նեղոսն է (արաբերեն՝ Էլ Բախր, երկարությունը՝ 6671 կմ), որի դերը անփոխարինելի է գետահովտում ապրող ժողովուրդների համար։ Ամենաջրառատը Կոնգոն է (աշխարհում երկրորդը՝ Ամազոնից հետո)։ Այն երկու անգամ հատում է հասարակածը, առաջացնում է բազմաթիվ սահանքներ ու ջրվեժներ։ Խոշոր գետերից են Նիգերը, Օրանժը և Զամբեզին։ Վերջինիս վրա է գտնվում աշխարհի բնության հրաշալիքներից մեկը՝ Վիկտորիա ջրվեժը (բարձրությունը՝ 120 մ, լայնությունը՝ 1800 մ)։ Ջրի աղմուկը լսվում է տասնյակ կիլոմետրերի վրա, առաջացնում է ջրափոշու հսկայական սյուներ, դրա համար էլ բնիկներն այն անվանում են «աղմկող ծուխ»։ Աֆրիկայում շատ են լճերը՝ Տանգանիկա (խորությամբ աշխարհում երկրորդը՝ Բայկալից հետո), Նյասա, Մոբուտու Սեսե Սեկո, Վիկտորիա։ Ուշագրավ է Սահարա անապատի հարավում գտնվող Չադ լիճը, որի ափագիծը կայուն չէ. ամառային խոնավ սեզոնին, երբ նրա մեջ թափվող Շարի գետը վարարում է, լճի մակերեսը մեծանում է, իսկ ձմռանը՝ փոքրանում։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աֆրիկան միակ մայրցամաքն է, որը հասարակածով կիսվում է երկու գրեթե հավասար մասերի և ընկած է երկու արևադարձների միջև՝ ջերմային տաք գոտում։ Այդ պատճառով էլ այն ամենատաք մայրցամաքն է. բացառություն են կազմում միայն հյուսիսային և հարավային ծայրամասերը, որոնք գտնվում են բարեխառն գոտում։ Տարվա նույն ժամանակահատվածում, երբ հյուսիսում ձմեռ է, հարավում ամառ է, և՝ հակառակը։
Չորս կողմն անապատ է, որտեղ մերթ դեղին ավազներ են, մերթ՝ գորշ, հողմահարված քարեր։ Միգապատ երկնքից տապ է թափվում, ոչ ջուր կա, ոչ կանաչ թուփ։ Այստեղ տարածվում է աշխարհի ամենախոշոր անապատը՝ Սահարան (7 միլիոն կմ²), որտեղ ջերմաստիճանը հասնում է + 58 °C-ի (ստվերում), իսկ ավազի մակերեսին՝ + 80 °C-ի։ Օդը Սահարայում չոր է ու փոշոտ։ Ուժեղ քամու՝ սամումի (արաբերեն՝ տոթակեզ քամի) ժամանակ փոշին ու ավազը թափանցում են ամենուրեք, երկինքը մթնում է ավազափոշուց, օդում 2–3 ժամ շարունակ յուրահատուկ մետաղային ձայներ են լսվում. դա օդում սլացող ավազահատիկների «երաժշտությունն է»։ Սահարայի ընդարձակ, անջուր, միապաղաղ գորշ ավազների գրկում հանդիպում են փոքրիկ կանաչ կղզյակներ՝ օազիսներ։
Բուսականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամբողջ տարին այստեղ փարթամ կանաչ է։ Արևադարձային անտառները բազմաշարահարկ են, որի միջով կարելի է անցնել միայն կացնի օգնությամբ. ծառեր, թփեր, լիաններ, հաստ ու հյութեղ տերևներ, երփներանգ ու բուրումնավետ արտասովոր ծաղիկներ, թռչուններ, որ նման են ծաղիկների, և մեծ թիթեռներ, որ նման են թռչունների։ Տարածված է նաև ցեցե ճանճը, որի խայթոցը մարդու մոտ առաջացնում է քնախտ հիվանդությունը, իսկ ընտանի խոշոր եղջերավոր անասունների ու ձիերի համար մահացու է։
Աֆրիկան նաև տափաստան է, բայց և տափաստան չէ. հոտավետ հարթավայրում կարմրագորշ ժայռեր են։ Հեռվում գանգրահեր պուրակներ են, իսկ երբ մոտենում ես, պարզվում է՝ վիթխարի ծառեր են՝ բաոբաբներ (նրանց կյանքի տևողությունը 4–5 հզ. տարի է)։ Շատ են հովանոցաձև սաղարթներով ակացիաները և արմավենիների տարբեր տեսակները։ Այդպիսին է աֆրիկյան հռչակավոր սավաննան, որի հետ իր կենդանական և բուսական աշխարհների հարստությամբ չի կարող համեմատվել երկրագնդի ոչ մի բնական գոտի։ Աֆրիկայում հանդիպում է ծաղկավոր բույսերի ավելի քան 3700 ցեղ (40 հզ. տեսակ), որից 900-ը բնաշխարհիկ են։
Հնդկընկույզի (կոկոսյան) ու ձիթատու արմավենիների պտուղներ, կարմիր ծառի և էբենոսի (սև ծառ) արժեքավոր փայտանյութ, խցանածառ և կաուչուկի ծառ՝ այս ամենը մարդուն նվիրում է Աֆրիկայի շռայլ բնությունը։ Աֆրիկական արգավանդ հողում աճում են նաև կակաոյի, սուրճի, ադամաթզի, արքայախնձորի, նարնջի, մանգոյի ծառեր։ Աֆրիկան տալիս է փյունիկյան արմավի համաշխարհային բերքի 40, սուրճի և գետնընկույզի 30, սիզալի (ագավայից ստացվող արժեքավոր թել) և կակաոյի 60 %-ը։ Տանզանիան աշխարհում մեխակի գլխավոր արտադրողն է, իսկ Մադագասկարը՝ վանիլի։
Կենդանատեսակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարուստ է նաև Աֆրիկայի կենդանական աշխարհը։ Անտառներում բնակվում են մարդանման կապիկներ՝ շիմպանզեներ ու գորիլլաներ, վարազներ, հովազներ, սավաննաներում՝ ընձուղտներ, վագերաձիեր, փղեր, ռնգեղջյուրներ, ընձառյուծներ, առյուծներ, անապատներում՝ օձեր (ավազային էֆա, գյուրզա, կոբրա), մողեսներ, քարայծեր, շնագայլեր։
Գետերում ու լճերում հանդիպում են կոկորդիլոսներ և գետաձիեր։ Շատ են թռչունները՝ ջայլամներ, սիրամարգեր, մեծ կարմրաթևիկներ, քարտուղար-թռչունը, որը զոհին սպանում է իր երկար ոտքերով։
Մարդու տնտեսական գործունեության հետևանքով (հատկապես վերջին 100 տարիների ընթացքում) Աֆրիկայի բնությունը խիստ փոխվել է. մասամբ ոչնչացվել են արևադարձային անտառները, վարելահողերի է վերածվել սավաննան, ոչնչացվել են շատ վայրի կենդանիներ ու թռչուններ։ Բնական լանդշաֆտները և նախկին հարուստ տեսականին պահպանելու նպատակով ստեղծվել են բազմաթիվ արգելոցներ ու ազգային պարկեր։ Դրանցից շատերը (Նայրոբի, Նգորոնգորո, Կաֆուեն և այլն) ունեն համաշխարհային նշանակություն։ Հանրահայտ է Կրյուգերի ազգային պարկը (Լիմպոպո գետի միջին հոսանքի շրջանում), որտեղ հավաքված են մայրցամաքի կենդանական աշխարհի գրեթե բոլոր ներկայացուցիչները։
Այս մայրցամաքը Աֆրիկա են անվանել հին հռոմեացիները՝ տեղաբնիկ «աֆարիկ» ցեղի անունով։ Ըստ զբաղեցրած տարածքի՝ Աֆրիկան երկրագնդի երկրորդ մայրցամաքն է՝ Եվրասիայից հետո։ Դեռևս մեր թվականությունից շատ դարեր առաջ Աֆրիկայի հյուսիսային ափերն են այցելել փյունիկեցիները, հին հռոմեացիները, հին հույները։ Ոսկի, փղոսկր և թանկարժեք փայտանյութ հայթայթելու համար եգիպտական փարավոնները արշավախմբեր են ուղարկել դեպի Նեղոսի վերին հոսանքները։ Դեպի Հնդկաստան տանող ծովային կարճ ճանապարհ գտնելու նպատակով պորտուգալիայի ծովագնացները 15-րդ դարում ուսումնասիրել են Աֆրիկայի արևմտյան ափերը։
Շրջանցելով այն՝ պորտուգալացի ծովագնաց Վասկո դա Գաման 1498 թվականին առաջին անգամ հասել է Հնդկաստան և պարզել, որ Աֆրիկայի հարավային և արևելյան ափերը ողողվում են Հնդկական օվկիանոսի ջրերով։ 18-րդ դարի վերջին արդյունավետ եղան անգլիացի հետազոտող Դավիդ Լիվինգսթոնի ճանապարհորդությունները։ 30 տարի շարունակ (1843–1873 թվականներ) նա ուսումնասիրել է Հարավային Աֆրիկան. հետազոտել է Զամբեզի գետը, նրա վրա հայտնաբերել ջրվեժ և, ի պատիվ իր երկրի թագուհու, անվանել է Վիկտորիա, ուսումնասիրել է Կոնգո գետի ակունքը, Նյասա լիճը և այլն։ Աֆրիկայի մեծ մասը գտնվում է արևադարձային լայնություններում։
Մայրցամաքը հյուսիսից հարավ ձգվում է 8000 կմ, իսկ արևմուտքից արևելք՝ 3500-ից (հարավում) 7500 կմ (հյուսիսում)։ Աֆրիկայի ափերը ողողվում են Ատլանտյան ու Հնդկական օվկիանոսների և դրանց մաս կազմող Միջերկրական ու Կարմիր ծովերի ջրերով։ Միակ խոշոր կղզին Մադագասկարն է, իսկ Մադեյրա, Ազորյան, Կանարյան, Սուրբ Հեղինեի (Ատլանտյան օվկիանոսում) և Զանզիբար, Կոմորյան, Մասկարենյան (Հնդկական օվկիանոսում) կղզիները համեմատաբար փոքր են։ Աֆրիկայի ռելիեֆում տիրապետում են տարբեր բարձրության սարահարթերը, և միայն ծայրամասերում են բարձրանում լեռները։ Առավել բարձր են արևելյան շրջանները, որտեղ գտնվում են Արևելաաֆրիկյան սարահարթը և Եթովպական բարձրավանդակը։ Աֆրիկայի հյուսիսում ձգվում են Ատլասի, հարավում՝ Դրակոնյան և Կապի լեռները։
Մայրցամաքի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով։ Ալժիրում, Սահարայի ավազների տակ, հայտնաբերվել են նավթի պաշարներ։ Կենտրոնական մասում՝ Կոնգո գետի ավազանում են գտնվում պղնձի հայտնի հանքերն ու ուրանի հանքահորերը։ Հարավը հարուստ է ուրանով, ալմաստով, քրոմով, մանգանով։ Աֆրիկան տալիս է աշխարհի ալմաստի հանույթի 60, ոսկու ավելի քան 50, ուրանի 30 %-ը, պլատինի գերակշիռ մասը։
Աֆրիկայում գետերը բաշխված են խիստ անհավասարաչափ. հասարակածային և մերձհասարակածային գոտում բազմաթիվ են ջրառատ գետերը, իսկ արևադարձային գոտում քիչ են ու ծանծաղ, իսկ որոշ շրջաններում (Սահարայի, Կալահարիի ներքին շրջաններ) ընդհանրապես չկան։ Ամենաերկար գետը Նեղոսն է (արաբերեն՝ Էլ Բախր, երկարությունը՝ 6671 կմ), որի դերը անփոխարինելի է գետահովտում ապրող ժողովուրդների համար։ Ամենաջրառատը Կոնգոն է (աշխարհում երկրորդը՝ Ամազոնից հետո)։ Այն երկու անգամ հատում է հասարակածը, առաջացնում է բազմաթիվ սահանքներ ու ջրվեժներ։ Խոշոր գետերից են Նիգերը, Օրանժը և Զամբեզին։ Վերջինիս վրա է գտնվում աշխարհի բնության հրաշալիքներից մեկը՝ Վիկտորիա ջրվեժը (բարձրությունը՝ 120 մ, լայնությունը՝ 1800 մ)։ Ջրի աղմուկը լսվում է տասնյակ կիլոմետրերի վրա, առաջացնում է ջրափոշու հսկայական սյուներ, դրա համար էլ բնիկներն այն անվանում են «աղմկող ծուխ»։
Աֆրիկայում շատ են լճերը՝ Տանգանիկա (խորությամբ աշխարհում երկրորդը՝ Բայկալից հետո), Նյասա, Մոբուտու Սեսե Սեկո, Վիկտորիա։ Ուշագրավ է Սահարա անապատի հարավում գտնվող Չադ լիճը, որի ափագիծը կայուն չէ. ամառային խոնավ սեզոնում, երբ նրա մեջ թափվող Շարի գետը վարարում է, լճի մակերեսը մեծանում է, իսկ ձմռանը՝ փոքրանում։
Արևադարձային անտառները բազմաշարահարկ են, որի միջով կարելի է անցնել միայն կացնի օգնությամբ. ծառեր, թփեր, լիաններ, հաստ ու հյութեղ տերևներ, երփներանգ ու բուրումնավետ արտասովոր ծաղիկներ, թռչուններ, որ նման են ծաղիկների, և մեծ թիթեռներ, որ նման են թռչունների։ Աֆրիկան նաև տափաստան է, բայց և տափաստան չէ. հոտավետ հարթավայրում կարմրագորշ ժայռեր են։ Հեռվում գանգրահեր պուրակներ են, իսկ երբ մոտենում ես, պարզվում է՝ վիթխարի ծառեր են՝ բաոբաբներ (նրանց կյանքի տևողությունը 4–5 հզ. տարի է)։ Շատ են հովանոցաձև սաղարթներով ակացիաները և արմավենիների տարբեր տեսակները։ Այդպիսին է աֆրիկյան հռչակավոր սավաննան, որի հետ իր կենդանական և բուսական աշխարհների հարստությամբ չի կարող համեմատվել երկրագնդի ոչ մի բնական գոտի։ Աֆրիկայում հանդիպում է ծաղկավոր բույսերի ավելի քան 3700 ցեղ (40 հզ. տեսակ), որից 900-ը բնաշխարհիկ են։ Հնդկընկույզի (կոկոսյան) ու ձիթատու արմավենիների պտուղներ, կարմիր ծառի և եբենոսի (սև ծառ) արժեքավոր փայտանյութ, խցանածառ և կաուչուկի ծառ՝ այս ամենը մարդուն նվիրում է Աֆրիկայի շռայլ բնությունը։ Աֆրիկական արգավանդ հողում աճում են նաև կակաոյի, սուրճի, ադամաթզի, արքայախնձորի, նարնջի, մանգոյի ծառեր։ Աֆրիկան տալիս է փյունիկյան արմավի համաշխարհային բերքի 40, սուրճի և գետնընկույզի 30, սիզալի (ագավայից ստացվող արժեքավոր թել) և կակաոյի 60 %-ը։ Տանզանիան աշխարհում մեխակի գլխավոր արտադրողն է, իսկ Մադագասկարը՝ վանիլի։
Հարուստ է նաև Աֆրիկայի կենդանական աշխարհը։ Անտառներում բնակվում են մարդանման կապիկներ՝ շիմպանզեներ ու գորիլաներ, վարազներ, հովազներ, սավաննաներում՝ ընձուղտներ, վագերաձիեր, փղեր, ռնգեղջյուրներ, ընձառյուծներ, առյուծներ, անապատներում՝ օձեր (ավազային էֆա, գյուրզա, կոբրա), մողեսներ, քարայծեր, շնագայլեր։ Գետերում ու լճերում հանդիպում են կոկորդիլոսներ և գետաձիեր։ Շատ են թռչունները՝ ջայլամներ, սիրամարգեր, մեծ կարմրաթևիկներ, քարտուղար-թռչունը, որը զոհին սպանում է իր երկար ոտքերով։ Մարդու տնտեսական գործունեության հետևանքով (հատկապես վերջին 100 տարիների ընթացքում) Աֆրիկայի բնությունը խիստ փոխվել է. մասամբ ոչնչացվել են արևադարձային անտառները, վարելահողերի է վերածվել սավաննան, ոչնչացվել են շատ վայրի կենդանիներ ու թռչուններ։ Բնական լանդշաֆտները և նախկին հարուստ տեսականին պահպանելու նպատակով ստեղծվել են բազմաթիվ արգելոցներ ու ազգային պարկեր։ Դրանցից շատերը (Նայրոբի, Նգորոնգորո, Կաֆուեն և այլն) ունեն համաշխարհային նշանակություն։ Հանրահայտ է Կրյուգերի ազգային պարկը (Լիմպոպո գետի միջին հոսանքի շրջանում), որտեղ հավաքված են մայրցամաքի կենդանական աշխարհի գրեթե բոլոր ներկայացուցիչները։
Աֆրիկայի բնակչությունը կազմված է բազմաթիվ ցեղերից և ազգություններից։ Հյուսիսային և Հյուսիսարևելյան Աֆրիկայում ապրում են գլխավորապես եվրոպեոիդ ռասային պատկանող՝ մաշկի բաց գույն ունեցող արաբները և բերբերները, որոնք խոսում են արաբերենի տարբեր բարբառներով։ Իսկ մայրցամաքի մեծ մասը բնակեցված է նեգրոիդ ռասայի բազմաթիվ ազգություններով, որոնց բնորոշ են մաշկի, մազերի, աչքերի մուգ գույնը, գանգուր մազերը, հաստ շրթունքները, լայն քիթը։ Նրանց խոսակցական լեզուն հիմնականում բանտուն է (աֆրիկյան լեզու)՝ 400 տեղաբնիկ ժողովուրդների լեզուն։ Իսկ ընդհանրապես խոսում են 2 հզ-ից ավելի լեզուներով։ Ամեն ազգություն ունի իր սովորույթներն ու ավանդույթները, միայն իրեն բնորոշ հագուստաձևերը և կացարանները. շատ են նաև ընդհանրությունները։
Աֆրիկան կենտրոնական դիրք է գրավում աշխարհի քաղաքական ու տնտեսական կարևոր տարածաշրջանների միջև, թեև իր տնտեսական ու քաղաքական դերը դեռևս շատ համեստ է։ Ժամանակակից աշխարհում Աֆրիկայի հարաբերական փոքր կշիռն առավելապես պայմանավորված է մայրցամաքի պատմական՝ գաղութային անցյալով։ Մայրցամաքի գաղութացումը սկսվել է միջնադարում։ Պորտուգալիան, իսկ այնուհետև Եվրոպայի այլ երկրներ աստիճանաբար գաղութացրել են գրեթե ողջ Աֆրիկան, որի տարածքի 65 %-ը Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի գաղութներն էին։ Գաղութատեր էին նաև Բելգիան, Իսպանիան, Գերմանիան։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան զրկվեց իր գաղութներից (Տոգո, Կամերուն, Գերմանական Հարավարևմտյան Աֆրիկա, որը ներկայիս Նամիբիան է)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին Աֆրիկայում անկախ պետություններ էին Եթովպիան, Լիբերիան, Եգիպտոսը, Հարավաֆրիկյան Միությունը (1961 թվականից՝ Հարավաֆրիկյան Հանրապետություն), իսկ ավարտից հետո՝ 1950-ական թվականներից սկսվեց Աֆրիկայի երկրների անկախացումը։ 1960 թվականին 17 երկրներ միանգամից անկախություն ստացան, և այդ թվականն անվանվեց «Աֆրիկայի տարի»։
Միջազգային քաղաքական և տնտեսական հարաբերություններում իրենց շահերը միասնաբար պաշտպանելու նպատակով 1963 թվականին ստեղծվել է Աֆրիկյան միասնական կազմակերպությունը (գրասենյակը գտնվում է Ադիս Աբեբայում)։ Ներկայումս Աֆրիկայում կան 53 անկախ պետություններ։ Աֆրիկայի մի շարք երկրներ հին քաղաքակրթության օրրաններից են։ Աֆրիկայի բնիկներն անցել են զարգացման երկար ճանապարհ և նշանակալի ներդրում ունեն համաշխարհային մշակույթի պատմության մեջ՝ կայծքարե հատիչներից մինչև ոսկուց ու արծաթից պատրաստած գլուխգործոցներ։ Հարևան ժողովուրդների զարգացման վրա հատկապես մեծ ազդեցություն է ունեցել Նեղոսի հովտում ձևավորված ինքնատիպ մշակույթը, որը հայտնի է հին եգիպտական կամ փարավոնների երկրի մշակույթ անվամբ։
Տերություններ և տարածաշրջաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածաշրջանի անվանումը[23] և տերությունները իրենց դրոշներով |
Տարածք (կմ²) |
Բնակչություն (Հուլիսի 1 2002 մոտ.) |
Բնակչության խտություն (կմ² հաշվով) |
Մայրաքաղաք |
---|---|---|---|---|
Արևելյան Աֆրիկա։ | ||||
Բուրունդի | 27,830 | 6,373,002 | 229.0 | Բուժումբուրա |
Կոմորոս | 2,170 | 614,382 | 283.1 | Մորոնի |
Ջիբութի | 23,000 | 472,810 | 20.6 | Ջիբութի |
Էրիթրեա | 121,320 | 4,465,651 | 36.8 | Ասմարա |
Եթովպիա | 1,127,127 | 67,673,031 | 60.0 | Ադիս Աբեբա |
Քենիա | 582,650 | 31,138,735 | 53.4 | Նայրոբի |
Մադագասկար | 587,040 | 16,473,477 | 28.1 | Անտանանարիվո |
Մալավի | 118,480 | 10,701,824 | 90.3 | Լիլոնգվե |
Մավրիկիոս | 2,040 | 1,200,206 | 588.3 | Պորտ Լուի |
Մայոտ (Ֆրանսիա) | 374 | 170,879 | 456.9 | Մամուձու |
Մոզամբիկ | 801,590 | 19,607,519 | 24.5 | Մապուտու |
Ռեյունյոն (Ֆրանսիա) | 2,512 | 743,981 | 296.2 | Սեն Դենի |
Ռուանդա | 26,338 | 7,398,074 | 280.9 | Կիգալի |
Սեյշելներ | 455 | 80,098 | 176.0 | Վիկտորիա |
Սոմալի | 637,657 | 7,753,310 | 12.2 | Մոգադիշո |
Տանզանիա | 945,087 | 37,187,939 | 39.3 | Դոդոմա |
Ուգանդա | 236,040 | 24,699,073 | 104.6 | Կամպալա |
Զամբիա | 752,614 | 9,959,037 | 13.2 | Լուսակա |
Զիմբաբվե | 390,580 | 11,376,676 | 29.1 | Հարարե |
Միջին Աֆրիկա։ | ||||
Անգոլա | 1,246,700 | 10,593,171 | 8.5 | Լուանդա |
Կամերուն | 475,440 | 16,184,748 | 34.0 | Յաունդե |
Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն | 622,984 | 3,642,739 | 5.8 | Բանգի |
Չադ | 1,284,000 | 8,997,237 | 7.0 | Նջամենա |
Կոնգո | 342,000 | 2,958,448 | 8.7 | Բրազավիլ |
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն | 2,345,410 | 55,225,478 | 23.5 | Կինշասա |
Հասարակածային Գվինեա | 28,051 | 498,144 | 17.8 | Մալաբո |
Գաբոն | 267,667 | 1,233,353 | 4.6 | Լիբրևիլ |
Սան Տոմե և Պրինսիպի | 1,001 | 170,372 | 170.2 | Սան Տոմե |
Հյուսիսային Աֆրիկա։ | ||||
Ալժիր | 2,381,740 | 32,277,942 | 13.6 | Ալժիր |
Եգիպտոս[24] | 1,001,450 | 70,712,345 | 70.6 | Կահիրե |
Լիբիա | 1,759,540 | 5,368,585 | 3.1 | Տրիպոլի |
Մարոկկո | 446,550 | 31,167,783 | 69.8 | Ռաբաթ |
Սուդան | 2,505,810 | 37,090,298 | 14.8 | Խարթում |
Թունիս | 163,610 | 9,815,644 | 60.0 | Թունիս |
Արևմտյան Սահարա[25] | 266,000 | 256,177 | 1.0 | Էլ Այուն |
Եվրոպական տերությունները Հյուսիսային Աֆրիկայում | ||||
Կանարյան կղզիներ (Իսպանիա)[26] | 7,492 | 1,694,477 | 226.2 | Սանտա Կրուս դե Տեներիֆե |
Սեուտա | 20 | 71,505 | 3,575.2 | - |
Մադեյրա | 797 | 245,000 | 307.4 | Ֆունշալ |
Մելիլյա(Իսպանիա) | 12 | 66,411 | 5,534.2 | Մելիլյա |
Հարավային Աֆրիկա։ | ||||
Բոթսվանա | 600,370 | 1,591,232 | 2.7 | Գաբորոնե |
Լեսոտո | 30,355 | 2,207,954 | 72.7 | Մասերու |
Նամիբիա | 825,418 | 1,820,916 | 2.2 | Վինդհուկ |
Հարավ Աֆրիկյան Հանրապետություն | 1,219,912 | 43,647,658 | 35.8 | Պրետորիա |
Սվազիլենդ | 17,363 | 1,123,605 | 64.7 | Մբաբանե |
Արևմտյան Աֆրիկա։ | ||||
Բենին | 112,620 | 6,787,625 | 60.3 | Պորտո Նովո |
Բուրկինա Ֆասո | 274,200 | 12,603,185 | 46.0 | Ուագադուգու |
Կաբո Վերդե | 4,033 | 408,760 | 101.4 | Պրայա |
Կոտ դ'Իվուար | 322,460 | 16,804,784 | 52.1 | Յամուսուկրո |
Գամբիա | 11,300 | 1,455,842 | 128.8 | Բանջուլ |
Գանա | 239,460 | 20,244,154 | 84.5 | Աքրա |
Գվինեա | 245,857 | 7,775,065 | 31.6 | Կոնակրի |
Գվինեա-Բիսաու | 36,120 | 1,345,479 | 37.3 | Բիսաու |
Լիբերիա | 111,370 | 3,288,198 | 29.5 | Մոնրովիա |
Մալի | 1,240,000 | 11,340,480 | 9.1 | Բամակո |
Մավրիտանիա | 1,030,700 | 2,828,858 | 2.7 | Նուակշոտ |
Նիգեր | 1,267,000 | 10,639,744 | 8.4 | Նիամեյ |
Նիգերիա | 923,768 | 129,934,911 | 140.7 | Աբուջա |
Սուրբ Հեղինեի կղզի(Մեծ Բրիտանիա) | 410 | 7,317 | 17.8 | Ջեյմսթաուն |
Սենեգալ | 196,190 | 10,589,571 | 54.0 | Դակար |
Սիերա Լեոնե | 71,740 | 5,614,743 | 78.3 | Ֆրիթաուն |
Տոգո | 56,785 | 5,285,501 | 93.1 | Լոմե |
Համընդհանուր | 30,368,609 | 843,705,143 | 27.8 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Sayre, April Pulley (1999), Africa, Twenty-First Century Books. 0-7613-1367-2.
- ↑ Swanson, Ana (2015 թ․ օգոստոսի 17). «5 ways the world will look dramatically different in 2100». The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ Harry, Njideka U. (2013 թ․ սեպտեմբերի 11). «African Youth, Innovation and the Changing Society». Huffington Post. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ Janneh, Abdoulie (2012 թ․ ապրիլ). «item,4 of the provisional agenda – General debate on national experience in population matters: adolescents and youth» (PDF). United Nations Economic Commission for Africa. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Fwatshak, S. U. (2014). «The Cold War and the Emergence of Economic Divergences: Africa and Asia Compared». Contemporary Africa. Springer. էջեր 89–125. doi:10.1057/9781137444134_5. ISBN 978-1-349-49413-2.
- ↑ Austin, Gareth (2010 թ․ մարտի 1). «African Economic Development and Colonial Legacies». Revue internationale de politique de développement (1): 11–32. doi:10.4000/poldev.78. ISSN 1663-9375.
- ↑ Dunning, Thad (2004). «Conditioning the Effects of Aid: Cold War Politics, Donor Credibility, and Democracy in Africa». International Organization. 58 (2): 409–423. doi:10.1017/S0020818304582073. JSTOR 3877863. S2CID 154368924.
- ↑ Alemazung, Joy Asongazoh (2010 թ․ սեպտեմբերի 1). «Post-colonial colonialism: an analysis of international factors and actors marring African socio-economic and political development» (PDF). Journal of Pan African Studies. 3 (10): 62–85. S2CID 140806396. Կաղապար:GALE.
- ↑ Bayeh, Endalcachew (2015 թ․ փետրվար). «The political and economic legacy of colonialism in the post-independence African states» (PDF). International Journal in Commerce, IT & Social Sciences. 2 (2): 89–93. S2CID 198939744.
- ↑ «Africa. General info». Visual Geography. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ Schneider, S.H.; և այլք: (2007). «19.3.3 Regional vulnerabilities». In Parry, M.L.; և այլք: (eds.). Chapter 19: Assessing Key Vulnerabilities and the Risk from Climate Change. Climate change 2007: impacts, adaptation, and vulnerability: contribution of Working Group II to the fourth assessment report of the Intergovernmental Panel on Climate Change (IPCC). Cambridge University Press (CUP): Cambridge, UK: Print version: CUP. This version: IPCC website. ISBN 978-0-521-88010-7. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ Niang, I., O.C. Ruppel, M.A. Abdrabo, A. Essel, C. Lennard, J. Padgham, and P. Urquhart, 2014: Africa. In: Climate Change 2014: Impacts, Adaptation, and Vulnerability. Part B: Regional Aspects. Contribution of Working Group II to the Fifth Assessment Report of the Intergovernmental Panel on Climate Change [Barros, V.R., C.B. Field, D.J. Dokken et al. (eds.)]. Cambridge University Press, Cambridge, United Kingdom and New York, NY, USA, pp. 1199–1265. https://www.ipcc.ch/site/assets/uploads/2018/02/WGIIAR5-Chap22_FINAL.pdf Արխիվացված 19 Հունիս 2020 Wayback Machine
- ↑ «One of Africa's best kept secrets – its history». BBC News (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հուլիսի 1. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «Homo sapiens: University of Utah News Release: 16 February 2005». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ Schlebusch, Carina M; Malmström, Helena; Günther, Torsten; Sjödin, Per; Coutinho, Alexandra; Edlund, Hanna; Munters, Arielle R; Vicente, Mário; Steyn, Maryna; Soodyall, Himla; Lombard, Marlize; Jakobsson, Mattias (2017). «Southern African ancient genomes estimate modern human divergence to 350,000 to 260,000 years ago». Science. 358 (6363): 652–655. Bibcode:2017Sci...358..652S. doi:10.1126/science.aao6266. PMID 28971970.
- ↑ Sample, Ian (2017 թ․ հունիսի 7). «Oldest Homo sapiens bones ever found shake foundations of the human story». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
- ↑ Zimmer, Carl (2019 թ․ սեպտեմբերի 10). «Scientists Find the Skull of Humanity's Ancestor — on a Computer – By comparing fossils and CT scans, researchers say they have reconstructed the skull of the last common forebear of modern humans». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ Mounier, Aurélien; Lahr, Marta (2019). «Deciphering African late middle Pleistocene hominin diversity and the origin of our species». Nature Communications. 10 (1): 3406. Bibcode:2019NatCo..10.3406M. doi:10.1038/s41467-019-11213-w. PMC 6736881. PMID 31506422.
- ↑ «The genetic diversity in Africa is greater than in any other region in the world».
- ↑ «New study confirms that Africans are the most genetically diverse people on Earth. And it claims to pinpoint our center of origin».
- ↑ «Africa is most genetically diverse continent, DNA study shows».
- ↑ AFRICA.
- ↑ Մայրցամաքային տարածաշրջանների բաժանումն ըստ ՄԱԿ-ի քարտեզային կատեգորիաների.
- ↑ Եգիպտոսը սովորաբար համարվում է անդրմայրցամաքային երկիր Հյուսիսային Աֆրիկայում (ՄԱԿ-ի սահմանմամբ) և Արևմտյան Ասիայում։ Բնակչության և մակերեսի տվյալները բերված են աֆրիկյան մասի համար՝ Սուեզի ջրանցքից արևմուտք։
- ↑ Արևմտյան Սահարան վիճարկվում է Սահարայի արաբական դեմոկրատական հանրապետության, որը ղեկավարվում է փոքրամասնության կողմից, և Մարոկոյի միջև, որն օկուպացրել է հարավային մարզերը.
- ↑ The Spanish Canary Islands, of which Las Palmas de Gran Canaria are Santa Cruz de Tenerife are co-capitals, are often considered part of Northern Africa due to their relative proximity to Morocco and Western Sahara; population and area figures are for 2001.
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 175)։ |