Ներսես Լամբրոնացի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ներսես Լամբրոնացի | |
---|---|
Ծնվել է | 1153 կամ 1153 |
Ծննդավայր | Լամբրոն, Կիլիկիայի Հայկական Իշխանություն |
Մահացել է | հուլիսի 14, 1198 կամ 1198 |
Մահվան վայր | Սկևռա, Կիլիկիայի Հայկական Թագավորություն կամ Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն |
Քաղաքացիություն | Կիլիկիայի Հայկական Թագավորություն |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ, փիլիսոփա, գրող և աստվածաբան |
Ծնողներ | հայր՝ Օշին Բ Հեթումյան, մայր՝ Շահանդուխտ Հեթումյան |
Nerses Lambronatsi Վիքիպահեստում |
Ներսես Լամբրոնացի (աշխարհական անունը՝ Սմբատ, 1153 կամ 1153, Լամբրոն, Կիլիկիայի Հայկական Իշխանություն - հուլիսի 14, 1198 կամ 1198, Սկևռա, Կիլիկիայի Հայկական Թագավորություն և Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն), հայ մատենագիր, գիտնական, փիլիսոփա, պետական և եկեղեցական գործիչ, հրապարակախոս, բանաստեղծ, երաժիշտ, թարգմանիչ Կիլիկյան Հայաստանում։ Լամբրոնի բերդատեր, Հեթումյան իշխան Օշին Բ-ի և Շահանդուխտ Պահլավունու որդին։
Կենսագրություն
Կրթվել է Հայոց կաթողիկոսներ Գրիգոր Գ Պահլավունու և Ներսես Շնորհալու հովանավորությամբ, Հռոմկլայի հայրապետանոցի բարձրագույն դպրոցում։ Սովորել է օտար լեզուներ։ Ներսես Շնորհալին նրան 16-ամյա հասակում ձեռնադրել է քահանա՝ տալով իր անունը։ 1175-ին կարգվել է Տարսոն նահանգի արքեպիսկոպոս։ Կյանքի վերջին տարիներին պաշտոնավարել է Լևոն Բ ի արքունիքում՝ որպես ատենադիր, պալատական խորհրդատու և թարգմանիչ։ Բազմիցս ուղարկվել է օտար երկրներ, կարգավորել պետության արտաքին գործերը։ Իր մտավոր ու ճարտասանական կարողությամբ վաստակել է հմուտ հրապարակախոսի համբավ։
Գործելով Տարսոնում, Լամբրոնում, Հռոմկլայում, Սաղրիում, Սկևռայում, Սև լեռներում՝ Ներսես Լամբրոնացին նպաստել է գրագիտության զարգացմանը, հորից ժառանգած նյութական միջոցներով օժանդակել դպրոցներին, գրադարաններին, գրչատներին, երեսուն հազար ոսկի դահեկան է նվիրաբերել ձեռագրերի գնմանը, ընդօրինակմանը, վանքերի, եկեղեցիների ու այլ կարիքներին։ Պատվիրել կամ անձամբ ընդօրինակել է բազմաթիվ հին հայկական ձեռագրեր, որոնց մի մասը հասել է մեզ։ Նրա պատվերով ընդօրինակված Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկը մեզ հասած ամենահինն (1173) ու լավագույնն է։ Ներսես Լամբրոնացին պաշտպանել է Հայոց եկեղեցու ինքնուրույնությունը, բազմիցս մերժել հունական և լատինական եկեղեցիներին միանալու առաջարկները։
Գրական ժառանգություն
Ներսես Լամբրոնացին թողել է գրական հարուստ ժառանգություն։ Հռոմկլայի համագումար ժողովին (1179) արտասանած «Ատենաբանութիւն» ճառը համարվում է հրապարակախոսության լավագույն կոթող։ Ճարտասանական բարձր արվեստով և հրապուրիչ ոճով հեղինակը քննում է քրիստոնեական բարոյականության կանոնները, դատապարտում դրանցից շեղումները։ «Թուղթ առ Լևոն արքայն» երկը հայ բանավիճային գրականության ընտիր նշումներից է, որով Ներսես Լամբրոնացին ջանացել է հերքել Գրիգոր Տուտեորդու և այլք՝ իր դեմ հարուցած մեղադրանքները բյուզանդական կողմնորոշման մեջ։ Որպես երաժիշտ, Ներսես Լամբրոնացին հորինել է ավելի քան երկու տասնյակ շարականների եղանակներ, գրել դրանց բառերը և անձամբ երգել։ Նշանավոր են «Համբարձումն Տեառն» և «Գալուստ Հոգւոյն Սրբոյ» ներբողյանները, Ներսես Շնորհալուն և Պահլավունյաց տոհմին նվիրված «Գովեստ ներբողական, պատմագրական բանիւ» չափածո երկը։
Մեկնություններից լավագույնն է «Մեկութիւն խորհրդոյ պատարագին» երկը։ Կարևոր են նաև Ներսես Լամբրոնացու թարգմանությունները, հատկապես քաղաքացիական և զինվորական օրենքները։ Հեղինակի որոշ երկեր չեն պահպանվել։
Աստվածաբանական հայացքներ
Ըստ Ներսես Լամբրոնացու, աստծո ստեղծած ողջ բնությունը չորս տարրերի՝ հող, օդի, ջրի և կրակի միացությունն է։ Մարդու իմացական կարողությունը նա պայմանավորել է մարմնում հոգու առկայությամբ։ Բնության մասին գիտելիքներն անբավարար համարելով, նա պնդել է, որ շատ իրեր ու երևույթներ զգայարաններով անմիջապես ընկալելի չեն, փորձնական եղանակով հնարավոր չէ հասու լինել դրանց էությանը։ Չանտեսելով զգայարանների դերը՝ իմացաբանության հարցերում հակվել է դեպի ռացիոնալիզմը։
Ներսես Լամբրոնացու հայացքներում առկա են դիալեկտիկայի տարրեր։ Նրա կարծիքով, ոչ մի հասկացություն, ըմբռնում քարացած չէ, ժամանակը, տեղն ու հանգամանքներն են որոշում դրանց ճշմարիտ կամ սխալ, լավ կամ վատ, չար կամ բարի, գեղեցիկ կամ տգեղ լինելը։ Կամքի ազատության պաշտպանության դիրքերից նա քննադատել է ժամանակի հասարակական հարաբերությունները, ուղիներ որոնել կարգավորելու մարդկանց փոխհարաբերությունները։ Նրա համոզմամբ, հասարակական–պետական գործերի հաջող ընթացքը պայմանավորված է ղեկավարողների ունակություններով ու բարոյական բնութագրով։ Չժխտելով իշխանության միապետական ձևը, միաժամանակ պնդել է, որ այդ իշխանության սահմաններում պետական–հասարակական հարցերը չպետք է միանձնյա լուծում ստանան, անհրաժեշտ է սահմանափակել թագավորների կամքն ու գործունեությունը, որպեսզի ժողովուրդը զոհ չդառնա նրանց քմահաճույքներին։ Յուրաքանչյուր պետական գործիչ պետք է հիշի, որ իրավունքների մեծացման հետ մեծանում են նաև պահանջների իր նկատմամբ։ Արձանագրելով հասարակական անհավասարության փաստը՝ նա գիտակցել է, որ հարստությունն է մարդուն հասարակական դիրք ապահովում։ Ըստ նրա, հասարակական կյանքին ուղղություն է տալիս ոչ միայն գոյամիջոցներ հայթայթելու պահանջը, այլև սեփականություն ձեռք բերելու ու բազմապատկելու ձգտումը, որը հանգեցնում է անարդարությունների։
Հասարակական կյանքը պետք է բարվոքել, պետք է փոխել մարդկանց հայացքն ու վարքը, վերաբերմունքը նյութական արժեքների նկատմամբ։ Հասարակության բարոյական նկարագիրը բարձրացնելու խնդրում նա լուրջ դեր է հատկացրել անկաշկանդ քննադատությունը, այս հարցում զարգացնելով ամբողջական մի ուսմունք։
Ներսես Լամբրոնացին արծարծել է նաև ազգային և համազգային փոխհարաբերության հարցը։ Քննադատել է ազգային թշնամանքի քարոզը, կրոնադավանաբանական տարբերությունների հիմքի վրա ազգերը միմյանց հակադրելը։ Ըստ նրա, վատ կամ լավ, չար կամ բարի է ոչ թե ողջ ազգը, այլ ազգի առանձին ներկայացուցիչներ։ Ներսես Լամբրոնացին գրել է. «Արդ եթէ ես միոյ ազգի ջատագով էի, ընդ այլսն երբ էր կար հաղորդիլ. բայց ընդ իւրաքանչիւրսն որ միմեանց թշնամիք են՝ խառնիմ, և զբնաւսն շահիմ ըստ Քրիստոսի առաքելոյն...»։ Այս գաղափարները հանգեցած են Վերածնության դարաշրջանի մտածողներին հատուկ մարդասիրությամբ։
Ներսես Լամբրոնացու աշակերտները նրան ձոնել են երկեր, գրի առել նրա կյանքն ու գործը։ Բնութագրելով ուսուցչին, Գրիգոր Սկևռացին գրում է. «Բղխէր իբրև զաղբիւր, յառաջէր որպէս զգետ, ծաւալէր իբրև զծով»։ Ն. Լամբրոնացին մեծարվել է «Տիեզերական վարդապետ», «Սիրելի»,«Սուրբ» մակդիրներով։ Հանկարծամահ է եղել քարոզի ժամին, թաղվել Սկևռայի վանքում։
Աշխատություններ եւ թարգմանություններ
- Սրբոյն Ներսեսի Լամբրոնացւոյ Տարսոնի եպիսկոպոսի Խորհրդածութիւնք ի կարգս եկեղեցւոյ եւ Մեկնութիւն խորհրդոյ պատարագի։
- Ներսէս Լամբրոնացի, Ատենաբանութիւն, Թուղթք եւ Ճառք։
- Nerses of Lambron. Commentary on the Revelation of Saint John. Translation of the Armenian Text, Notes and Introduction by Thomson R.W., Peeters, 2007. ISBN 978-90-429-1866-5
- Քաղաքային օրէնք Ներսիսի Լամբրոնացւոյ ըստ Կոստանդիանոսի, Թէոդոսի և Լևոնի թագաւորաց Հռոմայեցւոց։ Հրատարակեց Կ. Յ. Բասմաջեան, Պարիս, 1907։
- Սրբոյն Ներսեսի Լամբրոնացւոյ Տարսոնի եպիսկոպոսի Խորհրդածութիւնք ի կարգս եկեղեցւոյ եւ Մեկնութիւն խորհրդոյ պատարագի, Վենետիկ-Սբ. Ղազար, 1847։
- Մեկնութիւն սրբոց երկոտասան մարգարէից, արարեալ երանելւոյն Ներսիսի Լամբրօնացւոյ արքեպիսկոպոսի Տարսօնի Կիլիկեցւոյ, Կ. Պօլիս, 1825։
Գրականություն Ներսես Լամբրոնացու և նրա գործունեության մասին
- Յակոբ Օշական, Ներսէս Լամբրոնացի,- «Սիոն», 1947, էջ 244-246, 275-279, 306-308, 385-386։
- Հ. Ներսէս Ակինեան, Ներսէս Լամբրոնացի արքեպիսկոպոս Տարսոնի. Կեանքն եւ գրական վաստակները հանդերձ ազգաբանութեամբ Պահլաւունեաց եւ Լամբրոնի Հեթմեանց, Վիեննա, 1956 (Ազգային Մատենադարան ՃՀԹ)։
- Գրիգոր Հակոբյան, Ներսես Լամբրոնացի, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1971, 375 էջ։
- Գառնիկ Անանեան, Ներսէս Լամբրոնացին հրապարակախօս, Անթիլիաս, 1995։
Արտաքին հղումներ
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ներսես Լամբրոնացի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ներսես Լամբրոնացի» հոդվածին։ |
|
|
|
- 1153 ծնունդներ
- Հուլիսի 14 մահեր
- 1198 մահեր
- Ստամբուլ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայկական գիր և գրականություն
- Միջնադարյան հայ բանաստեղծներ
- Հայ մատենագիրներ
- Հայ պատմիչներ
- Հայ փիլիսոփաներ
- Հայ թարգմանիչներ
- Հայ պետական գործիչներ
- Հայ եկեղեցական գործիչներ
- Հայ հրապարակախոսներ
- Հայ երաժիշտներ
- Հայ գիտնականներ
- Հայ քահանաներ
- Եկեղեցու ուսուցիչներ