Ռոուզ Մաքգոուեն
Ռոուզ Մաքգոուեն | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | սեպտեմբերի 5, 1973[1][2] (51 տարեկան) |
Ծննդավայր՝ | Չերտալդո, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա և Ֆլորենցիա, Իտալիա |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | հեռուստատեսային դերասան, կինոդերասան, դերասան, ռեժիսոր, երգիչ, մոդել, ակտիվիստ և կինոռեժիսոր |
IMDb։ | ID 0000535 |
rosemcgowan.com |
Ռոուզ Արիանա Մաքգոուեն (անգլ.՝ Rose Arianna McGowan, սեպտեմբերի 5, 1973[1][2], Չերտալդո, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա և Ֆլորենցիա, Իտալիա), իռլանդա-ֆրանսիական ծագմամբ ամերիկացի դերասանուհի, ռեժիսոր և երգչուհի։ Առավել հայտնի է «Կախարդվածները» հեռուստասերիալում Փեյջ Մետյուսի դերով, որտեղ նկարահանվել է 2001-2006 թվականներին։ 2005 թվականին նա բազմաթիվ մրցանակների և անվանակարգերի արժանացած «Էլվիս» մինի-սերիալում խաղացել է Էնն Մարգրետի դերը։ Հայտնի է նաև «DOOM սերունդ», «Ճիչ», «Գրայնդհաուս», «Սպանության թագուհիներ», «Կոնան» և «Սարսափի մոլորակ» կինոֆիլեմրում մարմնավորած դերերով։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոուզ Մաքգոուենը ծնվել և որոշ ժամանակ ապրել է Ֆլորենցիայում, նա ունի իռլանդական և ֆրանսիական արմատներ։ Դաստիարակվել է «Աստծո երեխաներ» աղանդի համաձայն։ Երբ Ռոուզը դարձել է 10 տարեկան, ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ։ Ծնողների բաժանումից հետո Ռոուզի մոր բազմաթիվ սիրեկաններից մեկը համոզել է նրան, որ իր աղջիկը թմրամոլ է։ 14 տարեկանում նրան տեղափոխել են նարկոլոգիական կլինիկա։ Արդյունքում նա այնտեղից փախել է՝ գնալով տատիկի մոտ։ Մեկ տարի անց նա հեռացել է տանից և սկսել հանդիպել մի տղայի հետ, ով շուտով մահանում է՝ թողնելով Ռոուզին միայնակ[3]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաքգոուենը կինոյում առաջնաելույթ է ունեցել 1992 թվականին «Տղան Էնսինոյից» ֆիլմում։ Նա արժանացել է քննադատների դրական արձագանքին և «Անկախ ոգի» մրցանակին՝ 1995 թվականին «DOOM սերունդ» ֆիլմում խաղացած դերի համար[3]։ Մեկ տարի անց նա նկարահանվել է «Ճիչ» սարսափ ֆիլմում։ 1998-1999 թվականներին եղել է «Bebe» ամերիկյան հագուստի գծի դեմքը։
Մաքգոուենը 90-ական թվականների մեծ մասն անց է կացրել անկախ կինոյում նկարահանվելու վրա՝ խաղալով հիմնականում տարօրինակ կանանց գլխավոր դերեր։ 1999 թվականի «Սպանության թագուհիներ» ֆիլմում խաղացած դերի համար արժանացել է MTV Movie Awards մրցանակի՝ «Լավագույն չարագործ» կատեգորիայում։
2001 թվականին Մաքգոուենը ստացել է Փեյջ Մետյուսի դերը՝ փոխարինելով Շենեն Դոերտիին և Հոլի Մարի Քոմբսի ու Ալիսա Միլանոյի հետ մտնելով «Կախարդվածները» սերիալի դերասանական կազմի մեջ[3]։ 2005 թվականին «Կախարդվածները» սերիալում խաղացած դերի համար արժանացել է մրցանակի «լավագույն քույր» անվանակարգում։ Շոուն դադարեցվել է 2006 թվականին։
Սերիալում աշխատելու ժամանակ նա նաև խաղացել է այլ դերեր ուրիշ նախագծերում, որոնցից ամենաճանաչվածն է «Էլվիս» մինի-սերիալում խաղացած Էնն Մարգրետի դերը, ինչպես նաև հայտնվել է Բրայան դե Պալմայի «Սև խոլորձ» ֆիլմում։
2007 թվականին Մաքգոուենը խաղացել է Քվենտին Տարանտինոյի և Ռոբերտ Ռոդրիգեսի «Գրայնդհաուս», «Մահվան ապացույց» և «Սարսափի մոլորակ» ֆիլմերում[3]։ Կինոքննադատները դրական են արձագանքել դերասանուհու նոր դերերին։ 2008 թվականին նկարահանվել է «Հիսուն մահկանացու» ֆիլմում, իսկ 2009 թվականին «Մարմնի մասեր» հեռուստասերիալի հինգ էպիզոդներում եղել է հրավիրված աստղ[3]։
2007 թվականի ավտովթարի պատճառով կարիերայում ոչ մեծ դադարից հետո, որի արդյունքում դերասանուհին անցել է վարականգնողական երկար կուրս և դիմել պլաստիկ վիրահատության դեմքը վերականգնելու համար, խաղացել է կամեո-դեր «Մաչետե» ֆիլմում, սակայն նրա մասնակցությամբ դրվագը հեռացվել է ֆիլմի վերջնական տարբերակից։
2011 թվականին նա խաղացել է գլխավոր չարագործի դերը «Կոնան» ֆիլմում։ Դերն ի սկզբանե նախատեսված է եղել տղամարդու համար, բայց դերասանուհին այնքան է դուր եկել պրոդյուսերներին, որ սցենարը փոփոխվել է հատուկ Մաքգոուենի համար։ Նա նաև վերադարձել է հեռուստատսերություն որպես հրավիրված աստղ «Կարգ ու կանոն։ Հատուկ կորպուս» սերիալում։
Նկարահանվել է ռեժիսոր Վիկտոր Սալվայի «Վախի բուլվար» հոգեբանական թրիլլերում, որը վարձույթի է հանվել 2012 թվականին։ Դերասանուհին նաև նկարահանվել է «Պաստորի կինը» հեռուստաֆիլմի գլխավոր դերերում։ 2013 թվականին եղել է «Մի անգամ հեքիաթում» սերիալի էպիզոդներից մեկի հրավիրված աստղը, որտեղ կատարել է չարագործ Կոռայի՝ Չար Թագուհու երիտասարդ մոր դերը[4]։ 2014 թվականին հայտնի է դարձել, որ Ռոուզը միացել է «Ընտրյալը» հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանի հիմնական դերասանական կազմին։ «Մի անգամ հեքիաթում» սերիալի երրորդ եթերաշրջանում կրկին խաղացել է չարագործ Կոռայի դերը։
2014 թվականին Մաքգոուենը հանդես է եկել որպես «Լուսաբաց» կարճամետրաժ ֆիլմի ռեժիսոր[5], որը պատմում է Քենեդիի կառավարման տարիներին ծնողներից հեռանալու փորձ կատարող տղայի ճակատագրի մասին։ Ռեժիսորական դեբյուտի համար Մաքգոուենն արժանացել է «Սանդենս» ամերիկայն կինոփառատոնի մրցանակին, որը կայացել է 2014 թվականի հունվարին։ Նրա ֆիլմը լուսաբանվել է լրատվամիջոցներում և ներկայացման ոճը քննադատները համեմատել են Դուգլաս Սիրկի և Դևիդ Լինչի աշխատանքների հետ[6]։ 2014 թվականի աշնանը Մաքգոուենը որոշել է ֆիլմը վարձույթի հանել Լոս Անջելեսում, որպեսզի այն կարողանա մրցակցել «Օսկար» մրցանակի համար «լավագույն խաղային կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում[6]։ Այնուամենայնիվ, ֆիլմը չի հայտնվել մրցանակի առաջադրվածների կրճատ ցուցակում։ Մաքգոուենը նաև հայտարարել է, որ վերամշակում է միանգամից երեք լիամետրաժ ֆիլմ, որոնցում պլանավորում է հանդես գալ որպես ռեժիսոր[6]։
2014 թվականի վերջին Մաքգոուենը դարձել է «Call of Duty: Advanced Warfare» համակարգչային խաղի հերոս Լիլիթ Սվոնի և նրա արտաքինի նախատիպը[7], որի համար մեկնաբանություններ է ձայնագրել։
2015 թվականի հունվարին «Tangerine Entertainment» և «Sundial Pictures» կինոընկերությունները[8] վարձել են Ռոուզին որպես «Սոճենիներ» լիամետրաժ թրիլլերի ռեժիսոր[9]։
Երաժշտական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականին, Մերիլին Մենսոնi հետ հարաբերությունների ընթացքում, նկարահանվել է նրա «Coma White» սինգլի երաժշտական տեսահոլովակում, ինչպես նաև հանդես է եկել որպես բեք-վոկալիստ «Posthuman» երգում[10]։
Ռոուզը ձայնագրել է մի քանի սաունդթրեքներ։ 2002 և 2006 թվականներին «Կախարդվածները» սերիալի համար Փեգգի Լիի «Fever» երգի քավերը և դիջեյ BT-ի «Superfabulous» դուետային երգն ընդգրկվել է սերիալի սաունդթրեքի վերջին պաշտոնական ժողովածուի թրեք-ցուցակում[11]։ Ձայնագրվել է երեք սաունդթրեք «Մոլորակի վախը» ֆիլմի համար։
2014 թվականին դերասանուհին ցանկություն է հայտնել ձայնագրել իր դեբյուտային երաժշտական ալբոմը և պաշտոնապես սկսել երգչուհու կարիերան։ 2014 թվականի օգոստոսի 25-ին թողարկվել է բրիտանացի երգչուհի Չարլի ԷքսՍիԷքսի «Break the Rules» սինգլի տեսահոլովակը, որում Ռոուզը հայտնվել է ուսուցչուհու կերպարով։
2015 թվականի սեպտեմբերի 21-ին տեղի է ունեցել Ռոուզի ալբոմի առաջին սինգլի և համանուն տեսահոլովակի թողարկումը՝ «RM486» անվանումով[12]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականի փետրվարից մինչև 2001 թվականի հունվարի 18-ը Ռոուզ Մաքգոուենը հանդիպել է Մերիլին Մենսոնի հետ[13][14][15]։ Բաժանման պատճառները հայտնի չեն եղել մինչև 2015 թվականը, երբ Ռոուզը խոստովանել է, որ զույգը ստիպված է եղել բաժանվել Մենսոնի կոկաինից ունեցած կախվածության պատճառով[16]։ 2001 թվականին հանդիպել է Քիփ Փարդուի հետ, սակայն նա ընդունվել է Եյլի համալսարան և զույգը բաժանվել է։ Միևնույն թվականին Ռոուզը հանդիպել է Ահմեդ Զապպային, որի հետ հանդիպել է ավելի քան մեկ տարի, 2002 թվականին զույգը բաժանվել է։ 2002-2005 թվականներին Ռոուզը հանդիպել Է Դևիդ Զինցեսկոյի հետ, սակայն այդ հարաբերություններն էլ են ավարտվել[17]։ 2007 թվականի սկզբին լուրեր են տարածվել, որ Մաքգոուենը և Ռոբերտ Ռոդրիգեսը սիրավեպ ունեն, նույն տարվա մայիսին ամեն ինչ հաստատվել է, նույնիսկ հայտարարվել է նշանադրության մասին, սակայն 2009 թվականի հոկտեմբերի 2-ին հայտնի է դարձել, որ նշանադրությունը չեղարկվել է։
2007 թվականին դերասանուհին հայտնվել է ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ, ակնոցների ապակիները վնասել են նրա աչքն ու դեմքի մի մասը, դրանից հետո մի քանի պլաստիկ վիրահատություն է տարել դեմքի վրա։ Փոփոխությունները փոքր են, բայց նկատելի են նրանց համար, ովքեր ճանաչում և տեսել էին դերասանուհուն նախքան վթարը[18]։ Ռոուզը ներկայումս ապրում է Լոս Անջելեսում՝ Կալիֆոռնիա նահանգում։ 2013 թվականի հոկտեմբերի 12-ից Մաքգոուենն ամուսնացած է նկարիչ Դեյվի Դիտեյլի հետ, որի հետ նա հանդիպել է իրենց հարսանիքից մեկ տարի առաջ[19]։ 2015 թվականի մայիսի 1-ին նրանք բաժանվել են, իսկ 2016 թվականի փետրվարի 1-ին՝ ամուսնալուծվել[20]։
1998 թվականից 1999 թվականներին Մաքգոուենը եղել է Bebe հագուստ արտադրող ընկերության դեմքը։ Նկարահանվել է այնպիսի հայտնի ամսագրերի շապիկներին ինչպիսիք են` Maxim, Seventeen, Հարցազրույց, GQ: Ռոուզը նաև արժանացել է Maxim, FHM, Stuff, Blender ամսագրերի կարծիքով ամենասեքսուալ կնոջ «տիտղոսներին»։
2019 թվականի մարտի 1-ին Մաքգոուենը խոստովանել է, որ մի անգամ աբորտ է տարել այն բանից հետո, երբ հակաբեղմնավորիչ դեղահաբերը ձախողվել են[21]։
Վայնշտեյնի հետ կապված սկանդալ ու օրենքի հետ կապված խնդիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաքգոուենը դարձել է հոլիվուդյան առաջին դերասանուհիներից մեկը, որն ամերիկացի հայտնի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին մեղադրել է բազմիցս սեռական ոտնձգությունների և բռնաբարելու մեջ նրա դերասանական կարիերայի արշալույսին։ Դերասանուհու խոսքով՝ Վայնշտեյնի ներկայացուցիչներն իրեն 1 միլիոն դոլար են առաջարկել տեղեկատվությունը չհրապարակելու համար, հրաժարվելով գործարքից, Մաքգոուենը մամուլին պատմել է, որ պրոդյուսերի կողմից բռնաբարվել է 1997 թվականին «Սանդենս» կինոփառատոնում և նրանից 100 հազար դոլար է ստացել լռության համար[22]։ Մաքգոուենի նախկին փեսացուն՝ Ռոբերտ Ռոդրիգեսը, որը նրան նկարահանել է «Գրանդհաուս» ֆիլմում՝ ի հեճուկս Վայնշտեյնի, կարծում է, որ բռնաբարողի հետ դերասանուհու սկանդալը դարձել է նրա նախագծի ձախողման գլխավոր պատճառը։ Նա գիտեր 1997 թվականի միջադեպի մասին և հասկացել էր, որ Մաքգոուենի ճանապարհը դեպի մեծ կինո, որին ինչ-որ կերպ առնչություն ունի Վայնշտեյնի ընկերությունը, պատվիրված է[23]։
Պատմությունը նոր թափ է հավաքել, երբ հայտնի է դարձել, որ ոստիկանությունը Մաքգոուենին ձերբակալելու օրդեր է ստացել դեռ 2017 թվականի փետրվարի 1-ին[24]։ Դերասանուհուն կասկածել են թմրանյութեր պահելու և օգտագործելու մեջ։ «United Airlines»-ի ինքնաթիռում մնացել էին Մաքգոուենի անձնական իրերը կոկաինի հետքերով[25]։ Նոյեմբերի 14-ին դերասանուհին անձամբ է հանձնվել իշխանություններին և ձերբակալվել, բայց 5 հազար դոլար գրավի դիմաց անմիջապես ազատ է արձակվել[26]։ Ինքը՝ Ռոուզ Մաքգոուենը, հերքել է մեղադրանքները և կարծում է, որ գործը սարքվել է Հարվի Վայնշտեյնի կողմից՝ ի պատասխան դերասանուհու խոստովանության։
2018 թվականի փետրվարի 7-ին հայտնի է դարձել, որ Ռոուզ Մաքգոուենի նախկին մենեջեր Ջիլ Մեսիկն ինքնասպան է եղել։ Ընտանիքն այդ ինքնասպանությունը կապել է Վայնշտեյնի հետ ծավալված սկանդալի հետ։ Այն փաստը, որ հիսունամյա Մեսիկը, որը տառապում էր երկբևեռ խանգարմամբ և պայքարում էր դեպրեսիայի դեմ, հայտնվել է ԶԼՄ-ների առաջին շերտերի Ռոուզ Մաքգոուենը և Հարվի Վայնշտեյնը բորբոքված սկանդալում, կարող էր ինքնասպանության հնարավոր պատճառ դառնալ[27]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
1992 | Սառեցված կալիֆորնիացի | Encino Man | Նորա | |
1995 | DOOM սերունդ | The Doom Generation | Էմի Բլյու | «Անկախ ոգի» մրցանակ՝ լավագույն դեբյուտի համար |
1996 | Բիո-Տուն | Bio-Dome | Դենիզ | |
Մենակ մարդասպանի հետ | Kiss & Tell | Ժասմին Հոյլ | ||
Ճիչ | Scream | Տատում Ռայլի | ||
1997 | Ոչ մի տեղ | Nowhere | կամեո | |
Ուղեկիցներ | Going All the Way | Գեյլ Էնն Թեյեր | ||
Վտանգավոր եռյակ | Lewis & Clark & George | Ջորջիա | ||
Սերմ | Seed | Մարիամ | ||
1998 | Տեսիլքներ | Phantoms | Լայզա Փայլի | |
Սոֆի | Southie | Քեթի Քուին | ||
Սատանան մարմնում | Devil in the Flesh | Դեբի Սթրենդ | ||
1999 | Սպանության թագուհիներ | Jawbreaker | Քորթնի Շեյն | Անվանակարգ՝ MTV կինոմրցանակ լավագույն կինոչարագործին |
Քնած գեղեցկուհիներ | Sleeping Beauties | Շո Բլո | ||
2000 | Մարտին պատրաստ | Ready to Rumble | Սաշա | |
Վերջին կանգառ | The Last Stop | Նենսի | ||
2001 | Խելահեղ սրտեր | Strange Hearts | Մոյրա Քեննեդի | |
Կապիկի ոսկոր | Monkeybone | |||
2002 | Վակուում | Stealing Bess | Դեբի Դինսդեյլ | |
2006 | Սև խոլորձ | The Black Dahlia | Շերիլ | |
2007 | Մահվան ապացույցը | Death Proof | Պամելա | |
Սարսափի մոլորակ | Planet Terror | Քերի Դարլինգ | Սան Ֆրանցիսկոյի միջազգային կինոփառատոնի հատուկ մրցանակ Անվանակարգ՝ Սատուրն մրցանակ երկրորդ պլանի կանանց լավագույն դերի համար | |
2008 | Հիսուն քայլող դիակներ | Fifty Dead Men Walking | Գրեյս Սթերին | |
2010 | Մաչետե | Machete | Բութս Մաքքոյ | տեսարանները հեռացվել են մոնտաժի ժամանակ |
2011 | Քոնան | Conan | Մարիկա | |
2011 | Վախի բուլվար | Rosewood Lane | Սոնի Բլեք | |
2011 | Վատ ուսուցչուհին | Bad Teacher | կամեո | |
2014 | Դոուն | Dawn | Ռեժիսոր Անվանակարգ՝ «Սանդենս» կինոփառատոնի ժյուրիի Մեծ մրցանակը՝ լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար | |
2016 | Սրտեր մերկացնող մարդը | The Tell-Tale Heart | Արիել | |
2017 | Ձայն | The Sound |
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|
2001-2006 | Կախարդվածները | Charmed | Փեյջ Մետյուս | 112 էպիզոդ |
2005 | Էլվիս. Վաղ տարիներ | Elvis | Էնն Մարգրետ | Մինի սերիալ |
2009 | «Մարմնի մասեր» | Nip/Tuck | Թեոդոր Ռոուի բժիշկը | 5 էպիզոդ |
2011 | Օրենք և կարգ. Հատուկ կորպուս | Law & Order: Special Victims Unit | Կասանդրա Դեվին | 1 էպիզոդ |
2011 | Բողոքականների քահանանայի կինը | The Pastor’s Wife | Մերի Վինքլեր | Հեռուստաֆիլմ |
2013, 2014 | Մի անգամ հեքիաթում | Once Upon a Time | Երիտասարդ Կորա | 2 էպիզոդ |
2014-2016 | Ընտրյալ | Chosen | Ջոսի Ակոստա | 12 էպիզոդ |
Տեսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Տեսահոլովակ | Ռեժիսոր | Ալբոմ |
---|---|---|---|
2015 | «RM486» | Յոնաս Ակերլունդ[28] | «TBA» |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 GeneaStar
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Rose McGowan- Biography». Yahoo!. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ Nellie Andreeva (19 декабря 2012). «Rose McGowan Cast In 'Once Upon A Time' Origin Episode As Young Cora». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ Режиссёрский дебют Роуз МакГоуэн
- ↑ 6,0 6,1 6,2 Chris O'Falt (27 августа 2014). «Rose McGowan Reaches for Oscar With Short Film Directorial Debut (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «See John Malkovich in Action in the New Call of Duty: Advanced Warfare Exo Zombies Havoc Trailer». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Две кинокомпании наняли МакГоуэн в качестве режиссёра для фильма «Сосны»
- ↑ Роуз МакГоуэн снимет триллер «Сосны»
- ↑ Роуз МакГоуэн записала бэк-вокал для песни Мэрилина Мэнсона
- ↑ Роуз МакГоуэн записала саундтрек к сериалу «Зачарованные»
- ↑ «Дебютный сингл Роуз МакГоуэн получил название «RM486»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 20-ին.
- ↑ Regina Medina. (2001 թ․ հունվարի 19). «Rose Mcgowan Departs From Marilyn Manson» (անգլերեն). philly.com. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Marilyn Manson» (անգլերեն). TMZ.com. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ Jaan Uhelszki. (2001 թ․ հունվարի 19). «Marilyn Manson, Rose McGowan Split» (անգլերեն). Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Rose McGowan Says She Blames Breakup With Marilyn Manson on Cocaine Use». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «Dedicated to a Rose». A Rose McGowan Fansite. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Роуз Макгоуэн, пластика лица». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ Rose McGowan Marries Davey Detail
- ↑ «Rose McGowan Files for Divorce from Davey Detail Citing Irreconcilable Differences». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 24-ին.
- ↑ Rose McGowan Reveals She Had an Abortion After Birth Control Failed: 'I Am Not Ashamed'
- ↑ Вайнштейн изнасиловал Макгоуэн на кинофестивале Сандэнс, после чего дал ей 100 тыс. долларов за молчание
- ↑ Роберт Родригес снял свою невесту в фильме в отместку Вайнштейну
- ↑ Полиция получила ордер на арест Роуз Макгоуэн
- ↑ В личных вещах МакГоуэн обнаружены следы кокаина
- ↑ Роуз Макгоуэн сдалась властям
- ↑ Менеджер Роуз Макгоуэн покончила с собой из-за скандала с Вайнштейном
- ↑ «Режиссёром дебютного клипа Роуз МакГоуэн стал известный Юнас Окерлунд». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոուզ Մաքգոուեն» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Սեպտեմբերի 5 ծնունդներ
- 1973 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իտալիայում ծնվածներ
- Ֆլորենցիա քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- Ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի կին հնչյունավորողներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հասարակական գործիչներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի մոդելներ
- Ամերիկացի ռեժիսորներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- ԼԳԲՏ իրավունքների ակտիվիստներ
- Ռեժիսորներ այբբենական կարգով