Ոսկեպար
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ոսկեպար (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Ոսկեպար | ||
Տեսարան Ոսկեպար գյուղից | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Տավուշ | |
Համայնք | Նոյեմբերյան համայնք | Նոյեմբերյան | |
Գյուղապետ | Իշխան Աղբալյան | |
Հիմնադրված է | Առնվազն 6-րդ դար թ. | |
Մակերես | 11,5683 կմ² | |
ԲԾՄ | 850 մ | |
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 818[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Փոստային դասիչ | 4114 | |
Պաշտոնական կայք | - | |
| ||
Ոսկեպար, գյուղ Հայաստանի Տավուշի մարզի հյուսիս-արևելքում՝ հայ-ադրբեջանական շփման գծի անմիջական հարևանությամբ։ Ընդգրկված է Նոյեմբերյան համայնքի կազմում[2][3]։
Բնակավայրը գտնվում է Իջևան-Նոյեմբերյան ավտոմոբիլային ճանապարհին։ Գյուղից հյուսիս գտնվում է Բաղանիս, հարավում՝ Աճարկուտ, հարավ-արևելքում՝ Կիրանց գյուղերը։
Ունի դարերի պատմություն և հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ Բնությունը գեղեցիկ է, կազմված է մեծամասամբ անտառապատ լեռներից, իսկ բնակավայրի տարածքով հոսում է համանուն գետը[4]։
Գյուղի արևելյան և արևմտյան կողմում են գտնվում Վերին Ոսկեպար և Ներքին Ոսկեպար նախկին բնակավայրերը, որոնց տարածքը պատմամշակութային առումով անմիջականորեն կապված է Ոսկեպար գյուղի հետ[2]։
Բնակավայրի անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրի անվան ծագման մասին ստույգ տվյալներ հայտնի չեն, սակայն, ըստ ուսումնասիրությունների, մեզ հասած «Ոսկեպար» անունը դարերի, միգուցե նաև հազարամյակների վաղեմություն ունի և խորհրդանշում է արգասաբերություն ու առատություն[2]։ Գյուղը պաշտոնապես կոչվում է Ոսկեպար, նախկինում անվանել են նաև Ոսկեպատ, Ոսկեպարիսպ[4]։
Ադրբեջանցիները գյուղն անվանել են հայկական Ոսկեպար անվան աղավաղված ձևով՝ Ախսիբարա[4]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոսկեպար բնակավայրը գտնվում է մարզկենտրոն Իջևան քաղաքից ուղիղ գծով 22 կմ հյուսիս-արևմուտք, մայրուղով՝ 32 կմ հեռավորության վրա։ Ունի 1156.83 հա տարածք, որից 56.11 հա անտառային հողեր են։ Տեղաբաշխված է Ոսկեպար գետակի աջակողմյան հյուսիսահայաց ձորալանջին։ Ծովի մակերևույթից բարձր է 740-920 մ։ Գյուղի կողքով անցնում է Իջևան-Նոյեմբերյան ավտոմոբիլային ճանապարհը[2][5][6]։
Ոսկեպար բնակավայրը արևելքից, հյուսիս-արևելքից և հարավ-արևելքից շրջապատված է անտառապատ լեռներով, իսկ արևելքում՝ հիմնականում լերկ լեռներով, որոնք, ձգվելով դեպի Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող Գավազան լեռ, վերածվում են դաշտերի[4]։
Բնակավայրը գտնվում է բարեխառն գոտում։ Ամռանը միջին ջերմաստիճանը +30C է, ձմռանը՝ -2C։
-
Ոսկեպարից տեսարան դեպի Ջողազի կիրճ և Գավազան լեռ
-
Ոսկեպարի անտառապատ լեռները
-
Իջևան-Նոյեմբերյան ավտոմոբիլային ճանապարհը Ոսկեպարի մոտ
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոսկեպարը Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Որպես գյուղը հիմնադրվել է առնվազն 6-ից 7-րդ դարերում։ Հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։
Գյուղի և հարակից տարածքներում պահպանված հուշարձանների ու ավերակների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տարբեր ժամանակաշրջաններում առնվազն երեք անգամ ենթարկվել է փոքր տարածության վրա տեղափոխության՝ զբաղեցնելով մերթ ներկայիս Վերին Ոսկեպար, մերթ Ներքին Ոսկեպար անունը կրող նախկին բնակավայրերի և հարակից գյուղատեղիների տարածքները[2][6][7], որտեղ 19-րդ դարից սկսել են բնակություն հաստատել թուրքեր[8][9]։
Հայ-ադրբեջանական կռիվներ (1920)
[խմբագրել | խմբագրել կոդը]1920 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զորքերը գրավել են Ոսկեպար, Ղուշչու Այրում և Բաղանիս Այրում գյուղերը[10][11]։ Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 20-ի երեկոյան, հայկական զորամասերը ադրբեջանական զորքերին հեռացնում են նշված գյուղից և ազատագրում բնակավայրերը[10][11]։ Ադրբեջանական զորքերի հետ համատեղ մարտերին մասնակցել են նաև ռուս բոլշևիկներ, որոնցից 3-ը գերեվարվել են հայկական զորքերի կողմից[10][11]։
Խորհրդային Միության ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ-ադրբեջանական հողային վեճեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդային Միության վերջին տարիներին՝ 1980-ական թվականներին Ոսկեպարի և հարակից բնակավայրերում սկսվեցին հայ-ադրբեջանական հողային հակամարտություն[12]։ Խորհրդային Ադրբեջանի Ղազախի շրջանի կազմում ընդգրկված Ներքին Ոսկեպար գյուղի ադրբեջանցիներն աստիճանաբար հողային զավթումներ էին դեպի Խորհրդային Հայաստանի Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղ[12]։ Ադրբեջանական էքսպանսիան կանխելու համար հայկական կողմը նախաձեռնել էր հայաբնակ Ոսկեպար և ադրբեջանաբնակ Վերին Ոսկեպար գյուղերի սահմանին՝ հայկական կողմից մեկ գծով առանձնատների կառուցում[12]։ Ծրագիրն անավարտ մնաց 1988-1989 թվականներին սկսված հայ-ադրբեջանական բախումների հետևանքով[12]։
Ոսկեպարի կոտորած
[խմբագրել | խմբագրել կոդը]1991 թվականի մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում տեղակայված խորհրդային զորքերի 4-րդ բանակի ստորաբաժանումները և ադրբեջանական ՕՄՈՆ-ը ուղղաթիռների, տանկերի և ծանր հրետանու օգտագործմամբ և փակում են Հայկական ԽՍՀ-ի Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղի մուտքերն ու մտնում գյուղ։ Գյուղ մտած խորհրդային բանակի ու ադրբեջանական ՕՄՈՆ-ի ստորաբաժանումները պայթեցնում են 1 ավտոմեքենա՝ սպանելով 2 և ծանր վիրավորելով 7 խաղաղ բնակիչ[4][13]։
Իմանալով Ոսկեպարում տեղի ունեցածի մասին՝ Նոյեմբերյանի շրջանի ներքին գործերի բաժնի 20 միլիցիոներ և 3 քաղաքացիական ուղեկիցներ բնակիչների պաշտպանության համար փորձել են անտառի միջով գյուղ մտնել։ Նրանցից 11-ը դաժանաբար սպանվել են, իսկ մյուսները գերեվարվել ու տեղափոխվել Ադրբեջանական ԽՍՀ-ում գտնվող Կիրովաբադ քաղաքի բանտ, որտեղ մահացել են ևս 3 հոգի։ Խորհրդային զորքերի ստորաբաժանումները գերեվարեցին և ադրբեջանական ՕՄՈՆ-ին հանձնեցին նաև գյուղում գտնվող և բնակավայրը պաշտպանող 45 ոստիկանի, ովքեր նույնպես ադրբեջանական բանտում խոշտանգումների ենթարկվեցին[4][13]։
Հետագայում անմարդկային հանցագործության պատասխանատվությունից խուսափելու և միջազգային հասարակական կարծիքը մեղմելու համար կազմակերպվել է հետաքննություն, Ռուսաստանի Գլխավոր խորհրդում լսումներ են անցկացրել, սակայն այդպես էլ կազմակերպիչներն ու պատասխանատուները չեն պատժվել[13]։
Հայ-ադրբեջանական պատերազմ, 2020
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրի նախնական տարբերակում նշված էր, որ բացի Արցախի Հանրապետության մի շարք շրջաններից, նաև պետք է Տավուշի և Արարատի մարզերի մաս կազմող Խորհրդային Ադրբեջանի անկլավները, այդ թվում՝ Ոսկեպար գյուղի հարևանությամբ գտնվող Վերին Ոսկեպար բնակավայրը, հանձնվեն Ադրբեջանի Հանրապետությանը։ Հետագայում անկլավների վերաբերյալ կետը հանվեց համաձայնագրից, սակայն այդ մասին տարբեր հարթակներում խոսակցությունները շարունակվեցին[14]։
2020 թվականի նոյեմբերի վերջերին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հերքեց այդ լուրերը՝ ասելով որ Տավուշի մարզից որևէ տարածք չի հանձնվելու Ադրբեջանին[14]։ Հետագայում Հայկ Չոբանյանը կրկին հերքեց այդ տարածքների հանձնման լուրերը՝ ասելով որ «Ընդդիմություն լինեն, արկածախնդիր լինեն, իշխանություն լինեն, ադրբեջանցի թե թուրք՝ հիմա թե երբևէ կսատկացնենք, բայց թույլ չենք տա Տավուշի սահմանները սակարկեն»[15]։
Իշխանական «Իմ քայլ» խմբակցությունից Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Վահե Ղալումյանը 2021 թվականի հունիսին հաստատել էր, որ պետք է ստեղծվի սահմանային հարցերը կարգավորող հանձնաժողով։ Անդրադառնալով լրագրողի հարցին՝ նա ասել էր, որ «Տավուշում Տավուշի մարզում և՛ ադրբեջանական հողեր կան, որ գտնվում են մեր վերահսկողության տակ, եև՛ կան հայկական տարածքներ»[16]։ Մասնավորեցնելով թե որոնք են ադրբեջանական հողեր, նա նշել է՝ «Անկլավները։ Գյուղերի անուններն են՝ Բարխուդարլու, Խեյրիմլի, Սոֆուլու, Ոսկեպար»[16]։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոսկեպարը հարուստ է տարբեր դարերով թվագրվող պատմամշակութային հուշարձաններով[2]։
Ոսկեպար գյուղի թվով 14 հուշարձան Հայաստանի կառավարության կողմից 2004 թվականին հաշվառվել և ներառվել են Ոսկեպարի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում[17]։ Հաշվառված հուշարձաններն են գյուղից մոտ 8 կմ արևմուտք՝ Ոսկեպար գետի հոսանքով դեպի վեր ու մ․թ․ա․ 2-1 հազարամյակով թվագրվող «Շաքարաբերդ» ամրոցը, գյուղի եզրին գտնվող և 6-ից 7-րդ դարերով թվագրվող ամրոցը, գյուղից 6 կմ արևմուտք գտնվող և 10-ից 13-րդ դարերով թվագրվող ամրոցը, գյուղից 3 կմ հարավ-արևմուտք գտնվող և 10-ից 14-րդ դարերով թվագրվող ամրոցը, գյուղից 3 կմ հյուսիս գտնվող և 10-ից 13-րդ դարերով թվագրվող «Կոռաբերդ» անունը կրող ամրոցը, գյուղի մեջ գտնվող և 19-րդ դարով թվագրվող գերեզմանոցը, գյուղի հյուսիս-արևելյան մասում գտնվող և 19-ից 20-րդ դարերով թվագրվող գերեզմանոցը, գյուղի մեջ գտնվող և 19-րդ դարով թվագրվող գերեզմանոցը, գյուղից 1 կմ հյուսիս-արևելք՝ Ոսկեպար գետակի ձախ կողմի բլրալանջին գտնվող և 7-րդ դարով թվագրվող Սուրբ Աստվածածին եկեղեցին, գյուղի հարավ-արևմտյան մասում գտնվող և ուշ միջնադարով թվագրվող «Անտառամուտի» եկեղեցին, գյուղի մեջ՝ Ոսկեպար գետակի վրա կառուցված և ուշ միջնադարով թվագրվող կամուրջը, գյուղից 4 կմ արևմուտք գտնվող և 8-րդ դարով թվագրվող «Ջորու» կամուրջը, 1983 թվականին գյուղի մեջ կառուցված և Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձանը, 1978 թվականին գյուղի արևելյան մասում կառուցված և Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձանը[17]։ Նշված հուշարձաններից յուրաքանչյուրն իրենից ներկայացնում է բազմաթիվ հուշարձաններից կազմված համալիր՝ եկեղեցիներ, մատուռներ, խաչքարեր և տապանաքարեր, գերեզմանոցներ և գյուղատեղիներ, ամրոցներ, պաշտպանական շինություններ և այլ նշանակության կառույցներ[2]։
Ոսկեպարի հուշարձաններն ուսումնասիրել են մի շարք մասնագետներ։ Լայնամասշտաբ ուսումնասիրություն է իրականացրել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպությունը, որը 2013 թվականին հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հեղինակությամբ հրատարակել է «Ոսկեպարի պատմական հուշարձանները» գիրքը[2]։
Սուրբ Աստվածածին եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոսկեպարի տարածքում եղել է Սուրբ Աստվածածին անունով երկու եկեղեցի։ Եկեղեցիներից մեկը՝ առավել հայտնին, կառուցվել է 6-ից 7-րդ դարերում և ներկայում կանգուն է, մյուսը կառուցվել է 1875 թվականին, ներկայում գոյություն չունի[2]։
Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է հայ-ադրբեջանական շփման գծի տավուշյան հատվածի անմիջական հարևանությամբ դեպի հայկական կողմում։ Հայ առաքալական եկեղեցի է։ Կառուցման ժամանակի վերաբերյալ մատենագրական և վիմագրական տեղեկություններ հայտնի չեն, բայց ճարտարապետական վերլուծությունից ելնելով՝ այն թվագրվում է 6-ից 7-րդ դարերով։ Քառակուսի հատակագծով աղոթասրահի կենտրոնական ծավալը շարունակվում է գմբեթով։ Թմբուկը ներսից և դրսից ութանիստ է։ Անցումը գմբեթատակ քառակուսուց գմբեթի բոլորակ հիմքին իրականացված է տրոմպների հաջորդական երեք շարքով։ Գմբեթածածկ քառանկյունի ծավալի նիստերին կցված են արտաքուստ ուղղանկյուն, ներսից կիսաշրջանաձե խորաններ։ Արևելյան խորանի երկու կողմի սենյակները խորանի ծավալից զգալի ցածր են, որի հետևանքով կառույցի ընդհանուր ծավալատարածական հորինվածքում ունեն երկրորդական նշանակություն[2]։
-
Եկեղեցու տեսքը Իջևան-Նոյեմբերյան ճանապարհից, եկեղեցու հետևում ադրբեջանական հենակետերն են
-
Եկեղեցու տեսքը հյուսիս-արևմուտքից
-
Նորակերտ խաչքար, որը կանգնեցված է եկեղեցու հյուսիսային կողմում
-
Գմբեթի ներքին տեսքը
Սուրբ Աստվածածին անունը կրող երկրորդ եկեղեցին կառուցվել է 1875 թվականին, սակայն օծումը տեղի է ունեցել 9 տարի անց՝ 1884 թվականի հուլիսի 26-ին։ Նոր եկեղեցու կառուցման անհրաժեշտությունը պայմանավորված է 1860-ական թվականներին բնակության համար գյուղացիների տեղափոխության հետևանքով։ 1890-ական թվականներին սկզբներին հիշվում է որպես փայտածածկ եկեղեցի։ 1929 թվականից դադարել է գործել, իսկ ավելի ուշ իշխանությունների կարգադրությամբ քայքայված շինությունը քանդում են[2][6][18]։
Բերդավանք վանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բերդավանք վանքը գտնվում է Ոսկեպար գյուղից 6 կմ արևմուտք` Ոսկեպար գետի ձախակողմյան հարավարևելահայաց անտառածածկ լեռնալանջին և ծովի մակերևույթից բարձր է 1054 մ։ Ըստ ուսումնասիրությունների՝ հիմնադրվել է 13-րդ դարում հայ քաղկեդոնականների կողմից։ Վանքի սկզբնական անունը մոռացված է, իսկ Բերդավանք անունը ստացել է տեղացիների կողմից։ Վանքը բաղկացած է արևմտյան ճակատի ողջ լայնությամբ կից սրահով կենտրոնագմբեթ հորինվածքով մեկ եկեղեցուց, որն ունի զույգ ավանդատներ։ Եկեղեցին շրջափակված է ամրակուռ բազմանկյուն պարսպապատով, որի առավել լավ պահպանված հատվածը արևելյանն է, որն ունի 73,5 մ երկարություն։ Այն հզորացված է կիսաբոլորակ երեք աշտարակներով։ Վանքն ունեցել է նաև կրկնապարիսպ, որից պահպանվել է միայն հարավարևելյան հատվածն իր անկյունային կիսաշտարակով հանդերձ։ Եկեղեցին կառուցված է թրծված աղյուսով, որոնց մեջ հանդիպում են նաև ջնարակվածները։ Եկեղեցու և սրահի քիվերը քարակերտ են և պատված զարդաքանդակներով[2]։
Ոսկեպարի հարակից տարածքներում հաստատված ադրբեջանցիների կողմից մինչև 1950-ական թվականները Բերդավանքն օգտագործվել է որպես աղյուսի հանքավայր, ովքեր թոնիրներ կառուցելու նպատակով հայկական եկեղեցու աղյուսները քանդել և տարել են։ Եկեղեցու քիվերից մեկը խորհրդային տարիներին օգտագործվել է «Թալանի» աղբյուրի կառուցման համար (ներկայում Գրիգորյանների)[2]։
-
Վանքի աշտարակավոր պարիսպի հատված
-
Կիսավեր եկեղեցին
-
Կիսավեր եկեղեցին
-
Կիսավեր եկեղեցին
Ջուխտակ վանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջուխտակ վանքը (նաև Ջուխտակ Եղցի վանքը) գտնվում է Ոսկեպար գյուղից 8 կմ հարավ-արևմուտք` Ոսկեպար գետի ձախակողմյան անտառածածկ հարավարևելահայաց լեռնաճյուղին և ծովի մակերևույթից բարձր է 1278 մ։ Հայ առաքալական եկեղեցի է։ Վանական համալիրն իրականում բաղկացած է փոքր հեռավորությամբ հյուսիս-հարավ ուղղությամբ միմյանց հաջորդող չորս կառույցներից, որոնցից երեքը եկեղեցիներ են, իսկ մեկը` մատուռ[2]։ Եկեղեցիներից երկուսը և մատուռը կանգուն են, իսկ չափերով ամենամեծ եկեղեցին՝ կիսավեր։ Առաջին եկեղեցին միանավ երկխորան հորինվածքով և երկլանջ ծածկով թաղածածկով շինություն է։ Կառուցված է տեղական անմշակ, մասամբ էլ կոփածո քարով և կրաշաղախով։ Քիվերն ու ծածկը կառուցվել են սրբատաշ քարով։ Միակ մուտքը գտնվում է արևմտյան կողմում[2][19]։ Առաջինից 4-5 մ դեպի հարավ գտնվում է համալիրի երկրորդ եկեղեցին, որն ունի միանավ թաղածածկ բազիլիկ հորինվածք[2]։ Երրորդ եկեղեցին գտնվում է երկրորդից 3 մ հարավ։ Այն վանական համալիրի ամենաընդարձակ կառույցն է։ Ունի միանավ հորինվածք։ Տանիքը երկլանջ թաղածածկ է եղել, որն այժմ ավերված է։ Հյուսիսային մուտքը պահպանվել է, որին կից գտնվում է ավանդատունը[2]։ Համալիրի չորրորդ կառույցը թաղակապ ուղղանկյուն հատակագծով փոքր մատուռն է, որը եկեղեցիներից հեռու է մոտ 20 մ[2]։ Վանքի տարածքում առկա տարբեր դարերով թվագրվող բազմաթիվ խաչքարեր, տապանաքարեր։ Առավել ուշագրավ է 1272 թվականին ստեղծված կոտրված վիճակում գտնվող թևավոր խաչը[2]։ Տարբեր շինությունների պատերին առկա են հայերեն արձանագրություններ[2][19]։
Գոմաձորի եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոմաձորի եկեղեցին գտնվում է Ոսկեպարից մոտ 0,5 կմ հարավ-արևելք` փոքր ձորակի ձախ կողմում գտնվող անտառապատ տարածքում և ծովի մակերևույթից բարձր է 911 մ։ Ամենայն հավանականությամբ կառուցվել է 12-ից 13-րդ դարերում։ Ներկայում մեծամասամբ ավերված է։ Ճարտարապետական տեսակետից միանավ հորինվածքով թաղածածկ շինություն է։ Հայտնի է եղել նաև Մուքել աղի եկեղեցի անվամբ, քանի որ ինչ-որ ժամանակահատվածում գտնվելիս է եղել նրա հողամասի տարածքում[2]։
Ղազանչու Ժամ եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղազանչու Ժամ եկեղեցին գտնվում է Ոսկեպար գյուղի հարավարևմտյան բարձրադիր եզրին և ծովի մակերևույթից բարձր է 905 մ։ Ճարտարապետական առանձնահատկությունների ուսումնասիրությամբ կարելի է ենթադրել, որ կառուցվել է 16-ից 17-րդ դարերում։ Արևելյան կողմում կիսաբոլորակ խորանով միանավ թաղածածկ կառույց է, որից պահպանվել է միայն խորանի կողմի պատի փոքր հատված[2]։
Խլխլան աղբրի եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Խլխլան աղբրի եկեղեցի գտնվում է Ոսկեպար գյուղից մոտ 1 կմ հյուսիս` լեռնաճյուղի սկսվելու մասում և ծովի մակերևույթից բարձր է 1078 մ։ Ամենայն հավանականությամբ կառուցվել է 16-ից 17-րդ դարերում։ Ճարտարապետական կառուցվածքի տեսակետի իրենից ներկայացնում է ոչ թե եկեղեցի, այլ կիսաբաց խորան, որի որմերում տեղադրված խաչքարերն և գերեզմանաքարեր տեղադրվել են կառուցման ժամանակ։ Եկեղեցին ունի հազվադեպ հանդիպող «բաց խորան» հորինվածք։ Չաթերով փոքր հուշարձանում առկա է պատմամշակութային չորս փուլերին վերաբերող նյութական մշակույթի հուշարձաններ։ Այստեղ հանդիպում է 6-ից 7-րդ դարերով թվագրվող քառակող կոթողի քանդակազարդ բեկոր, որն ամրացված է խորանի արևմտյան ճակատի հյուսիսային կողմում։ Հայտնաբերվել է 9-ից 11-րդ դարերին բնորոշ զարդանախշերով հարուստ խաչքարի բեկոր։ Առկա են նաև 12-ից 13-րդ դարերի գեղաքանդակ խաչքարեր և խաչքարերի բեկորներ։ Կան նաև 16-ից 18-րդ դարերի խաչքարերի մնացորդներ։ Ըստ ուսումնասիրողների՝ պատմամշակութային նշված կոթողները պահպանության նպատակով Խլխլան ժամ են տեղափոխվել հարակից վայրերում գտնվող հնավայրերից[2]։
Կորաբերդ ամրոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորաբերդ ամրոցը գտնվում է Ոսկեպար գյուղից շուրջ 3 կմ հյուսիս-արևմուտք` շրջապատի նկատմամբ իշխող դիրք ունեցող ժայռապատ լեռան գագաթին և ծովի մակերևույթից բարձր է 1268 մ։ Որմերի շարվածքային և կառուցողական առանձնահատկությունները հուշում են, որ բերդը կառուցվել է 12-ից 13-րդ դարերում։ Կառուցված է անմշակ քարով և կրաշաղախով։ Ամրացվել են լեռան միայն հյուսիսային և արևելյան գագաթամերձ առանձին հատվածները։ Հյուսիս-հարավ ձգվածությամբ ունի շուրջ 40 մ երկարություն և առավել ընդարձակ մասում` մինչև 18 մ լայնություն։ Պարսպապատերի միջին հաստությունը 90 սմ է։ Միակ մուտքը բացված է հյուսիսային կողմից[2]։
Վերին Ոսկեպար գյուղատեղի
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերին Ոսկեպար գյուղատեղին նաև կոչվում է Հին Ոսկեպար (չշփոթել գյուղից հյուսիս գտնվող և Հին Ոսկեպար անունը կրող մեկ այլ գյուղատեղիի հետ) և համընկնում է ներկայում Վերին Ոսկեպար նախկին բնակավայրին[2]։ Մինչև 1720-ական թվականները այստեղ եղել է հայկական բնակավայր։ 19-րդ դարի կեսերից մինչև 20-րդ դարի վերջը բնակվել են թուրքեր։ Ըստ Հայաստանի վարչական բաժանման՝ Վերին Ոսկեպարի տարածքը գտնվում է Տավուշի մարզում[8][20],
Վերին Ոսկեպար գյուղատեղիում է գտնվում հայկական հին գերեզմանոցը, որտեղ պահպանվել են միջնադարյան և ուշմիջնադարյան մի քանի խաչքարեր ու տապանաքարերով։ Գտնվում է Ոսկեպարի հին կամրջից մոտավորապես 150 մ հյուսիս-արևմուտք` ճամփեզրին և ծովի մակերևույթից բարձր է 850 մ։ Դեռևս 19-րդ դարի վերջերին գերեզմանոցի հարևանությամբ նստակեցության անցած թուրքական ցեղերից մեկը ժամանակի ընթացքում որպես շինանյութ գործածել է գերեզմանի հուշարձանների մեծ մասը՝ գրեթե ամբողջությամբ ոչնչացնելով այն։ Խորհրդային տարիներին գերեզմանոցի հուշաքարերի բեկորներ նկատելի են եղել ադրբեջանաբնակ Վերին Ոսկեպարի բնակելի տների պատերին։ Բուն գերեզմանոցում պահպանվել է 17-18-րդ դարերով թվագրվող մի տապանաքար, որի վրա քանդակվել են կենցաղային թեմաներով տեսարաններ[2]։ Վերին Ոսկեպար գյուղատեղիի արևելյան եզրին է գտնվում 19-րդ դարի կեսերից այստեղ բնակություն հաստատած թուրքերի գերեզմանոցը, որտեղ արաբերենով և արաբատառ թուրքերենով արձանագրված ամենահին տապանաքարերը վերաբերում են 1880-ական թվականներին[2]։
Վերին Ոսկեպար նախկին բնակավայրի տարածքում պահպանվել են վանական համալիրի, բերդի, 13-րդ դարի դիտակետ-աշտարակի, ստորգետնյա գաղտնուղու ավերակներ, ինչպես նաև միջնադարյան կամուրջներ[8][9]։
Հին Ոսկեպար գյուղատեղի
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին Ոսկեպար գյուղատեղին (չշփոթել գյուղից արևմուտք գտնվող և Վերին Ոսկեպար կամ Հին Ոսկեպար անունը կրող մեկ այլ գյուղատեղիի հետ) գտնվում է Ոսկեպար գյուղից հյուսիս՝ լեռան կտրտված տեղանքով հարավահայաց լեռնալանջերին և ծովի մակերևույթից բարձր է 890-930 մ։ Բնակավայրը գոյություն է ունեցել առնվազն զարգացած միջնադարից մինչև 1860-ական թվականները։ Գյուղատեղիի տարածքում հազիվ են նշմարվում բնակելի շինությունների հետքերը։ Գյուղական եկեղեցին չի պահպանվել։ Արդեն 1890-ական թվականներին գյուղատեղի այցելած Մակար Բարխուդարյանցն իր աշխատության մեջ եկեղեցին նկարագրել է կիսավեր, քայքայված կառույց[2][9]։
Կալապան գյուղատեղի
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղատեղին տեղացիների շրջանում առավել հայտնի է Կլապաններ անունով և գտնվում է Ոսկեպար գյուղից մոտավորապես 3,5 կմ հարավ-արևմուտք` լեռնաճյուղի անտառապատ լանջին և ծովի մակերևույթից բարձր է 1045 մ։ Միջնադարով թվագրվող գյուղատեղին կազմված է հայտնի եկեղեցու և գերեզմանոցի ավերակներով։ Եկեղեցին թվագրվում է 13-րդ դարով և համանման միանավ կառույցներից առանձնանում է ավանդատների բացակայության պայմաններում շինության հիմնական լայնության համեմատ արևելյան ճակատի կարճված առանձնահատկությամբ։ Եկեղեցու համեմատաբար պահպանված հատվածներն են խորանի ետնապատն ու խորանի դիմաց գտնվող պատը։ Կառույցի շարվածքն իրականացվել է տեղական անմշակ քարերով և կրաշաղախով[2]։
Կամուրջներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոսկեպարի տարածքում կան բազմաթիվ կամուրջներ։ Հայտնիներից է Ոսկեպարի հին կամուրջը, որը գտնվում է գյուղից մոտ 3,5 կմ արևմուտք` Ոսկեպար գետի վրա և ծովի մակերևույթից բարձր է 822 մ։ Կառուցման ստույգ թվականը հայտնի չէ, սակայն կառուցողական, հորինվածքային և շարվածքային առանձնահատկությունները այն թվագրում են 13-րդ դարով։ Կառուցված է տեղական անմշակ քարով և կրաշաղախով, կամարակապ է։ Նախատեսված է եղել միայն հետիոտնի և հեծյալի համար[2]։
Մյուս կամուրջը գտնվում է Ոսկեպար գյուղից 1,2 կմ արևմուտք` համանուն գետին աջից միախառնվող փոքր վտակի վրա և Ծովի մակերևույթից բարձր է 808 մ։ Իր ճարտարապետական տեսքով նման է ուշ միջնադարում կառուցված կամուրջներին, սակայն ուսումնասիրողների պնդմամբ հնարավոր է կառուցված լինի 12-ից 13-րդ դարերում։ Կառուցված է անմշակ քարերով և կրաշաղախով[2]։
Հյուսիսարևմտյան գերեզմանոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոսկեպարի հնագույն գերեզմանոցներից մեկը գտնվում է բնակավայրի հյուսիսարևելյան եզրին` Իջևան-Նոյեմբերյան ավտոմոբիլային ճանապարհին կից և ծովի մակերևույթից բարձր է 754 մ։ Ըստ ուսումնասիրությունների՝ այն հիմնադրվել է վաղ միջնադարում և պատկանել է Սուրբ Աստվածածին եկեղեցուն։ Գործել է մինչև 13-14-րդ դարերը, սակայն հետագայում երբեմն կատարվել են թաղումներ։ Վերջին թաղումները տեղի են ունեցել 1830-1860 թվականներին։ Գերեզմանոցի տարածքում պահպանվել են խաչքարերի պատվանդաններ, ինչպես նաև ավելի ուշ կատարված թաղումներից մնացած ուղղանկունաձև արձանագիր տապանաքարեր։ Վերջինները թվագրվում են 1831, 1835, 1858, 1860, 1864 թվականներով[2]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոսկեպարը Հայաստանի Հանրապետության հնագույն բնակավայրերից է, որի բնակչությունը մշտապես եղել են հայեր։ Գյուղի բնակչությունը բնիկ են[2][4][9][21]։
Բնակչության վիճակագրական թվային տվյալներ հայտնի են սկսած 1831 թվականից[2][4][21]։
19-ից 20-րդ դարերի վիճակագրական տվյալները բնիկ և զուտ հայաբնակ Ոսկեպարի բնակչության թվաքանակի մասին փաստում են, որ գյուղն իր մարդաշատությամբ եղել է իր տարածաշրջանի միջին մեծության բնակավայրերից[2][9]։
Տարբեր դարերում գյուղը մի քանի անգամ տարբեր պատճառներով փոքր տեղափոխության է ենթարկվել՝ զբաղեցնելով մերթ ներկայիս Վերին Ոսկեպար, մերթ Ներքին Ոսկեպար անունը կրող նախկին բնակավայրերի և հարակից գյուղատեղիների տարածքները, սակայն մշտապես պահպանել է իր բնիկ բնակչությունը[2]։
Վերջին 200 տարում բնակչության ամենաշատ թվաքանակն արձանագրվել է 1989 թվականին՝ 1309 մարդ[4][21], որից հետո, պայմանավորված հայ-ադրբեջանական հակամարտության սրացմամբ և Արցախյան ազատամարտով, սկսել է նվազել[2]։
Համաձայն Հայաստանի Հանրապետության 2011 թվականի համընդհանուր մարդահամարի արդյունքների՝ Ոսկեպար գյուղում բնակվում է 818 մարդ, որից 415-ը արական սեռի, 403-ը՝ իգական[1]։
Համայնքային կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոսկեպար գյուղն ընդգրկված է Նոյեմբերյան համայնքի կազմում, որն իր կազմում միավորում է նաև Նոյեմբերյան քաղաքը, Բաղանիս, Բարեկամավան, Բերդավան, Դովեղ, Կոթի, Ոսկեվան, Ջուջևան գյուղերը[3]։
Ոսկեպարում առկա է միջնակարգ դպրոց[29], մշակույթի տուն[29], բուժկետ, գյուղապետարան։ Համայնքային ճանապարհները ասֆալտապատ են, գրունտային և խճապատ։ Ենթակառուցվածքների տեսակետից գյուղը զարգացած է․ հասանելի է հեռուստատեսությունը, համացանցը, ռադիոն։ Ոսկեպարն ապահովված է էլեկտրաէներգիայով, գազամատակարարմամբ[30][31] և ջրամատակարարմամբ[32]։
Գտնվելով հայ-ադրբեջանական շփման գծի անմիջական հարևանությամբ՝ հաճախակի ենթարկվում է Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի զինատեսակներից արձակված գնդակոծության, որոնց հետևանքով վիրավորվում են խաղաղ բնակիչներ, վնասվում բնակավայրի շինություններ[33][34]։ Ադրբեջանական մարտական դիտակետերից արձակվող գնդակոծություններից Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհով երթևեկողների անվտանգությունը պաշտպանելու նպատակով կառուցվել է հիմնական ճանապարհը շրջանցող ճանապարհ[35][36]։
Պատմական ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնում Ոսկեպարն ունեցել է ջրաղաց, որից օգտվել են նաև հարևան գյուղերի բնակչությունը։ Մինչև 1940 թվականը գյուղն էլեկտրականություն էր ստանում համանուն գետի վրա կառուցված հիդրոէլեկտրակայանից[3]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոսկեպարի բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Հողագործական աշխատանքներն ընդգրկում է պտղաբուծական, խաղողագործական, բանջարաբուծական և ծխախոտագործական ոլորտները։ Բնակավայրի տարածքի 250 հա արոտավայրեր են, 459 հա-ը՝ վարելահողեր։
Գյուղի բնակիչներից ոմանք աշխատում են նաև Ոսկեպարի միջնակարգ դպրոցում[29], գյուղապետարանում, մշակույթի տանը[29] և այլն։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոսկեպար գյուղում գործում է միջնակարգ դպրոց, որը գործում է Տավուշի մարզպետարանի ենթակայության ներքո։ Դպրոցում սովորում է 64 աշակերտ։ Դպրոցի հասցեն է Ոսկեպարի 5-րդ փողոց, 21-րդ շենք[29]։ 2014 թվականի հուլիսի 31-ին դպրոցն անվանակոչվել է ուսուցիչ Բարսեղ Հախվերդյանի անունով՝ դառնալով Ոսկեպարի Բարսեղ Հախվերդյանի անվան միջնակարգ դպրոց[37][38]։
Գյուղում գործում է նաև մշակույթի տուն, որը նույնպես գտնվում է Տավուշի մարզպետարանի ենթակայության ներքո[29]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ոսկեպարի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Տավուշի մարզ)
- Վերին Ոսկեպար
- Ներքին Ոսկեպար
- Ոսկեպարի լեռներ
- Ոսկեպար գետ
- Ոսկեպարի կոտորած
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մարդահամարի արդյունքներ, (արխիվացված 21.04.20212.)։
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 2,25 2,26 2,27 2,28 2,29 2,30 2,31 2,32 2,33 2,34 2,35 2,36 2,37 2,38 2,39 2,40 2,41 2,42 2,43 Սամվել Կարապետյան, Ոսկեպարի պատմական հուշարձանները, Երևան, 2013, (էլեկտրոնային տարբերակ Արխիվացված 2021-08-31 Wayback Machine)։
- ↑ 3,0 3,1 3,2 Նոյեմբերյան համայնքի մասին տեղեկություններ Տավուշի մարզպետարանի կայքում, (արխիվացված 26․04․2021թ․)։
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան, «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան», Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1998։
- ↑ 6,0 6,1 6,2 Քաջիկեան, Ճանապարհորդական յիշատակարան, «Արձագանք», 1888, 3 ապրիլի, N 12, էջ 159։
- ↑ «Արձագանք», 1888, 3 ապրիլի, N 12, էջ 159։
- ↑ 8,0 8,1 8,2 Սամվել Կարապետյան, «Հյուսիսային Արցախ», Երեւան, 2004 թվական, (էլեկտրոնային տարբերակ Արխիվացված 2021-03-03 Wayback Machine)։
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895, էջ 381, (էլեկտրոնային տարբերակ)։
- ↑ 10,0 10,1 10,2 «Ժողովուրդ» օրգան Հայ ժողովրդական կուսակցութեան, №159, սեպտեմբերի 23, 1920 թվական, Երևան։
- ↑ 11,0 11,1 11,2 «Յառաջ», հասարակական, քաղաքական, տնտեսական, գրական օրաթերթ, №206, սեպտեմբերի 23, 1920 թվական, Երևան։
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 «Ոսկեպարի օրինակով. հայ-ադրբեջանական հողային կռիվը 1980-ականներին» հոդված aniarc.am կայքում, (արխիվացված 18․03․2024 թվականին)։
- ↑ 13,0 13,1 13,2 «Ոսկեպար. Սխրագործության հիշողությունը», (արխիվացված 19․04․2021թ․)։
- ↑ 14,0 14,1 «Տավուշի մարզպետը հերքել է որոշ գյուղեր Ադրբեջանին անցնելու լուրերը», (արխիվացված 23․06․2021թ․)։
- ↑ «Ստահոդ լուրեր են տարածվում, թե իբր չափագրումներ են արվում․ Ազատամուտ համայնքի ղեկավար», (արխիվացված 23․06․2021թ․)։
- ↑ 16,0 16,1 «Տավուշի մարզում ադրբեջանական հողեր կան… Բարխուդարլու, Խեյրիմլի, Սոֆուլու, Ոսկեպար…». Իմքայլական Վահե Ղալումյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղության մասին, (արխիվացված 23․06․2021թ․)։
- ↑ 17,0 17,1 Հայաստանի կառավարության որոշում N 1929-Ն, 30 դեկտեմբերի 2004 թ․, (https://web.archive.org/web/20210419130512/https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=13320 արխիվացված)։
- ↑ Վավերագրեր հայ եկեղեցու պատմության (1921-1938 թթ.), Երևան, 1994, էջ 183։
- ↑ 19,0 19,1 Դիվան հայ վիմագրության, h. 9, Երևան, 2012, էջ 482, 484-486։
- ↑ «Վերին Ոսկեպար անունով գյուղ կա՞», (արխիվացված)։
- ↑ 21,00 21,01 21,02 21,03 21,04 21,05 21,06 21,07 21,08 21,09 21,10 21,11 21,12 Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, Երևան 2008 թվական, էջ 162, (արխիվացված)։
- ↑ ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3809, թ. 73-74:
- ↑ ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3878, թ. 19:
- ↑ ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3882, թ. 134-135:
- ↑ ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3882, թ. 132:
- ↑ Кавказский календарь на 1910 г., Тифлис, 1909, с. 176.
- ↑ Кавказский календарь на 1915 г., Тифлис, 1914, с. 85.
- ↑ Տավուշի մարզի բնակչության թվաքանակի մասին 2008 թվականի վիճակագրական տեղեկություններ, (արխիվացված 20․04․2021թ․)։
- ↑ 29,0 29,1 29,2 29,3 29,4 29,5 Տավուշի մարզպետարանի ենթակայությամբ գործող կրթական կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 23․04․2021թ․)
- ↑ Գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Տավուշի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում, (արխիվացված 26․04․2021թ․)։
- ↑ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում 26 հուլիսի 2012 թվականի N 918-Ա, (արխիվացված 26․04․2021թ․)։
- ↑ Անտառի կենարար ջուրը կհասնի Ոսկեպար, ոչ թե՝ Ադրբեջան, (արխիվացված 26․04․2021թ․)։
- ↑ Ադրբեջանական կողմը գիշերը կրակել է Տավուշի Ոսկեպար գյուղի ուղղությամբ, (արխիվացված 05․03․2021թ․)։
- ↑ Ադրբեջանական կողմը գնդակոծել է Տավուշի Ոսկեպար գյուղը, (արխիվացված 01․03․2021թ․)։
- ↑ Ավարտվել է Ոսկեպարի սկզբից մինչև Բաղանիս շրջանցիկ մոտ 1 կմ երկարությամբ ճանապարհի կառուցումը, (արխիվացված 26․04․2021թ․)։
- ↑ «Բելոռուս» տրակտորների միջոցով «ֆուռերը» մի կերպ հաղթահարեցին շրջանցիկ ճանապարհի վերելքը, (արխիվացված 26․04․2021թ․)։
- ↑ Տավուշի մարզպետի 2014 թվականի հուլիսի 31-ի թիվ 98-Ա որոշում, (արխիվացված 23․04․2021թ․)
- ↑ Հայաստանի կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 26-ի N 1352-Ն որոշման հավելված N 4 ստորագրված Կառավարության աշխատակազմի ղեկավար Վ․ Ստեփանյանի կողմից։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ոսկեպար կատեգորիայում։ |
|