Նեխո II
Ուհեմիբրա Նեխո II | |
---|---|
Ծնվել է | մ.թ.ա. 7-րդ դար |
Մահացել է | մ. թ. ա. 595 |
Ազգություն | եգիպտացի |
Կրոն | հին եգիպտական կրոն |
Մասնագիտություն | միապետ |
Ամուսին | Khedebneithirbinet I? |
Ծնողներ | հայր՝ Psamtik I? |
Զբաղեցրած պաշտոններ | Փարավոն |
Երեխաներ | Պսամետիհ II |
Necho II Վիքիպահեստում |
Նեխո II (ամբողջական անունը Ուհեմիբրա Նեխո II; Աստվածաշնչում` Նեխաո), Հին Եգիպտոսի փարավոն` XXVI (Սաիսյան) արքայատոհմից, որը կառավարել է մոտ մ.թ.ա. 610-595 թվականներին։
Նեխո II կառավարման տարիներին Եգիպտոսը կրկին սկսում է բարգավաճել և դառնում է հին աշխարհի հզորագույն երկրներից մեկը։ Շարունակելով հոր` Պսամետիհ I քաղաքականությունը, նա զարկ տվեց արտաքին առևտրին` հենվելով հույն առևտրականների և վարձկանների ու փյունիկեցի նավատերերի վրա։
Նեխո II և Ասորեստանի անկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նեխոն նախ փորձեց վերականգնել Եգիպտոսի` Ասիայում վաղուց կորցրած դիրքերը։ Այդ ժամանակահատվածում Ասորեստանը խորը ճգնաժամի մեջ էր։ Բնականաբար, Ասորական կայսրության մնացորդները ոչ ոք չէր պատրաստվում պաշտպանել, սակայն այն կիսելու գաղափարը գրավիչ նախաձեռնություն էր։ Բայց Բաբելոնի հետ Ասորական կայսրության որոշիչ պատերազմում եգիպտական զորքը բռնեց Ասորեսատանի կողմը, որովհետև Բաբելոնի հետագա հզորացումը սպառնում էր Եգիպտոսին։
Մ.թ.ա 609 թվականի հունիսին եգիպտական բանակը Նեխո II գլխավորությամբ շտապեց օգնության հասնել ասորական բանակին, որը ռազմական գործողություններ էր վարում Բաբելոնի և Մարաստանի դեմ Խառանի շրջանում։ Գազան և Ասկալոնը դիմադրեցին եգիպտական զորքին, ինչի համար գրավվեցին և խստորեն պատժվեցին։ Մեգիդոյի մոտակայքում փարավոնի ճանապարհը հանկարծակիորեն փակեց Հրեաստանի արքա Հովսիանն իր բանակով։ Փարավոնը պահանջեց թույլ տալ իրեն անցնել Երփրատը և մերժվեց։ Սկսվեց ճակատամարտ, որի հենց սկզբում Հովսիանը կոկորդի հատվածում մահացու վիրավորվում է և հրեական բանակը փախուստի է դիմում։
Միանալով Ասորեստանի արքա Աշուր-ուբալիտ II հետ, փարավոնն անցնում է Եփրատը և գրոհում է Խառանը։ Ծանր մարտերը շարունակվում են ամբողջ ամառ։ Բաբելոնյան կայազորը հերոսաբար հետ է մղում եգիպտա-ասորական բոլոր գրոհները և պահպանում քաղաքը։ Մ.թ.ա 609 թվականի սեպտեմբերին Բաբելոնի արքա Նաբոպալասարը, օգնություն ստանալով մարերից, շտապեց դեպի Խառան։ Նեխոն` իմանալով այդ մասին, դադարեցնում է պաշարումը և առանց մարտերի նահանջում Եփրատի մյուս կողմը։ Խառանը մնում է Բաբելոնի տիրապետության տակ։ Մ.թ.ա 609 թվականին Ասորեստանը անկում ապրեց։
Եգիպատական ջոկատները, փոխարինելով ասորիներին, զբաղեցնում են Անդրգետքի (միջագետքյան աղբյուրներում այդպես էր անվանվում Եփրատ գետից դեպի արևմուտք, մինչև Միջերկրական ծովն ընկած տարածաշրջանը, առավել հայտնի որպես Արևելյան Միջերկրածովք) քաղաքներն ու ամրոցները։ Հրեաստանի արքա Հովաքազը, սպանված Հովսիանի որդին, չհամարձակվեց չենթարկվել փարավոնի հրամանին և ժամանեց Ռիբլ։ Նեխոն նրան ուղարկեց Եգիպտոս, որտեղ էլ նա մահացավ։ Հրեական գահը փարավոնի համաձայնությամբ զբաղեցրեց Հովաքազի եղբայրը` Հովակիմը, և վերջինս պարտավորվեց տարեկան 100 տաղանդ (3 տոննա) արծաթ ու 1 տաղանդ (30 կգ) ոսկի հարկ վճարել Եգիպտոսին։
Պատերազմ Նաբուգոդոնոսոր II-ի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մ.թ.ա. 607 թվականի հոկտեմբերին Նաբոպալասարը հարձակվեց եգիպտացիների վրա։ Սկսվեց կատաղի պատերազմ` Եփրատ գետն անցնելու համար, որը տևեց մինչև մ.թ.ա. 605 թվականի գարունը։ Մ.թ.ա. 607 թվականի դեկտեմբերին բաբելոնացիներին հաջողվեց Կիմուխու քաղաքի մոտ Եփրատի վրա կամուրջ կապել, որը սակայն ծանր մարտերից հետո եգիպտացիները մ.թ.ա. 606 թվականի ամռանը ոչնչացնում են։ Բայց նույն թվականի աշնանը բաբելոնցիները նոր կամուրջ են կառուցում Շունադիրի, Էլամի և Դուխամի քաղաքների մոտակայքում և եգիպտացների բոլոր փորձերը կամուրջը ոչնչացնելու ուղղությամբ ձախողվում են։
Մ.թ.ա 605 թվականի գարնանը բաբելոնյան բանակը արքայազն Նաբուգոդոնոսոր II գլխավորությամբ սկսում են արշավանքը։ Նեխո II իր գլխավոր ուժերի (որի մեջ մտնում էին նաև լիբիացիներ, նուբիացիներ, լիդիացի աղեղնավորներ և հույն վարձկաններ) գլուխն անցած նույնպես շարժվում է դեպի Եփրատը։ Վճռական ճակատամարտը տեղի է ունենում մ.թ.ա. 605 թվականի մայիսին Կարքեմիշի մոտ։ Բաբելոնացիները, Կարքեմիշի հարավային կողմից անցնելով Եփրատը, գրոհում են քաղաքային պարիսպների տակ տեղակայված եգիպտական ճամբարը։ Եգիպտացիները, չդիմանալով գրոհին, տեղի են տալիս և թշնամու զորքը ներխուժում է քաղաք։ Քաղաքի փողոցներում հրդեհներ են բռնկվում, ինչը ստիպում է եգիպտացիներին բաց դաշտ դուրս գալ, որտեղ և բաբելոնացինեը վերջնականապես ջախջախում են նրանց։ Եգիպտական բանակի մնացորդները խուճապահար նահանջում են մինչև Խամատ քաղաք, որտեղ հաղթողները հասնում և կոտորում են նրանց։ Եգիպտական բանակը տասնյակ հազարների կորուստ է ունենում։ Սիրիայի, Փյունիկիայի և Պաղեստինի փոքր պետությունները ոչ միայն չեն դիմադրում Նաբուգոդոնոսորին, այլ շտապում են դիմավորել նրան։ Վերջնական պարտությունից Նեխոին փրկում է Նաբոպալասարի մահը (մ.թ.ա. 605 թվականի օգոստոսի 15), որի պատճառով Նաբուգոդոնոսոր II վերադառնում է Բաբելոն։
Արևելյան Միջերկրածովքը վախեցած էր փարավոնի պարտությունից, սակայն չէր ցանկանում փոխարինել եգիպտական համեմատաբար լոյալ հեգեմոնիան Բաբելոնի ծանր լծի հետ։ Բաբելոնի տիրապետության դեմ առաջինը կանգնում է Ասկալոն քաղաքը (Ասկալոնի արքա Ադոնը հույս ուներ, որ եգիպտացիները օգնության կհասնեն)։ Մ.թ.ա. 604 թվականի դեկտեմբերին սկյութական ցեղերը հարձակվում, գրավում և թալանում են քաղաքը։ Եգիպտոսը կրկին վտանգի մեջ է հայտնվում։ Ինչպես գրված է Աստվածաշնչում`
Եգիպտական արքան այլևս դուրս չեկավ իր երկրից, քանի որ Բաբելոնի արքան Եգիպտոսից մինչև Երփրատ ամենը, ինչ պատկանում էր փարավոնին, գրավել էր։ |
Մ.թ.ա. 601 թվականի դեկտեմբերին Նաբուգոդոնոսոր II, դաշնակից սկյութների հետ համատեղ հարձակվում է Եգիպտոսի վրա և հասնում մինչև եգիպտական սահման։ Կատաղի պայքարում եգիպտացիներին հաջողվում է կասեցնել թշնամու գրոհը։ Երկու կողմն էլ խոշոր կորուստներ են կրում։ Այդ պատերազմից հետո Նեխոն ընդհանրապես մոռանում է ասիական գաղութները հետ նվաճելու համար մոտակա տարիների ընթացքում Բաբելոնի դեմ պատերազմելու մասին։
Ներքին քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած ցամաքային մարտերոմ Եգիպտոսի կրած անհաջողություններին, ծովային ճանապարհով ձեռք բերված հաջողությունները աներեր էին մնում։ Ռազմական անհրաժեշտության համար Միջերկրական և Կարմիր ծովերում կառուցվում են թիավար նավեր։ Ինչպես հայտնում է Հերոդոտոսը` Նեխոյի նախաձեռնությամբ մ.թ.ա. 600 թվականին փյունիկեցի նավաստիները նավարկում են Աֆրիկայի շուրջը` այն շրջանցելով արևելյան կողմից (ընդհանուր առմամբ նավարկությունը տևեց երեք տարի)[1]։ Այդ նավագնացությունը դժվար թե իր առաջ ռազմական նպատակներ դրած լիներ։ Հավանաբար այն նպատակ ուներ առևտրի զարգացման կամ նոր առևտրական ուղիների հայթայթման։ Նեխոն զարկ տվեց արտաքին առևտրին` հենվելով հույն վարձկանների և փյունիկեցի նավատերերի վրա։
Ըստ Հերոդոտոսի` Նեխոյի ժամանակ սկսեցին ջրանցք փորել, որը միացնելու էր Նեղոսը` Կարմիր ծովին։ Այդ ջրանցքը փորելու կամ վերականգնելու ձգտումները հավանաբար, ոչ միայն առևտրական, այլ նաև ռազմական նշանակություն ունեին։ Ջրանցքի շինարարության ժամանակ մեծ թվով` 120 հազար մարդ է զոհվել։ Սակայն շինարարությունն այդպես էլ չի ավարտվել։ Ջրանցքի կառուցումն ավարտին է հասել պարսից Դարեհ I կայսեր օրոք, սակայն այն քանդվել է 764 թվականին՝ խալիֆ Ալ Մանսուրի կողմից, ով ձգտում էր ապահովել Դամասկոսի առևտրային մոնոպոլիան։
Մանեթոնը (բոլոր երեք վարկածներում) նշել է, որ Նեխո II կառավարել է 6 տարի[2]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]1976 թվականին Միջազգային աստղագիտական միությունը Լուսնի հակառակ կողմում հայտնաբերված խառնարանը անվանակոչում է Նեխո II անունով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Тураев, Борис Александрович История древнего Востока / Под редакцией Струве В. В. и Снегирёва И. Л. — 2-е стереот. изд. — Л: Соцэкгиз, 1935. — 340 с. — 15 250 экз.
- Древний Восток и античность // Правители Мира. Хронологическо-генеалогические таблицы по всемирной истории в 4nbspтт. / Автор-составитель В. В. Эрлихман. — М., 2002. — Т. 2. — С. 3.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Нехао». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Нехо II на сайте livius.org