Հայերը Հունգարիայում
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հունգարահայեր | |||
---|---|---|---|
Հունգարիայի դրոշը | |||
Ընդհանուր քանակ | |||
| |||
Բնակեցում | |||
| |||
Լեզու(ներ) | |||
Հունգարերեն, հայերեն | |||
Հավատք(ներ) | |||
Հայ կաթոլիկ եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցի |
Հայերը Հունգարիայում, եվրոպաբնակ հայկական սփյուռքի մի մասը, որը բնակվում է ժամանակակից Հունգարիայում։ Վերջինս, միջնադարում ունենալով տարբեր սահմաններ, եղել է տարբեր չափեր ունեցող հայկական գաղթօջախի կենտրոն։ 21-րդ դարի սկզբին տարբեր հաշվարկներով Հունգարիայում բնակվում է մինչև 30 հազար հայ՝ ներառելով հայկական ծագում ունեցող հունգարացիներին, իսկ նվազագույն շեմը 3500 է։ Հայերը բնակվում են հիմնականում մայրաքաղաք Բուդապեշտում։ Փոքրաթիվ հայկական համայնքներ կան Դեբրեցեն, Շոպրոն, Սեկեշֆեհերվար քաղաքներում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ որոշ սկզբնաղբյուրների՝ հայերը Հունգարիայում բնակություն են հաստատել զարգացած միջնադարում՝ տեղական իշխանության հիմնադրումից և դրա՝ թագավորության վերածվելուց սկսած (9-11-րդ դարեր)։ Հունգարիայի որոշ հին բնակավայրերի անուններ պարունակում են «օրմեյ» նախածանցը, որը հունգարերեն նշանակում է «հայ»։ Միջնադարում հաստատված հայերի ստվար զանգվածներ ընդունել են կաթոլիկություն, իսկ հետագայում ձուլվել են։ Խաչակրաց արշավանքների դարաշրջանում Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն Բ Մեծագործի (1198-1219) և Հունգարիայի թագավոր Անդրաշ II-ի (1205-1235) միջեւ կնքվել է բարեկամության դաշինք[1]։ Հայտնի է, որ 1243 թվականին Հունգարիայի Բելա IV թագավորը հող նվիրեց հայերին Էստերգոմ քաղաքում։ Վերջինիս հայկական թաղամասի բնակիչները հունգարացիների հետ 1240-41 թվականներին կռվել են մոնղոլ-թաթարական նվաճողների դեմ։ Հունգարիայի 11-14 դարերում կառոցվող մի քանի եկեղեցիների հատակագիծը հիշեցնում է Անի քաղաքի եկեղեցիներինը, այդ փաստի հիման վրա ոմանք ենթադրում են, որ այդ եկեղեցիները կառուցվել են հայերի կողմից։
Դեպի Հունգարիա երկրորդ մեծ ներգաղթը տեղի ունեցավ 17-րդ դարի վերջում, երբ օսմանա-հաբսբուրգյան պատերազմների արդյունքում Հունգարիան ազատագրվում է օսմանյան լծից և միանում Ավստրիական կայսրությանը։ Բուդա մայրաքաղաքը 1686 թվականին ազատագրվել է թուրքերից համաեվրոպական քրիստոնեական բանակի կողմից։ Այդ ժամանակ Բուդայում ապրում էին հայեր, որոնցից մեկը, Գաբրիել պատկերահանը գաղտնի նամակներով թուրքական պաշտպանության մասին տեղեկություններ փոխանցեց պաշարող բանակին։ Հայկական նոր գաղթավայրերը հիմնվում են Լեհաստանի ընդարձակ տարածքներում բնակվող կաթոլիկ հայերի կողմից, մասնավորապես՝ Տրանսիլվանիայում (այսօր՝ Ռումինիա)՝ հիմնադրելով Արմենոպոլիս և Ելիզաբեթուպոլիս քաղաքները։ Վերջիններիս 1726 և 1733 թվականներին Կառլոս VI-ը շնորհել է ազատ քաղաքի կարգավիճակ։ 1848-1849 թվականների հակաավստրիական ազատագրական պայքարին հայ սպաներ մեծ թվով մասնակցեցին, 13 Արադի նահատակներից երկուսը, Էռնո Քիշը և Վիլմոշ Լազարը հայ էին։ Տրանսիլվանիայի մտավորականների և առևտրականների զգալի մասը հայ էր, իսկ 20-րդ դարի Հունգարիայի մշակութային գործիչների մի մասն էլ ծագումով հայ է։
Տրանսիլվանահայերը հետագայում սփռվեցին պատմական Հունգարիայով մեկ և 20-րդ դարի սկզբին արդեն բոլորը հունգարերեն էին խոսում։ 1920 թվականին Տրանսիլվանիան անջատվել է Հունգարիայից, ու տրանսիլվանահայերի մի մասը տեղափոխվել է ժամանակակից Հունգարիայի տարածք։ Հայոց ցեղասպանությունից հետո Հունգարիայում նորից հայեր են հաստատվել, սակայն նրանց մեծ մասը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արտագաղթել է Արևմտյան Եվրոպա և Ամերիկա։ Քսաներորդ դարի վերջերից մինչև հիմա շարունակվում է չորրորդ ներգաղթը, հիմնականում Հայաստանից, ինչպես նաև սփյուռքի այլ գաղթօջախներից։
Տրանսիլվանիայի հայերի բարբառը Հրաչյա Աճառյանի նկարագրած Արդյալի բարբառն է։ Այդ բարբառի հիման վրա ստեղծվել է գրական լեզու արդեն 18-րդ դարում, որը գործածվում էր մինչև 20-րդ դարի սկիզբ, երբ տրանսիլվանահայերը հունգարախոս դարձան։ Այսօրվա Հունգարիայի հայերի ճնշող մեծամասնությունը Տրանսիլվանիայից է։ Տրանսիլվանիայի հայերը եկել են Ղրիմից, ինչպես նաև լեհահայերը, այդ պատճառով էլ նրանց բարբառները շատ նման են իրար։ Ե՛վ հունգարահայերը (տրանսիլվանահայերը), և՛ լեհահայերը պնդում են, որ Անիից են, ինչը կարող է նշանակել, որ ոչ թե Կիլիկիայից են, այլ բուն Հայաստանից։
Տրանսիլվանիայի հայերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրանսիլվանիայի հայերի ներգաղթը
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրանսիվլանիայի հայերը, լեհահայերի նման Անիից են արտագաղթել 1239 թվականին։ Նրանք հաստատվել են Ղրիմում, որտեղ բարձր մակարդակով առևտրային և մշակութային գործունեություն էին ծավալում դարերի շարունակ։ Ղրիմի հին հայ գաղութի մի մասը տեղափոխվեց Պոդոլիա, հետո Լեհաստան և Մոլդավիա։ Մոլդովայի հայերի զգալի մասը 17-րդ դարում տեղափոխվեց Տրանսիլվանիա։
Հայեր մեծ քանակով ներգաղթեցին Տրանսիլվանիա ամբողջ 17-րդ դարի ընթացքում, մինչև 18-րդ դարի սկիզբը։ 1672 թվականին Տրանսիլվանիայի իշխան Միհայ Ապաֆին 3000 հայ ընտանիքին թույլտվություն տվեց հաստատվելու։ Հայերը սկզբից Բեստերցե (ռումիներեն՝ Բիստրիցա) քաղաքում հաստատվեցին, բայց քիչ հետո լքեցին այդ քաղաքը։
Տրանսիլվանիայի չորս հայ կենտրոնները
[խմբագրել | խմբագրել կոդը]17-րդ դարի սկզբին հիմնադրել են Հայաքաղաքը (հունգ. Սամոշույվար, ռում.՝ Գեռլա), Եղիսաբեթուպոլիսը (հունգ. Էբեշֆալվա, հետագայում Էրժեբեթվարոշ, ռում.՝ Դումբրավեն), Ճուրճովը (հունգ. Դյերդյոսենտմիկլոշ, ռում. Գյորգեն) և Սիպվիզը (հունգ. Չիկսեպվիզ, ռում. Ֆրումոասա)։ Այս չորս քաղաքում քառուցել են 9 եկեղեցի, որոնցից հինգը մինչ հիմա աշխատում է որպես հայ եկեղեցի։
Տրանսիլվանահայերի մասնակցությունը 1848-1849 թթ. հակաավստրիական ազատագրական պայքարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունգարիան 17-19 դարերում մաս էր կազմում Ավստրիայի կայսրությանը։ 1848 թ. մարտի 15-ին հեղափոխություն սկսվեց Բուդա-Պեշտում։ Ավստրիայի արքունիքը սկզբից ընդունել է գրեթե անկախ հունգարական կառավարության ձևավորումը, բայց հետագայում դժվարացնում էր իր գործունեությունը, ու նաև բանակ ուղարկեց դեմը։ Հունգարիայի կառավարությունը կազմակերպեց Հունգարիայի զինված ուժերը, և սկիզբ առավ ազատագրական պայքարը։ Տրանսիլվանահայերը 70 սպա և 1200 շարքային զինվոր տվեցին։ Ազատագրական պայքարի նշանավոր զորավարներից երեքը, Էռնո Քիշը, Վիլմոշ Լազարը և Յանոշ Ցեցը հայ էին։
Հունգարիայի բանակը Ավստրիան չէր կարող հաղթել, կայսրը դիմեց Ռուսաստանի օգնությանը, որը 200.000 հոգով բանակ ուղարկեց։ 30.000 հոգով հունգարական բանակը ճանաչեց իր պարտությունը։ 1849 թ. հոկտեմբերի 6-ին Արադ քաղաքում ավստրիական իշխանությունը սպանել տվեց ազատագրական պայքարի զորավարներին (Արադի նահատակներ), այդ թվում՝ Էռնո Քիշին և Վիլմոշ Լազարին։ Յանոշ Ցեցին հաջողվեց արտագաղթել Արգենտինա, որտեղ հիմնադրել է երկրի Ռազմական Ակադեմիան։
Թեև հեղափոխությունը ճնշվել է, ապարդյուն չմնաց. տասնութ տարի անց Ավստրիան ճանաչեց Հունգարիան, որպես երկրի հավասար մաս, ու 1867 թվականին ստեղծվել է Ավստրո-Հունգարիան։ Հունգարիայի Խորհրդարանում 1867-1918 թվականների ընթացքում 15 հայ պատգամավոր է ընտրվել։
Տրանսիլվանիայի հայերի մշակույթը
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրանսիլվանիայի հայերը 17-18 դարերում դարձել են կաթոլիկ։ 18-19 դարերի ընթացքում սփռվել են Տրանսիլվանիայում ու պատմական Հունգարիայի արևելյան և հարավային մասերում, այդ թվում նաև Ույվիդեկում (այսօր՝ Նովի Սադ, Սերբիայում)։ Մեծ դեր են խաղացել Տրանսիլվանիայի և արևելյան Հունգարիայի առևտրային կյանքում։
18-19 դարերում Տրանսիլվանիայի հայերն օգտագործում էին մի գրական լեզու, որը հիմնված էր իրենց Առդյալի բարբառի վրա։ Այդ լեզվի մասին առաջին անգամ հաղորդում է Արսեն Այտընյանը։ Այդ լեզվով պահպանվել են ձեռագիր և տպագիր գրքեր, ինչպես նաև ծիսական երգեր։ 19-րդ դարի ընթացքում տրանսիլվանահայերը դարձել են երկլեզու, իսկ դարավերջում նրանց մեծ մասն արդեն հունգարախոս էր։
18-19 դարում հայերը կառուցել են եկեղեցիներ, բնակելի շենքեր, հիմնադրել կրթական և մշակութային հաստատություններ։ 19-րդ դարում Տրանսիլվանիայի բժիշկների, երաժիշտների, փաստաբանների մեջ բազմաթիվ հայեր կային։
Ձուլման վտանգի առջև կանգնած համայնքը նորից ակտիվացել է 19-րդ դարի երկրորդ կեսին։ Հունգարահայ քահանա Քրիշտոֆ Լուկաչին գրքեր գրեց Հունգարիայի հայերի պատմության վերաբերյալ, ինչպես նաև հայ-հունգարական պատմական կապերի մասին։ Քրիշտոֆ Սոնգոթը հիմնադրել է «Արմենիա» ամսաթերթը (1887-1907, 1912-1913), որի գլխավոր խմբագիրն է եղել մինչև իր մահը։ «Արմենիա» ամսաթերթում հրապարակել են 19-րդ դարի անվանի հունգարացի և հունգարահայ հայագետներ՝ Անտալ Հերմաննը, Գրիգոր Գովրիկյանը, Լուկաչ Պատրոաբանյը և ուրիշներ։
1920 թվականին, երբ Տրանսիլվանիան անջատվել է Հունգարիայից, հայերի զգալի մասը տեղափոխվեց Հունգարիայի մնացորդ տարածք, մանավանդ՝ Բուդապեշտ։
Հայոց ցեղասպանության փախստականները Հունգարիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցեղասպանությունից հետո բազմաթիվ հայեր ներգաղթեցին Հունգարիա։ Նրանք արևմտահայերեն էին խոսում։ Հիմնադրել են Մասիս ընկերությունը և հրատարակել են Նոր Դար ամսաթերթը։
Երկու համաշխարհային պատերազմի միջև Հունգարիայում ապրում էին և ցեղասպանությունից փախած, և Տրանսիլվանիայից տեղափոխված հայեր։ Հիմնադրվեց մի ուրիշ ընկերություն՝ Հունգարիայի Հայ Միությունը։ Մխիթարյան միաբանությունը Վենետիկից քահանա ուղարկեց, իսկ նրա մահվանից հետո Վիեննայի մխիթարյաններ էին ուղարկում հոգևոր հովիվ Հունգարիա։
1945 թվականից հետո, երբ խորհրդային բանակը զավթել է Հունգարիան ու հիմնվեց կոմունիստական վարչակարգ, ցեղասպանությունից փախած հայերի մեծ մասը տեղափոխվեց Արևմտյան Եվրոպա և Ամերիկա։ Քչերն են մնացել, այդ թվում նաև Գաբոր Ագարդին։
Հայերը ժամանակակից Հունգարիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Հունգարիայի և Խորհրդային Միության միջև ուժեղացան քաղաքական և տնտեսական կապերը։ Այդ ժամանակ հայեր են տեղափոխվել Հայաստանից Հունգարիա։ Քիչ թվով նաև ուրիշ երկրներից եկել են հայեր՝ Սիրիայից, Իրաքից, Կիպրոսից և Վրաստանից։ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ու մինչև հիմա շարունակվում է հայերի ներգաղթը։
Հունգարիայի հայ կաթոլիկները (տրանսիլվանահայերը) սկզբից Բուդապեշտի մի բնակարանում էին հավաքվում, որտեղ մատուռ է օծվել և մխիթարյան վանահայր Անտոն Դանիել Գադարյանն էր պատարագ մատուցում։ Քանի որ կոմունիստական վարչակարգի ժամանակ բոլոր հավաքները խստիվ արգելվում էին ու համարվում էին հակապետական դավադրություն, Հայր Անտոն Գադարյանին բանտարկել են։ Վաթսունական թվականների վերջերին հալածանքները թուլացան։ 1975 թվականին Անտոն Գադարյանի ջանքերով Բուդապեշտում կառուցվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ կաթոլիկ եկեղեցին։ Եկեղեցու շենքում ստեղծվել է նաև թանգարան և գրադարան։ Թանգարանն ուրիշ սփյուռքներից, ինչպես նաև Հայաստանից բազմաթիվ այցելուներ ընդունեց, որոնք մակագրություն թողեցին թանգարանի հուշամատյանում, այդ թվում անվանի լրագրող և արձակագիր Վանիկ Սանթրյանը։
Հայերը Հունգարիայում վերջին տասնամյակների ընթացքում հիմնադրել են մշակութային ընկերություններ, 1994 թվականին ընտրվել են հայ փոքրամասնական ինքնավարություններ։ Ե՛վ ինքնավարությունները, և՛ մշակութային ընկերությունները հրատարակում են ամսագրեր. Արարատ (1995-2002, հայերեն և հունգարերեն), Արմենիա (2004-, հայերեն և հունգարերեն), Տրանսիլվանիայի հայ արմատների թերթ (1997-, հունգարերեն)։ Հունգարիայի հեռուստատեսության Ռոնդո հաղորդումը պարբերաբար տեղեկացնում էր հայերի հետ կապված իրադարձությունների մասին։ Հանրային ռադիոյում ամեն շաբաթ օրը հայերեն լրատվություն է հաղորդվում։
Հունգարահայերի ինքնակառավարման մարմինները
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունգարիայում 1993 թվականին ընդունվել է օրենք փոքրամասնությունների ինքնավարության մասին։ 1994 թվականին առաջին անգամ ընտրվեցին հայ փոքրամասնական ինքնավարություններ, 1995 թվականին ընտրվեց Բուդապեշտ մայրաքաղաքի հայ ինքնավարությունը և Հունգարիայի հայ ազգային ինքնավարությունը։ Ամեն չորս տարի անցկացվում են Հունգարիայի քաղաքներում և Բուդապեշտի թաղամասերում հայ փոքրամասնական ընտրություններ, իսկ այդ ընտրություններից մի քանի ամիս հետո (հաջորդ տարվա առաջին ամիսներին) Բուդապեշտի և Ազգային (ամբողջ Հունգարիայի) հայ ինքնավարությունների ընտրությունները։
Այժմ Հունգարիայի հայ ազգային ինքնավարության նախագահը Սևան Սերքիսյանն է, իսկ Բուդապեշտ մայրաքաղաքի հայ ինքնավարության նախագահը՝ Շարոլտա Իշեկուցը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ալիս Ալավերդյան (22 օգոստոսի 2012 թվական). «Հայերը Հունգարիայում». hayzinvor.am.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |