Բերցելիուսը 1808 թվականից՝ Ստոկհոլմի ԳԱ անդամ, (1810 թվականից եղել է նախագահ, 1818 թվականից եղել է անփոփոխ քարտուղար)։ 1820 թվականից՝ Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան պատվավոր անդամ[17]։ Բժշկության դոկտոր Ուփսալայի համալսարանում (1802 թ.), պրոֆեսոր՝ Ստոկհոլմի համալսարանում (1807 թ.) և բժշկավիրաբուժական ինստիտուտում (1800–1832 թթ.)։ 1807 թվականին Բերցելիուսը և շվեդացի գիտնական Վ․ Գիզինգերը, էլեկտրական հոսանքով քայքայելով աղերի ջրային լուծույթները, եզրակացրին, որ բոլոր աղերը բաղկացած են թթվից ու հիմքից և բոլոր քիմիական միացությունները աղերի նման ունեն երկակի բաղադրություն։ 1812–1819 թթ. Բերցելիուսը տվեց իր էլեկտրա–քիմիական տեսությունը։ Ըստ Բերցելիուսի, թթուներ կարող է առաջացնել միայն թթվածինը։ Նա թթուներ էր անվանում նրանց անհիդրիդները։ Հիմնավորել է ատոմիստական ուսմունքը՝ զարգացրել և ներդրել քիմիայում։ Բերցելիուսի տեսական հայացքների հիմքում ընկած է քիմիական խնամակցության էլեկտրական բնույթը։ 1810–1816 թթ. հետազոտելով քիմիական տարրերի օքսիդները՝ ցույց տվեց բազմապատիկ հարաբերությունների օրենքի ճշտությունը։ Բերիլիուս կազմել է (1814 թ.) 41 քիմիական տարրերի ատոմական զանգվածների աղյուսակ և առաջարկել տարրերի նշանակման ժամանակակից եղանակը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 426)։