Իրավունք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իրավունք (այլ կիրառումներ)
Իրավունք, հասարակական հարաբերությունների կարգավորիչներից մեկը, որը առաջացել է հասարակության շերտավորմանը զուգընթաց՝ դասակարգային հարաբերությունների ծագման ընթացքում՝ որպես տիրող դասակարգի՝ օրենքի աստիճանի բարձրացված կամքի դրսևորում, որն սկզբում արտահայտվել է սովորույթներում, հետագայում դարձել օրենք։
Այսօր, իրավունք ասելով, մարդիկ այն ըմբռնում են տարբեր ասպեկտներով՝
- Իրավունք ասելով՝ նկատի է ունեցվում սոցիալական, իրավական հավակնությունները։
- Իրավունքը դիտվում է որպես իրավական նորմերի համակարգ։
- Իրավունքի տակ նկատի է ունեցվում պաշտոնապես ընդունված հնարավորությունները, որոնցով օժտված են իրավաբանական և ֆիզիկական անձինք։
- Իրավունքը օգտագործվում է՝ ցույց տալու բոլոր իրավական երևույթները(ներառյալ բնական իրավունքը, օբյեկտիվ և սուբյեկտիվ իրավունքը)։
Իրավունքի հատկանիշները
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբեր գիտնականներ առանձնացնում են իրավունքի տարբեր հատկանիշներ, դրանցից առավել տարածվածներն են.
- Նորմատիվությունը (սահմանում է վարքագծի ընդհանուր կանոններ);
- Համապարտադիր լինելը (գործողությունը տարածվում է բոլորի վրա, կամ սուբյեկտների առավել լայն շրջանակի վրա);
- Պետության կողմից երաշխավորված լինելը (պետական հարկադրանքի միջոցներով ամրագրված լինելը);
- Մտակամային բնույթը (իրավունքը արտացոլում է մարդկանց գիտակցությունը և կամքը);
- Որոշակիությունը (իրավունքի նորմերն արտահայտվում են պաշտոնական ձևով);
- Համակարգայնությունը։
Իրավունքի առաջացման տեսությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեոլոգիական տեսության համաձայն՝ օրենքները գոյություն են ունեցել միշտ և հանդիսանում են աստվածային պարգև։ Դրանք հասարակական հարաբերությունները կարգավորում են բարու և արդարության իդեալներին համապատասխան, որը տրված է Երկնքից։
Բնական իրավունքի տեսության համաձայն՝ մարդը և քաղաքացու ի ծնե օժտված է անձեռնմխելի բնական իրավունքներով (կյանքի իրավունք, ազատության իրավունք, հավասարություն և այլն), որոնք չի կարելի փոփոխել կամ վերացնել։ Օրենքները համապատասխանում են մարդկանց բարոյական սահմանումներին և չեն կարող գոյություն ունենալ առանց դրանց։
Հոգեբանական տեսության համաձայն, իրավունքը մարդկանց հոգեբանական ապրումների արդյունք է։ Պետության օրենքները կախված են մարդկանց հոգեբանությունից։
Պատմական տեսության համաձայն՝ կյանքի հակասությունները լուծելու անհրաժեշտությունը բերում է իրավունքի առաջացմանը, որը հնարավորություն է տալիս վերացնել տարաձայնությունները և մարդկանց վարքագծի կարգ սահմանել։ Իրավունքը նախ և առաջ ծագում է մարդու գիտակցության մեջ, այնուհետև ամրագրվում է օրենքներում։ Իրավական նորմերը կարող են փոփոխվել, քանի որ փոփոխական են նաև կյանքի այն ոլորտները, որոնք կարգավորվում են։
Նորմատիվ տեսության համաձայն՝ պետությունը թելադրում է մարդկանց վարքագծի մոդելներ։ Իրավունքը բխում է պետությունից և հանդիսանում է նորմերի բուրգաձև համակարգ։
Պոզիտիվիստական տեսության համաձայն` իրավունքի նորմերը սահմանված են բացառապես օրենքներում և այլ նորմատիվ իրավական ակտերում։ Իրավունք սահմանող նորմերը պետք է միշտ գործեն, անկախ այն հանգամանքից, թե այդ նորմերը հակասանում են բարոյականությանը, թե ոչ։
Մարքսիստական տեսության համաձայն՝ իրավունքը բխում է պետությունից և կախված է հասարակության սոցիալ-տնտեսական գործոններից։
Հաշտարարական տեսության համաձայն` իրավունքը տարբեր միմայնց հետ պայքարող կողմերի փոխզիջման արդյունք է։
Ռեգուլյատիվ տեսության համաձայն` իրավունքը ծագել է այն ժամանակ, երբ մարդիկ պահանջ են ունեցել կարգավորելու իրենց միջև ծագած հարաբերությունները պետության միասնականությունը ապահովելու անհրաժշետության նպատակով։
Իրավունքի աղբյուրները
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես կանոն «իրավունքի աղբյուր» ասելով հասկանում ենք այն արտաքին ձևը, որում արտացոլված է օբյեկտիվ իրավունքը՝ իրավունքի համակարգը։ Այս իմաստով իրավունքի աղբյուր են հանդիսանում. նորմատիվ պայմանագիրը, իրավական սովորույթը, դատական նախադեպը, նորմատիվ-իրավական ակտերը և իրավական դոկտրինը։
Իրավական սովորույթը դա պատմականորեն ձևավորված վարքագծի կանոններ են, որոնք պետության կողմից ներառվել են իրավական նորմերի համակարգ։ Իրավական սովորույթները միասին ձևավորում են սովորութային իրավունք։
Նորմատիվ պայմանագիրը իրենից ներիկայացնում է համաձայնություն (որպես կանոն կողմերից մեկը պետությունն է կամ նրա տարրը), որից բխում են վարքագծի որոշակի կանոններ։ Նորմատիվ պայմանագիրը կարող է լինել միջազգային կամ ներպետական։
Դատական նախադեպը որոշակի դատարանի կողմից կոնկրետ գործի վերաբերյալ որոշում է, որը սահմանում է, փոփոխում է կամ չեղյալ է համարում իրավական նորմերը։
Իրավական դոկտրինը, այսինքն իրավական ոլորտի գիտական աշխատությունները։ Կարող է դառնալ իրավունքի աղբյուր, եթե վավերացվի պետության կողմից։ Իրավական դոկտրինը իր ուրույն տեղն է ունեցել հռոմեական իրավունքի համակարգում։
Նորմատիվ-իրավական ակտը փաստաթուղթ է, որը ընդունվում է, փոփոխվում է կամ ուժը կորցրած է ճանաչվում լիազոր պետական մարմնի կողմից։ Նորմատիվ-իրավական ակտերի ընդունումը տեղի է ունենում օրենքով սահմանված կարգով, դրանք ունեն որոշակի ձև։ Նորմատիվ իրավական ակտերի հիմնական տեսակներն են օրենքները և ենթաօրենսդրական ակտերը։
Նորմատիվ ակտերի համակարգումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորմատիվ ակտերի համակարգումը նորմատիվ ակտերի ներքին և արտաքին համակարգումն է։ Դրա տեսակներն են.
- Ինկորպորացիա՝ իրավունքի ճյուղերին համապատասխան նորմատիվ ակտերի միավորումն է, ժամանակային, այբբենական կամ այլ հերթականությամբ առանց դրանց բովանդակության փոփոխության։
- Կոնսոլիդացիա՝ նորմատիվ իրավական փաստաթղթերի համակարգման տեսակ, որի էությունը կայանում է վերջիններիս բազմազանությունը բացառելու մեջ՝ օրենսդրության կառուցվածքում ավելի խոշոր, միատարր բլոկների ստեղծման ճանապարհով։
- Կոդիֆիկացիա՝ նոր, համակարոգող իրավական ակտի ստեղծում։
Իրավունք և պատասխանատվություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի՞նչ է իրավունքը։ «Իրավ» նշանակում է ճշմարիտ, իրոք։ Ուրեմն, իրավունք բառը նշանակում է ճշմարիտ, իրավացի, արդար լինելը։ Որոշ լեզուներում, օրինակ` ռուսերենում և անգլերենում, իրավունք բառը նշանակում է «աջ», այսինքն` արդար, անխարդախ։ «Իրավունք» բառն օգտագործվում է եզակի և հոգնակի թվերով։ Որպես եզակի իրավունք, այն նշանակում է համակարգ, որտեղ ամեն ինչ, անգամ պետական բարձրագույն իշխանությունը ենթարկվում են իրավական պահանջներին։ Այս իմաստով հասարակագետները խոսում են իրավունքի գերակայությոան մասին։ Բառն օգտագործվում է հոգնակի թվով մարդու իրավունքների մասին խոսելիս։ Այս առումից իրավունքը շատ մոտ է ազատությանը, և մարդու իրավունքներն ու ազատություները համարյա հոմանիշներ են։ Իսկ ի՞նչ կապ ունի իրավունքը պատախանատվության հետ։ Իրավունքը և պատասխանատվությունը նույն մետաղադրամի տարբեր կողմերն են։ Միայն իրենց իրավունքների մասին աղաղակող մարդիկ երբեմն մոռանում են, որ իրավունքները ծնում են նաև պատասխանատվություն, իսկ պատասխանատվության իրականացումը ծնում է իրավունք։ Իսկ ի՞նչ է պատասխանատվությունը։ Պատասխանատվության խնդիրն առաջ է այն հասարակություններում, որոնցու կան ազատ անհատներ։ Պատասխանատու լինել`նշանակում է գիտակցել ու հիմնավորել սեփական գործողություններն ու դրանց հետևանքները։
Իրավական համակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրավունքը ներառում է բազմաթիվ իրավական համակարգեր, որոնք իրարից տարբերվում են որոշակի առանձնահատկություններով։ Նեղ իմաստով իրավական համակարգը որոշակի պետության իրավունքն է՝ ազգային իրավական համակարգը։ Լայն իմաստով այս կատեգորիան ներառում է համանման իրավական հատկանիշներ ունեցող իրավական ընտանիքներ։
Իրավական համակարգերի դասակարգման համար հիմք են ընդունվում հետևյալ չափորոշիչները.
- ծագման ընդհանրությունը,
- իրավունքի աղբյուրների ընդհանրությունը,
- կառուցվածքային նմանությունը,
- հասարակական հարաբերությունների կարգավորման սկզբունքների ընդհանրությունը,
- տերմինաբանության, իրավաբանական կատեգորիաների, հասկացությունների, իրավունքի նորմերի շարադրման տեխնիկայի և համակարգման միասնությունը։
Հաշվի առնելով այս, ընդունված է իրավական համակարգերի հետևայլ դասակարգումը.
Իրավունքի համակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրավունքի համակարգը օբյեկտիվորեն գոյություն ունեցող իրավունքի ներքին կառուցվածքն է, որը բաժանվում է.
Իրավական նորմը իրավունքի համակարգի սկզբնական տարրն է։ Այն իրենից ներկայացնում է համապարտադիր վարքագծի կանոն, որով կարգավորվում են հասարակական հարաբերությունները։ Իրավական նորմը պաշտպանվում է պետական հարկադրանքի ուժով։
Իրավական նորմերը իրավական համակարգում տարանջատված ձևով գոյություն չունեն, դրանք միավորվում են ելնելով իրենց առարկայական նշանակությունից և ձևավորում են ավելի ընդհանրական կազմավորումներ՝ իրավունքի ինստիտուտներ։
Իրավունքի ինստիտուտը իրավական նորմերի համակցություն է, որը կարգավորում է հասարակական հարաբերությունների առանձին խումբ՝ համասեռ հասարակական հարաբերություններ։
Իրավունքի ենթաճյուղը իրավունքի մի քանի ինստիտուտների համախմբվածություն է այս կամ այն իրավունքի ճյուղում։
Իրավունքի ճյուղն իրենից ներկայացնում է իրավական նորմերի համակցություն, որը կարգավորում է հասարակական հարաբերությունների որոշակի բնագավառ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Алексеев С. С. Общая теория права. В двух томах. — М.: Юридическая литература, 1981. — Т. 1. — 361 с.
- Алексеев С. С. Общая теория права. В двух томах. — М.: Юридическая литература, 1982. — Т. 2. — 360 с.
- Давид Р., Жоффре-Спинози К. Основные правовые системы современности = Les grands systemes de droit contemporains / Пер. с фр. В. А. Туманова. — М.: Международные отношения, 1996. — 400 с. — ISBN 5-7133-0892-8
- Марченко М. Н. Теория государства и права. — М.: Проспект, 2006. — 640 с. — ISBN 978-5-392-02414-8
- Матузов Н. И., Малько А. В. Теория государства и права: Учебник. — М.: Юристъ, 2004. — 512 с.
- Нерсесянц В. С. Философия права. — М.: Норма, 2005. — 848 с. — ISBN 5-89123-098-4
- Нерсесянц В. С. Общая теория права и государства. — М.: Норма, 2002. — ISBN 5-89123-381-9
- Проблемы общей теории права и государства. Учебник для вузов / Под общей редакцией члена-корр. РАН, доктора юрид. наук, проф. В. С. Нерсесянца. — М.: Норма, 2006. — 832 с. — ISBN 5-89123-361-4
- Протасов В. Н., Протасова В. Н. Лекции по общей теории права и теории государства. — М.: Издательский дом «Городец», 2010. — 752 с. — ISBN 978-5-9584-0251-9
- Пристенский В. Н. Русская аксиология права: личность в контексте тотальности. — Александр Иванович Введенский и его философская эпоха. — СПб.: СПбГУ, 2006. — С. 266—273.
- Теория государства и права / Под ред. В. М. Корельского и В. Д. Перевалова. — М.: ИНФРА М-Норма, 1997. — 570 с. — ISBN 5-86225-404-4
- Трубецкой Е. Н. Энциклопедия права. — СПб.: Изд-во «Лунь», 1998. — 224 с. — ISBN 5-8114-0064-0
- Черданцев А. Ф. Теория государства и права: Учебник для вузов. — М.: Юрайт-М, 2002. — 432 с. — ISBN 5-7975-0616-5
- Шанхаев С. В. Буддизм о преступлении и наказании // Мировые религии о преступлении и наказании / Науч. ред. А. А. Толкаченко, К. В. Харабет. — М.: Рипол-классик, 2013. — 608 с. — ISBN 978-5-386-05292-8
- Борисевич М. М., Бельчук О. А., Евтушенко С. Г. История государства и права зарубежных стран. — М.: Юриспруденция, 2007. — 352 с. — 2000 экз. — ISBN 978-5-9516-0226-8
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Juriglobe». www.juriglobe.ca. Վերցված է 2023 թ․ փետրվարի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- DRAGNET: Search of free legal databases from New York Law School Արխիվացված 2013-09-03 Wayback Machine
- WorldLII – World Legal Information Institute
- CommonLII – Commonwealth Legal Information Institute
- AsianLII – Asian Legal Information Institute (AsianLII)
- AustLII – Australasian Legal Information Institute
- BaiLII – British and Irish Legal Information Institute
- CanLII – Canadian Legal Information Institute
- NZLII – New Zealand Legal Information Institute
- PacLII – Pacific Islands Legal Information Institute
- SAfLII – Southern African Legal Information Institute
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրավունք» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրավունք» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 456)։ |