Փղեր, փղերը կնճիթավորների կարգի խոշոր կաթնասուն կենդանիներ են։ Երկրագնդի վրա գոյություն ունեցող ամենախոշոր ցամաքային կենդանիներն են։ Կան 2 սեռի փղեր՝ աֆրիկական և ասիական (հնդկական)։ Աֆրիկական փղի սեռն ընդգրկում է 2 տեսակ. սավաննային (զանգվածը՝ մինչև 7,5 տ) և անտառային (ավելի փոքր են)։ Աֆրիկական փիղն ազատության մեջ ապրում է միայն Աֆրիկայում՝ Սահարայի հարավային շրջաններում։ Հնդկականն ապրում է Հնդկաստանում և Հարավարևելյան Ասիայում։ Նրանք շատ նման են իրար, միայն թե աֆրիկական փղերի ականջները, որ կարծես կաշվե հովհարներ լինեն, ավելի մեծ են, քան հնդկական փղերինը։ Աֆրիկական փղերը հազվադեպ են ընտելանում։ Կան նաև ուրիշ, ավելի քիչ նկատելի տարբերություններ։ Փիղն ունի վիթխարի մարմին (բարձրությունը՝ մինչև 3,5 մ), թեթևակի սապատավոր մեջք և հաստ, սյունանման ոտքեր, փոքրիկ աչքեր, մեծ ականջներ ու երկար ժանիքներ, լայն ճակատ։ Փղի ժանիքները՝ փղոսկրերը, մեծացած ատամներ են և աճում են ամբողջ կյանքի ընթացքում, երբեմն հասնում են շատ մեծ չափերի (մինչև 3մ և 100 կգ)։ Ժանիքները հարձակվելու և թշնամիներից պաշտպանվելու հզոր զենք են։ Սակայն ամենահետաքրքիրը փղի կնճիթն է, որն առաջացել է քթի և վերին շրթունքի սերտաճումից ու վերջանում է քթանցքերով, իսկ նրա տակ տեղավորված են բերանն ու եռանկյունաձև ստորին շրթունքը։ Կնճիթը շատ զգայուն է. փիղը կնճիթով կարող է կատարել ինչպես նուրբ աշխատանք (օրինակ՝ գետնից բարձրացնել մորու մեծության պտուղը, մի փունջ խոտ պոկել), այնպես էլ դժվար ու ծանր (մի հաստ ճյուղ պոկել բարձր ծառից)։ Այս հսկա կենդանին սնվում է խոտով ու տերևներով։ Նրա կենսագործունեությունը պահպանելու համար պահանջվում է մեծ քանակությամբ կեր. հասուն անհատն օրական ուտում է 100–200 կգ կեր։ Կոշտ բուսական կերը փիղը լավ ծամում է բերանի խորքում տեղադրված խոշոր ատամներով։ Եթե հին ատամը մաշվում է կամ վնասվում, նրա հետևում աճում է նորը և հրելով դուրս գցում հինը։ Ատամ չունեցող փիղը թուլանում է և մահանում սովից կամ հիվանդություններից։ Խմելու ջուրը նա նույնպես վերցնում է կնճիթով։ Իսկ շոգ ժամանակ կնճիթով վերից վար նաև ջրում է իրեն, ապա ավազ է ցանում վրան, որպեսզի տզերը չխրվեն մաշկի մեջ։ Բավականին զարգացած է փղերի փոխօգնության բնազդը։ Երբ փիղը խճճվում է թակարդում կամ ընկնում փոսի մեջ, մյուս փղերը, մեկնելով իրենց կնճիթները, ջանում են օգնել նրան։ Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը չեն լքում, կողքերից զգուշորեն պահելով, նրան տանում են իրենց հետ։ Նրանք երբեք չեն լքում մորը կորցրած ձագին։ Փղերը շրջում են հոտերով՝ ծեր ու իմաստուն մի փղի առաջնորդությամբ։ Երբեմն դա կարող է լինել կռիվներում կոփված արու փիղ, երբեմն՝ ծեր էգ։ Հոտոտելիս փղերը վեր են բարձրացնում կնճիթները, իսկ երբ թշնամու ներկայություն են զգում, տագնապած շեփորում են։ Նրանք կարողանում են նաև անաղմուկ ու անձայն անհետանալ թավուտում։ Ներկայումս փղերին սպառնում է անհետացման վտանգը։ Հողատարածքների ինտենսիվ յուրացման պատճառով փղերը զրկվել են իրենց սովորական ապրելավայրերից։ Ժանիքների համար մարդիկ զանգվածաբար ոչնչացրել են փղերին։ Փղոսկրից պատրաստում են զանազան առարկաներ, թանկարժեք զարդեր։ Այժմ փղերի որսն ու արտահանումն արգելված են։ Շատ փղեր կան Աֆրիկայի արգելոցներում և ազգային պարկերում։ Փղերի հետ պետք է զգույշ լինել և չզայրացնել նրանց։ Կատաղած փիղն ահարկու է. նա կարող է ոչ միայն ոտնատակ տալ մարդուն կամ կնճիթի հարվածով սպանել նրան, այլև ավտոմեքենա շրջել։ Զուր չէ, որ հնում Պարսկաստանի և Կարթագենի բանակներում մարտական փղեր էին պահում։ Փղերն ապրում են 70–80 տարի. մինչև 20 տարեկան փիղը դեռևս ձագ է համարվում։ Վարժեցրած փղերը հաջողությամբ հանդես են գալիս կրկեսում։ Հայաստանում ընդամենը 1 փիղ կա՝ Երևանի կենդանաբանական այգում։
Վաղուց ի վեր Հնդկաստանում փղերն ընտելացվել են։ Նրանք զարմանալիորեն խելացի են ու հասկացող։ Փիղը կարող է պտտեցնել ճախարակն ու ջրհորից ջուր հանել, արմատախիլ անել ծառեր ու ծանր գերաններ քարշ տալ և, նույնիսկ, երեխա խնամել։ Շքեղ զարդարված փղերը մասնակցում են երթերի՝ հատկապես տոնական ծիսակատարությունների ժամանակ։
Փղերը նաև «զինվորներ» են եղել արևելյան բանակներում։ Պատմությունից հայտնի է պարսկական բանակի՝ փղերի «Մատյան գունդը»։
Հնդկական և աֆրիկական փղերն ունեն մի քանի տարբերություններ. Հնդկական փղի մարմնի երկարությունը մինչև 6,4 մ է, կենդանի զանգվածը՝ մինչև 5 տ։
Ականջները եռանկյունաձև են և շատ մեծ, մեջքը կլորավուն է, ճակատին ունի 2 թմբիկ։ Ժանիքները համեմատաբար փոքր են (էգերինը բացակայում են)։
Աֆրիկական փղի ականջները մեծ են, կլորավուն, մեջքը՝ կորացած, ճակատը՝ կլոր, ժանիքները՝ մեծ ու զանգվածեղ։
Անցյալում գոյություն են ունեցել փղերի բազմաթիվ տեսակներ, որոնք Երկրի վրա ապրել են ամենուրեք (բացառությամբ Ավստրալիայի)։ Դրանցից մի քանիսը մարմնի չափերով գերազանցել են այս խմբի ժամանակակից անհատներին։ Սակայն դրանք վաղուց անհետացել են։
Փղի գլուխը մեծ է, բայց մարմնի զանգվածի համեմատ՝ բավականին թեթև։ Առաջային 2 ատամներից (կտրիչներից) ձևավորվում են ժանիքները։ Հետին ատամները (աղորիքները) մաշվելիս փոխարինվում են նորերով։
ՀՀ տարածքի (Շիրակ, Արարատյան դաշտ, Դեբեդի ավազան) չորրորդական ժամանակաշրջանի նստվածքներից հայտնաբերվել են փղի մնացորդներ։