Jump to content

Սավելի Կրամարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սավելի Կրամարով
ռուս.՝ Савелий Викторович Крамаров
Ծնվել էհոկտեմբերի 13, 1934(1934-10-13)[1]
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 6, 1995(1995-06-06)[1] (60 տարեկան)
Մահվան վայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանColma
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  ԱՄՆ
Մասնագիտությունդերասան
Ժանրերկինոկատակերգություն և կատակերգություն
Պարգևներ և մրցանակներ
ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Սավելի Վիկտորովիչ Կրամարով (ռուս.՝ Савелий Викторович Крамаров, հոկտեմբերի 13, 1934(1934-10-13)[1], Մոսկվա, ԽՍՀՄ - հունիսի 6, 1995(1995-06-06)[1], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), թատրոնի և կինոյի խորհրդային և ամերիկյան դերասան, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1974 թ.):

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սավելի Կրամարովը ծնվել է հրեական ընտանիքում։ Հայրը` Վիկտոր Կրամարովը, Մոսկվայում հայտնի փաստաբան էր։ 1938 թվականին ձերբակալվել է ՆԳԺԿ-ի կողմից։ Երկրորդ անգամ նա ձերբակալվել է 1950 թվականին։ Ազատվելուց հետո ընտանիք չի վերադարձել, ամուսնացել է ուրիշ կնոջ հետ[2]։ Մայրը` Բենեդիկտա Վոլչեկը, մահացել է քաղցկեղից, երբ Սավելին 16 տարեկան էր։ Նրան իր խնամակալության տակ էր վերցրել մորեղբայրը` Լեոպոլդ Վոլչեկը[3][4]։

Դպրոցն ավարտելուց հետո, Սավելին փորձել է ընդունվել թատերական ինստիտուտ, սակայն նրան չեն ընդունել։ Ուսումը շարունակելու նպատակով, նա ընդունվել է Մոսկվայի անտառատեխնիկական ինստիտուտի կանաչապատման ֆակուլտետը։ Սովորելու տարիներին, 1954 թվականին ընդունվել է Արվեստի աշխատակիցների կենտրոնական տանը առընթեր «Առաջին քայլ» թատերական ստուդիա։ 1958 թվականին ավարտելով ինստիտուտը, որոշ ժամանակ աշխատել է իր մասնագիտությամբ։ Հետագայում ցանկանալով լքել իր աշխատանքը, Կրամարովը իր լուսանկարները ուղարկել է երկրի տարբեր կինոստուդիաներ և նրա նամակներից մեկին վերջապես արձագանքել են։ Դրանից հետո սկսվեց նրա դերասանական կարիերան։

Սավելի Կրամարովի կինոդեբյուտը կայացել է 1959 թվականին՝ «Մեր բակի տղաները» կինոնկարում։ Այնուհետև նկարահանվել է «Մնաք բարով, աղավնիներ» (1960 թ.), «Հորիզոն» (1961 թ.), «Ընկե՛ր իմ, Կոլկա՛» (1961 թ.) և այլ ֆիլմերում։ 1967 թվականին նրան հրավիրել են աշխատելու Մանրաերկի թատրոնում։ Նա կինոյում շատ էր նկարահանվում և 1970-ական թվականների սկզբին արդեն, համարվում էր կատակերգական ժանրի ամենահանրահայտ դերասաններից մեկը։ 1966 թվականին նկարահանվել է Էդմոնդ Քեոսայանի «Անորսալի վրիժառուները» ֆիլմում, որտեղ նա իր դրվագային դերով մեծ հաջողության հասավ[5], իսկ 1971 թվականին նա կատարեց իր ամենահայտնի դերերից մեկը «Հաջողության ջենթլմենները» կինոնկարում։ Այդ ֆիլմերից հետո նա նկարահանվելու բազմաթիվ հրավերներ էր ստանում։ Չհասցնելով նկարահանվել մի ֆիլմում, նա նկարահանվում էր արդեն մեկ այլ կինոնկարում։ Որոշ ժամանակ անց, արդեն հրաժարվում էր, իր կարծիքով, իրեն ոչ վայել առաջարկներից։

1972 թվականին Սավելի Կրամարովը ընդունվել է Թատերական արվեստի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետ, որն ավարտելուց հետո որևէ թատրոնում աշխատանքի չանցավ։ Խորհրդային կինեմատոգրաֆում Սավելի Կրամարովը դարձել էր իսկական աստղ։ Նրա հիմարոտ արտաքինը և օգնում էր, և խանգարում նրան։ Բավական էր, որ նրա դեմքը երևար էկրանին և հանդիսատեսը արդեն ծիծաղում էր։

Սավելի Կրամարովի շփումների շրջանակը և Իսրայել արտագաղթած մորեղբայրը, նրան դարձրել էին ԽՍՀՄ-ի համար կասկածելի կապեր ունեցող մարդու[6]։ Դա հավասար էր կարիերայի ավարտի։ Բացի այդ, նա սկսեց զբաղվել յոգայով, հաճախ արտահայտում էր կրոնական մտքեր, այցելում էր սինագոգ և հրաժարվում էր շաբաթ օրերին նկարահանվելուց[7]։ Նրան սկսեցին աստիճանաբար ավելի քիչ նկարահանել և վերջին տարիներին ընդհանրապես դերեր չէին առաջարկում։ Նա իր փաստաթղթերը հանձնեց` Իսրայել արտագաղթելու նպատակով, սակայն նրան մերժեցին ԽՍՀՄ-ից դուրս գալու, քանի որ նա նկարահանվել էր մոտ 40 կինոնկարներում, իսկ արտագաղթելու դեպքում, այն տարիների կանոններով, պետք է այդ ֆիլմերը արգելվեին[8]։ Երկրից դուրս գալ նրան չէին թողնում և իր մասնագիտությամբ նա աշխատել նույնպես չէր կարող։

1981 թվականին Սավելի Կրամարովը, թատերական ռեժիսոր Ալեքսանդր Լևենբուկի հետ միասին նամակ գրեց ԱՄՆնախագահ Ռոնալդ Ռեյգանին, որում անկեղծորեն բողոքում էր իր ճակատագրից։ Այդ նամակը մի քանի անգամ կարդացին «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի եթերում։

Սավելի Կրամարովը ԽՍՀՄ-ը լքեց 1981 թվականի հոկտեմբերի 31-ին` Իսրայել մեկնելու նպատակով, սակայն նրան դիմավորեցին Վիեննայում և կազմակերպեցին հյուրախաղեր Եվրոպայում, Ավստրալիայում, Իսրայելում, Ճապոնիայում և Ամերիկայում։ Լոս Անջելեսում Կրամարովը սկսեց նկարահանվել գովազդային հոլովակներում, իսկ հետո նաև կինոյում։ ԱՄՆ-ում, սկզբնական շրջանում նա բնակվում էր 1976 թվականին ԽՍՀՄ-ից արտագաղթած դերասան Իլյա Բասկինի մոտ, որի հետ նա նկարահանվել էր «Մեծ դասամիջոց» (1973 թ.) կինոնկարում։ Մեկ տարի անց, ԱՄՆ-ում նրանք միասին նկարահանվեցին «Մոսկվան Հուդզոնի վրա» (1984 թ.) կինոնկարում։ Այնուհետև նա նկարահանվել է «Տիեզերական ոդիսական 2010» (1984 թ.) կինոնկարում, խորհրդային տիեզերագնաց Վլադիմիր Ռուդենկոյի դերում։ Նրանից պահանջում էին կերպարին տալ առավել հումորային բնույթ, սակայն Կրամարովը հրաժարվում էր` պնդելով, որ ԽՍՀՄ-ում տիեզերագնաց կարող են դառնալ միայն խիզախ և կրթված մարդիկ, այլ ոչ թե ինչ-որ ապուշներ։

Այնուհետև Սավելի Կրամարովը նկարահանվել է «Զինված է և վտանգավոր» (1986 թ.), «Մորգան Ստյուարտի վերադարձը» (1987 թ.), «Կարմիր տապ» (1988 թ.) և այլ ֆիլմերում։ Կրամարովը ընդգրկվել էր ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մեջ, նրա հայտնվելը կինոնկարահանման հրապարակում, ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ ԱՄՆ-ում, բոլորի դեմքին բարի ժպիտ էր առաջացնում։ Նրա շահավետ արտաքինը (աչքերի շլությունը և ամբողջ դեմքով մեկ տարածվող հաճելի ժպիտը), հզոր կատակերգական խառնվածքը, դերասանական վարպետությունը, հմայքը, դիմախաղն ու մարմնի շարժողունակությունը թույլ էին տալիս Կրամարովին` ստեղծել բազմաթիվ կոմիկական և բացասական կերպարներ, որոնք ծիծաղելի էին իրենց հիմարության և անմտության պատճառով։ Նրա հերոսները իրենց ողջ թերություններով հանդերձ, բնույթով հմայիչ էին ու անվնաս։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սավելի Կրամարովի առաջին կինը համակուրսեցի Լյուդմիլան էր, երբ դեռ նա սովորում էր Թատերական արվեստի պետական ինստիտուտում։ Սակայն նրանք երկար չապրեցին միասին։

Երկրորդ կինը` Մարիան, ճարտարապետ էր։ Նրա հետ Կրամարովը ապրել է 13 տարի։ Մանուկ հասակում մահացել էր նրանց դուստրը։ Հետագայում հիշելով Մարիային, Կրամարովն ասում էր, որ իրեն մեղավոր է զգում նրա առաջ[2][9]։

1986 թվականին Կրամարովն ամուսնացել է Մարինա անունով կնոջ հետ։ Մեկ տարի անց նրանք դուստր են ունեցել, ում Կրամարովն իր մոր անունով է կոչել` Բենեդիկտա։ Դստեր ծնվելուց մեկ տարի անց, կինը դստեր հետ տեղափոխվել է Լաս Վեգաս։ Նրանց հարաբերությունները լարված էին։

Վերջին անգամ Սավելի Կրամարովը ամուսնացել է Նատալյա Սիրաձեի հետ, ով 21 տարով փոքր էր նրանից։ Նրանք ամուսնացել էին 1994 թվականին, Կրամարովի մահից կես տարի առաջ[2][10]։

1995 թվականի հունվարին Կրամարովի մոտ հայտնաբերեցին ուղիղ աղիքի քաղցկեղ[11]։ Փետրվարին հեռացրին ուռուցքը, որի ընթացքում նա ստացավ քիմիոթերապիայի բավականին մեծ չափաբաժին, որից հետո սկսվեցին բարդացումներ։ Նրա մոտ առաջացավ էնդոկարդիտ։ Դրան հաջորդեց թրոմբոզը, իսկ հետո կաթվածը։ Բժշկությունն անզոր էր նրան փրկելու[8]։

Սավելի Կրամարովը մահացել է 1995 թվականի հունիսի 6-ին Սան-Ֆրանցիսկոյում` երկրորդ կաթվածից։ Թաղված է Սան-Ֆրանցիսկոյի մոտակայքում գտնվող «Հավերժության բլուրներ» (Hills of Eternity Cemetery) հրեական գերեզմանատանը[11]:

Ֆիլմագրության ընտրանին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1959 Մեր բակի տղաները Ребята с нашего двора Վասկա Ռժավի
1960 Մնաք բարով, աղավնիներ Прощайте, голуби Վասկա Կոնոպլյանիստի
1961 Հորիզոն Горизонт վարորդ
1961 Ընկե՛ր իմ, Կոլկա՛ Друг мой, Колька! Պիմենով
1962 Առանց վախի և հանդիմանության Без страха и упрёка Սվետիկ Սավյոլով
1962 Քայլ ձիով Ход конём Կոլկա Լոպատին
1963 Առաջին տրոլեյբուսը Первый троллейбус պորտաբույծ, Կոլյայի հարևանը
1964 Հեքիաթ կորած ժամանակի մասին Сказка о потерянном времени Վասյա` պապիկ
1965 Վարպետների քաղաքը Город мастеров Կլիկ-Կլյակ
1965 Երեսուներեք Тридцать три Ռոդիոն Խոմուտով
1965 Արտակարգ հանձնարարություն - անարխիստ
1966 Անորսալի վրիժառուները Неуловимые мстители Իլյուխա Վերեխով
1966 Ծիածանի բանաձևը Формула радуги Վասյա
1967 Աստղեր և զինվորներ Звёзды и солдаты սպիտակ կազակ Սավվա
1968 Անորսալիների նոր արկածները Новые приключения неуловимых պահակախմբի զինվոր
1969 Ամանորյա առևանգում Новогоднее похищение Պաշա Վետչենկո
1971 12 աթոռ 12 стульев միաչքանի շախմատիստ
1971 Հաջողության ջենթլմենները Джентльмены удачи Կոսոյ (Ֆեդյա Երմակով)
1972 Ոսկյա եղջյուրներ Золотые рога Սունդուկ, չար ավազակ
1973 Մեծ դասամիջոց Большая перемена Պյոտր Տիմոխին
1973 Այս ուրախ մոլորակը Эта весёлая планета գյուտարար Պրոխոր
1973 Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը Иван Васильевич меняет профессию Ֆեոֆան
1973 Դոնիի և Միքիի նոր արկածները Новые приключения Дони и Микки Կեշա
1974 Էկրանի աստղը Звезда экрана վարորդ Գրիշա
1975 Աֆոնյա Афоня Եգոզա
1975 Չի կարող պատահել Не может быть! Սերգեյ, Վլադիմիրի ընկերը
1976 12 աթոռ 12 стульев Պոլեսով
1977 Միմինո Мимино կալանավոր դատարանի մոտ
1977 Այս անհավանական երաժիշտները կամ Շուրիկի նոր երազները Эти невероятные музыканты, или Новые сновидения Шурика Սավելի Կրամարով
1978 Ապրեք ուրախության մեջ Живите в радости Բացիլա
1978 Նավապետ Վրունգելի նոր արկածները Новые приключения капитана Врунгеля գործակալ Կատաղի Գարի
1978 Փողոցներով կոմոդ էին տանում По улицам комод водили պրոֆեսոր
1984 Տիեզերական ոդիսական 2010 2010: The Year We Make Contact Վլադիմիր Ռուդենկո
1984 Մոսկվան Հուդզոնի վրա Moscow on the Hudson Բորիս
1986 Զինված է և վտանգավոր Armed And Dangerous պահպանության աշխատակից
1987 Մորգան Ստյուարտի վերադարձը Morgan Stewart’s Coming Home Իվան Վինդիկով
1987 Երկակի գործակալ Double Agent Յուրի
1988 Կարմիր տապ Red Heat Գրիգորի Մազուրսկի
1989 Տանգոն ու Կեշը Tango And Cash ավտոմեքենայի սեփականատերը
1993 Նաստյա Настя գող
1993 Ռուսական բիզնես Русский бизнес քեռի Վասյա
1994 Սիրային պատմություն Love Affair ռուս նավաստի

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Find A Grave — 1996.
  2. 2,0 2,1 2,2 Вдова Савелия Крамарова: «Савик был уверен, что его сглазили» стр.7 — 7Дней.ру
  3. https://books.google.ch/books?id=Dd9aONENAxgC&pg=PA745&lpg=PA745&dq=Крамаров
  4. Русский комик и еврей-ортодокс
  5. Чтобы получить разрешение на выезд из СССР, Савелий Крамаров написал письмо президенту США Рональду Рейгану, fakty.ua.
  6. Неизвестный бенефис. Савелий Крамаров. Телеканал «Россия»(չաշխատող հղում)
  7. Сичкин Б. «Мы смеёмся, чтобы не сойти с ума»
  8. 8,0 8,1 Сердцеед Савелий, «Вечерняя Москва», № 192 (23990) от 12.10.2004.(չաշխատող հղում)
  9. Любимец миллионов Савелий Крамаров | KM.RU
  10. Крамаров Савелий Викторович, сайт «Актёры советского и российского кино».
  11. 11,0 11,1 «Russia-IC / People / Culture & Art / K / Saveli Kramarov». Վերցված է 2013 թ․ փետրվարի 26-ին.