Ջոն Դոպերա
Ջոն Դոպերա | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 6, 1893 |
Ծննդավայր | Շաշտին-Ստրաժե, Senica District, Սլովակիա |
Մահացել է | հունվարի 3, 1988 (94 տարեկան) |
Մահվան վայր | Գրանթս Փաս, Օրեգոն, ԱՄՆ |
Մասնագիտություն | ձեռնարկատեր և գյուտարար |
John Dopyera Վիքիպահեստում |
Ջոն Դոպերա (անգլ.՝ John Dopyera, սլովակ.՝ Ján Dopjera, Յան Դոպերա, հուլիսի 6, 1893, Շաշտին-Ստրաժե, Senica District, Սլովակիա - հունվարի 3, 1988, Գրանթս Փաս, Օրեգոն, ԱՄՆ), սլովենական ծագմամբ ամերիկացի գյուտարար, գործարար։ Նրա գյուտերից են ռեզոնատոր կիթառը և այլ կարևոր մշակումներ էլեկտրակիթառի զարգացման ամենավաղ փուլերում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոն Դոպերան ծնվել է 1893 թվականին Շաշտին-Ստրաժեում, բազմազավակ ընտանիքում։ Նրա հայրը՝ Յոզեֆ Դոպերան, Դոլնեյ Կրուպեում (այժմ՝ Տրնավայի երկրամաս, Սլովակիա) աշխատել է որպես հանքափոր, որտեղ ընտանիքը տեղափոխվել էր Ջոնի ծնունդից անմիջապես հետո։ Հայրն ունեցել է երաժշտական տաղանդ, նվագել և մշակել է ջութակ։ Ջոնը իր առաջին ջութակը ստեղծել է պատանի տարիքում հոր ղեկավարությամբ։ 1908 թվականին Դոպերա ընտանիքը, զգալով Եվրոպայում խոշոր պատերազմի վտանգը, տեղափոխվել է ԱՄՆ։ 1920 թվականին Ջոնը Լոս Անջելեսում բացել է իր սեփական խանութը, որտեղ պատրաստել և վերանորոգել է ջութակ, բանջո և այլ փայտե լարային գործիքներ։ Այդ ընթացքում Դոպերան արտոնագրել է բանջոյի մի քանի բարելավումներ։
1925 թվականին ամերիկացի ձեռնարկատեր, երաժիշտ Ժորժ Բոշամը խնդրում է Դոպերային ստեղծել ավելի բարձր ձայնով կիթառ։ Բոշամին պետք էր այնպիսի կիթառ, որը լսելի կլինի նվագախմբի մեջ։ Դոպերան մշակել է կիթառը երեք ալյումինե ռեզոնատորներով՝ տեղադրված կամրջի տակ, ինչը կիթառի ձայնն ավելի էր բարձրացնում սովորականից։ Կիթառի ձայնը հարուստ էր և մետաղական։ Դրանից հետո Ջոնը, նրա եղբայրներ Ռուդին, Էմիլը և այլ համահեղինակներ հիմնադրել են ազգային լարային գործիքների ընկերությունը (National String Instrument Corporation), որը ստեղծում և վաճառում է կիթառներ այն երաժիշտներին, որոնք աշխատում են կինոյում կամ ջազ ակումբներում։ Մի քանի տարի անց եղբայրները հեռանում են ընկերությունից՝ հիմնադրելու Dobro Manufacturing Company։ Ընկերության անունը ստեղծվել է եղբայրների ազգանվան և «bro» (եղբայրներ) մասնիկներից, ամբողջական բառը սլովեներեն նշանակում է «լավ»։ Ընկերության կարգախոսը դարձավ՝ «Դոբրո նշանակում է լավ ցանկացած լեզվով»։
1932 թվականին, աշխատելով վարպետ Արթ Սթիմսոնի հետ[1], Դոպերան հնարեց կիթառի նոր դիզայն, որը հետագայում հայտնի դարձավ որպես արդյունաբերական մեթոդներով արտադրված աշխարհի առաջին էլեկտրական իսպանական կիթառ[2][3]։
Դոպերան նաև հորինել է նվագալարը սեղմելու մի սարք։ Դոպերան ստացել է մի շարք գյուտերի արտոնագրեր, այդ թվում մի շարք լարային գործիքների ձևափոխման համար, մասնավորապես բարելավել է ջութակներ և բանջոներ, ստեղծել է էլեկտրաջութակի գյուտը։
Դոպերան մահացել է 94 տարեկան հասակում, 1988 թվականին՝ իր կյանքի ընթացքում գրանցելով շուրջ 40 արտոնագրեր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Tutmarc, Paul (1896-1972), and his Audiovox Electric Guitars - HistoryLink.org». www.historylink.org. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
- ↑ https://www.google.com/patents/US1962919?dq=Us1962919&hl=en&sa=X&ei=OPggU8q-BIbgkgXDwIDQCg&ved=0CDYQ6AEwAA
- ↑ http://www.google.com/patents/US2078350
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Դոպերա» հոդվածին։ |