Պոմպեյ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պոմպեյ (այլ կիրառումներ)
Պոմպեյ | |
Հերկուլանում և Տորե Անունցիատա* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Պոմպեյի փողոցներից մեկը | |
Երկիր | Իտալիա |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | iii, iv, v |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա |
Կոորդինատներ | 40°45′04″ հս․ լ. 14°29′24″ ավ. ե.HGЯO |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1997 (21-րդ նստաշրջան) |
Համար | 829 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Պոմպեյ[1] (լատին․՝ Pompeji, իտալ.՝ Pompei), հնադարյան քաղաք Իտալիայում, Նեապոլից 16 կմ հարավ-արևմուտք։ Կործանվել է Հերկուլանում և Ստաբիա քաղաքների հետ միասին մ.թ. 79 թվականի օգոստոսին Վեզուվի ժայթքման հետևանքով։ Քաղաքն իր 5000 բնակիչներով անհետացել է երկրի երեսից։
Մի քանի մետր մոխրի շերտի տակ գտնվելով՝ մինչև մեր օրերը պահպանվել են քաղաքի տաճարների, սյուների ավերակները, նաև մարդկանց ոսկորների մնացորդներ։ Ներկայումս քաղաքի արևելյան կողմում գտնվում է համանուն փոքր քաղաքը։
Պոմպեյի ամենանշանավոր բնակավայրերից է «Առեղծվածների ամառանոցը», որն ունի գինու մառան և պատկերասրահ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոմպեյը եղել է Հին Հռոմի երբեմնի ծաղկուն քաղաքներից մեկը։ Երբ 79 թվականին ժայթքեց Վեզուվի հրաբուխը, լավան մեծ արագությամբ ծածկեց քաղաքը և հիմնավորապես «կանգնեցրեց» ժամանակն այդտեղ։ Այսօր պեղված վայրը իրենից ներկայացնում է իր նմանը չունեցող Հին Հռոմի առօրյա պատկերը։ Ոչ վաղ անցյալում կատարված պեղումները ցույց տվեցին, որ մ. թ. ա. 1-ին հազարամյակում ժամանակակից Նոլա քաղաքի մոտակայքում գոյություն է ունեցել բնակավայր և մ. թ. ա. 7-րդ դարում մոտեցել է գետաբերանին[2]։ Պոմպեոսի նոր բնակավայրը հիմնադրվել է մ. թ. ա. 6-րդ դարում, օսկերի կողմից։ Նրանց անվանումն ավելի շուտ ծագում է օսկերեն ― pumpe (հինգ)-ից և հայտնի է քաղաքի հիմնադրման պահից, ինչը վկայում է, որ Պոմպեոսը հինգ բնակավայրերի միաձուլման արդյունք էր։ 5 ընտրական տեղամասերի բաժանումը պահպանվում էր նաև հռոմեական ժամանակներում։ Մեկ այլ տարբերակով անվանումն առաջացել է հունական pompe (հաղթական երթ)-ից. ըստ Հերակլեսի կողմից Պոմպեոս և Հերկուլանում քաղաքների հիմնադրման լեգենդի, ով, հաղթելով հսկա Հերիոնին, հանդիսավոր երթով անցնում էր քաղաքով։
Քաղաքի վաղ պատմությունից քիչ տեղեկություններ են հայտնի։ Պահպանված աղբյուրները վկայում են հույների և էտրուսկների միջև բախումների մասին։ Որոշ ժամանակ Պոմպեոսը պատկանում էր կումերին քաղաքին, մ.թ.ա. VI դարի վերջերին գտնվում էր էտրուսկների տիրապետության տակ և Կապույա քաղաքի գլխավորությամբ մտնում էր քաղաքների միավորման մեջ։ Ընդ որում մ. թ. ա 525 թվականին ի պատիվ հունական աստվածների կառուցվեց դորիական տաճար։ Չինաստանում, Սիրակուզներում մ. թ. ա. 474 թվականին էտրուսկների ջախջախվելուց հետո տարածաշրջանը նորից անցավ հույների տիրապետության տակ։ Մ. թ. ա. 5-րդ դարի 20-ական թվականներին Կամպանիայի մյուս քաղաքների հետ գրավվեց սամնիթների կողմից[3]։ Երկրորդ Սամնիթական պատերազմի ընթացքում սամնիթները ջախջախվեցին Հռոմեական Հանրապետության կողմից, իսկ Պոմպեոսը մոտավորապես մ. թ. ա. 310 թվականին դարձան Հռոմի դաշնակիցը։
Քաղաքը մասնակցել է իտալական դաշնակից քաղաքների մ. թ. ա. 90-88 թվականների ապստամբությանը, որի ընթացքում մ. թ. ա. 89 թվականին գրավվեց Սուլլայի կողմից, որից հետո սահմանափակվեց ինքնիշխանությունը և դարձրեց հռոմեական գաղութ՝ Colonia Cornelia Veneria Pompeianorum։ Կարևոր տեղ էր զբաղեցնում «Վիա Ապպիա» (Via Appia) առևտրային ուղու վրա, որը միացնում էր Հռոմը և Հարավային Իտալիան։ Պոմպեոսում վիլլաներ ունեին շատ նշանավոր հռոմեացիներ։ Գոյութնուն ունեն ապացույցներ, որ շուրջ 2000 հռոմեական վետերաններ իրենց ընտանիքների հետ տեղավորվել են քաղաքի հարավարևելյան մասի մեծ պարսպապատ տարածքում։ Հայտնի չէ, թե արդյո՞ք քաղաքի այդ մասերը բռնագրավվել են իրենց սեփականատերերից այդ նպատակի համար։
Տիկիտոսի հաղորդմամբ՝ մ. թ. 59 թվականին տեղի է ունեցել դաժան մարտ Պոմպեոսի և Նուցերիոսի բնակիչների միջև[4]։ Սկսվելով պոմպեյան արենայում գլադիատորական մրցումների ժամանակ փոխադարձ հայհոյանքներից, կոնֆլիկտը վերաճեց ծեծկռտուքի, որում հաղթանակ տարան պոմպեոսցիները, իսկ նուցերիոսցիների շարքերում շատ մարդիկ զոհվեցին կամ հաշմանդամներ դարձան։ Երկարատև հետաքննությունից հետո Սենատը մեղավորներին աքսորեց և 10 տարով արգելեց պոմպեոսում մրցումներ անցկացնել։ Ընդ որում, արդեն 62 թվականին արգելքը վերացվեց։
Վեզուվի ժայթքում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժայթքումը տեղի է ունեցել ամեն տարի օգոստոսի 23-ին Հին Հռոմում անցկացվող կրակի (այդ թվում նաև՝ հրաբխից ելնող) Վուլկան աստծո տոնակատարության հաջորդ օրը՝ մ.թ.79 թվականի օգոստոսի 24-ին[5]։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 10 կմ հեռավորությունից արձակված 250 °C ջերմությունը բավարար էր մարդկանց ակնթարթորեն սպանելու համար, եթե նույնիսկ նրանք պաշտպանված լինեին ծածկերի տակ[6]։
Քաղաքի կործանումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրաբխային ժայթքման հիմանական պատճառը երկրաշարժն էր, որը տեղի է ունեցել մեր թվարկության 62 թվականի փետրվարի 5-ին, և նկարագրված է Տացիտայի «Աննալներ»-ում[7]։ Աղետը մեծ կորուստներ հասցրեց քաղաքին, մասնավորապես՝ բոլոր կառույցները վնասվեցին։ Շինությունների մեծ մասը հետագայում վերանորոգվեց, սակայն աղետից մնացած ճեղքերը պահպանվեցին մինչև քաղաքի վերջնական ավերումը՝ 79 թվականը[8]։
Վեզուվիի ժայթքումը սկսվել էր դեռևս 79 թվականի օգոստոսի 24-ից և շարունակվել օրեր, ինչի մասին վկայում են որոշակիորեն պահպաված մոնուսկրիպտներ, որոնք գրառել է Պլինիի Կրտսերն իր «Նամակներ»-ում[9]։ Աղետը հանգեցրեց երեք քաղաքների՝ Պոմպեյի, Գերկուլանումի, Ստամիայի և հարակից փոքր շրջանների ու գյուղերի կործանմանը։ Պեղումների արդյունքում պարզվեց, որ քաղաքներում ամեն ինչ պահպանվել էր այնպես, ինչպես աղետից առաջ էր։
Մոխրի բազմամետր շերտերի հաստության տակ գտնվել են փողոցներ, ամբողջովին կահավորված տներ, մարդկային և կենդանական մնացորդներ, ովքեր չէին հասցրել փրկվել։ Աղետի ուժգնության հզորությունն այնքան մեծ էր, որ մոխիրը տարածվել և հասել էր մինչև Եգիպտոս և Սիրիա։
Քաղաքի 20 000 բնակչությունից՝ 200 բնակիչներ զոհվել էին կառույցների մեջ։ Բնակչության մեծամասնությունը քաղաքը լքել էր մինչևը հրաբխի ժայթքելը, սակայն գտածոները վկայում են քաղաքից դուրս զոհերի մասին, այդ իսկ պատճառով տուժածների հստակ քանակը հայտնի չէ։
Վախճանվածների թվում էր նաև Պլինի Ավագը, ով գիտական դրդումով և տուժածներին օգնելու մտադրությամբ հայտնվել էր աղետի կենտրոններից մեկում՝ Ստաբիում[10]։
Պեղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պեմզայի բեկորների և 6 - 6.5 մ հաստության մոխրի շերտով ծածկված Պոմպեյում մասնակի պեղումներ են կատարվել դեռևս 1748-ից։ Կանոնավոր պեղումներն սկսվել են 1808 - 1815-ից՝ Նեապոլի թագավոր, մարշալ Յոախիմ Մյուրատի նախաձեռնությամբ։
Պոմպեյի լայնածավալ պեղումները սկսվել են 1860 թ.՝ Ջուզեպպե Ֆիորելիի ղեկավարությամբ։ 1940 -1950-ական թթ․ պեղումները ղեկավարել է իտալացի հնագետ Ամեդեո Մաիուրին։ Բացվել են քաղաքի մեծ մասը, դարպասների մոտ գտնվող դամբարանադաշտը և քաղաքից դուրս՝ ամառանոցային շքեղ տներ։
Հնագետ Դոմենիկո Ֆոնտանան, ով 1592 թվականին ջրանցք էր անցկացնում Սարնո գետից, հայտնաբերել է քաղաքային պարսպի մի մաս։ 1689 թվականին ջրհորի կառուցման ժամանակ հայտնաբերել են հնագույն շինության ավերակներ, որտեղ կար «Պոմպեյ» գրառումը։ Այն ժամանակ, սակայն, կարծեցին, որ հայտնաբերել են Պոմպեոս Մեծի վիլլան։
Հնագիտական պեղումները սկսցվեցին միայն 1748 թվականին Ռ. Ջ. Ալկուբյերեի գլխավորությամբ, ով վստահ էր, որ հայտնաբերված քաղաքը Ստաբիի քաղաքն է[9]։ Այդ ժամանակ հիմնական աշխատանքները տարվել են Հերկուլանումում, Պոմպեյում պեղումների ժամանակ հայտնաբերվել են միայն երեք, իրար հետ որևէ կապ չունեցող հատվածներ։ Ալկուբյերեին հետաքրքրում էին միայն գեղարվեստական արժեքներ ունեցող գտածոներ, որոնք նա ուղարկում էր Պորտիչիում գտնվող թագավորական թանգարանը։ Այլ գտածոները ոչնչացվում էին։ Այդ պրակտիկան դադարեցվեց մի շարք գիտնականների բողոքից հետո։
Ֆ. լը Վեգայի գլխավորությամբ 1760-1804 թվականներին հնագիտական պեղումները այլ բնույթ են կրել։ Ուսումնասիրված շինությունները դադարել են ծածկել այնտեղից դուրս բերված հողով, այն սկսել են տանել քաղաքի սահմաններից դուրս։ Բաց հուշարձանները վերակառուցվում էին, իսկ այն գտածոները, որոնք չէին ուղարկվում թանգարան, մնում էին տեղում, բոլորին տեսանելի լինելու նպատակով։ Մշակվել էր էքսկուրսիոն ուղի։ 1763 թվականին հայտաբերված արձանի պատվանդանի գրառումից պարզ դարձավ, որ մոխիրի տակ թաղված քաղաքը ոչ թե Ստաբիի քաղաքն է, այլ Պոմպեյը[11]։ Առանձնահատուկ ակտիվությամբ հնագիտական պեղումները անց են կացվել 1808-1814 թվականներին Մյուրատի օրոք։ Նրանցում մեծ դեր էր խաղում Կարոլինա Բոնապարտը։
1863 թվականին պեղումները գլխավորում էր Ջուզեպպե Ֆիորելլին։ 1870 թվականին նա հայտնաբերեց, որ հրաբխային մոխիրի տակ թաղված մարդկանց և կենդանիների տեղում դատարկ տեղեր են հայտնվել։ Լցնելով այդ դատարկ տեղերը գիպսով, հաջողվեց վերականգնել հրաբխային ժայթքման ժամանակ զոհերի կեցվածքները մահվանից առաջ։ Նրա օրոք պեղումները ստացել են պարբերական բնույթ։
1961 թվականից սկսած, և հատկապես 1980 թվականի երկրաշարժից հետո, քաղաքում տարվում են միայն վերականգնողական աշխատանքներ։ Ներկա դրությամբ Պոմպեյի տարածքի մոտ 20-25%-ը պեղված չէ[12]։
Որմնանկարների ոճեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հռոմեական տների պատերը ներսից պատված էին որմնանկարներով՝ ըստ Պոմպեյի, Հերկուլանումի և Ստաբիի վրա կատարված ուսումնասիրությունների։ Գերմանացի գիտնական Ավգուստ Մայը 1882 թվականին առաջարկեց պոմպեյական որմնանկարները բաժանել 4 ոճերի։ Հետագայում այլ հուշարձանների հայտնաբերման հետ, այս դասակարգումը տարածված էր ողջ հռոմեական որմնանկարչության մեջ։ Այստեղ նշված ժամանակային շրջանները հատուկ են Պոմպեյին. Հռոմում և այլ քաղաքներում տվյալները կարող են տարբերվել։
- Դրվագազարդում կամ ստրուկտուրալային (Մ.թ.ա 150-80 թվականներ), բնութագրվում է ռուստիկայով (շարում կամ երեսպատում կոշտ, արտաքին երեսից ուռուցիկ քարերով) և նախշազարդերով՝ մոդելավորելով երեսպատումը մարմարյա սալերով։ Այն հայտնվել է հելլենիստական արվեստի ազդեցությամբ. հաճախ հանդիպում է հունական նկարների վերարտադրության մեջ։
- Ճարտարապետական ոճ (Մ.թ.ա 80-14 թթ.), հարթ պատերին պատկերված էին սյուներ, քիվեր, ճարտարապետական կոմպոզիցիաներ, բնապատկերներ, որոնք ստեղծում են ծավալի և հեռուն գնացող տարածության պատրանք։ Որմնանկարների վրա հանդիպում են մարդկանց կազմվածքներ, ստեղծվում են բազում պատկերներով կոմպոզիցիաներ՝ հաճախ դիցաբանական սյուժետներով։
- Եգիպտականացված կամ զարդաքանդակավոր (Մ.թ. 14 թվականից), անցում հարթ զարդաքանդակներին, որոնց շրջանակներում տեղադրված էին նկարներ, սովորաբար հովվերգական թեմատիկայով։
- Ֆանտաստիկ կամ հեռանկարային-զարդաքանդակավոր (Մ.թ. 62 թվականից), հայտնվում են ֆանտաստիկ բնապատկերներ, երևակայական ճարտարապետությունը հիշեցնում է թատերական բեմանկարներ՝ դադարելով ենթարկվել ֆիզիկայի կանոններին։ Մարդկանց պատկերներով նկարները դառնում են ավելի դինամիկ։
Քաղաքային շինություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում պահպանվել են սյունաշարով, այսպես կոչված բազիլիկով, Ապոլոնի տաճարով (մ․ թ․ ա․ II դ․), Ցուպիտերի տաճարով, թերմերով (բաղնիքներով), մահուդի ու մսի շուկաներով ֆորումի, ինչպես նաե դորիական տաճարով եռանկյունի ֆորումի (մ․ թ․ ա․ VI դ․) ավերակները, թատրոններ (մ․ թ․ ա․ III - I դդ․), երգասրահներ (օդեոններ), ամֆիթատրոններ (մ․ թ․ ա․ I դ․) և այլն։
Եռանկյունի ֆորումից արևելք գտնվում են բազմաթիվ հասարակական շենքեր (Իսիսի տաճարը, գլադիատորների զորանոցները և այլն), քանդակներով, խճանկարներով ու որմնանկարներով զարդարված բնակելի տներ։ Թերմերում պահպանվել են նախշերով ու հարթաքանդակներով ֆրիզներ (ծոփորներ), խճանկար հատակներ, բաղնիքներ և այլն։ Պոմպեյի հանկարծակի կործանման հետևանքով տների, կրպակների, գինետների, հասարակական շենքերի ողջ կահավորանքը պահպանվել է։ Ուստի այն I դ․ Հռոմեական կայսրության տնտեսության, կենցաղի, մշակույթի և այլնի վերաբերյալ կարևոր տեղեկությունների աղբյուր է։
Ֆորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոմպեյի ֆորումը համարվում է քաղաքի քաղաքական, տնտեսական և կրոնական կյանքի կենտրոնը։ Նրա հիմքը կազմում էր 38 x 157 մ մակերեսով հրապարակը, որը սամնիտների դարաշրջանում սյունազարդ նախասրահով շրջապատվել էր դորիական սյուներով, իսկ հռոմեացիների կողմից սալարկվել է տրավերտինով։ Այն ունակ էր իր մեջ տեղավորել ամբողջ քաղաքի բնակչությունը։ Մեծ հրապարակը շրջապատված են երկրորդական հրապարակներով, ինչպես նաև տարբեր նշանակության բազմաթիվ կառույցներով։
Բազիլիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է հրապարակից դեպի հարավ և նրա վրա բացվում է 5 մուտք ունեցող երկակի սյունազարդ նախասրահով։ Կառուցվել է մ.թ.ա. 120-78 թվականներին, ունի 25 x 55մ մակերես։ Նրա կենտրոնական մասը պերիստիլ էր համարվում և այն շրջապատված էր 1,10 մ տրամագիծ և մոտ 10 մ բարձրություն ունեցող 28 կորնթոսյան սյուներով։ Ի սկզբանե այն փակ շուկայի դեր էր կատարում, մեր թվարկության սկզբից այն դարձել է դատարանի շենք։ Այդ ժամանակ բազիլիկայի խորքում կառուցվել է երկու հարկանի «տրիբունալ», որի մի մասը պահպանվել է մինչ օրս։
Բազիլիկի պատերը ներսից զարդարված են կիսասյուների երկու շարքով։ Պատերի վրա թողնվել են բազմաթիվ գրաֆիտիներ, որոնցից մեկում ասվում է. «Օ՜, պատ, զարմանում եմ, թե ինչպես դու մինչև հիմա չես քանդվել այդքան մեծաքանակ գրությունների ծանրության տակ»։
Քաղաքապետարանի կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆորումի հարավային մասում գտնվում են երեք ոչ մեծ շինություններ։ Դրանցից յուրաքանչյուրի ներսում գտնվում էր որմնախորշով և աբսիդով սրահ, որը երեսպատված է մարմարով և զարդարված է քանդակներով։ Արևմտյան շինությունը նախատեսված էր երկու էդիլների համար, իսկ արևելյանը՝ քաղաքը ղեկավարող դուումվիրների համար։ Կենտրոնականը ծառայում էր որպես քաղաքային խորհրդի (լատին․՝ Ordo Decurionum) նիստերի անցկացման վայր։
Կոմիտիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոմիտիաները (ընտրությունների անցկացման վայր) գտնվում էին բազիլիկի առջև։
Եվմախիայի շենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառուցվել է քրմուհի Եվմահիայի կողմից Տիբերիոսի ժամանակաշրջանում (մ.թ. 14-37 թվականներ) մահուդագործների, ջուլհակագործների, ներկարարների կորպորացիաների համար, որոնք կազմում էին Պոմպեյի տնտեսության հիմքը։ Չափերով կառույցը չէր զիջում բազիլիկին, այնտեղ գտնվում էին պահեստները և գործվածքների առևտուր էր իրականացվում։ Կառույցի հեռու ընկած պատի մոտ գտնվում էին երեք աբսիդներ Լիվիայի, Տիբերիոսի և Դրուզի արձաններով։ Կառույցի ետևի մասում կանգնած էր Եվմախիայի արձանը (այժմ այն ցուցադրված է Նեապոլի թանգարանում)։
Վեսպասիանի տաճար
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոչ մեծ տաճար, նվիրված Վեսպասիանոսի հովանավոր ոգուն, որի մուտքը զարդարված էր 4 սյուններից բաղկացած սյունասրահով։ Մուտքի մոտ տանում էին հարթակի կողքերով անցնող կայսրի արձանով երկու սանդուղքներ։ Տաճարի դիմաց գտնվում էր զոհասեղանը, որի վրա պատկերված է ցուլի զոհաբերության արարողության մակերևութապատկերը։ Որոշ հետազոտողներ ենթադրում են, որ տաճարը ի սկզբանե նվիրված էր Օգոստոսին, այնուհետև հաջորդաբար այդ պահին իշխող կայսրին և, ի վերջո, Վեսպասիանին։
Լարերի տաճար
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառուցվել է մ. թ. 62 թվականին, երկրաշարժից հետո (այլ վարկածով, գոյություն է ունեցել նաև դրանից առաջ, սակայն նվիրված է եղել կայսրի պաշտամունքին)։ Զբաղեցնում է 18 x 21մ մակերես։ Մի քանի որմնախորշերում գտնվում էին լարերի արձաններ, կենտրոնում՝ զոհասեղանը։
Մացելում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մացելումը փակ առևտրային շուկա է։ Բաղկացած է 37 x 27մ մակերես ունեցող հրապարակից, որի կենտրոնում գտնվում էր 12 սյուներով ռոտոնդա, որը պահում էր կոնաձև տանիքը, դրա տակ գտնվում էր կենդանի ձկների համար նախատեսված լողավազանը։ Հրապարակի շուրջը տեղակայված էին ոչ մեծ խանութներ։ Մացելումի խորքում գտնվում են երեք համեմատաբար մեծ սրահներ, կենտրոնականում գտնվում էին Օգոստոսի քրոջ՝ Օկտավիայի և նրա որդու՝ Մարկոս Կլավդիոս Մարցելի արձանները, կողքերով վաճառում էին ձուկ և միս։
Յուպիտերի տաճար
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոմպեյի գլխավոր տաճարը գտնվում էր ֆորումի հյուսիսային կողմի կենտրոնում։ Կառուցվել է մ. թ. ա. 150 թվականին (հնարավոր է, էտրուսկական տաճարի տեղում), 3մ բարձրություն, 37մ երկարություն և 17մ լայնություն ունեցող հարթակի վրա։ Երկակի սանդուղքը տանում է դեպի 5 սյուն խորությամբ և 6 սյուն լայնությամբ սյունասրահը, որի ետևում գտնվում է դահլիճ նախատեսված միայն քրմերի համար։ Կողքերից այն զարդարված էր սյունաշարով, իսկ խորքում, երեք որմնախորշերում գտնվում էին Սուլլայի ժամանակաշրջանի Յուպիտերի արձանը (մ.թ.ա. 80-ական թվականներ), որից պահպանվել է միայն գլուխը, ինչպես նաև Յունոնայի և Միներվայի արձանները։ Հատակը շարված էր շեղանկյունաձև քարե սալերով, որոնք ստեղծում էին ծավալային խորանարդների տպավորություն։ Նկուղներում գտնվում էր գանձարանը։ Տաճարը ուժեղ տուժել է 62 թվականի երկրաշարժի ժամանակ։
Սանդուղքի երկու կողմերում գտնվում էին երկու հաղթակամարներ։ Արևմտյանը, հավանաբար, նվիրված էր Գերմանիկոսին, իսկ արևելյանը՝ ապամոնտաժվել էր։ Տաճարի հյուսիսային ծայրամասի մոտ գտնվում է Տիբերիոսին նվիրված կամարը, նրա որմնախորշերում, որոնք ուղղված էին դեպի ֆորումը, գտնվում էին Ներոնի և Դրուզի արձանները։
Ապոլլոնի տաճար
[խմբագրել | խմբագրել կոդը]Դորիական տաճարի հետ մեկտեղ եռանկյունաձև ֆորումում գոյություն ունի ևս մեկ հնագույն Պոմպեյ տաճարը։ Որոշ ճարտարագիտական մանրամասներ թույլ են տալիս այն թվագրել մ.թ.ա 575-550 թվականներին։ Ենթադրաբար, մ. թ. ա. 2-րդ դարում այն վերակառուցվել է, այնուամենայնիվ պահպանել է հունական ճարտարապետության բնորոշ գիծը՝ տաճարի ամբողջ երկայնքով ձգվող սյունաշարը։
Տաճարի գլխավոր մուտքը ուղղված է դեպի բազիլիկը, շրջապատված է սյունասրահով, որտեղ պատկերված են Իլիականից դրվագներով։ Տաճարը շրջապատված է 28 կորնթոսյան սյուներով, նրանցից երկուսը ամբողջությամբ պահպանվել են։ Տաճարի հատակը շարված է նույն տեխնիկայով, ինչպես շարված է Յուպիտերի տաճարում։ Սանդուղքի առջև զոհասեղանն է։ Պանպանվել են նաև Ապոլլոնի բրոնզե արձանը և Դիանայի կիսանդրին (բնօրինակը գտնվում է Նեապոլի թանգարանում, Պոմպեյում՝ ընդօրինակությունը)։ Զոհասեղանից ձախ Օգոստոսի ժամանակաշրջանում բարձրացվել է իոնիական սյուն արեգակնային ժամացույցի համար։
Օգոստոսի Ֆորտունայի տաճար և Կալիգուլայի կամար
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Ֆորումի փողոցի վերջում, որը գնում է Տիբերիոսի կամարից դեպի հյուսիս-արևմուտք։ Չորս կորնթոսյան սյուներից բաղկացած ոչ մեծ տաճարը կառուցվել է դուումվիր Մարկոս Տուլիոսի միջոցներով սեփական հողի վրա։ Տաճարի ներսում կան մի քանի որմնախորշեր Օգոստոսի, նրա ընտանիքի անդամների, և, հնարավոր է, հենց Տուլիոսի արձանների համար։
Տաճարի ետևում Ֆորումի փողոցը շարունակվում է որպես Մերկուրիի փողոց։ Նրա սկզբում տեղակայված է Կալիգուլայի հաղթակամարը (կառավարել է մ. թ. 37-41 թվականներին), որը շարված է աղյուսից ու երեսպատված է տրավերտինով (երեսպատման մնացորդները պահպանվել են միայն հիմքի մոտ)։ Կամարի մոտ հայտնաբերվել է կայսրի ձիարձանը, որը, հավանաբար, գտնվում էր նրա վրա։
Այլ կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուպիտերի տաճարից հարավ-արևմուտք գտնվում էին հասարակական հարդարանը, հացահատիկի առևտրի համար նախատեսված պահեստները (այժմ դրանցում պահվում են հնագիտական գտածոները) և քաշայինը՝ այն տեղը, որտեղ պահվում էին հռոմեական չափման միավորների չափանիշները, որոնցով ստուգվում էին նրանք, որոնք կիրառում էին առևտրականները ֆորումում։
Հասարակական կառույցների համալիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Եռանկյուն ֆորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Եռանկյունաձև հրապարակ, որը շրջապատված է 95 իոնիական սյուներից բաղկացած սյունաշարով։ Հյուսիսային անկյունում գտնվել են 6 իոնիական սյուներով պրոպիլեյները, արևելքում միանում է Սամնիտական մարզարանով, Մեծ թատրոնով և, երկար սանդուղքով քառանկյուն սյունասրահով, որտեղ հավաքվում էր հանդիսատեսը ներկայացումից առաջ և հետո։
Հրապարակում տեղակայված է մ. թ. ա. 6-րդ դարի հունական տաճար (Դորիական տաճար), որը նվիրված էր Հերակլին՝ քաղաքի առասպելական հիմնադրին։ Տաճարն ուներ 21x28 մ չափսեր, կառուցված էր տուֆից, հարավային մասից նրա մոտ տանում էր նեղ սանդուղք։ Տաճարի ետևում գտնվում էր արևային ժամացույցը։ Բոլոր կողմերից շրջապատված էր սյունաշարով՝ 7 սյուն կարճ և 11 սյուն՝ երկար կողմով։
Սամնիտական մարզարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն ընծայական գրառմանը, կառուցված է դուումվիր Վիվիյ Վինիցիի կողմից մ. թ. ա. 2-րդ դարի երկրորդ կեսին։ Երեք կողմերից այն շրջապատված էր սյունասրահներով, հարավային կողմում գտնվում էր պատվանդանը, որտեղ անց էին կացվում մրցանակաբաշխությունները, արևմտյան կողմից կառուցված էին կենցաղային շինություններ։ Իր փոքր չափսերի շնորհիվ, Օգոստոսի ժամանակաշրջանում այլևս չէր տեղավորում բոլոր ցանկացողներին, ինչից հետո կառուցվել է Մեծ մարզարանը։
Իսիդայի տաճար
[խմբագրել | խմբագրել կոդը]Բակի կենտրոնում, որը սյունասրահով շրջապատված էր կորնթոսյան սյուներով, բարձր պատվանդանի վրա կանգնած էր մ.թ.ա. II դարի վերջի տաճարը, որը 62 թվականի երկրաշարժից հետո վերականգնվել էր 6-ամյա Պոպիդիուս Ցելսինուսի անունից նրա հոր՝ Պոպիդիուս Ամպլիատի կողմից՝ հույս ունենալով այդ կերպ նպաստել որդու ապագա քաղաքական կարիերային։
Տաճարի ճակատային մասը զարդարված է սյունասրահով՝ լայնությամբ 4 սյուն և խորությամբ՝ 2 սյուն։ Կողքերով գտնվում էին որմնախորշեր՝ Անուբիսի և Հարպոկրատի արձանները։ Ինչպես նաև տաճարում կար Նեղոսի ջրով տարողություն։
Յուպիտեր Մեյլիխիոսի տաճար
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառուցվել է մ. թ. ա. 3-2֊րդ դարերում և նվիրված է Զևսին, սակայն վերակառուցվել և հանձնվել է Յուպիտերի պաշտամունքին մ. թ. ա. 80-ական թվականներին։ Իր ձևով նման է Իսիդայի տաճարին, սակայն ունի ավելի խորը ներքին տաճար։ Կառուցված է տուֆից, երեսպատված է մարմարով։
Այլ վարկածով, որը հիմնված է տաճարի տարածքում գտածոների հայտնաբերման վրա, այն նվիրված էր Ասկլեպիոսին։
Քառակուսի ներքնաբակով կառույց
[խմբագրել | խմբագրել կոդը]Քառակուսի ներքնաբակով կառույցը (նախասրահով հրապարակ) ծառայում էր որպես վայր, որտեղ հավաքվում էր հանդիսատեսը բեմադրությունից առաջ և ընդմիջման ժամանակ։ 62 թվականի երկրաշարժից հետո, երբ քաղաքի հյուսիսային հատվածում ավերվել էին գլադիատորների զորանոցները, քառակուսի ներքնաբակով կառույցը դարձրեցին զորանոցներ։ Այստեղ հայտնաբերվել է զենք, որն այժմ պահվում է Նեապոլի ազգային թանգարանում։
Մեծ թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ թատրոնը, որը դարձել էր քաղաքի մշակութային կենտրոնը, կառուցվել է մ. թ. ա. 3-2֊րդ դարերում՝ օգտագործելով բնական իջվածքը հանդիսատեսի համար նստարաններ տեղադրելու համար։ Օգոստոսի օրոք թատրոնը լայնացվել է ճարտարապետ Մարկ Արտորիոսի կողմից Մարկոս Օլկոնիոս Ռուֆի և Մարկոս Օլկոնիոս Ցելերի միջոցներով հողի մակարդակից վերև վերնաշենք կառուցելու ճանապարհով, որը հենարան էր հանդիսանում վերին շարքի համար։ Արդյունքում այն ունակ էր տեղավորել մինչև 5 000 հանդիսատես։ Հնարավոր էր նաև այն փակել ծածկով՝ դրա համար նախատեսված օղակները պահպանվել են մինչ օրս։
Ներքին մի քանի շարքերը (լատին․՝ ima cavea) նախատեսված էին պատվավոր քաղաքացիների համար։ Կողային մուտքերի վերևում գտնվող երկու պատշգամբները նույնպես կառուցվել էին Մարկոս Արտորիոսի կողմից՝ քրմուհիների և ներկայացումների կազմակերպիչների համար։ Բեմը գեղազարդվախ էր սյուններով, քիվերով և արձաններով, որոնք վերագրվում են 62 թվականից հետո ընկած ժամանակին։
Փոքր թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օդեոնը, որը կառուցվել է մ. թ. ա. 80 թվականին դուումվիրներ Մարկոս Պորկիոսի և Կվինկտ Վալգի կողմից, ծածկված էր քառանկյուն կղմինդրի տանիքով։ Ներքին 4 շարքերը վերին շարքերից առանձնանում էին 17 բարձր ճաղաշարերով, որոնցից պահպանվել է ձախ (բեմին համապատասխան) հատվածը։ Թատրոնը ունակ էր տեղավորել մոտ 1 500 հանդիսատես, նրա բեմում անց էին կացվում երաժշտական ներկայացումներ և կատակերգություններ[13]։
Ամֆիթատրոն և Մեծ ներքնաբակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամֆիթատրոնը, որը տեղավորում էր 20 000 հանդիսատես, կառուցվել է մոտ մ. թ. ա. 80 թվականին փոքր թատրոնի հետ միաժամանակ նույն դուումվիրների կողմից։ Այն ունի 125x104 մ մակերես և ներկա դրությամբ համարվում է հնագույն հայտնի ամֆիթատրոն։ Մնացածներից տարբերվում է նրանով, որ դրա մուտքերը գտնվել են դահլիճի վերին հատվածում, ինչպես նաև նկուղային տարածքների բացակայությունը՝ գլադիատորների ելքը մրցարան իրականացվում էր միջանցքի միջով փողոցի կողմից։ Երկրորդ միջանցքով դուրս էին բերում վիրավորներին և սպանվածներին։
Հանդիսատեսի համար տեղերը (cavea) բաժանվում էին երեք մակարդակների՝ առաջինը (ima), գտնվում էր մրցարանի մոտ, ներառում է աստիճանների 5 շարք և նախատեսված էր ազնվական հանդիսատեսի համար։ Երկրորդ մակարդակը (media) բաղկացած էր 12 շարքից, երրորդը՝ (summa) բաղկացած էր 18 շարքից։ Ամենավերին՝ մնացյալ գոտիներից առանձնացված հատվածը, որի մոտ տանում էին առանձին աստիճանները, Օգոստոսի ժամանակներից նախատեսված էր կանանց համար։
Վերևից ամֆիթատրոնը կարող էր ծածկվել տենտով, որը հանդիսատեսին պաշտպանում էր արևից և անձրևից։
Մեծ ներքնաբակը կառուցվել է հռոմեական դարաշրջանում, երբ Սամնիտական ներքնաբակը դադարել է բավարարել աճող քաղաքի պահանջները։ Նախատեսված էր մարմնամարզական վարժությունների և սպորտային միջոցառումների համար։ Իրենից ներկայացնում է 130x140 մ մակերեսով տարածք, որը երեք կողմերից շրջապատված էր իոնիական սյուներով նախասրահով։ Չորրորդ կողմը դուրս էր գալիս ամֆիթատրոն, որտեղ գտնվում էին մուտքերը դեպի ներքնաբակ, որոնք ավերվել են 62 թվականի երկրաշարժի ժամանակ և վերականգնվել opus latericium տեխնիկայով։ Կենտրոնում գտնվում էր լողավազանը (37x4 մ), որտեղ խորությունը սկսվում էր 1 մետրից արևմուտքում մինչև 3 մետր արևելքում։ Հարավային մասում գտնվում էին սանհանգույցները, որոնք մաքրվում էին լողավազանի ջրով։ Հյուսիսային պատը ավերվել է 79 թվականի աղետի ժամանակ և վերականգնվել է հնագետների կողմից։
Սյուններից մեկի վրա հայտնաբերվել է քրիստոնեական գաղտնագրություն։
Թերմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստաբի թերմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի ամենամեծ, հնագույն և լավ պահպանված թերմերը, կառուցվել են մ. թ. ա. 3-րդ դարում։ Թերմերի համալիրը տեղակայված էր սեղանակերպ սյունազարդ սրահի շուրջը, որտեղ գտնվում էին ձիարշավուղին և 15 x 8 x 1,5 մ մակերես ունեցող լողավազանը։ Դրա կողքը գտնվում էին գլադիատորներին ձեթով և ավազով քսելու համար նախատեսված սենյակները (ըմբշամարտի համար)։ Ներքնաբակի պատերը ձևավորված են չորրորդ ոճով, պահպանվել են Զևսի, Հերակլես և Սատիրայի արձանները։
Տղամարդկանց բաղնիքները մուտքեր ունեին ինչպես փողոցի, այնպես էլ ներքնաբակի կողմից։ Սկզբում մտնողը հայտնվում էր ապոդիտերիումում՝ կամարներով հանդերձարան, որի պատերը զարդարված են Փլավիոսների ժամանակաշրջանի որմնանկարներով (սիրո աստվածություններ, Բաքոսի քրմուհիներ, զինադրվագներ), մարմարե նստարաններով և հագուստը պահելու համար նախատեսված որմնախորշերով։ Այնուհետև գտնվում էր տեպիդարիումը (տաք բաղնիքները), որոնցից ձախ գտնվում էր ֆրիգիդարիումը՝ սառը ջրով լի լողավազանով սրահ։ Տեպիդարիումի ետևում գտնվում էր կալդարիումը՝ տաք ջրով լի լողավազանով և սառը ջրով լի տարայով սրահ։
Կանացի բաղնիքներում չկար ֆրիգիդարիում (սառը ջրով լողավազանը գտնվում էր հանդերձարանում), սակայն իրենց մեջ ներառում էին շոգեբաղնիք։ Բաղնիքների միջև կային վառարաններ սառը, տաք և շատ տաք ջրով։
Ֆորումի թերմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոմպեյի ամենափոքր, սակայն ամենագեղեցիկ թերմերն են։ Նախատեսված էին հիմնականում քաղաքի հյուրերի, այլ ոչ թե նրա բնակիչների համար։ Կառուցվել են դուումվիր Լուցիոս Ցեզիոսի կողմից մ. թ. ա. 1-ին դարում։ Մուտքը Ֆորումի փողոցից տանում էր դեպի տղամարդկանց բաժնի ներքնաբակը։ Այնտեղից, ինչպես նաև Թերմերի փողոցից, կարելի էր մուտք գործել ապոդիտերում, այնտեղից՝ ֆրիգիդարիում կամ տեպիդարիում և այնուհետև երկու լոգարաններով կալդարիում։ Կանանց բաժինը բաղկացած էր միայն հանդերձարանից, տեպիդարիումից և կալդարիումից, ինչպես նաև ոչ մեծ ներքին այգուց։ Պատերի վրա պահպանվել են որմնանկարներ, օրինակ՝ տեպիդարիումի «Ատլանտները»։ Հետաքրքիր է ֆրիգիդարիումը, որը հիշեցնում էր Վերածննդի դարաշրջանի մկրտական եկեղեցին։
Կենտրոնական թերմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառուցվել են մ. թ. 62 թվականի երկրաշարժից հետո, սակայն 79 թվականին այդպես էլ չի ավարտվել լողավազանի շինարարությունը, իսկ ներքնաբակի նախասրահը նույնիսկ չի սկսվել։ Խողովակներն, որոնցով մատակարարվում էր ջուրը, արդեն գոյություն ունեին, սակայն վառարանները այդպես էլ չեն տեղադրվել։ Ունեին սրահների մի ամբողջ հավաքածու, սակայն միայն մեկ օրինակով (առանց տղամարդկանց և կանանց բաժինների)։
Արվարձանային թերմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում էին Ծովային դարպասներից 100 մետր հեռավորության վրա արհեստական սանդղավանդի վրա։ Իրենց դիրքի պատճառով հայտնաբերվել և թալանվել են դեռևս հնագույն ժամանակներում։ Դրանց հետաքրքիր առանձնահատկությունն են համարվում ծովի վրա նայող մեծ պատուհանները։ Լողավազանները զարդարված են որմնանկարներով՝ ջրվեժների և լեռնային քարանձավների պատկերներով, ինչպես նաև խճանկարներով։ Սակայն թերմերը իրենց հայտնիությունը ձեռք են բերել չորրորդ ոճի 16 էրոտիկ որմնանկարների շնորհիվ, որոնք հայտնաբերվել են 1990-ական թվականներին ապոդիտերիումում։ Դրանց առկայությունը վարկած էր առաջացրել, որ շինության երկրորդ հարկում գործում էր լուպանարիումը՝ հասարակաց տունը, ինչը, սակայն, հերքվում է հնագետների և բազմաթիվ պատմաբանների կողմից, որոնք ուսումնասիրում են թերմերը։
Լուպանար
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուպանարը, այնուամենայնիվ, գոյություն ուներ քաղաքում։ Այն հայտնաբերվել է 1862 թվականին, այդ պահից սկսած մի քանի անգամ վերակառուցվել է։ Վերջին վերակառուցումը ավարտվել է 2006 թվականին[14], նախավերջինը՝ 1949 թվականին։ Այդ երկուհարկանի շինությունը ամեն հարկում ունի հինգ ննջարան։ Նախասենյակում պատերը ծածկված են էրոտիկ բնույթի որմնանկարներով։ Առաջին հարկի ննջարաններում անկողինները քարից են (ծածկված ներքնակներով), իսկ պատերի վրա պատկերված է գրաֆիտի[15][16]։
Լուպանարից բացի քաղաքում գոյություն ունեին մարմնավաճառության համար նախատեսված առնվազն 25 առանձին սենյակ, որոնք առավել հաճախ գտնվում էին գինու խանութների վերևում։ Այդպիսի ծառայությունների արժեքը Պոմպեյում կազմում էր 2-8 ասս։ Աշխատակազմը հիմնականում բաղկացած էր հույն կամ արևելյան ծագում ունեցող ստրկուհիներից։
Արտադրական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սննդով ապահովում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոմպեյում հայտնաբերվել է 34 հացի փուռ, որոնք ամբողջությամբ բավարարում էին քաղաքացիների կարիքները և իրենց արտադրանքը արտահանում էին հարևան բնակավայրեր։ Առավել հայտնի են Պոպիդիյ Պրիսկի և Ստաբի փողոցում գտնվող հացի փռերը։ Ստաբի փռում պահպանվել են 5 ձեռքի աղացներ։ Երկու տիպի աղորիքներ՝ մեկը անշարժ կոնանման (meta), մյուսը՝ ավազի ժամացույցի տեսքով առանց հատակի և կտուրի (catillus)։ Փողրակի վերևի անցքի մեջ հացահատիկ էր լցվում, և այն շարժման մեջ էր դրվում ստրուկների կամ եզերի օգնությամբ։ Աղորիքները պատրաստվում էին հրաբխային ապարներից։
Պոմպեյում արտադրվում էր նաև «գարում» ձկան սոուսը, որը մեծ քանակությամբ արտահանվում էր այլ քաղաքներ։ Հայտնաբերվել է այդ սոուսը պատրաստող մի ամբողջ արտադրամաս, որտեղ պահպանվել են ամֆորաներ արտադրանքի փոխադրման համար։ Սոուսի պատրաստման տեխնոլոգիան այսպիսին էր՝ փշերից ազատված և մանրացված ձուկը մի քանի շաբաթ պահում էին աղի (ծովի) ջրում։ Հաճախ ջրի մեջ ավելացնում էին կանաչի, համեմունքներ, գինի։ Դրանով համեմում էին բազմաթիվ կերակրատեսակներ։
Պոմպեյում լավ զարգացած էր թերմոպոլների համակարգը (ընդհանուր առմամբ հաշվվում է 89 այդպիսի կառույց), որոնք մարդկանց մատակարարում էին տաք կերակուրներով և թույլ էին տալիս հրաժարվել տանը կերակուր պատրաստելուց (Պոմպեյում շատերը տանը խոհանոց չունեին)։
Արհեստներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում կարևորագույն արհեստներից մեկը բրդյա կտորների արտադրությունն էր։ Հայտնաբերվել է բրդի մշակման 13 արտադրամաս, 7 մանածագործական և ջուլհակային, 9 ներկարարական գործամաս։ Արտադրության կարևորագույն փուլը բրդի լմումն էր, որը Հին Հռոմում իրականացվում էր ֆուլլոնների կողմից (fullones)։ Տեխնոլոգիաների առանձնահատկությունները թույլ էին տալիս նրանց զբաղվել նաև քաղաքացիների հագուստի լվացմամբ։
Ավելի լայնորեն հայտնի է Պոմպեյի Ստեֆանիա մահուդալմարանը՝ արհեստանոցի ձևափոխված բնակելի տունը։ Ֆուլլոնները բուրդը լմում և լվանում էին կենդանիների քրտինքից և կեղտից ձվաձև կիսատակառներում, որոնցից Ստեֆանիան ուներ 3 հատ։ Այնտեղ նաև իրականացվում էր կեղտոտ հագուստի լվացումը։ Որպես մաքրող հեղուկ օգտագործվում էր սոդան կամ 1-2 շաբաթ պահած մեզը, որով լուծում էին հագուստի ճարպերը։ Մեզի հավաքման համար տարողությունը, օրինակ, գտնվում էր Եվմախիայի շենքում։ Քցելով բուրդը կամ շատ կեղտոտ կտորը կիսատակառի մեջ, ֆուլլոնը ոտքերով տրորում էր դրանք (saltus fullonicus` ֆուլլոնների պարը, այսպես է անվանել այդ գործընթացը Լուցիուս Աննեուս Սենեկան)։
Այնուհետև բուրդը և կտորը պետք է մանրակրկիտ լվացվեր մեծ տարաների մեջ, որոնցից Ստեֆանիան նույնպես ուներ 3 հատ։ Համեմատաբար մաքուր և բարակ շորերը իր մահուդալմարանում լվանում էին նախկին իմպլյուվիումում։ Բացի այդ, մահուդալմարանում կանգնած էին տարաներ հագուստի սպիտակեցման և ներկման համար։ Այստեղ նաև արդուկում էին հագուստը, իսկ տունիկաների համար գոյություն ուներ նաև հատուկ մամլիչ։
Այլ մահուդալմարանում (ընդհանուր առմամբ դրանք Պոմպեյում 18 էին), որը գտնվում էր Մերկուրիի փողոցում, հայտնաբերվել են որմնանկարներ, որոնք լույս են սփռել ֆուլլոնների ամբողջ տեխնոլոգիական գործընթացի վրա[17]։
Բնակելի տներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին հռոմեական արվեստի ստեղծագործությունների բնօրինակների մեծամասնությունը (որմնանկարներ, խճանկարներ) ներկայացված են Նեապոլի ազգային հնագիտական թանգարանում, իսկ տներում գտնվում են կրկնօրինակները։
Ողբերգական բանաստեղծի տուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համարվում է մ.թ.ա. 2-րդ դարի հռոմեական տիպիկ տուն և հայտնի է իր խճանկարային հատակներով և որմնանկարներով, որտեղ պատկերված են տեսարաններ հունական դիցաբանությունից։ Գտնվում է Ֆորումի թերմերի առջև։ Իր անվանումը ստացել է հատակի խճանկարի վրա պատկերված ողբերգական բեմադրությունից։ Տան մուտքի մոտ առկա է շան պատկերով խճանկար և «Cave Canem» գրառում («Զգուշացեք շնից»)։ Մուտքի տարբեր կողմերից գտնվում էին առևտրային տարածքներ։
Ատրիումի պատերը զարդարված էին Զևսի և Հերայի պատկերներով, Իլիականի դրվագներով[18]։ Որմնանկարները տեղափոխվել են Նեապոլի հնագիտական թանգարան։
Վիրաբույժի տուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոմպեյի հնագույն բնակելի տներից մեկն է, որը կառուցվել է մ.թ.ա. 4-3-րդ դարերում։ Իր անվանումը ստացել է նրա համար, որ այնտեղ հայտնաբերվել են բազմաթիվ վիրաբուժական գործիքներ։ Շենքի ճակատային մասը կառուցված է կրաքարային բլոկերից, իսկ ներքին պատերը կառուցված են opus africanum ոճով (իրար վրա շարված ուղղահայաց և հորիզոնական բլոկերից, որոնց միջև պատը շարում էին ավելի մանր քարերով կամ աղյուսով)։ Պահպանվել են առաջին և չորրորդ ոճի որմնանկարներ։
Ֆավնուսի տուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարուստ տունն, որը զբաղեցնում էր չորս փողոցների միջև ընկած տարածությունը (40x110 մ)՝ 3000 մ² մակերեսով, Պոմպեյի ամենաշքեղ տունն էր։ Ենթադրաբար, կառուցվել է քաղաքը զավթողի զարմիկի՝ Պուբլիուս Սուլլայի համար։
Դեպի տուն տանող գլխավոր մուտքի մոտ առկա էր խճանկարային գրություն «HAVE» (բարև), այնտեղից կարելի էր անցնել էտրուսկական (տոսկանական) ատրիում, որը մինչ օրս պահպանել է իմպլյուվիումը (ոչ շատ խորը ջրավազան անձրևաջրերի հավաքման համար) գույնզգույն մարմարից պատրաստված երկրաչափական դրվագազարդումներով և պարող Ֆավնուսի արձանիկով, որտեղից էլ ծագել է տան անվանումը։ Երկրորդ մուտքը տեղակայված էր արևելքում և տանում էր դեպի երկրորդ՝ տետրաստիլ (4 սյունների կողմից պահվող առաստաղով) ատրիումը, որն, ենթադրաբար, նախատեսված էր հյուրերի համար։
Պերիստիլները նույնպես երկուսն էին՝ փոքր և մեծ։ Փոքր պերիստիլից դեպի արևելք գտնվում էին կենցաղային տարածքները՝ խորդանոցը, խոհանոցը և ոչ մեծ մասնավոր բաղնիքները։ Մեծ պերիստիլից պահեստային ելքը տանում էր դեպի փողոց։ Պերիստիլների միջև գտնվում էին տրիկլինիումը և հյուրասենյակը՝ հայտնի խճանկարներով, որտեղ պատկերված է Ալեքսանդր Մակեդոնացու մարտը Դարեհ III-ի հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 53. ISBN 99941-56-03-9.
- ↑ Հին բնակեցում
- ↑ «Պիտեր Կոնոլի, «Հունաստան և Հռոմ» ռազմական պատմության հանրագիտարան». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ Տիկիտոս Աննալներ, XIV, 17
- ↑ «The Destruction of Pompeii, 79 AD». EyeWitness to History. 1999. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Mastrolorenzo et al. 2010, էջ. e11127
- ↑ Patterns of Reconstruction at Pompeii
- ↑ «Page-3 | Visiting Pompeii | World Features». Archaeology.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 19–ին-ին.
- ↑ 9,0 9,1 «Краткая история Помпей». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 19-ին.
- ↑ Письма, VI, 16.
- ↑ Гибель Помпей
- ↑ «Город—призрак исчезнувшей цивилизации». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 19-ին.
- ↑ Michael Vickers Pompeji // Kunst und Kultur alter Völker. Rom. — Erlangen: Karl Müller Verlag, 1991. — С. 59-71.
- ↑ В Помпеях открыт Лупанарий
- ↑ Sarah Levin-Richardson Sex, Sight, and Societas in the Lupanar, Pompeii Արխիվացված 2012-11-20 Wayback Machine // Stanford University, January 2005.
- ↑ McGinn, Thomas «Pompeian Brothels and Social History». Pompeian brothels, Pompeii’s ancient history, mirrors and mysteries, art and nature at Oplontis, the Herculaneum «Basilica» // JRA supplement 47, 2002. pp. 7-46.
- ↑ Подробнее см. Сергеенко М. Е. Простые люди древней Италии — Изд-во «Наука». Москва — Ленинград, 1964. Глава 7
- ↑ «Անթիկ խճանկարներ և որմնանկարներ, պատկերասրահ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 829 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոմպեյ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |