Շուշան հայկական (լատին․՝ Lilium armenum), մինչև 100-110 սմ բարձրությամբ խոշոր, գեղեցիկ սոխարմատավոր բազմամյա ծաղկաբույս է։ Արմատները կարճ են, սովորաբար դասավորված երկու շարահարկով, 10-25 սմ խորության վրա։ Ցողունը խոտային է, ծաղկաբույլը` հուրանաձև, ծաղիկները` խոշոր, ոսկեդեղին։ Տերևները հերթադիր են, նշտարաձև։ Պտուղը բազմասերմ տուփիկ է։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Բազմանում է սոխուկներով։ Սոխուկները բավականին խոշոր են՝ 6-8 սմ տրամագծով, սպիտակավուն, ոչ կիպ կղմինդրաձև դասավորված թեփուկներով։ Դրանց թիվը սովորաբար կազմում է 30-40՝ միջին հաշվով թարմ վիճակում 50-75 և չոր վիճակում 25-30 գրամ քաշով։ Սոխուկները սովորաբար գտնվում են 20-25 սմ խորության վրա (կախված է հողի հզորությունից)[1]։
Հայկական շուշանը դեկորատիվ տեսակետից մեծ արժեք է ներկայացնում։ Այն ունի նաև բուժիչ հատկություն։ Պարունակում է ալկալոիդներ։ Ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է որպես միզամուղ, վերքերը բուժող և հակահոդացավային, տոնուսը բարձրացնող միջոց։ Մեծ ուշադրության արժանի մեղրատու բույս է։
Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ է։ Տարածված է Հյուսիսային Հայաստանի զգալի տարածությունների վրա։ Սակայն բարձր արժեք գեղազարդային հատկանիշների շնորհիվ բավական ակտիվ ոչնչացվում է ծաղկեփնջերի համար ինչը կարող է լուրջ սպառնալիք հանդիսանալ տեսակի համար։ Տարածման շրջանի մակերեսը 20000 կմ²-ից պակաս է, իսկ բնակության շրջանի մակերեսը՝ 2000 կմ²-ից պակաս։ Սպառնալիքի կարգավիճակը, նկատի ունենալով տեսակի համեմատաբար լայն տարածումը և սահմանակից երկրներում (Ղարաբաղ, Հյուսիսարևելյան Անատոլիա) այլ պոպուլյացիաների առկայությունը, սպառնալիքի կարգավիճակը իջեցվել է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված է որպես կրճատվող տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[2]։