Jump to content

Նորագյուղ (Ասկերանի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Նորագյուղ
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանԱսկերանի
ՀամայնքԽոջալուի շրջան և Ասկերանի շրջան
Մակերես2297.7 կմ²
ԲԾՄ634 մետր
Բնակչություն1 517[1] մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուննորագյուղցի
Ժամային գոտիUTC+4
Նորագյուղ (Ասկերանի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Նորագյուղ (Ասկերանի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Նորագյուղ, գյուղ Արցախի Հանրապետության արևելյան հատվածում՝ Ասկերանի շրջանում։ Գտնվում է շրջկենտրոն Ասկերանից՝ 7 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 17 կմ հեռավորության վրա։ Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, «Ասկերանի մանկական երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի Նորագյուղի մասնաճյուղը, բուժկետ, միջնակարգ դպրոց՝ անվանված Արցախի հերոս Վիտալի Պետրոսյանի անունով, որտեղ սովորում է 218 աշակերտ (2015 թվականի տվյալներով)։ 2011 թվականին Նորագյուղում բացվել է մանկապարտեզ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով[2][3]։

Պատմական Արցախում Նոր շեն, Նորագյուղ անունները երևան են եկել հին գյուղերի տեղափոխման արդյունքում։ Նորագյուղ անունը ստացել է հին գյուղի տեղափոխման արդյունքում։ Իրողությունն այն է, որ այսօրվա Նորագյուղը չորս անգամ փոխել է իր տեղը և չորս անգամ կոչվել է Նորագյուղ։ Նորագյուղը շատ դեպքերում անվանում են «դերու շեն», որովհետև այստեղ շատ տերտերներ են եղել։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 1381 1429 1463

Հին բնակավայրի պատմությունը սկսվել է 19-րդ դարասկզբից։ Նորագյուղը նախկինում Երիցուշեն էր։ Նորագյուղի Հոնի Խաչ հուշարձանը գտնվում է համանուն լեռան արևելահայաց լանջի վրա (դեպի Ասկերանի կողմը)։ Այդ վայրը համարվել է սրբավայր։ Հին Նորագյուղի (Նոր Նորագյուղը վերջին տարիներին լեռներից իջել է հարթավայ, Ստեփանակերտի օդանավակայանից դեպի հյուսիս-արևելք) եկեղեցին գտնվում է գյուղի արևմտյան մասում։ Այստեղ Ձորակի կրծքից դուրս է գալիս մի աղբյուր` Վերին ջուր անունով։ Գյուղից դեպի հյուսիս, լեռան վրա Սուրեն Խաչ սրբավայրն է։ Իսկ գյուղից 4-5 կմ հեռավորության վրա, Զնգլ կոչվող տեղամասում կա քարայրի տեսքով մի կացարան, որին տեղացիներն անվանում են Քարե տուն։ Արաբ պատմիչ Իբն ալ-Ասիրն իր պատմության գրքում վկայում է հետևյալը.

Սմբատի որդու լեռներում գտնվող պահակակետի հրամանատարը տեղեկացրեց Սահլ Իբն Սմբատին, Սմբատի որդուն` Սահակին, որ իր մոտ է Բաբեկը։ Իմանալով այդ մասին Սահակը շտապում է Բաբեկի մոտ, սիրաշահում և բերելով իր մոտ` բանտարկում։ Որովհետև Բաբեկը Սահակ իշխանի նկատմամբ շատ չարագործություններ է արել, նա մինչև անգամ բռնաբարել է հայ իշխանի կնոջը, մորը և աղջկան[5]։

Հավաստի տեղեկություններ են պահպանվել Աղվանանց երկրի պատմիչ Մովսես Կաղանկատվացուց: Նա գրում է.

Իսկ երբ լրացավ 1270 թվականին Պարտավից գաղտնի դուրս եկան արաբ ընտիր մարդիկ, ավարի ենթարկեցին Ամարասի գավառը և մոտ 1000 հոգիգերեվարելով, ամրացան Մեծիրանքի Խաչենի մի տեղ, որը կոչվում է Շիկաքար։ Այդ ժամանակ քաջ և շքեղատես Սահլ, Սահակ,Սմբատյանը Եռնաշահը իշխանը, իր քաջազուրկ եղբայրները իրենց զորքերով լուսադեմին վրա տվին, նրանց բոլորին միասին դիաթավալ արին, ցիրուցան դարձրին և ինչպես արյուծի ժանիքներից, գերիներին խլեցին[6]։

Մակար Բարխուդարյանը Շիկաքարը ցույց է տալիս Քարագլխի տեղում։

Նորագյուղ հիմնած այն սարի արևմտահայաց լանջի վրա, որը սկսած է Թարթառ գետի աջ կողմից, անցած Արծաթի հանքով, Ղազանչի գյուղի արևմտյան կողմով, ընդհատված Խաչեն գյուղի հեղեղատներով, վերստին շարունակված մինչև Կարկառ գետակն Ասկերանի մոտ` հանդեպ Քյաթուկա սարին։ Իսկ մյուս լեռնագոտին սկսած է Նորագյուղի հյուսիս-արևելյան կողմից, ձգված է Խաչենի գետի եզերքով մինչև դաշտաբերան։ Բնակչության մեծ մասը բնիկ, փոքր մասը գաղթած Խոյի գավառից։ Հողը բեկական, անջրդի և նվազ արդյունավետ, տեղական բերքն են` ցորեն, գարի, այգի չունեն։ Պատվական օդը, կլիման և ջուրն և տեսարանը։ Երկար կյանք` 90, եկեղեցին`Սուրբ Գևորգ, թաղակապ և գեղեցիկ, երկարություները` 16 մետր 79 սմ., լայնությունը` 9 մետր 60 սմ., քահանա`մի, ծուխ` 81, արական 360, իգական`475[7]

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղաբաշխված է հանրապետության արևելյան հատվածում։ Համայնքը հարթավայրային է, ունի 2297.7 հա տարածք, որից 1559.14 հա գյուղատնտեսական նշանակություն ունի, 372.0 հա անտառային հողեր են։ Նորագյուղ համայնքի սահամանային գոտով հոսում է Կարկառ գետի Հիլիսի վտակը։ Նորագյուղում 2011 թվականին կառուցվել է ներքին ջրաբաշխիչ ցանց՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով[8][9]։ Նորագյուղի աշխարագրական դիրքը նկարագրել է նաև պատմաբան Ն. Ադոնցը։

«Երկու գետերի` Բադարայի և Հոնի հովիտներում ընկած են Խաչենի 13 գյուղերը` Դահրավը, Մեհտիշենը, Պտրեցեքը, Խանցքը, Դաշպուլաղը, Ուլոբաբը, Ռևը, Սեյդիշենը, Ղշլաղը, Խնձրիստանը, Հիլիսը, Սարդարաշենքը, Նորագյուղը»։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 1517 մարդ[10], կա 350 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաչքար

Նորագյուղի մոտակայքում կան 13 խոշոր և մանր դամբարաններ։ Այժմ Նորագյուղի և Սարդարաշենի դպրոցներում պահում են բրոնզեդարյան մշակույթի այնպիսի հազվագյուտ նմուշներ, ձիասարքեր, պաշտամունքի բրոնզե արձանիկներ, բաժակներ, զանգեր, գոտու քանդակազարդ ճարմանդներ և այլն, որոնք կարող են լինել մեծ թանգարանի արժեքավոր ցուցանմուշներ։

Գյուղի աղբյուրներն են Երե ջուր, Քշաջուր, Ներքե ջուր, Քեժու աղբյուր, Չոբանանց աղբյուր, Պապու աղբյուր, Գյոլատեղի աղբյուր, Կատվի աղբյուր, Սևաջուր, Հաջալվի ջուր, Քղհանա ձորի աղբյուր, Խեժն աղբյուր, Գող աղբյուր, Շորի առաջ, Շոր ջուր, Վետած աղբյուր, Շվեդ աղբյուր, Ղլի ձորի աղբյուր, Բրամա ղշլաղի աղբյուր, Քյահրիզ, Ղշլաղատեղի աղբյուր, Ժողովրդական թալայի աղբյուր։

Հայտնի է Մերուժան Ժայռափոր աղբյուրը, որը գտնվում է գյուղից վերև։ Ժայռափոր նովի վրա` երկու օղ, իսկ ժայռի վրա` արձանագրություն.

Աղբյուրս կառուցեց նորագյուղցի Մեժլում Ղազարյանը, 1990 թ

Նորագյուղացիները, բացի «Հոնի խաչ» սրբավայրից, պաշտպանել և այժմ պաշտպանում են «Սարի խաչ», «Պառավի խաչ», «Սռի խաչ», «Մեծ նան» և «Նոր խաչ» սրբավայրերը։

Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ սուրբ Գևորգ եկեղեցի (1810), գերեզմանոց (19-20-րդ դարեր), աղբյուր (19-րդ դար), սրբատեցի «Սարե խաչ» (17-20-րդ դարեր), հաշվառված է 16 հուշարձան։ Հին Նորագյուղի եկեղեցին կառուցվել է 1910 թվականին ժողովրդի օգնությամբ, Ավագիմ Զաքարյանի նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ[11]։

Արցախյան ազատամարտի տարիներին ռմբակոծության ժամանակ գյուղի պատմամշակութային վայրերը չէին տուժել։

Հողահանդակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլանա հող, Տանձի խութ, Ցաքի հող, Քղհանա ձոր, Խուրջինի հող, Գյոլատեղ, Շախունց տափ, Նաշունց տափ, Պրուտեն հող, Խազազա ձոր, Սզնոտ, Կուքու տափ, Մոսունց տափ, Խաչի տակ, Բիլա խութ, Քարի տափ, Ջղանոտ, Ճղպրոտի ձոր, Սոնա խանումի խութ, Քյուզորե խութ, Մեկթելանի, Խոր ձոր, Ավունց ցաքոտ, Մարունց խութ։

Գալուստանց, Մարդունց, Հայրապետանց, Մոսունց, Շտորանց, Չոբանանց, Դերունց, Մելքումանց, Մուղդուսանց, Նաշունց, Անդրունց, Աղաբեկանք, Զաքարանց, Լենտի տակ, Վարդոտ։

Հայտնի նորագյուղցիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ժենյա Մովսիսյան՝ 1988 թվականին մարզային խորհրդի պատգամավոր

Նորագյուղցիները Հայրենական Մեծ պատերազմում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենական Մեծ պատերազմում մասնակցել են 256 նորագյուղցիներ, որոնցից 92-ը զոհվել են[12]։

Գյուղն Արցախյան ազատամարտի տարիներին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախյան ազատագրական պայքարին Նորագյուղից մասնակցել են հարյուրավոր ազատամարտիկներ[12]։

Արցախյան ազատամարտի տարիներին՝ 1990 թվականի սեպտեմբերի 18-ին, գյուղը ռմբակոծվել էր МИ-24 ուղղաթիռներով, եղել էր մեկ զոհ և յոթ վիրավոր[13]։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-1991 թվականներին, երբ Արցախը շրջափակման մեջ էր, Անդրանիկ Մարգարյանը տարբեր առաքելություներով հաճախակի էր գալիս Ղարաբաղ։ Օդանավակայանում թուրք օմոնակաները հետապնդում էին Հայաստանի գրանցում ունեցողներին։ Որպեսզի Ա. Մարգարյանը խուսափի նման խոչընդոտներից, ստիպված գրանցվել է Արցախում` որպես գյուղի բնակիչ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Nagorno-Karabakh Republic (self-proclaimed) (անգլ.)
  2. Արցախի Նորագյուղ համայնքում նոր մանկապարտեզ է բացվել // mediamax.am.
  3. Արցախի Նորագյուղը նոր մանկապարտեզ ունի՝ արգենտինահայ բարերար Հովսեփ Թահթայի աջակցությամբ // orer.eu.
  4. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  5. Ալ Իբն Ասիր. Երևան. 1931. էջեր 140–141.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  6. Կաղանկատվացի, Մ. (1965). Երևան. էջ 235. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. «Արցախ», էջ 164
  8. Կառուցվել է Արցախի Նորագյուղ համայնքի ներքին ջրաբաշխիչ ցանցը // Արմենպրես.
  9. Արցախի Նորագյուղ համայնքն արդեն խմելու ջուր ունի (լուսանկարներ) // haynews.am.
  10. «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ». www.stat-nkr.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 8-ին.
  11. Գալստյան, Արշավիր (2000). Հաղթանակ. Ստեփանակերտ. էջ 7.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  12. 12,0 12,1 Մարտիրոսյան, Ջամիլ (2009). Պապեր և թոռներ. Ստեփանակերտ: Սոնա գրահրատարակչություն. էջ 7.
  13. Авиация в Армяно-Азербайджанском конфликте // Михаил Жирохов airwar.ru.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]