Հարիվանշ Ռայ Բաչչան
Հարիվանշ Ռայ Բաչչան հինդի՝ हरिवंश राय बच्चन | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 27, 1907[1][2] |
Ծննդավայր | Իլահաբադ, Ագրայի և Աուդհի միացյալ պրովինցիա, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Վախճանվել է | հունվարի 18, 2003[1][2] (95 տարեկան) |
Վախճանի վայր | Մումբայ, Հնդկաստան |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, քաղաքական գործիչ և արձակագիր |
Լեզու | հինդի |
Քաղաքացիություն | Բրիտանական Հնդկաստան և Հնդկաստան |
Կրթություն | Սուրբ Եկատերինայի քոլեջ |
Ուշագրավ աշխատանքներ | Do Chattanen? |
Պարգևներ | |
Ամուսին | Թեջի Բաչչան |
Զավակներ | Ամիթաբհ Բաչան և Ajitabh Bachchan? |
Harivansh Rai Bachchan Վիքիպահեստում |
Հարիվանշ Ռայ Բաչչան (հինդի` हरिवंश राय बच्चन, իրական ազգանունը` Շրիվաստավ, նոյեմբերի 27, 1907[1][2], Իլահաբադ, Ագրայի և Աուդհի միացյալ պրովինցիա, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հունվարի 18, 2003[1][2], Մումբայ, Հնդկաստան), 20-րդ դարի հնդիկ հայտնի բանաստեղծ, ով ստեղծագործել է հինդի լեզվով։ 1970 թվականին դարձել է «Լոտոս» միջազգային գրական մրցանակի դափնեկիր, 1976 թվականին հինդի գրականությունում իր ունեցած հսկայական ներդրումների համար արժանացել է Պադմա Բհուշան կառավարական պարգևին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարիվանշ Ռայ Բաչչանը ծնվել է Պրատապ Նարայան Շրիվաստավի և Սարասվատի Դևիի ընտանիքում։ Քաղաքային դպրոցն ավարտելուց հետո ուսումնասիրել է ուրդու։ Այնուհետև ընդունվել է Ալլահաբադի համալսարան, իսկ հետո Բենարեսի (այժմ՝ Վարանասի) հինդուիստական համալսարան։ Այդ ընթացքում նա ընկել էր Մահաթմա Գանդիի` Մեծ Բրիտանիայից Հնդկաստանի անկախացման վերաբերյալ գաղափարների ազդեցության տակ, սակայն շուտով հրաժարվեց այդ գաղափարներից։ 1941-1952 թվականներին Ալլահաբադի համալսարանում դասավանդել է անգլերեն, հաջորդ երկու տարիներին Քեմբրիջում ուսումնասիրել է անգլիական գրականություն` կրթությունն ավարտելով դոկտորական դիսերտացիայի պաշտպանումով։ Հնդկաստան վերադառնալուց հետո շարունակել է դասավանդել, աշխատել է ռադիոյում, 1955 թվականին աշխատանքի է անցել արտաքին գործերի նախարարությունում և շուրջ 10 տարի տարել է ակտիվ աշխատանք՝ հինդի լեզուն երկրով մեկ տարածելու համար։
Հ. Ռ. Բաչչանն առավելապես հայտնի է իր վաղ տարիներին ստեղծած «Մադհուշալա» պոեմով, որը հրատարակվել է 1935 թվականին և թարգմանվել աշխարհի շատ լեզուներով, բազմիցս նաև բեմադրվել է։ Նրա բանաստեղծությունների երեք ժողովածուները՝ «Մադհուշալա», «Մադհուբալա» և «Մադհուկալաշ», որոնք լույս են տեսել 1930-ական թվականներին, ստեղծվել են Օմար Խայամի ստեղծագործությունների ազդեցության տակ։ Բաչչանը նաև հանդես էր գալիս որպես թարգմանիչ։ Նա հինդի լեզվով թարգմանել է Շեքսպիրի, Օմար Խայամի, Պուշկինի, Եսենինի ստեղծագործությունները, հին հնդկական «Բհագավադգիտա» պոեմը և այլն։ 1967 թվականին այցելել է ԽՍՀՄ` իր տպավորությունները արտացոլելով բանաստեղծություններում։ 1970-ական թվականներին չորս հատորով հրատարակել է ինքնակենսագրությունը։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]1926 թվականին Հ. Ռ. Բաչչանը 19 տարեկանում ամուսնացել է 14-ամյա Շյամա անունով աղջկա հետ, ով սակայն 10 տարի անց` 1936 թվականին մահացել է տուբերկուլոզից։ 1941 թվականին Բաչչանն ամուսնացել է Տեջի Կաուր Սուրիի (Տեջի Բաչչան) հետ, ով հայտնի հասարակական գործիչ էր և Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդիի մոտ ընկերուհին էր։ Տեջի Բաչչանի հետ ամուսնությունից Հ. Ռ. Բաչչանն ունեցել է երկու որդի՝ հայտնի դերասան Ամիթաբհ Բաչչանը և Աջիթաբհ Բաչչանը։
Հարիվանշ Ռայ Բաչչանը մահացել է 2003 թվականի հունվարի 18-ին՝ 95 տարեկանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ http://sahitya-akademi.gov.in/awards/akademi%20samman_suchi.jsp#HINDI
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարիվանշ Ռայ Բաչչան» հոդվածին։ |
|