Ժակլին Ռոկ
Ժակլին Ռոկ ֆր.՝ Jacqueline Roque | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 24, 1926[1] |
Ծննդավայր | Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[1] |
Մահացել է | հոկտեմբերի 15, 1986[2][1] (60 տարեկան) |
Մահվան վայր | Մուժեն[1] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | պարուսույց, նկարչուհի և մոդել |
Աշխատավայր | Madoura? |
Ամուսին | Պաբլո Պիկասո |
Ժակլին Ռոկ կամ Ժակլին Պիկասո (ֆր.՝ Jacqueline Roque, փետրվարի 24, 1926[1], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[1] - հոկտեմբերի 15, 1986[2][1], Մուժեն[1]), հայտնի է որպես Պաբլո Պիկասոյի մուսա և նրա երկրորդ կին։ Նրանց ամուսնությունը տևել է 11 տարի, մինչև Պիկասոյի մահը։ Նկարիչն ստեղծել է նրա ավելի քան 400 դիմանկար, ինչն ավելին է, քան նրա ցանկացած այլ սիրեցյալի դիմանկարների թիվը[3]։
Երիտասարդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1927 թվականին, Փարիզում։ Ժակլինը երկու տարեկան է եղել, երբ հայրը լքել է իրեն, մորն ու չորսամյա եղբորը։ Ժակլինը սա նրան երբևէ չի ներել։ Մայրը երեխաներին մեծացրել է մեծ դժվարությամբ, Ելիսեյան դաշտերին մոտ գտնվող փոքրիկ տնակում` երկար ժամերով դերձակուհի աշխատելով։ Ժակլինը 18 տարեկան էր, երբ նրա մայրը մահացել է ուղեղի կաթվածից։ 1946 թվականին նա ամուսնացել է ինժեներ Անդրե Հութենի հետ ու նրանից աղջիկ է ունեցել։ Երիտասարդ ընտանիքը տեղափոխվել է Աֆրիկա, որտեղ Անդրե Հութենն աշխատում էր, սակայն չորս տարի անց նրանք վերադարձել են Ֆրանսիա, որտեղ և բաժանվել են։ Ժակլինն սկսել է բնակվել Լազուր ափում և աշխատանքի է անցել Վալորիսում` իր զարմուհու խանութում։
Ծանոթություն և կյանք Պիկասոյի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաբլո Պիկասոն առաջին անգամ հանդիպել է Ժակլինին 1953 թվականին, երբ նա 26 տարեկան էր, իսկ նկարիչը` 72։ Նա սկսել է սիրահետել կնոջը։ Ժակլինի պատկերն սկսել է հայտնվել Պիկասոյի կտավներում 1954 թվականին։ Այս դիմանկարներում Ժակլինն իրական չէ, պատկերված է չափազանց երկար վզով ու կատվի դեմքով։ Աստիճանաբար, նկարից նկար, նրա մուգ աչքերն ու հոնքերը, բարձր այտոսկրերն ու դասական պրոֆիլն ավելի ճանաչելի էին դառնում նկարչի ավելի ուշ աշխատանքներում[4]։ Նկարիչն ամեն օր այցելում էր կնոջը։ Նրա տան վրա կավիճով աղավնի էր պատկերել և կես տարի նրան ամեն օր մեկ վարդ էր նվիրում, մինչև որ կինը համաձայնվում է հանդիպել նրա հետ։ 1955 թվականին, Պիկասոյի առաջին կնոջ` Օլգա Խոխլովայի մահից հետո Պիկասոն իրավունք է ստանում նորից ամուսնանալ։ Ժակլինի հետ նա ամուսնացել է միայն 6 տարի անց, 1961 թվականի մարտի 2-ին։ 1963 թվականին նկարիչը նկարել է նրա 160 դիմանկար և շարունակել է նրան պատկերել նաև հետագայում, մինչև 1972 թվականը[4]։
Պիկասոյից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]1973 թվականի ապրիլի 8-ին (ըստ որոշ աղբյուրների` ապրիլի 9-ին) Պիկասոն մահանում է 91 տարեկան հասակում։ Ժակլինը նրանից երեխաներ չուներ։ Քանի որ Պիկասոյի թաղումը տեղի էր ունենալու նրան պատկանող մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքում, Ժակլինը կարողացել է արգելել Պիկասոյի երեխաներին` Կլոդին ու Պալոմային, ներկա գտնել իրենց հոր թաղմանը[5]։ Կլոդն ու Պալոման Պիկսայի և Ֆրանսուազա Ժիլոյի զավակներն են, ում հետ Պիկասոն չի ամուսնացել, սակայն ապրել է նրա հետ 10 տարի[6]։ 1973 թվականից Ժիլոն սկսել է պայքարել Ժակլինի դեմ` նկարչի կարողությունը կիսելու համար[7]։ Ժիլոն ու իր երեխաներն ինչպես Պիկասոյի կենդանության օրոք, այնպես էլ` նրա մահից հետո անհաջող կերպով պայքարել են իրենց բաժին ժառանգությունն ստանալու համար` հիմնվելով նրա վրա, որ Պիկասոն կյանքի վերջում հոգեկան խնդիրներ ուներ։ Ի վերջո կողմերը պայմանավորվել են ստեղծել Պիկասոյի թանգարան Փարիզում[4], որը բացվել է 1985 թվականին։ Ժակլին Ռոկը ինքնասպան է եղել 1986 թվականին, 60 տարեկանում[8]։ Ըստ իր ցանկության` թաղված է իր ամուսնու` Պաբլո Պիկասոյի կողքին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Fichier des personnes décédées
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Hohenadel, Kristin (March 21, 2004). «Mixing art and commerce.»(անգլ.) Los Angeles Times.
- ↑ 4,0 4,1 4,2 Johns, Cathy (2001). «Roque, Jacqueline.» (pp. 458—462).(անգլ.) In: Jill Berk Jiminez (Ed.) & Joanna Banham (Assoc. Ed.). Dictionary of Artists' Models. Chicago: Fitzroy Dearborn. ISBN 1-57958-233-8
- ↑ Zabel, William D. (1996). The Rich Die Richer and You Can too.(անգլ.) New York: John Wiley and Sons. p.11. ISBN 0-471-15532-2.
- ↑ Kazanjian, Dodie (April 27, 2012). «Life After Picasso: Françoise Gilot.» Արխիվացված 2015-02-09 Wayback Machine(անգլ.) Vogue.
- ↑ Yoakum, Mel (2012). «Introduction: Françoise Gilot.»(անգլ.) The F. Gilot Archives website.
- ↑ Kimmelman, Michael (April 28, 1996). «Picasso’s Family Album».(անգլ.) New York Times.
|