Էրիկ Քլոուզը ծնվել է Սթաթեն Այլենդում՝ Նյու Յորքում՝ վիրաբույժ-օրթոպեդի ընտանիքում։ 1989 թվականին արվեստի բակալավրի աստիճանով ավարտել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը և շուտով առաջնաելույթ է ունեցել հեռուստատեսությամբ։ 1992 թվականին ստացել է առաջին նշանակալի դերը հեռուստատեսությունում՝ ցերեկային «Սանտա Բարբարա» հեռուստասերիալում։ Ավելի ուշ ճանաչման է հասել փրայմ-թայմում՝ «Մակքեննա» (1994-1995), «Խավար երկինք» (1996-1997), «Հիանալի յոթնյակ» (1998-1999) և «Հիմա և կրկին» (1999-2000) սերիալներում ունեցած դերերի շնորհիվ։ 2002 թվականին նկարահանվել է Սթիվեն Սփիլբերգի «Առևանգվածները» մինի սերիալում։ Երկու անգամ առաջադրվել է «Սատուրն» մրցանակի՝ «Խավար երկինք» և «Հիմա և կրկին» սերիալներում խաղացած դերերի համար։
Քլոուզը մեծ համբավ է ձեռք բերել «Առանց հետքերի» հեռուստասերիալում ՀԴԲ գործակալ Մարտին Ֆիցջերալդի դերով։ Հեռուստասերիալում խաղացել է 2002 թվականից 2009 թվականներին։ 2011 թվականին գլխավոր դեր է խաղացել «Քաոս» սերիալում, որը փակվել է առաջին եթերաշրջանից հետո, իսկ հետո հայտնվել է «Suits», «Ամերիկյան սարսափ պատմություն» և « Օրենք և կարգ։ Հատուկ կորպուս» սերիալներում։ 2012 թվականին Քոննի Բրիթոնի և Հեյդեն Փեյնթիերի հետ գլխավոր դեր է ստացել «Նեշվիլ» հեռուստասերիալում՝ խաղալով Թեդի Քոնրադի դերը։