Զոհաբերություն
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զոհաբերություն (այլ կիրառումներ)
Զոհաբերություն, կուռքերին, աստվածներին, ոգիներին, սրբերին ընծա, զոհ մատուցելը և դրա արարողությունը, աստծուց և այլ գերբնական ուժերից ողորմածություն հայցելու, նրանց նվիրվածություն ու երախտագիտություն արտահայտելու ձև։
Մարդկանց կրոնական պատկերացումների և սոցիալ–տնտեսական պայմանների էվոլյուցիային զուգընթաց զոհաբերության դրսևորումները փոփոխվել են։ Հայտնի են այլ զոհաբերության բազմապիսի ձևեր, հասարակ, անարյուն (ուտելուց ու խմելուց առաջ աստվածների, ոգիների պատվին «ցողելը» կամ «հեղելը») և արյունոտ ու վայրագ (մարդկային զոհաբերությամբ, «հեկատոմբ»՝ 100 և զինվորների զոհաբերությամբ)։ Զոհաբերությամբ ահավոր դաժան ձևերն են երեխաների զոհաբերությունը (Փյունիկիա, Կարթագեն), կրոնական ինքնազոհումը (Հնդկաստան, Ճապոնիա), ինքնաամորձատումը (Կիբելայի պաշտամունքը, Փոքր Ասիայի սկոպեցներինը ցարական Ռուսաստանում)։ Զոհաբերությունը հիմնականում կատարվել է զոհարաններում։ Հասարակական անհավասարության առաջացմամբ կրոնի սպասավորները հավատացյալներից պահանջել են ավելի առատ զոհաբերությունը, որ դրսևորվել է նաև նվիրատվությունների ու պարգևների ձևով (վաղ ժամանակներում տաճարներիը, ավելի ուշ՝ եկեղեցիների և վանքերի օգտին, պաշտելով դրանց տնտեսական հզորացմանը)։ Ժամանակակից կրոնները պահպանում են զոհաբերելու հին սովորույթը։ Զոհաբերության տարբեր տեսակներ են եղել նաև Հայաստանում։ Արձանագրություններում հիշատակվում է Ուրարտու աստվածներին տրվող կենդանական զոհերի, նրանց քանակի մասին։ Այսպես, Խալդի աստծուն զոհաբերվել է 6 ուլ, 17 ցուլ, 34 ոչխար, Թեյշեբա աստծուն՝ 6 ցուլ, 12 ոչխար, Շիվինի աստծուն՝ 4 եզ, 8 ոչխար։[փա՞ստ] Հայ հեթանոսական բոլոր աստվածներին նույնպես մատուցվել են զոհեր։ Արամազդին՝ սպիտակ կենդանիներ (ցուլ, նոխազ, ձի, ջորի), Անահիտին՝ եզներ, երինջ և այլն։[փա՞ստ] Ըստ ավանդության, Արտաշես թագավորին հուղարկավորելիս մարդիկ են ինքնազոհվել։[փա՞ստ] Զոհաբերություն նշանակությամբ գործածվել են նաև «ընծա», «ձոն», «պատարագ», «հաշտ» (այստեղից՝ «հաշտից տեղիք» արտահայտությունը հասկացությունները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 699)։ |