Գիթ
Տեսակ | distributed revision control system?, open science tool?, programming tool? և filestore? |
---|---|
Հեղինակ | Լինուս Տորվալդս[1] |
Նախագծումը՝ | Software Freedom Conservancy?[2] |
Գրված է՝ | Սի (ծրագրավորման լեզու)[3], Perl, Tcl, Python և C++ |
ՕՀ | բազմապլատֆորմ |
Առկա է | անգլերեն, բուլղարերեն, կատալաներեն, ֆրանսերեն, ինդոնեզերեն, շվեդերեն, թուրքերեն, ուկրաիներեն, վիետնամերեն, պարզեցված չինարեն և Taiwanese Mandarin? |
Լույս տեսավ՝ | ապրիլի 7, 2005[4] |
Կարդագող ֆայլերի ֆորմատ | git packfile?[5], git packfile index, version 1?[5] և git packfile index, version 2?[5] |
Ստեղծվող ֆայլերի ֆորմատ | git packfile?[5], git packfile index, version 1?[5] և git packfile index, version 2?[5] |
Արտոնագիր | GPLv2[6] |
Կայք | git-scm.com(անգլ.) |
Ելակոդ | git.kernel.org/pub/scm/git/git.git |
Git Վիքիպահեստում |
Գիթ (անգլ.՝ git), վարկածների կառավարման ապակենտրոն համակարգ[7], որը հետևում է կատարված փոփոխություններին համակարգչում ընտրված ֆայլերի մեջ։ Հիմնականում կիրառվում է ծրագրի կոդի ստեղծման ժամանակ, միմյանցից անկախ աշխատող ծրագրավորողների աշխատանքը համակարգելու համար։ Այն ապահովում է կոդի կառավարման արագություն, տվյալների ամբողջականություն, ապակենտրոն՝ ոչ-գծային ձևով կոդի ստեղծում (տարբեր համակարգիչներում կարող են լինել փոփոխությունների հազարավոր ճյուղեր, որոնք չկան մյուսների մոտ)։
Գիթը հեղինակել է Լինուս Տորվալդսը 2005 թվականին, դրա ստեղծման նպատակն էր, կառավարել աշխարհի տարբեր մասերում գտնվող ծրագրավորողների հետ համատեղ Լինուքս միջուկի կոդը գրելու գործընթացը[8]։ Սկսած 2005 թվականից գիթի հիմնական մշակումն արել է Ջունիո Համանոն։ Ինչպես մնացած վարկածների կառավարման ապակենտրոն համակարգերը, այնպես էլ գիթի պահոցի յուրաքանչյուր պատճեն իր մեջ ունի ֆայլերի փոփոխությունների ամբողջական պատմությունը, և ի տարբերություն կլիենտ-սերվեր համակարգերի, գիթը կախված չէ ցանցի հասանելիությունից և ինչ-որ կենտրոնական սերվերից։ Գիթը ազատ ծրագրային ապահովում է և ունի բաց ելակոդ։ Ծրագիրը տարածվում է միայն GPL-2.0 արտոնագրով։
Ստեղծումից հետո գիթը դարձել է ամենաշատ օգտագործվող վարկածների կառավարման համակարգը․ 2022-ին ծրագրավորողների հետ արված հարցումների համաձայն այն ունի մոտ 95% տարածվածություն։ Գիթի բազմաթիվ հոսթինգ ծառայություններից ամենահայտնիներն են GitHub, SourceForge, Bitbucket և Gitlab։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիթի մշակումը սկսել է Տորվալդսը 2005 թվականի ապրիլին, երբ Լինուքսի միջուկի համար օգտագործվող սեփականատիրական վերահսկման կառավարման համակարգը՝ BitKeeper-ը, որը օգտագործում էին սկսած 2002 թվականից, չեղյալ համարեց իր ազատ արտոնագիրը Լինուքս միջուկի մշակման համար[9][10]։
Տորվալդսը ցանկանում էր այնպիսի համակարգ, որը նա կարող էր օգտագործել ինչպես Bitkeeper-ը, բայց եղած ոչ մի համակարգ չէր բավարարում պահանջներին։ Նա ցույց տվեց վարկածների կառավարման համակարգի օրինակ, որին պետք է 30 վայրկյան փոփոխությունները կիրառելու և հարակից մետա տվյալները ավելացնելու համար և պնդեց, որ նման համակարգը չի կարող օգտագործվել Լինուքս միջուկի նման մեծ կոդի հետագա մշակման համար, երբ յուրաքանչյուր նոր մասնագետի միանալը նախագծին առաջին անգամ կարող է պահանջել 250 նման գործողություն միանգամից։ Նրա չափանիշների համաձայն փոփոխությունների կիրառումը չի կարող տևել 3 վայրկյանից ավելի երկար։ Նա նշեց ևս երեք հիմնական սկզբունք.
- Վերցնել Concurrent Versions System (CVS) համակարգը որպես օրինակ, թե ինչ պետք է չանել, եթե ինչ-որ հարցում լինեն կասկածներ ապա նայել ինչ է արված CVS-ում և անել դրա հակառակը։
- Օգտագործել bitkeeper-ի նման ապակենտրոն կառուցվածքը։
- Կիրառել խիստ հսկողություն տվյալների վնասվելու դեմ, անկախ նրանից կլինի այն պատահական թե միտումնավոր[փա՞ստ]։
Նշված չափանիշները բացառում էին այն ժամանակ եղած համակարգերից որևէ մեկի օգտագործումը։ Լինուքս միջուկի 2.6.12-rc2 վարկածի թողարկումից անմիջապես հետո Տորվալդսը սկսեց իր սեփական վարկածների կառավարման համակարգի մշակումը։ Ապրիլի 18-ին նա հրապարակեց գիթի կոդի սկզբնական տարբերակը։ Ապրիլի 29-ին նա ստացավ իր սահմանած արագագործությունը՝ համակարգը կարողանում էր մեկ վայրկյանում կիրառել 6.7 փոփոխություն։ Հունիսի 18-ին թողարկվեց Լինուքս միջուկի 2.6.12 վարկածը, դրա փոփոխությունները ղեկավարվել էր գիթի միջոցով[փա՞ստ]։
2005 թվականի հուլիսի 26-ին Տորվալդսը նախագծի ղեկավարումը փոխանցել է Ջունիո Համանոյին։ Համանոն կատարել է ծրագրի կոդի հետագա փոփոխությունների հիմնական մասը և դեկտեմբերի 21-ին թողարկել է գիթի 1.0 վարկածը[փա՞ստ]։
Անվանումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Git բառը բրիտանական անգլերեն ժարգոնում նշանակում է «տհաճ մարդ»։ Տորվալդսը այս մասին հեգնանքով ասում է, որ նա իր բոլոր նախագծերին իր անունն է տալիս․ սկզբում Linux, իսկ հիմա git։ Գիթի Man էջը նկարագրում է այն որպես «հիմար բովանդակության հետևող»[11]։
Ծրագրի ելակոդում այն նկարագրված է որպես տեղեկատվական կառավարիչ դժոխքից»։
Բնութագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիթը նախագծելուց Տորվալդսը միավորել է իր փորձը, որը նա ստացել էր Լինուքսի կոդի մշակման ժամանակ, երբ օգտագործում էր կոդի ապակենտրոն փոփոխությունների ղեկավարման գործիքներ, և իր գիտելիքները, որ նա ուներ ֆայլային համակարգի արագագործության մասին։ Նաև նոր համակարգը պետք է պատրաստ լիներ հնարավոր կարճ ժամանակում։ Նշված ազդեցությունները առաջացրեցին նախագծի հետևյալ բնութագրերը՝
- Ապահովել կոդի ոչ գծային մշակումը
- Գիթում ճյուղավորումներ ստեղծելը կամ ճյուղերը միացնելը շատ արագ է լինում։ Ծրագիրը ունի հատուկ գործիքներ ոչ գծային փոփոխությունների ճյուղերը պատկերելու համար։ Գիթը նախագծված է այնպես, որ փոփոխությունները հնարավոր լինի հաճախ միավորել և փոխանցել նախագծի այլ մասնակիցների, կոդը վերստուգելու համար։ Ճյուղը (branch) ցուցիչ է դեպի փոփոխությունների փաթեթը (commit)։
- Կոդի ապակենտրոն մշակում
- Darcs, BitKeeper, Mercurial, Bazaar և Monotone համակարգերի նման գիթը նույնպես յուրաքանչյուր լոկալ պատճենի մեջ պահում է փոփոխությունների ամբողջ պատմությունը։ Արտաքին պահոցներից ներբեռնված ճյուղերը հնարավորր է ձուլել այլ ճյուղերի հետ նույն պարզ քայլերով, ինչպես այն կարվեր եթե ճյուղերը ստեղծված լինեին լոկալ համակարգում։
- Համատեղելիությունը արդեն առկա համակարգերի հետ
- Գիթը աշխատում է հիմնական հայտնի պրատակոլների հետ. HTTPS, SSH, FTP։ Նաև ունի համատաղելիություն SVC-ի հետ, որը հնարավորություն է տալիս գոյություն ունեցող պահոցները և IDE հավելվածները օգտագործել գիթի հետ, subversion համակարգի պահոցները հնարավոր է օգտագործել git-svn հավելվածի միջոցով։
- Մեծ պահոցների արդյունավետ կառավարում
- Mozilla-ի կատարած թեստերի արդյունքները ցույց են տվել, որ գիթը անհամեմատ ավելի արագ է քան Mercurial և GNU Bazaar համակարգերը փոփոխությունները ներբեռնելու ժամանակ, եթե փոփոխությունները գտնվում են լոկալ համակարգում ապա արագությունը հարյուրվոր անգամ ավելի մեծ է։
- Պատմության նույնականացում կրիպտոգրաֆիկ գործիքներով
- Գիթ պատմությունը պահվում է այնպես, որ որոշակի տարբերակի ID-ն (commit Git-ի տերմիններով) կախված է զարգացման ամբողջական պատմությունից, որը տանում է դեպի այդ commit-ը։ Հրապարակվելուց հետո հնարավոր չէ աննկատ կատարել փոփոխություն հին commit-ների մեջ։
- Մոդուլային կառուցվածք
- Գիթը կազմված է փոքր ֆունկցինալություն ունեցող բազմաթիվ ծրագրերից։ Այդ ծրագրերը հիմնականում գրված են C լեզվով, որի արդյունքում ունեն բարձր արագություն։
- Ճյուղերի ձուլման ղեկավարում
- Որպես առանձին մոդուլ գիթում կա ճյուղերը ձուլելու համակարգ։ Ավտոմատ ձուլման համար մոդուլում կան մի շարք ալգորիթմներ։ Եթե ճյուղերի ձուլումը հնարավոր չէ, ապա գիթը տեղեկացնում է այդ մասին օգտվողին և նշում է կոդի այն հատվածները որոնք հնարավոր չի եղել միավորել։
- Աղբը կուտակվում է մինչև մաքրելը
- Ընդհատված գործողությունների արդյունքում առաջացած օբյեկտները կամ չօգտագործվող օբյեկտները որոշ ժամանակ մնում են գիթում և հասանելի են այդ ընթացքում։ Գիթը ավտոմատ կմաքրի աղբը, երբ բավականաչափ աղբ կկուտակվի հիշողությունում։ Օգտվողը նույնպես կարող է իրականացնել մաքրելու գործողությունը կանչելով
git gc
հրամանը[12]։ - Օբյեկտների փաթեթների արխիվացում
- Git-ը պահում է յուրաքանչյուր օբյեկտ որպես առանձին ֆայլ։ Թեև դրանք յուրաքանչյուրը սեղմված են, բայց օբյեկտնրը առանձին-առանձին պահելը մեծ տարածք է զբաղեցնում և անարդյունավետ է։ Խնդիրը լուծվում է փաթեթների արխիվացմամբ։ Արխիվացվում են միմյանց հետ որոշ ձևով կապված կամ նման օբյեկտները մեկ արխիվի մեջ․ այդ արխիվները կոչվում են packfile: Գիթը ավտոմատ կատարում է այս գործողությունը որոշ պարբերությամբ, բայց այն նույնպես հնարավոր է կանչել
git gc
հրամանով։
Git-ը ուղիղ ձևով չի պահում ամեն մի ֆայլի փոփոխությունը, այլ պահում է ֆայլերի ծառի (tree) ընթացիկ վիճակը։ Այս մեթոդի պատճառով գիթում առանձին ֆայլի պատմությունը դուրս բերելը մի փոքր ավելի երկար է տևում, բայց արագագործությունը աճում է ֆայլերի խմբի հետ աշխատելու դեպքում։
Git -ում ձուլումը իրականացվում է three-way merge ալգորիթմով։
Տվյալների կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Git-ի էլեմենտները վերցված չեն ծրագրային կոդի կառավարման համակարգերից։ Տորվալդսը սա բացատրել է.
- Շատ դեպքերում գիթին կարող եք դիտարկել, որպես ֆայլային համակարգ։ Այն հետևում է ֆայլերի բովանդակությանը և ավելացնում է փոփոխությունների վարկածները։ Ես գիթը նախագծել եմ հաշվի առնելով ֆայլային համակարգերը։ Ես օպերացիոն համակարգի միջուկ եմ ստեղծում և ես ոչ մի հետաքրքրություն չունեի կոդի կառավարման համակարգերի հետ։
Սկզբում գիթը չի ունեցել բոլոր ֆունկցիաները, որ ունեն կոդի կառավարման դասական համակարգերը։ Այդ ֆունկցիաները ավելացրել են երբ դրանց կարիքն է եղել։ Ժամանակի ընթացքում դրանք զտվել են կամ ընդլայնվել, կախված դրա անհրաժեշտությունից։
Գիթը ունի տվյալները պահելու երկու հիմնական հատված․ ոչ մշտական ցուցակ, որը ներառում է ընթարիկ ֆայլերի փոփոխությունները, որոնք հաջորդ կրահրանվել որպես հաջորդ վարկած (commit), այս հատվածը նաև կոչվում է stage կամ cache։ Երկրորդ տեսակի պահոցը օբյեկտների տվյալների բազան է, որը մշտական է։
Ոչ մշտական ցուցակը միացման կետ է ընթացիկ դիրեկտորիի և օբյեկտների տվյալների բազայի միջև։
Օբյեկտների տվյալների բազայում պահվում են հետևյալ օբյեկտները.
- Blob (երկուական տվյալներ) սրա մեջ պահվում է ֆայլի բովանդակությունը։ Այս օբյեկտում չկա ֆայլի անուն, ժամային նշումներ (timestamp) կամ այլ մետա տվյալներ։ Blob -ի անունը ֆայլի բովանդակության հեշն է[13]։
- Tree (ծառ) այս օբյեկտը համարժեք է ֆայլային համակարգի դիրեկտորիներին։ Այստեղ պահվում է ֆայլերի անունները[14], ցուցիչ դեպի blob -ը (որի մեջ ֆայլերի բովանդակությունն է) կամ ցուցիչ դեպի այլ ծառի որի մեջ ֆայլերն են։ Օբյեկտը կարող է լինել սիմվոլային հղում կամ դիրեկտորիի բովանդակություն։ Այս օբյեկտները ելակետային ֆայլերի ու ենթադիրեկտորիների պատկերումն է (snapshot)։ Այս տիպի ծառերի հեշը կազմվում է ծառի ամբողջ բովանդակությունից․ անկախ ֆայլերի և դիրեկտորիների քանակից, ծառի հեշով հնարավոր է նույնականացնել դրա ամբողջ պարունակությունը։
- Commit, այս օբյեկտը միացնում է ծառին նախագծի ընդհանուր պատմությանը։ Commit-ի մեջ պահվում է ծառի անունը, ժամանակային նշագրումը, զրո կամ ավելի ծնող commit-ների հղումները[15]։
- Tag (պիտակ), այս օբյեկտի մեջ պահվում է հղում դեպի այլ օբյեկտ։ Նաև կարող է պարունակել մետա տվյալներ այլ օբյեկտի վերաբերյալ։ Հիմնականում օգտագործվում է կոնկրետ commit-ին հղում անելու համար, երբ tag-ի միջոցով նշվում են կոդի վերջնական տարբերակները[16]։
- Packfile այս zip ֆայլերի մեջ արխիվացվում են գիթի օբյեկտները։ Այս ֆայլերը օգտագործվում են տարածք խնայելու և օբյեկտները ցանցով ավելի հարմար տեղափոխելու համար[17]։
Բոլոր օբյեկտները նույնականացվում են դրանց բովանդակության SHA-1 հեշի միջոցով։ Հեշի սկզբի երկու նիշերով գիթը ստեղծում է դիրեկտորի և դրա մեջ պահում օբյեկտը, իսկ հեշի մնացած նիշերով անվանում է օբյեկտի ֆայլը։ Նոր օբյեկտները սեղմվում են zip-ով և պահվում են ուղիղ ձևով։ Արդյունքում հիշողությունը շատ արագ կարող է լցվել, այս խնդիրը լուծելու համար օբյեկտները միավորվում են pack ֆայլերում և սեղմվում delta compression մեթոդով․ երբ blob-ները կարող են դառնալ ցուցիչ դեպի նախորդ փոփոխության ժամանակ եղած blob-ի վրա[18]։
Git-ի կարևոր մաս են կազմում ճյուղերը (branch)։ Դրանք կարելի է դիտարկել, որպես անուն ունեցող ցուցիչ commit-ի վրա։ Commit-ի հեշը գրվում է տվյալ ճյուղի HEAD անունով ֆայլի մեջ։ Երբ օգտվողը ավելացնում է նոր commit, այդ ժամանակ HEAD ֆայլի պարունակությունը փոխարինվում է նոր commit-ի հեշով[փա՞ստ]։
Գիթի օբյեկտների բազայում գտնվող այն օբյեկտները, որոնց վրա չկա հղում, կարող են ջնջվել ավտոմատ կամ git gc
հրամանի միջոցով։
Գիթ սպասարկիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիթը կոդի կառավարման ապակենտրոն համակարգ է, այն կարելի է օգտագործել որպես առանձին սպասարկիչ[19]։ Դրա համար գիթը ունի պատրաստի հրաման git daemon
[20]։ Գիթ սպասարկիչները հիմնականում լսում են 9418 համարի պորտին։
Բաց կոդով գիթի հայտնի սպասարկիչներ են
- Gerrit
- Phabricator և Phabricator Community Edition
- Kallithea
- Gitea
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Initial revision of "git", the information manager from hell». GitHub. 2005 թ․ ապրիլի 8. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ https://github.com/git/git/graphs/contributors
- ↑ The git Open Source Project on Open Hub: Languages Page — 2006.
- ↑ Re: Trivia: When did git self-host?
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Git pack format
- ↑ Copying
- ↑ «Tech Talk: Linus Torvalds on git (at 00:01:30)». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 20-ին – via YouTube.
- ↑ «A Short History of Git». Pro Git (2nd ed.). Apress. 2014. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ Brown, Zack (2018 թ․ հուլիսի 27). «A Git Origin Story». Linux Journal. Linux Journal. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «BitKeeper and Linux: The end of the road?». Linux.com (ամերիկյան անգլերեն). 2005 թ․ ապրիլի 11. Վերցված է 2023 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «GitFaq: Why the 'Git' name?». Git.or.cz. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Git User's Manual». 2020 թ․ մարտի 10. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 10-ին.
- ↑ Some of git internals
- ↑ Chacon, Straub, էջեր 485-488
- ↑ Chacon, Straub, էջեր 488-490
- ↑ Chacon, Straub, էջեր 495-496
- ↑ Chacon, Straub, էջեր 497-501
- ↑ «Git – Git References». Git.
- ↑ Chacon, Scott; Straub, Ben (2014). «Git on the Server – Setting Up the Server». Pro Git (2nd ed.). Apress. ISBN 978-1484200773.
- ↑ «Git – Git Daemon». Git. Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին.