Զանզիբար (սվահիլի՝ Jamhuri ya Watu wa Zanzibar, անգլ.՝ People's Republic of Zanzibar, արաբ․՝ زنجبار՝ Զանզիբարի Ժողովրդական Հանրապետություն), կիսաինքնավարություն Տանզանիայի Միացյալ Հանրապետությունում, որը ստեղծվել է նախկին Տանգանիկա և Զանզիբար գաղութների միավորման արդյունքում։ Այն ներառում է երկու հիմնական կղզիներ՝ Պեմբան և Ունգուջան։
Վարչական կենտրոնը՝ Զանզիբար քաղաք (257 հազար բնակիչ, 2003 թ.):
Միջնադարում Զանզիբարում տարածված էր ստրուկների վաճառքը Արևելյան Աֆրիկայից։ Ժամանակի ընթացքում ստրուկների առուծախը կենտրոնացած էր Օմանի արաբ վաճառականների ձեռքում։ XVI դարում Զանզիբարը դառնում է Պորտուգալիայի գաղութային ունեցվածքի մի մասը՝ Մոմբասի և Օրմուզի հետ միասին։ Զանզիբարում երկար ժամանակ պահպանվում էր սուլթանի իշխանությունը։
1853 թվականին Օմանի սուլթաններից ամենահզորը՝ Սաիդ իբն Սուլթանը վերահսկողություն ստեղծեց աֆրիկյան ափերի մոտ և մայրաքաղաքը Մասկատից տեղափոխեց Զանզիբար։ Սուլթանի ժամանակ Զանզիբարում լայնածավալ շինարարություն էր ընթանում (կղզwu ճարտարապետական հուշարձանները ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Համաշխարհային ժառանգության ցուցակում)։
1861 թվականին Զանզիբարի սուլթանատն առանձնացվեց Օմանից, իսկ 1890 թվականին այն դարձավ բրիտանական պրոտեկտորատ։