Առնո Բրեքեր
Առնո Բրեքեր գերմ.՝ Arno Breker | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 19, 1900[1][2][3][…] |
Ծննդավայր | Էյբերֆելդ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4][5] |
Մահացել է | փետրվարի 13, 1991[2][3][6][…] (90 տարեկան) |
Մահվան վայր | Դյուսելդորֆ, Գերմանիա[7][8] |
Գերեզման | Nordfriedhof |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրթություն | Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիա |
Ազդվել է | Արիստիդ Մայոլ Չարլզ Դեպո |
Երկեր | Partei und Wehrmacht? |
Մասնագիտություն | ճարտարապետ, քանդակագործ, քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս և գծանկարիչ |
Աշխատավայր | Բեռլինի գեղարվեստի համալսարան |
Կուսակցություն | Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | Հռոմեական մրցանակ |
Անդամություն | ՆՍԴԱՊ |
Arno Breker Վիքիպահեստում |
Առնո Բրեքեր (գերմ.՝ Arno Breker),հուլիսի 19, 1900[1][2][3][…], Էյբերֆելդ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4][5] - փետրվարի 13, 1991[2][3][6][…], Դյուսելդորֆ, Գերմանիա[7][8] գերմանացի քանդակագործ, ով իր տաղանդը ծառայեցրել է Երրորդ ռեյխին:
Կենսագրություն
Ստեղծագործական ուղու սկիզբ
Առնո Բրեքերը ծնվել է 1900 թվականին՝ քարտաշ Առնոլդ Բրեքերի և նրա կնոջ՝ Լուիզայի ընտանիքում: Դեռ դպրոցական տարիներին, հայրական արհեստանոցում նա քարտաշություն է սովորել, ապա կրթությունը շարունակել է Էլբերֆելդի արհեստագործական ուսումնարանում: 1920 թվականին ընդունվել է Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիա, Վիլհելմ Քրայսի մոտ սովորել է ճարտարապետություն։ Իսկ քանդակագործություն նրան սովորել է Հյուբերտ Նետցերի մոտ, որն էլ իր հերթին եղել է Ադոլֆ ֆոն Գիլդեբրանտի աշակերտը: 1924 թվականին հայտնի գալերիիստ Ալֆրեդ Ֆլեխտհայմը դարձել է Բրեքերի պաշտոնական ներկայացուցիչը և հովանավորը[9]:
1925 թվականին Բրեքերն ավարտել է ուսումը: 1926 և 1927 թվականներին նա նախաձեռնել է իր առաջին ուղևորությունը դեպի Փարիզ, որն այն ժամանակ կերպարվեստի կենտրոնի համբավ էր վայելում: 1928 թվականից 1932 թվականները ապրել և աշխատել է Փարիզում, չկտրելով կապը Գերմանիայի հետ: Նա մեծապես ազդվել է Արիստիդ Մայոլի և Չարլզ Դեսպոի արվեստից, ովքեր աշխատում էին Օգյուստ Ռոդենի ոճով: Նա այնտեղ ծանոթացել է գրող և նկարիչ Ժան Կոկտոյի, կինոռեժիսոր Ժան Ռենուարի, պատկերասրահի սեփականատեր Դանիել-Անրի Կաննվեյլերի հետ: 1932 թվականին Պրուսիայի մշակույթի նախարարության կողմից ստացել է Հռոմեական մրցանակ և մեկ տարի կրթաթոշակ ստանալով անցկացրել է Վիլլա Մասիմոյում: Ֆլորենցիայում ուսումնասիրել է Միքելանջելոյի աշխատանքները: 1933 թվականի հունիսին այցելել է Մյունխեն և Բեռլին և որոշել է վերադառնալ Գերմանիա[10]:
Ստեղծագործական վերելքի ժամանակաշրջան
1933 թվականի նոյեմբերին Բրեքերը հաստատվել է Բեռլինում: Ի թիվս այլ բաների նա պատրաստել է նաև նկարիչ Մաքս Լիբերմանի կիսանդրին և հետմահու դիմակը: 1935-1936 թվականներին ստեղծել է հինգ հարթաքանդակներ «Նորդշտերն» ապահովագրական ընկերության համար՝ Բեռլինի Ֆերբելլիներ պլաց 2 հրապարակում, որոնք հետագայում՝ պատերազմից հետո ապամոնտաժվել են: 1936 թվականին մասնակցել է Կայսերական մարզադաշտի և Բեռլինի Օլիմպիական մարզադաշտի քանդակապատկերման մրցույթին, որտեղ Մարզական ֆորումի համար ներկայացրել է «Տասնամարտիկ» և «Հաղթողը» արձանները և «Դիոնիսը»՝ Դեբերիցայի Օլիմպիական գյուղի համար: 1936 թվականին Բեռլինում կայացած Օլիմպիական խաղերի գեղարվեստական մրցույթում Միջազգային օլիմպիական կոմիտեն Բրեկերին շնորհել է արծաթե մեդալ «Տասնամարտիկ» քանդակի համար, որն այնուհետև ցուցադրվել «Օլիմպիադայի արվեստ» ցուցահանդեսում:
Բրեքերը ծանոթանալով Հիտլերի և Շպեերի հետ՝ 1937 թվականին քանդակել է «Պրոմեթևս» քանդակը, որը տեղադրված է քարոզչության նախարարության բակում, ինչպես նաև Հիտլերի և Գեբելսի կիսանդրին: 1937 թվականի ապրիլի 20-ին Հիտլերը նրան շնորհել է պրոֆեսորի կոչում: 1937 թվականի մայիսի 1-ին Բրեքերը միացել է ՆՍԴԱՊ-ին (անդամության համարը 5379989, որը հետագայում փոխարինվել է ավելի կարճ՝ 51562): Մայիսին նա Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսի միջազգային ժյուրիի անդամ է եղել, իսկ հունիսին՝ Մյունխենում գերմանական առաջին Մեծ արվեստի ցուցահանդեսի ժյուրի անդամ:
1937 թվականի հոկտեմբերի 16-ին Բրեքերը ամուսնացել է ազգությամբ հույն Դեմետրե Մեսալեյի,Մայոլսյի նախկին մոդելի հետ, ում հետ նա ապրել է շուրջ տասը տարի:
1938 թվականի մայիսի 1-ից նա սկսել է դասավանդել Բեռլինի Միացյալ հանրակրթական ազատ և կիրառական արվեստի դպրոցներում: 1938 թվականին Հիտլերի հրատապ խնդրանքով Բրեքերը ստացել է Բեռլինի ընդհանուր վերակառուցման ծրագրերի հետ կապված խոշոր պետական պատվեր: Ավարտել է մի շարք աշխատանքներ ռայխսկանցլերի նոր գրասենյակի համար, այդ թվում «Կուսակցություն» և «Վերմախտ» արձանները: 1939 թվականի ամռանը սկսվել է Բեռլին-Դալեմ քաղաքում գտնվող Բրեկեր պետական արհեստանոցի շինարարությունը: 1939 թվականի նոյեմբերին նա ժամանակավորապես հաստատվել է Բեռլին-Գրյունևալդում՝ Վալտեր Ռատենաուի նախկին վիլլայում:
1940 թվականին Բրեքերը դարձել է առաջին նկարիչը, ով Վենետիկի բիենալեում ստացել է Մուսոլինիի անվան մրցանակ: 1940 թվականի հունիսի 23-ին՝ Ֆրանսիայի հետ Կոմպիենյան զինադադարի կնքումից մեկ օր անց, ճարտարապետ Ալբերտ Շպեերի և Գերման Գիզլերի հետ Բրեքերը՝ որպես գիդ, ուղեկցել է Հիտլերին պարտված Փարիզ կատարած կարճ ճանապարհորդության ընթացքում:
1940 թվականի հուլիսի 19-ին Հիտլերը Բրեքերիին՝ քառասունամյակի կապակցությամբ, պարգևատրել է ՆՍԴԱՊ-ի կուսակցական ոսկե կրծքանշանով և նրան նվիրել է պետության կողմից Օդերբրուքում վերանորոգված Յեկելսբրուխի ամրոցը:
1940 թվականի նոյեմբերին Վյաչեսլավ Մոլոտովը, ով պաշտոնական այցով Բեռլին էր եկել, Բրեքերին փոխանցել է ԽՍՀՄ-ում աշխատելու Ստալինի առաջարկը: Բերքերը ԽՍՀՄ արտաքին գործերի ժողովրդական կոմիսարի հետ «Կայզերհոֆ» հյուրանոցում տեղի ունեցած իր հանդիպումն այսպես է նկարագրում իր հուշերում.
1941 թվականին Բրեքերը դարձել է Կայսերական կերպարվեստի պալատի փոխնախագահ: Նույն թվականի օգոստոսին ստեղծվել է «Առնո Բրեքերի քանդակագործության արհեստանոցներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Հիմնադիրներ էին Առնո Բրեքերն իր 1000 ռայխսմարկ բաժնեմասով և գերմանական ռայխը՝ ի դեմս շինարարության գլխավոր տեսուչ Ալբերտ Շպեերի՝ 99 000 ռայխսմարկ բաժնեմասով: Բայց մեկ տարի անց ընկերությունն ամբողջությամբ դարձել է պետության սեփականությունը և կազմել է շինարարության գլխավոր տեսչության մի բաժինը: Այսպիսով, Շպեերը Բրեքերին կարող էր ուղղակիորեն աշխատանք տալ, և նա էլ, առանց որևէ բան վտանգելու, կարող էր վիթխարի պատվերներ ընդունել: Մինչ պատերազմի ավարտը Վրիցենում արհեստանոցները հսկայական ծավալների են հասել, որոնց կանոնադրական կապիտալը կազմել է 1 000 000 ռեյխսմարկ: Բրեքերն աշխատեցնում էր ֆրանսիական ռազմագերիներին, ինչպես նաև Լեհաստանի և Ուկրաինայի անազատ բանվորներին:
1942 թվականին Վիշիի կառավարության հրավերով Բրեքերը Փարիզի «Օրանժերեայում» կազմակերպվել է խոշոր անհատական ցուցահանդես: Նրա անհատական ցուցահանդեսները կայացել են նաև 1943 թվականին Քյոլնում և 1944 թվականին՝ Պոտսդամում: 1944 թվականին Լենի Ռիֆենշթայլի ստուդիայում նկարահանվել է «Առնո Բրեքեր-դժվար ժամանակ, ուժեղ արվեստ» կարճամետրաժ մշակութային ֆիլմը: Հիտլերը Գեորգ Կոլբեի, Ֆրից Կլիմշեի, Յոզեֆ Տորակի հետ միասին Բրեքերին ներառել է հատուկ «աստվածային շնորհով օժտվածների ցուցակում», ինչը նշանակում էր ազատվել ռազմաճակատ զորակոչվելուց:
Հետպատերազմյան տարիներ
1945 թվականի հունվարի 29-ին, Բեռլինի վրա խորհրդային բանակի հարձակման մեկնակրից մի փոքր առաջ, Ալբերտ Շպեերի օգնությամբ Առնո Բրեքերը իր Յեկելսբրուխի կալվածքից (Օբերբարնիմի շրջան) փախել է Բավարիա, նախ՝ Շթարնբերգի լճի ափի մոտ գտնվող Լեյստշտենյան ամրոցը, այնուհետև Պերհա համայնքի Բուխհոֆ ամրոց և վերջում՝ Վեմդինգ: 1945 թվականի մարտի 21-ին նա Բեռլին է ուղարկել չվճարված հոնորարների ցուցակը, ըստ որի 5,5 միլիոն ռայխսմարկ փոխանցվել է նրա հաշվեհամարին։ Մինչև պատերազմի ավարտը իրեն հասանելիք 27.4 միլիոն ռայխսմարկից Բրեկերը ստացել է 9.1 միլիոնը: Նա, ևս 60 000 ստացել է, Ալբերտ Շպեերից` որպես «ռայխսնախարարից նվեր»:
Բրեկերի արձանների և հարթաքանդակների հիմնական մասն առանց վնասվելու պահպանվել է Բեռլինի Դալեմ թաղամասում և Բեռլինի մոտակայքում գտնվող Յոկելսբրուխի երկու արվեստանոցներում, ինչպես նաև Մյունխենի Գերմանական արվեստի տուն և Փարիզի Ժամանակակից արվեստներիի թանգարանի պահոցում: 1945 թվականի ամռանը Բեռլինի արվեստանոցի աշխատանքները, որոնք ամերիկյան օկուպացիոն գոտում էին, պահպանության են հանձնվել Դալեմի Ազգագրական թանգարանին: Յեկելսբրուխը գտնվում էր խորհրդային օկուպացիոն գոտում: Համաձայն Բադ-Ֆրայենվալդեի Օդերբրուխի թանգարանի նախկին տնօրեն Օդեր Հանս Ուլրիխ Էնգելի վկայության՝ 1949 թվականին շուրջ 15 բրոնզե արձան և 1 հարթաքանդակ Յեկելսբրուխից տեղափոխվել է Պոտսդամ, իսկ 1950 թվականի ուշ աշնանը հալեցվել են:
Հետագայում Յոկելսբրուխի ստուդիայից երկու քանդակներ՝ «Մարգարե» և «Կոչում», տեղադրվել են Էբերսվալդեում՝ Գերմանիայում խորհրդային ուժերի խմբի կողմից 20-րդ բանակի մարզադաշտում: Ռեյխկանցլերի այգու Ֆրից Կլիմշի երկու կանացի արձանները, ինչպես նաև Յոզեֆ Տորակի ձիերի երկու քանդակները այդտեղ մնացել են մինչև 1989 թվականի ամառ:
1945 թվականի ապրիլի 28-ին, մինչ Գյորինգի Կարինհալ ամրոցի պայթունը, Բրեկերի «Էոս», «Նրբագեղություն» և «Քայլողը» քանդակները դեն են նետել Մեծ Դելնզեում: 1990 թվականին ոստիկանության ջրասուզակները դրանք բարձրացրել են լճի հատակից: «Տասնամարտիկ» և «Հաղթողը» քանդակները մնացել են Օլիմպիական համալիրի մարզական կոմպլեքսում, որը հայտնվել էր Բեռլինի բրիտանական օկուպացիոն գոտում, և մնացել անձեռնմխելի: :
Բեռլինում պահպանվել է նաև Հարավսլավիայի դեսպանատան ճակատին արված Բրեքերի քանդակը ( ներկայումս՝ Գերմանիայի միջազգային քաղաքականության հասարակության շենք) Ռաուխշտրասե 17-18 հասցեում:
Ֆրանսիայի ազատագրումից հետո, 1942 թվականին, Փարիզի ցուցահանդեսին ներկայացված 34 քանդակներ՝ որպես «թշնամու սեփականություն» , առգրավվել են Ֆրանսիայի նոր կառավարության կողմից: 1961 թվականի օգոստոսի 23-ին դրանք աճուրդի են հանվել Դյուրան-Ռյուել հայտնի աճուրդի տանը, և Բրեքերին հաջողվել է 76 000 գերմանական մարկով գնել դրանք Շվեյցարիայի փոխանձանց միջոցով: Հետագայում նա դրանք տեղադրել է Դյուսելդորֆում գտնվող իր զբոսայգում:
1948 թվականին Բրեկերն անցել է դենացիֆիկացիայի գործընթաց: Չնայած երրորդ ռեյխում ունեցած արտոնյալ դիրքին, նա համարվել է որպես «ուղեկից» և դատապարտվել է 100 մարկ տուգանքի: Նրա օգտին վկայություն են տվել ռեժիմի շատ զոհերին ցուցաբերած օգնության փաստերը: Օրինակ, 1943 թվականի վերջին Բերքերը օգնել է գեստապոյից ազատվել Մայոլի ընկերուհի և մուսա Դինա Վերնիին, որը հրեա էր: Ինչ վերաբերվում է Պաբլո Պիկասոյին օգնելուն, ապա նրա մասին գիտենք միայն Բրեքերի խոսքերից, որը այդ մասին պատմել է նկարչի մահվանից հետո:
1949 թվականին Բրեքերը հաստատվել է Դյուսելդորֆում, որտեղ այդ ժամանակ հաստատվել էին Ալբերտ Շպեերի շատ նախկին աշխատակիցներ: Պետական պաշտոնական պատվերները սկսել են փոխհատուցվել մասնավոր անձանց պատվերներով: Հիտլերի սիրելի քանդակագործի հիմնական հաճախորդներն են դարձել Արևմտյան Գերմանիայի բարձրագույն գործարար շրջանակների ներկայացուցիչները: 1950-ական թվականների սկզբին Բրեքերը նորից դարձել է ամենապահանջված և ամենաբարձր վարձատրվող քանդակագործը: Նա քանդակել է նաև Ժան Կոկտոյի (1963 թվական), Ժան Մարեի (1963 թվական), Լյուդվիգ Էրհարդի (1973թվական), Սալվադոր Դալիի (1975 թվական), Կոնրադ Ադենաուերի (1979 թվական), Էռնեստ Յունգերի (1982 թվական),Պյոտր Լյուդվիգի և Իռենա Լյուդվիգի (1986 թվական) դիմաքանդակները:
1960 թվականին նա Փարիզում արհեստանոց է բացել:
1980-1985 թվականներին Քյոլնի մոտակայքում ստեղծվել է «Առնո Բրեկերի թանգարանը»:
Առնո Բրեկերը մահացել է 1991 թվականի փետրվարի 13-ին, Դյուսելդորֆում և թաղվել է քաղաքի Հյուսիսային գերեզմանատանը:
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Arno Breker (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.artfinding.com/Biography/Breker-Arno/10976.html
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.invaluable.com/artist/breker-arno-yjl57135rc/sold-at-auction-prices/
- ↑ 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 7,0 7,1 7,2 http://www.meaus.com/arno-breker-biography.htm
- ↑ 8,0 8,1 8,2 http://arch-pavouk.cz/index.php/architekti/1500-breker-arno
- ↑ Wille, Macht und Schicksal. Oldenbourg Wissenschaftsverlag. 1922-12-31. էջեր 96–112. ISBN 978-3-486-74694-5.
- ↑ Wille, Macht und Schicksal. Oldenbourg Wissenschaftsverlag. 1922-12-31. էջեր 96–112. ISBN 978-3-486-74694-5.
Գրականություն
- Arno Breker: Im Strahlungsfeld der Ereignisse. K. W. Schütz KG, Preußisch Oldendorf 1972
- Jürgen Trimborn: Arno Breker. Der Künstler und die Macht. Aufbau, Berlin 2011:
Արտաքին հղումներ
- Биография Арно Брекера на сайте Немецкого исторического музея(գերմ.)
- Музей Арно Брекера
- Архив Брекера
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Առնո Բրեքեր կատեգորիայում։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առնո Բրեքեր» հոդվածին։ |
|