Jump to content

Chloé

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Chloé
Изображение логотипа
Տեսակնորաձևության տուն և կազմակերպություն
Հիմնադրված է1952
ՀիմնադիրԳաբի Ագեն
ՎայրՓարիզ, Ֆրանսիա
Երկիր Ֆրանսիա
ՏնօրենRalph Toledano? և Geoffroy de la Bourdonnaye?
Արդյունաբերությունկարի արդյունաբերություն և Wholesale?[1]
Մայր ընկերությունRichemont
Կայքchloe.com(անգլ.)(ֆր.)
 Chloé (brand) Վիքիպահեստում

Chloé, ֆրանսիական նորաձևության տուն, որը մասնագիտացած է պրետ ա պորտե հագուստի, աքսեսուարների և օծանելիքների թողարկմամբ։

Chloé նորաձևության տունը հիմնադրել է նորաձևության դիզայներ և գործածար Գաբի Ագենը 1945 թվականին՝ Եգիպտոսից Փարիզ տեղափոխվելուց յոթ տարի անց։ Փարիզում նա սկզբում կարել և վաճառել է շրջազգեստներ տեղի բուտիկներում։ 1952 թվականին Գաբի Ագենը Ժակ Լենուարի (ֆր.՝ Jacques Lenoir) հետ ստեղծել և մինչև 1985 թվականը ղեկավարել է Chloé ընկերությունը, որը 1985 թվականին գնել է շվեյցարական Richemont հոլդինգը[2]։

Chloé անունը, ըստ վարկածներից մեկի, կապված է եղել հին հունական Դեմետրա աստվածուհու անվան հետ (Քլոյե (հուն․՝ Χλόη)՝ ծաղկող, կանաչող)։ Ըստ մեկ այլ վարկածի՝ Գաբին իր անունը անբարեհունչ համարելով՝ որպես ընկերության անվանում ընտրել է իր մոտ ընկերուհի Քլոյե դե Բրյումետոնի (ֆր.՝ Chloe de Brjumeton) անունը։ Ամեն դեպքում Chloé նորաձևության տան ոճը տարբերում են որակները, որոնք համապատասխանում են գեղեցկության մասին հունական պատկերացումներին՝ կանացիություն, ջերմություն և բնականություն, գեղեցիկ և որակյալ հյուսվածքներից ազատ կտրվածքի օգտագործում։ Ապրանքանիշի ընդհանուր ոգուն համահունչ են տարբեր աքսեսուարների հավաքածուները, ներառյալ շրջանակները և արևային ակնոցները[3]։

Հենց Գաբի Ագենն է առաջարկել պրետ ա պորտե հասկացությունը՝ պատրաստի հագուստի մոդելներ ստեղծելու համար, որոնք մոդելավորողների կողմից գործարկվում են զանգվածային արտադրության մեջ, և պատրաստի հագուստը սովորական է դարձրել ժամանակակից մարդու համար։ Chloe-ի առաջին ցուցադրությունը կայացել է 1956 թվականին։ 1960-ական թվականներին ընկերության հիմնադիրները հավաքել են տաղանդավոր մոդելավորողների առաջին համաստեղությունը, որոնց թվում եղել են Ժերար Պիպարը (ֆր.՝ Gerard Pipart), Մաքսիմ դե լա Ֆալասը (ֆր.՝ Maxime de la Falaise) և Քրիստինա Բեյլին (ֆր.՝ Christiane Bailly)։ 1966 թվականին ստեղծագործական ուղղությունը ղեկավարել է Կարլ Լագերֆելդը, Chloé-ի մշտական հաճախորդների թվում նշվում են Ժաքլին Քենեդին և Բրիժիտ Բարդոն[2]։

1995-2002 թվականներին գլխավոր դիզայների պաշտոնը զբաղեցրել է Ստելլա ՄաքՔարթնին, ապա՝ Ֆիբի Ֆիլոն։ Անկախ այս նորաձևության տան ղեկավարության և ոճի հաճախակի փոփոխությունից, Chloé-ի արտադրանքը մշտապես պահանջարկ է վայելում այն ժամանակից ի վեր, երբ Գաբի Ագենը հորինել է լյուքս դասի պատրաստի հագուստ (ֆր.՝ luxury pret-a-porter)[2]։

Chloé բրենդը իրենց համար ընտրում են արվեստի աշխարհի բազմաթիվ աստղեր՝ Սիեննա Միլլեր, Մադոննա, Ջենյուարի Ջոնս, Մեգի Ջիլենհոլ, Քեմերոն Դիաս, Էմմա Սթոուն, Քլեմանս Պոեզի, Քեյթի Հոլմս և ուրիշներ։

Արտիստների հատուկ ելույթների համար կոստյումներ են ստեղծել տարբեր հայտնի նորաձևության դիզայներներ՝ Կոկո Շանել, Իվ Սեն Լորեն, Ջաննի Վերսաչե, Ալեքսանդր Մակքուին և ուրիշներ։ Այս ավանդույթները շարունակում է Chloé ընկերության նոր ստեղծագործական տնօրեն Նատաշա Ռամսեյ Լևին (ֆր.՝ Natacha Ramsay-Levi)[4][5]։ 2018 թվականին «Բենուա դե լա Դանս» փառատոնում, որը նաև անվանում են «Օսկար» պարողների համար[5], Մեծ թատրոնի բեմում բրիտանացի խորեոգրաֆ Դեյվիդ Դոուսոնի «Եվ երբ անցավ օրը» բալետային բեմադրությունում պրիմա բալերինա Մարիա Կոչետկովան և դանիացի Սեբաստիան Կլոբորգը (անգլ.՝ Sebastian Kloborg) պարել են Chloéт-ի դիզայներների ստեղծած հագուստներով։ Մարիան պատմում է, որ երեխա ժամանակ մորից նվեր է ստացել Chloé-ի օծանելիք և այդ ժամանակ արդեն իմացել է այդ ապրանքանիշի գոյության մասին, որի էսթետիկան մոտ է բալետի աշխարհին։ Կոչետկովան պարզաբանում է, որ պարուհու համար լողազգեստ կարելը այնքան էլ հեշտ չէ, ինչպես թվում է. «Այն պետք է իդեալական նստի, որպեսզի ոչինչ չխանգարի խեոգրաֆիան, բարդ աջակցությունները և ընդհանուր առմամբ պարը կատարելուց»։ Մարիան լիարժեք փոխըմբռնում է գտել Նատաշա Ռամսեյ Լեվիի հետ և Chloé-ի մոդելավորողների կողմից կարճ ժամանակում (մեկ ամսից պակաս) ստեղծված վարդագույն-բեժ լողազգեստը, որը պատրաստված էր նուրբ թափանցիկ շղարշից, դարձել է նրա «երկրորդ մաշկը», մարմնի վրա անկշիռ մշուշի զգացողություն, որի մասին բեմի վրա կարելի է մոռանալ[5][6]։

Chloé-ի հավաքածուները բազմազան են տարբեր տարիքի և կենսակերպի գնորդների համար։ Փարիզի նորաձևության շաբաթը տարին երկու անգամ առաջարկում է թանկարժեք պատրաստի հագուստի նորացված գծեր։

2001 թվականից ի վեր զարգանում է «See by Chloé» երիտասարդական գիծը, որը ներկայացնում է ռոմանտիկ գեղագիտության դիզայն և գունավորության համադրություն բանահյուսության տարրերի հետ։ Առաջարկները ցուցադրվում են առցանց նորաձևության ցուցադրությունում[7]։

Chloé-ն Հոնկոնգում, 2006 թվականի լուսանկար
Chloé-ն Հոնկոնգում, 2019 թվականի լուսանկար

Chloé-ի շտաբ-բնակարանը գտնվում է Պերսե (ֆր.՝ Percier) պողոտայում՝ Փարիզի 8-րդ շրջանում։ Շրջանային գրասենյակներ կան Նյու Յորքում, Տոկիոյում, Շանհայում, Հոնկոնգում և Դուբայում։

Chloé արտադրանքը նորաձևության ցուցադրություններում և գովազդային արշավների ժամանակ հանրահռչակում են աշխարհի տարբեր երկրների սուպերմոդելներ՝ Ֆրեա Բեհա Էրիքսեն (Դանիա), Ֆերնանդա Թավարես (Բրազիլիա), Կարմեն Կաս (Էստոնիա), Մարինա Վակթ (Ֆրանսիա), Թոնի Գարն (Գերմանիա), Ռոմի Սթրիյդ (Նիդերլանդներ), Շալոմ Հարլոու (Կանադա), Մագդալենա Ֆրակովյակ (Լեհաստան), Աննա Վյալիցինա (Ռուսաստան և ԱՄՆ), ամերիկյան մոդելներ Քերոլին Մերֆի, Քրիստի Տարլինգտոն, Ժակլին Յաբլոնսկի, ռուս պատանի մոդել Աննա Պավագա և ուրիշներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. SIRENE (ֆր.)
  2. 2,0 2,1 2,2 «Дом моды Chloe — французское непостоянство» (ռուսերեն). f2f-mag.ru. Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  3. «Chloé» (ռուսերեն). ochki.net. Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  4. «Знакомьтесь, Наташа Рамсей-Леви — новый креативный директор Chloé» (ռուսերեն). vogue.ru. 10 Марта 2017. Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Chloé создали сценический наряд для российской примы-балерины» (ռուսերեն). vogue.ru. 5 июня 2018. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  6. «В Большом театре прошла премьера балета с костюмами от Chloé» (ռուսերեն). bazaar.ru. 6 июня 2018. Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  7. «See by Chloé - Designer-Kollektion 2018» (գերմաներեն). mytheresa.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Chloé» հոդվածին։