Էտեբոն իր կարիերան սկսել է հայրենիքում՝ հանդես գալով «Վարի Վուլվզ» ակումբում։ Երկու մրցաշրջանի ընթացքում նա եղել է թիմի լավագույն ռմբարկու։ 2014 թվականին Օգենեկարոն դիտումների է մասնակցել իտալական «Ուդինեզե» ակումբում, սակայն պայմանագիր չի կնքել։ 2015 թվականին ճանաչվել է Տարվա տաղանդ Աֆրիկայում[2]։ 2016 թվականի սկզբին Օգենեկարոն տեղափոխվել է պորտուգալական «Ֆեյրենսի»։ Ապրիլի 24-ին՝ «Օլիվեյրենսե» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Սեգունդա լիգայում[3]։ Ապրիլի 30-ին կայացած Վիզեուի «Ակադեմիկա» ակումբի դեմ խաղում Էտեբոն խփել է իր առաջին գոլը «Ֆեյրենսիի» կազմում[4]:Արդյունքում մրցաշրջանում նա օգնել է ակումբին դուրս գալ Էլիտա։
2018 թվականի սկզբին Էտեբոն վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է իսպանական «Լաս Պալմաս»[5]։ Փետրվարի 5-ին «Մալագայի» դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Լա Լիգայում[6]։
2018 թվականի ամռանը Էտեբոն տեղափոխվել է անգլիական «Սթոք Սիթի»՝ կնքելով 5 տարվա պայմանագիր։ Տրանսֆերի արժեքը կազմել է 7,2 միլիոն եվրո[7]։
2013 թվականի հուլիսի 27-ին՝ Աֆրիկայի գավաթ 2014 խաղարկության նախընտրական փուլի՝ Կոտ դ'Իվուարի հավաքականի դեմ խաղում, Էտեբոն կատարել է իր նորամուտը Նիգերիայի հավաքականի կազմում։
2016 թվականի մառանը Օգենեկարոն դարձել է Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Ճապոնիայի[8], Շվեդիայի[9] և Կոլումբիայի[10] հավաքականների դեմ խաղերին։ Ճապոնացիների դեմ խաղում Էտեբոն դարձել է չորս գոլի հեղինակ։
2018 թվականին Էտեբոն մասնակցել է Ռուսաստանում անցկացվող աշխարհի առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Խորվաթիայի[11], Իսլանդիայի[12] և Արգենտինայի[13] հավաքականների դեմ խաղերին։