Վիմագրություն
Վիմագրություն (քար, արձան և գրություն բառերից, որի տարբերակն է՝ արձանագրություն)։ Նեղ իմաստով նշանակում է քարի վրա փորագրված գրություն, սակայն գործածության ընթացքում իմաստն ընդլայնվել է՝ ընդգրկելով նաև իրերի, առարկաների, պատերի վրա փորագրված հիշատակության ու մակագրության նմուշները։ Գրանյութի առանձնահատկության պատճառով վիմագիրները համառոտել են հաղորդելիքը և քանդակել հիմնականում եզակի օրինակով։ Վիմագիրները բազմաբնույթ են (քաղաքական, ռազմական, շինական, օրենսդրական, տնտեսական, առևտրական, կենսագրական և այլն) և առաջնակարգ նշանակություն ունեն այս կամ այն ժամանակաշրջանի համակողմ անի ուսումնասիրման համար։ Դրանց հետազոտությամբ զբաղվում է վիմագիտությունը։ Վիմագրությունն առավելապես տարածված է եղել Հին Եգիպտոսում, Միջագետքում, Հնդկաստանում, Իրանում, Հին Հունաստանում, Հռոմում, Հայաստանում և այլուր։ Հնագույնները մ.թ.ա. 5–3-րդ հազարամյակից են։
Վիմագրությունը Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանը վիմագրություններով հարուստ մշակութային միջավայր է. այստեղ հայտնաբերված ամենահին վիմագրությունները մ.թ.ա. 12–6-րդ դարերից են (աքքադական և ուրարտական), որոնց փոխարինել են արամեերեն, հունարեն, պահլավերեն, լատիներեն արձանագրությունները։
Հայկական վիմագրության անդրանիկ նմուշներն ստեղծվել են մեսրոպյան գրերի գյուտից հետո (5-րդ դար, Տեկոր, Երուսաղեմ)։ Պատկառելի թիվ են կազմում 7-րդ դարի շինական արձանագրությունները (Բագավան, Բագարան, Մրեն, Նախճավան, Արուճ, Եղվարդ, Ավան, Մցխեթ և այլն)։ Հայոց մեծ թվականը առաջին անգամ գործածվել է Բագավանի 639 թվականի վիմագրում՝ Հայոց ՁԸ թվականին (88+551)։ Հայկական վիմագրությանը բնորոշ է թվագրման ստուգությունը (այստեղ անվերապահ է Մովսես Խորենացու ազդեցությունը), բազմաքանակությունը։ Վերջինս հետևանք է քաղաքական անկայունության, երբ դժվար էր ապահովել վավերագրերի, վճիռների, նվիրատվությունների, հարկային սահմանումների և այլ պայմանավորվածությունների պահպանումը արքունական, կաթողիկոսական կամ իշխանական դիվաններում։ Սրբատաշ քարակերտ պաշտամունքային կառույցների պատերը երաշխավորել են, որպես ուխտատեղի, վավերագրերի պահպանման տևականություն և անվերապահ կատարում։ Իբրև անփոխարինելի աղբյուր՝ վիմագրությունները պատմական շարադրանքում օգտագործել են Մովսես Խորենացին, Սեբեոսը, Ստեփանոս արք. Օրբելյանը, Առաքել Դավրիժեցին, Զաքարիա Քանաքեռցին և այլք։
18-րդ դարից սկսվել և 19-րդ դարի կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցու հորդորով լայն ծավալներ է ստացել վիմագրերի հավաքման և հրատարակման գործը։ Հազարավոր արձանագրություններ են ընդօրինակել և հրապարակել Հովհ. Շահխաթունյանցը, Հ. Շնողեցին, Ս. Ջալալյանցը, Մ.Բրոսսեն, Ն. Սարգսյանը, Ղ. Ալիշանը, Ա. Մխիթարյանը և այլք։ Սակայն կազմված անդրանիկ ժողովածուն Կ. Կոստանյանցի «Վիմական տարեգիրն» է (1913)՝ ակադեմիկոս Նիկողայոս Մառի գիտ. խմբագրությամբ։ Հայ վիմագրության հավաքման ու վերլուծության մարզում բացառիկ է ակադեմիկոս Հովսեփ Օրբելու վաստակը։ Նրա գործը շարունակել են հնագետ-վիմագրագետներ Ս. Բարխուդարյանը, Կ. Ղաֆադարյանը, Ա. Քալանթարը և հայագետ Ս. Ավագյանը։ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը հրատարակում է «Դիվան հայ վիմագրության» մատենաշարը (պր. I–VIII, 1960–99)։ Մեծարժեք են Պ. Մուրադյանի, Գ. Գրիգորյանի, Ս. Սաղումյանի, Գ. Սարգսյանի և այլոց հրատարակությունները[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 981 — 1072 էջ, ISBN 5-89700-016-6։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օրբելի Հ., Հայկական վիմական արձանագրությունների գիտական նշանակությունը, տես «Դիվան հայ վիմագրության», պր. I, կազմ. Հ. Օրբելի, Երևան, 1966։
- Բարխուդարյան Ս., Հայկական վիմագրություն, նույն տեղում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիմագրություն» հոդվածին։ |
|