Վանի թագավորության ճարտարապետություն
Վանի թագավորության ճարտարապետություն, Վանի թագավորության ժամանակաշրջանի (մ.թ.ա. 9-6-րդ դարեր) քաղաքաշինական, ամրաշինական, բնակելի և պալատական կառույցների ամբողջություն։
Ուրարտական ճարտարապետության ուսումնասիրությունը պարզել և դեռ կարող է պարզել հայկական ճարտարապետության կազմավորման, ձևաստեղծման և ծագումնաբանական շատ հարցեր։ Վանի թագավորության ճարտարապետության հնագույն նկարագրությունը պատկանում է Մովսես Խորենացուն, այնուհետև սկսում են հնագիտական աշխատանքները[1]։ Առանձին ուսումնասիրության առարկա են դարձել ուրարտական քաղաքների ջրամատակարարման և ոռոգման հարցերը, ամրաշինական կառույցները և պալատական ճարտարապետությունը[1]։
Քաղաքաշինություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանի թագավորության ժամանակաշրջանի քաղաքներում հատակագծային կառուցվածքը երկմաս է՝ բաղկացած միջնաբերդից (ամրոցից կամ բերդից) ու բնակատեղիից։ Միջնաբերդը կամ բերդը կառուցված էր դժվարամատչելի քարաժայռերի կամ բլուրների վրա և ապահովվում էր պաշտպանական կառուցվածքների ինքնուրույն համակարգերով։ Քաղաքը կամ բնակավայրը սովորաբար տեղավորվում էր միջնաբերդի ստորոտին, թեք կամ հարթ տարածքի վրա ու նույնպես շրջապատվում պաշտպանական ինքնուրույն համակարգով[2]։
Տուշպա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տուշպան (Վան)՝ թագավորության մայրաքաղաքը, ակնառու կերպով ներկայացնում է հայերի նախնիների քաղաքաշինական արվեստի նկարագիրը։ Կառուցվել է Վանա լճի հարավարևելյան ափին՝ մ.թ.ա. 9-րդ դարում։ Չնայած պատմահայր Մովսես Խորենացին անարդարացիորեն Տուշպայի հիմնադրումը վերագրում է Ասորեստանի թագուհի Շամիրամին, տալիս է հետաքրքիր տեղեկություններ քաղաքի կառուցվածքների մասին։ Ըստ Խորենացու Շամիրամը քաղաքի մեջ շինում է բազմաթիվ ընտիր ապարանքներ` կրկնահարկ և եռահարկ, զարդարված տեսակ-տեսակ գույնզգույն քարերով, և ամեն մեկում պատուհաններ ըստ հարմարության, շինում է նաև չքնաղ և զարմանալու արժանի բաղնիքներ՝ համապատասխան քաղաքի դիրքին և պիտույքներին[3]։ Շամիրամ թագուհուն վերագրած աշխատանքներն իրականում կատարվել են Վանի թագավորների կողմից, ինչի մասին բազմաթիվ սեպագիր հիշատակություններ են պահպանվել[2]։
Քաղաքի առաջացման համար որպես կորիզ ծառայել է Վանի նշանավոր ու խիստ անառիկ քարաժայռը, որի բոլոր լանջերը (բացի հյուսիսայինից) զառիթափ իջնում են մինչև հարթավայր, մյուս կողմերից անհնար դարձնելով միջնաբերդ ներթափանցելը։ Միջնաբերդի պաշտպանական պարսպապատերի ուղղությունն ու ողջ համակարգը համապատասխանում է քարաժայռի ձևին ու տեղադրությանը։ Քարաժայռի գագաթին, հյուսիսային կողմից արևելքից արևմուտք է ձգվում հզոր, բեկբեկուն ու աշտարակավոր պարսպապատերի գիծը։ Մյուս կողմից, թեև այդպիսի պարսպապատերի կարիք չկար, սակայն առանձին հատվածներով դրանք եղել են, քարաժայռի հարավային կողմում երբեմնի պարսպապատից պահպանվել է աշտարակ՝ տեղադրված հատուկ հարթեցված աստիճանի վրա։ Մեծ թեքություն ունեցող լանջերին կամ ուղղաձիգ ժայռի գագաթին ժայռաստիճանների ստեղծումը թելադրվել է պարսպապատի տակ հուսալի, սողքը կանխելու հիմնատակ, ինչպես նաև այդ ժայռաստիճանների վրա անձրևի ու ձնհալի ջրերի հոսման համար տաշտաձև առվակներ ունենալու անհրաժեշտությունից։ Վանի քարաժայռի գագաթին այդ պարսպապատերը շարված են խոշորաչափ կանոնավոր ձևի քարերից, առանց շաղախի օգտագործման, այսինքն չոր շարվածքի տեխնիկայով։ 3մ և ավելի հաստություն ունեցող պատերի արտաքին երկու կողմերի կանոնավոր շարվածքի միջև լիցք է կատարվել մանր քարերով[2]։
Միջնաբերդի առավել եզակի կառուցվածքներն ահռելի ժայռազանգվածի մեջ գտնվող ժայռափորերն են։ Անկախ այն փաստից, որ լիովին հայտնի չէ, թե ինչ նպատակի են դրանք ծառայել, այդ ժայռափորերը ճարտարապետական ներքին տարածությունների կազմակերպման վերին աստիճանի ուշագրավ օրինակներ են[2]։ Դրանց թվին են պատկանում «Խորխորի մեծ» և «Խորխորի փոքր», «Նեֆտ-կույու», «Իչկալա», հարավարևելյան կողմի «Մեծ» և հյուսիսային լանջի միադահլիճ ժայռափորերը։ Խորխորի մեծ ժայռափորը (ոչվում է նաև րգիշտիի սենյակ)ներկայացնում է մեծ դահլիճ, որին 3 կողմից շրջապատում են առավել փոքր սենյակներ։ 4 սենյակներից յուրաքանչյուրը մուտքերով կապվում է դահլիճին, իսկ վերջինիս արտաքին մուտքը բացվում է մի ժայռահարթակի վրա, որից իջնում են ժայռափոր աստիճաններ։ Հատակագծային նույն հորինցվածքն ունի նաև Խորխորի փոքր ժայռափորը. միայն այս դեպքում սենյակները տեղավորված են դահլիճի միայն մի՝ հետևի կողմում։ Նեֆտ-կույու (Նավթահոր) ժայռափոր համալիրում փոքր սենյակները տեղավորված են դահլիճի արևմտյան և հյուսիսային կողմերում։ Հատակագծային հորինվածքի տեսակետից որոշ տարբերություն ունի Իչկալա կոչված ժայռափորը։ Նրանում սենյակների դասավորությունը դեպի ժայռի խորքը եռաստիճան է, նախադահլիճին հաջորդում է փոքրը, իսկ սրան՝ ավելի փոքրը։ Առաջին և երկրորդ դահլիճների աջ և ձախ կողմերում տեղավորված են մեկական փոքր սենյակներ՝ բոլորն էլ մուտքերով հաղորդակցվող մեծ դահլիճների հետ[2]։ Ժայռափոր խմբերից մի քանիսի փոքր սենյակներում ժայռակերտ պատվանդանների գոյությունը հիմք է տալիս ենթադրելու, որ ժայռափորերը օգտագործվել են որպես դամբարաններ[4]։
Էրեբունի
[խմբագրել | խմբագրել կոդը]Արգիշտի 1-ին թագավորի կողմից մ.թ.ա. 782 թվականին հիմնադրված Էրեբունին եղել է վարչական, տնտեսական և ռազմական կարևոր հենակետ Արարատյան դաշտում։ Քաղաքաշինական առումով եղել է երկմաս, բաղկացած բլրի գագաթին տեղադրված միջնաբերդից և նրա փեշերին սփռված քաղաքից։ 1950 թվականին այստեղ սկսված պեղումներով լրիվ ուսումնասիրված է միջնաբերդը, մասնակիորեն՝ քաղաքի տարածքը։
Շուրջ 2 հա զբաղեցնող միջնաբերդը կառուցվել է բլրի եռանկյունաձև գագաթին ու պարագծով շրջափակվել պաշտպանական պարսպապատերով՝ ստորին մասում շարված է ճեղքված տուֆով ու բազալտով, իսկ վերնամասում՝ հում աղյուսով։ Ելուստավոր պարսպապատերը պահպանվել են 3-4 մետր բարձրությամբ[2]։
Միջնաբերդն ունեցել է 3 հիմնական մասեր՝ պալատական, պաշտամունքային և տնտեսական։ Պալատական համալիրը բաղկացած է մեծ թվով (մինչև 80) բազմաբնույթ սենյակներից, որոնք խմբավորված են երկու բակերի, սյունազարդ բակի, մեծ և փոքր սյունազարդ դահլիճների շուրջը։ Մեծ բակի հյուսիսարևելյան կողմին կից է ընդարձակ սյունազարդ դահլիճը, որն ըստ երևույթին ծառայել է հանդիսավոր ընդունելությունների և արարողությունների կատարմանը։ Նրանում երկայնական ուղղությամբ կանգնեցված էին փայտյա սյուներ, որոնց վրա հենվում էր դահլիճի փայտածածկը։ Դահլիճի պատերը զարդարվել են աշխարհիկ և պաշտամունքային թեմաներ պատկերող որմնանկարներով, որոնք առավել բազմազան են պալատական համալիրի մյուս դահլիճների կավածեփ ներքին և Խալդ աստծո տաճարի արտաքին սյունասրահի պատերին պահպանված որմնանկարների պատառիկներում[5]։
Պալատական համալիրի մեծ բակը ապադանի (սյունազարդ դահլիճի) է վերածվել մ.թ.ա. 6-րդ դարից հետո, երբ Վանի թագավորության անկումից հետո Հայաստանն ընկել է Մարաստանի, այնուհետև Աքեմենյան Իրանի տիրապետության տակ։ Ըստ վերակազմության նախագծի՝ ուղղանկյուն բակում կանգնեցված են եղել 30 (6×5) փայտե սյուներ, որոնց վրա հենվում էր ապադանի փայտածածկը։ Նույն ժամանակաշրջանին են վերագրվում պալատական համալիրում կրակապաշտական երկու տաճարների ավերակները[2]։
Արգիշտիխինիլի
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը հիմնադրել է Արգիշտի 1-ինը մ.թ.ա. 776 թվականին։ Քաղաքատեղին սփռված է Արաքս գետից 5 կմ հեռավորությամբ, այժմյան Հայկավան և Նոր Արմավիր գյուղերի միջև ձգված ս.Դավիթ կոչվող ժայռաբլուրների վրա[2]։
Արգիշտիխինիլին ունեցել է երկու միջնաբերդ (արևմտյան և արևելյան կողմերում), վերջիններս միմյանց կապվել են մոտ 10 մետր լայնություն ունեցող գլխավոր փողոցով։ Երկու կողմից գլխավոր փողոցին ուղղահայաց միանում էին բնակելի շենքերի առանձին խմբերից բաղկացած թաղամասեր կազմող ոչ մեծ փողոցներ։ Քաղաքաշինական այսպիսի մոտեցումը հատուկ էր միայն ուրարտական ճարտարապետությանը[6]։ Միջնաբերդերն իրենց կառուցապատման բովանդակությամբ տարբեր էին։ Արևմտյանի վրա տեղավորված էր Արգիշտի 1-ինի և Սարդուրի 2-րդի պալատական համալիրը, իսկ արևելյանի կազմում կար նաև Խալդի աստծու տաճարը, ինչն ընդգծում է նրա պաշտամունքային բնույթը[2]։
Արևմտյան միջնաբերդի ներքին կառույցների մեջ իր դիրքով, չափերով և հանդիսավորությամբ ամենանշանավորը պալատական շենքն է, որի մակերեսը գրավում է շուրջ 4150 մ2 տարածք։ Պալատի հատակագծի միջուկն է կազմում սյունազարդ դահլիճը, որը նախասրահների միջոցով արևմուտքից հաղորդվում է միջնաբերդի կենտրոնական բակի, իսկ արևելքից՝ արտաքին թաղամասերի հետ։ Դահլիճը ծածկվել է բազալտե սյունախարիսխների վրա հենված փայտե սյուների միջոցով, որոնք երկշարք դասավորված լինելով դահլիճի երկարությամբ, նրա լայնությունը բաժանել են 3, մոտավորապես հավասար մասերի[1]։
Արգիշտիխինիլիում պեղումներով բացահայտվել են ուրարտական բնակելի տան երկու սկզբունքային և ժամանակագրական տեսակետից միմյանցից շատ տարբեր տիպեր, որոնք արդյունք են սոցիալ-տնտեսական և քաղաքական տարբեր պայմանների։ Առաջինը քաղաքի կենտրոնական թաղամասերում պեղված մեծ առանձնատներն են, որ ունեն 400-600 մ2 ընդհանուր մակերես և մեծ մասամբ բաղկացած են կենտրոնական դահլիճի շուրջը համախմբված մի քանի, երբեմն մինչև 10 սենյակներից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր որոշակի ֆունկցիոնալ դերը։ Այս շենքերը, ժամանակի ընթացքում կրելով տարբեր վերակառուցումներ, հարատևել են մինչև քաղաքի կործանումը։ Երկրորդը արևմտյան միջնաբերդի հյուսիսային և արևելյան պարիսպների տակ պահպանված աղքատիկ ու փոքր խրճիթներն են, որոնք կառուցվել են քաղաքի պատմության վերջին՝ անկման շրջանում, երբ նա լրիվ կորցրել էր պաշտպանական և վարչատնտեսական երբեմնի խոշոր նշանակությունը, և, հավանաբար, լքվել ուրարտական վարչության կողմից[1]։
Թեյշեբաինի
[խմբագրել | խմբագրել կոդը]Արարատյան դաշտում համեմատաբար ուշ կառուցված քաղաքներից է, հիմնադրվել է Ռուսա 2-րդի օրոք (մ․թ․ա․ 685-645 թվականներին) և գոյատևել է մինչև մ․թ․ա․ 6-րդ դարի սկիզբը, հրդեհվել ու ավերվել է սկյութների կողմից։ Քաղաքատեղին գտնվում է Երևանի հարավային արվարձանում, Հրազդանի ձախափնյա տարածքում, «Կարմիր բլուր» կոչված բարձունքի վրա։ 1939 թվականին սկսված, 1945 թվականին վերսկսված և մինչև 1958 թվականը կանոնավորապես շարունակված պեղումներով այստեղ բացվել են Թեյշեբաինիի ավերակները[2]։
Միջնաբերդը գտնվել է բլրի գագաթին, քաղաքը սփռվել է բլրի արևելյան փեշերից սկսվող հարթավայրի վրա։ Համաձայն ուրարտական քաղաքաշինության ընդունված սկզբունքին, ապահովվել էր միջնաբերդի իշխող դիրքը քաղաքի նկատմամբ։ 4 հա տարածքով միջնաբերդը բնականորեն պաշտպանված էր Հրազդանի ձորով, ինչպես նաև պաշտպանական կառուցվածքների հզոր համակարգով։ Վերջինիս ուղղությունները համապատասխանում են բլրի ձևին ու չափին[2][6]։ Պարսպապատերն ունեն 3-3,5 մետր հաստություն, պահպանվել են մինչև 8 մ բարձրությամբ։ Միջնաբերդի տարածքի շուրջ 2/3-րդ մասը զբաղեցնող պալատական համալիրը բաղկացած է եղել տարբեր նպատակների ծառայող մոտ 150 միմյանց կից սենյակներից, որոնք կառուցվել են միմյանց զուգահեռ և ուղղահայաց դասավորությամբ։ Առանձին հետաքրքրություն է ներկայացնում խոշոր չափերի մի դահլիճ, որում 4 շարքով տեղավորել են 80-ից ավելի կիսաթաղ կարասներ։ Միջնաբերդի պեղումների ժամանակ սենյակներում և բակերում գտնվել է հնագիտական հարուստ նյութ՝ կավամաններ, բրոնզե թասեր, վահաններ, սաղավարտներ որմնանկարների պատառիկներ[2]։
Թեյշեբաինիի միջնաբերդը երկհարկ է, առաջին հարկը զբաղեցրել է տնտեսական մասը, իսկ երկրորդը, որ համարյա չի պահպանվել, հատկացված է եղել բնակելի, պաշտոնական և ենթադրվում է նաև, պաշտամունքային բաժիններին։ Գտնվելով տարբեր մակարդակների վրա, նրանք միմյանց հետ հաղորդակցվել են աստիճանավանդակների միջոցով, պահեստային սենյակները ծածկվել են երկրորդ հարկի ծանրությունը կրելու ընդունակ հզոր մույթերի օգնությամբ և միմյանց հետ կապվել են նեղ միջանցքներով ու փոքր բաժանարար սենյակներով։ Հավանական է, որ պալատի երկրորդ հարկը լուծված է եղել ճարտարապետական թեթև ձևերով, ունեցել է սյունազարդ դահլիճներ, ներքին բակեր, որոնք միմյանց են կապել բնակելի, պաշտոնական և հանդիսավոր սենյակները[1]։
Պաշտամունքային ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ են եղել Վանի տիրակալների ջանքերը համապետական կրոնի, մասնավորապես և Խալդիի պաշտամունքի տարածման գործում։ Միայն Իշպուինի և Մենուա արքաների թագավորության տարիներին կառուցվեցին ավելի շատ պաշտամունքային շինություններ, քան Վանի թագավորության գոյության հետագա ամբողջ ժամանակամիջոցում[7]։
Ուրարտական պաշտամունքային տաճարները կառուցվածքային առումով բաժանվում են երեք հիմնական ձևերի՝
- ուղղանկյուն ըստ լայնքի զարգացման
- ուղղանկյուն ըստ երկայնքի զարգացման
- քառակուսի
Առաջին ձևով են կառուցված Էրեբունիի և Մենուախինիլիի տաճարները, որոնք ունեցել են ներքին բակ, աշտարակ և սյունասրահ։ Տաճարների առավել տարածված ձևն է եղել susi տաճարները։ «Սուսին» բնորոշվել է որպես պալատական գողտրիկ տաճար, ձոնվել է հիմնականում Խալդի աստծուն՝ բացառությամբ Էրեբունիի սուսի տաճարին, որ նվիրված է եղել Իվարշա աստվածությանը[7]։ Էրեբունու Սուսի տաճարը 13.5×10.0 չափերի ուղղանկյուն հատակագծով՝ երկայնական առանցքի վրա տեղադրված մուտքով է։ Այս տիպին է վերագրվում նաև Մուսասիրի տաճարը[1]։ Տաճարի ամբողջական հորինածքի մասին կարելի է գաղափար կազմել միայն ասորական Սարգոն 2-րդ թագավորի պալատին պատկանող քանդակներից մեկի պատկերաքանդակով։ Ըստ այդ պատկերի, տաճարը բարձրացված է հիմնապատվանդանի վրա, ճակատի կողմից ունի սյունասրահ՝ բաղկացած 6 սյուներից և վերևում պսակված է եռանկյունի ճակտոնով։ Իր ճարտարապետական հորինվածքով Մուսասիրի տաճարը ընդհանրություն ունի հին հունական տաճարների հետ, հանդիսանալով դրանց նախօրինակներից մեկը[8]։ Չնայած բարձրաքանդակում պատկերված է տաճարի մեկ ճակատը միայն, սակայն ենթադրվում է, որ այն ևս ունեցել է երկարավուն ուղղանկյուն հատակագիծ՝ նեղ կողմում բացված մուտքով։
Քառակուսի հատակագիծ ունի Թոփրակ-կալեի տաճարը։ Վերջինս ունի անկյունային աշտարակներ և տեղադրված է աշխարհի կողմերին ճիշտ համապատասխան։ 1879-1880թթ. պեղումներից անմիջապես հետո տաճարը հիմնովին ավերվեց։ Թոփրակ-կալեի տիպի քառակուսի հատակագծով և անկյունային աշտարակներով տաճարներ հայտնաբերվել են Ալթին-թեփեում, Կայալիդերեում և Չաուշ-թեփեում[9]։
Պաշտամունքային կառույցների մեկ այլ տարածված ձև էին դարպասները։ Պիոտրովսկին գտնում է, որ դրանք ժայռափոր որմնախորշեր են, որոնք կարող են ունենալ և կից պաշտամունքային կառույցներ։ Այդպիսին էր Մհերի դուռը, դեպի ուր բարձրանում էին աստիճանները, իսկ ժայռի ստորոտին, որի վրա փորված է դուռը, կա ժայռափոր մի սենյակ, ինչպես նաև Աշոտակերտի որմնախորշը, դեպի ուր բարձրանում են յոթ աստիճաններ և որի վրա նույնպես փորագրված է պաշտամունքային բովանդակություն ունեցող արձանագրություն[7]։
Ջրաբաշխման համակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանի թագավորության սահմաններում իրականացվել է ջրաբաշխման հզոր համակարգերի շինարարություն։ Դրանց թվին է պատկանում «Շամիրամի ջրանցքը», որը համաձայն սեպագիր արձանագրության կառուցվել է Մենուայի կողմից։ 70 կմ-ից ավելի երկարություն և 4.5×1.5 մ կտրվածք ունեցող ջրանցքը տեղ-տեղ անցնում է չափազանց աշխատատար ինժեներական կառուցվածքների վրայով։ Ջրամատակարարման մեկ ուրիշ համակարգ էլ սկզբնավորվել է Ռուսայի լճից, որի ջրերով է մատակարարվել Ռուսա 1-ինի ժամանակ կառուցած Ռուսախինիլի քաղաքն ու ամրոցը։ Ջրամատակարարման նպատակին է ծառայել նաև Վարագա լեռան լանջի արհեստական ջրամբարը, որում կուտակված անձրևի ու ձնհալի ջրերով ոռոգում էին դաշտավայրի ցանքերն ու այգիները[8]։
Կառուցողական արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանի թագավորության ժամանակաշրջանի կառուցողական արվեստում լայն կիրառում է ունեցել հում աղյուսով շարվածքը։ Կանոնավոր ձևի քարերով շարվածքի դեպքում կվադրերը դրվում էին միմյանց կից։ Պատերի առավել ընդունված հաստությունը 3-3,5 մետր էր, բարձրությունը՝ 12-15 մ։ Առավել տարածում է ունեցել ճեղքված, անմշակ քարերով պատերի շարվածքը, որը լրացվել է հում աղյուսի շարվածքով։ Ուրարտական մի շարք ամրոցներում (Արգիշտիխինիլի, Էրեբունի, Թոփրակ-կալե, Հայկաբերդ և այլն) ավանդական ձևերին զուգահեռ կիրառվել է նաև քարի մշակման նոր՝ «ռուստավոր» ձևը։ Անկանոն ձևի քարերի շարվածք կատարելիս պատի արտաքին և ներսի շարքերի միջև հողախառն խիբարով լիցք էր կատարվում։ Այդ եղանակով ստացվել է եռաշերտ «միդիս» կոչված շարվածքի նախօրինակը, որը բարձր կատարելության հասցվեց վաղ ֆեոդալիզմի շրջանում և կրաշաղախի կիրառության շնորհիվ պատի միջուկը դարձվեց դրսի և ներսի քարե շարվածքի հետ լավ կապակցված կրաբետոն զանգված։ Հենարանների և ծածկերի համար լայնորեն օգտագործվել է փայտանյութը։ Շենքերի կառուցման ժամանակ կիրառվել է մոդուլային համակարգը, որին ենթարկվել են ինչպես առանձին տարրերը, այնպես էլ ամբողջը։ Շինարարական տեխնիկայի բարձր մակարդակն են վկայում նաև ինժեներական բարդ կառուցվածքների՝ ջրամբարների, ջրանցքների, թունելների իրականացումը[10]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարությունյան Վ. «Հայկական ճարտարապետության պատմություն», «Լույս» 1992, Երևան
- Ղաֆադարյան Կ. «Արգիշտիխինիլի քաղաքի ճարտարապետությունը», 1984, Երևան
- Асратян М. «Очерк армянской архитектуры», 1985, Москва
- Հմայակյան Ս.Գ., «Վանի թագավորության պետական կրոնը», 1990
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Ղաֆադարյան, Կորյուն (1984). Արգիշտիխինիլի քաղաքի ճարտարապետությունը (1962-1976 թթ. պեղումների նյութերով). Երևան.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հարությունյան, Վարազդատ (1992). «Քաղաքաշինությունը Վանի թագավորության ժամանակաշրջանում». Հայկական ճարտարապետության պատմություն (PDF). Երևան: «Լույս». էջեր 23–36.
- ↑ Խորենացի, Մովսես (2017). Հայոց Պատմություն. Երևան: «Նահապետ». էջեր 41–42.
- ↑ «Помещения, высеченные в скалах / Урарту». www.mystic-chel.ru. Վերցված է 2022 թ․ հունիսի 6-ին.
- ↑ Оганесян, Константин (1973). Росписи Эребуни.
- ↑ 6,0 6,1 Асратян, Мурад (1985). Очерк армянской архитектуры. Москва.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ 7,0 7,1 7,2 Հմայակյան, Ս.Գ. (1990). Վանի թագավորության պետական կրոնը (PDF). Երևան.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ 8,0 8,1 Հարությունյան, Վարազդատ (1992). Հայկական ճարտարապետության պատմություն (PDF). Երևան: «Լույս». էջ 27.
- ↑ Ղաֆադարյան, Կ. Արգիշտիխինիլի քաղաքի ճարտարապետությունը. էջեր 11–12.
- ↑ Հարությունյան, Վարազդատ. Հայկական ճարտարապետության պատմություն. «Լույս». էջեր 39–40.