Jump to content

Պելե (դիցաբանություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պելե
Տեսակաստվածուհի
ԴիցաբանությունHawaiian religion?
Սեռիգական
ՄայրՀաումեա
Քույր/ԵղբայրՆամակա, Kamohoalii? և Hiʻiaka?
Ասպարեզկրակ և հրաբուխ
 Pele Վիքիպահեստում

Պելե (հավայերեն՝ Pele), հրաբուխների, կրակի և փոթորկի աստվածուհի Հավայան կրոնում, պոլինեզյան աստված։

Հիշատակվում է նաև Պերե (անգլ.՝ Pere) անվամբ Տահիտի կղզու դիցաբանության մեջ, որի մասին առասպելները ենթադրաբար հայտնվել են առաջին եվրոպացի գաղութարարների և միսիոներների կողմից[1]։

Ըստ հավայացիների, Պելեն եղել է դիցուհի Հաումեայի և նրա ամուսնու՝ Մոեմոեի դուստրը[2]։ Ծնվել է Հավայան կղզիներից հարավ գտնվող Կահիկի (հնարավոր է՝ Տահիտի) կոչվող երկրում[2]։ Ունեցել է ութ քույր և հինգ եղբայր։

Հավայան լեգենդներ Պելեի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավայան լեգենդներից մեկը պատմում է Պելե աստվածուհու՝ Հոնուա-իա-կեա (Honua-i'a-kea) կանոեով նոր երկիր որոնելու երկար նավարկության մասին։ Նավարկելով Հավայան կղզիներ՝ Պելեն մի քանի անգամ անհաջող փորձել է հարմար վայր գտնել իր ընտանիքի համար։ Ամեն անգամ, երբ նա սկսել է փորել հողը, ջուրն այն սրբել-տարել է, և ընտանիքը ստիպված է եղել շարունակել որոնումները։ Այսպիսով, ըստ Հավայան կղզիների հին պատկերացումների՝ կղզեխմբում հայտնվել են բազմաթիվ հրաբխային խառնարաններ, այդ թվում՝ Դայմոնդ Հեդը, Կոկոն, Մակապուն և Կիլաուելան, որտեղ ի վերջո բնակություն է հաստատել Պելեն[3]։

Հավայան հայտնի հուլա պարի ծագումը նույնպես կապված է աստվածուհու անվան հետ։ Ըստ առասպելի մի օր Պելեն իր շքախմբով զբոսնելիս տեսել է Հոպոեին և Հաենին՝ իր կրտսեր քրոջ՝ Հիակայի ընկերներին, որոնք կատարում էին գեղեցիկ պար։ Դրանից հետո Պելեն խնդրել է իր քույրերին կրկնել պարը, բայց բացի Հիակայից ոչ ոք չի կարողացել դա անել։ Այդ պահից ի վեր Հիական դարձել է հուլա պարի հովանավորը, և աղոթքի բոլոր երգերն էլ անվանվել են կա՛մ նրա, կա՛մ Պելեի պատվին[3]։

Պելեն ու նրա քույրը՝ Հիական, հիշատակվում են նաև մեկ այլ լեգենդում` այս անգամ իրենց մրցակցության մասին։ Լեգենդը պատմում է, թե ինչպես է Պելե աստվածուհու ոգին խորը քնի մեջ ընկնելով գնացել Կաուաի կղզի, որտեղ հանդիպել է առաջնորդ Լոհիաուին։ Սիրահարվելով մահկանացուին՝ Պելեն որոշել է իր քույրերին ուղարկել նրա հետևից, բայց բոլորը, բացի Հիակայից, հրաժարվել են։ Գերբնական ուժերով օժտելով իր քրոջը՝ Պելեն հրամայել է 40 օր անց վերադառնալ և չդիպչել սիրեցյալին։ Այնուամենայնիվ, վերադարձի ճանապարհը շատ դժվար էր Հիակայի համար, քանի որ հավայան ոգիները կտրականապես դեմ էին աստվածուհի Պելեի և մահկանացու Լոհիաուի հարաբերություններին։ Ուստի քրոջը չի հաջողվել տեղավորվել 40 օրում։ Զայրացած Պելեն, համարելով, որ Հիական հրապուրում է իր սիրեցյալին, սպանել է նրա ընկեր Հոպոեին։ Մինչդեռ Հիական իսկապես սիրահարվել էր Լոհիաուին։ Վերադառնալով տուն և տեղեկանալով Հոպոեի սպանության մասին՝ քույրը ի վերջո որոշել է խաբել Պելեին։ Հիական գրկել է Լոհիաուին, ինչը սաստիկ զայրացրել է Պելեին։ Աստվածուհին նրանց վրա լավա ու կրակ է լցրել՝ սպանելով Լոհիաուին։ Այնուամենայնիվ, Հիակային հաջողվել է ողջ մնալ իր գերբնական ուժերի շնորհիվ և փրկել մահկանացու առաջնորդի ոգին։ Ապա հարություն է տվել և դարձել նրա կինը[3]։

Սակայն, Պելեն մշտապես մենակ չի մնացել։ Հավայան լեգենդների համաձայն՝ նա շուտով սիրահարվել է կիսաստված Կամապուային, որից ունեցել է Օպելունուիկաուհալիլոյին, ով դարձել է Հավայան բոլոր առաջնորդների նախահայրը[4]։

Պաշտամունք և սնահավատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 19-րդ դարի վերջը Հավայան կղզիներում խորապես հարգել են Պելեին՝ զոհաբերություններ անելով նրան, իսկ ինքը՝ աստվածուհին, մեկ անգամ չէ, որ հանդիպել է մարդկանց գեղեցիկ աղջկա կերպարով[5]։

Ներկայումս Պելեի «նվերները» բերում են հրաբուխներ և ակտիվ լավային հոսքեր Հավայան կղզիներում։

Հավայացիներն ավանդաբար հավատում են, որ իրենք պետք է ներդաշնակ ապրեն բոլոր բնական արարածների հետ, ուստի խորհուրդ չեն տալիս լավան հավաքել որպես հուշանվեր։ Ամեն տարի մեծ քանակությամբ լավա հետ է ուղարկվում Հավայան կղզիներ այն մարդկանց կողմից, ովքեր կարծում են, որ դրանք տուն բերելուց հետո դժբախտ են եղել[6][7][8]։

Ասոցացված անվանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1979 թվականին Յուպիտերի արբանյակ Իոյի ակտիվ հրաբուխը կոչվել է Պելեի պատվին։

Հրաբխագիտության մեջ օգտագործվում են հետևյալ տերմինները.

  • Պելեի արցունքներ,
  • Պելեի վարսեր,
  • Պելեի ջրիմուռներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Craig, 2004, էջ 197
  2. 2,0 2,1 Craig, 1989, էջ 207
  3. 3,0 3,1 3,2 Craig, 1989, էջ 208
  4. Craig, 2004, էջ 200
  5. Craig, 2004, էջ 201
  6. «Pele, Hawaii Goddess of Fire: Hawaiian Legend ⋆ Mythical Realm». 2016 թ․ օգոստոսի 22.
  7. «The Legend Behind Hawaii's Goddess of Fire». Roberts Hawaii.
  8. Moon, Grandmother. «Hawai'ian Volcano Goddess, Madame Pele».

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Kane H. K. Pele: Goddes of Hawaii Volcanoes. 17th print. Captain Cook: The Kawainui Press, 2017. 71 p.
  • Robert D. Craig. Dictionary of Polynesian mythology. — Greenwood Publishing Group, 1989. — 409 p. — ISBN 0-313-25890-2
  • Robert D. Craig. Handbook of Polynesian mythology. — ABC-CLIO, 2004. — 353 p. — ISBN 1-57607-894-9

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պելե (դիցաբանություն)» հոդվածին։