Jump to content

Պաստերացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաստերացնող և ֆիլտրող սարք

Պաստերացում, սննդամթերքի և այլ նյութերի վարակազերծման մեթոդ, կատարվում է տաքացման (60-70 °C) միջոցով և որոշակի ժամանակահատվածում (15-30 ր)՝ սննդամթերքի ֆիզքիմիական հատկությունների աննշան փոփոխության և սննդային ու համային հատկանիշների պահպանման պայմաններում։

Պաստերացումն առաջարկել է (1865 թ.) ֆրանսիացի մանրէաբան Լուի Պաստյորը (գինին և գարեջուրը փչանալուց պահպանելու համար)։

Պաստերացման են ենթարկում առավելապես բարձր ջերմաստիճանին չդիմացող կամ սննդային ու համային հատկությունները փոխող մթերքները (կաթ, սերուցք, մրգահատապտղային հյութեր, մուրաբա, գինի, գարեջուր և այլն)։

Պաստերացման դեպքում հեղուկ սննդամթերքը տաքացնում են մինչև 100°0-ից ցածր ջերմաստիճանը։ Օրինակ՝ կաթի համար օգտագործվում է պաստերացման 3 եղանակ՝ ակնթարթային («բարձր» պաստերացում )՝ տաքացնում են մինչև 85-90 °C, առանց պահաժամի, կարճատև՝ 72-75 °C, և այդ ջերմաստիճանում թողնում 15-20 վրկ., և երկարատև («ցածր» պաստերացում)՝ մինչև 65 °C, 30 դ-ի ընթացքում։ Մանկ, հիմնարկների համար կաթը և կաթնամթերքը պաստերացման են ենթարկում ապակե տարաներում, 93-98 °C ջերմաստիճանում, 1-3 ր տևողությամբ։

Մրգահատապտղային հյութերը մշակում են 65-70 °C-ում (20-30 ր)։ Գարեջրի կայունության բարձրացման համար պաստերացումը սովորաբար կատարվում է 60-62 °C-ում (30 ր)։ Պաստերացման շնորհիվ սննդամթերքը մանրէազերծվում է 99-99,5%-ով։ Պաստերացված կաթը խորհուրդ չի տրվում երկար պահել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։