Շտեռն-Գեռլախի փորձ
Շտեռն-Գեռլախի փորձ ատոմի մագնիսական մոմենտի գոյությունը և արտաքին մագնիսական դաշտում դրա որոշակի կողմնորոշումը (տարածական քվանտացումը) հաստատող փորձ։ 1922 թվականին իրականացրել են Օ․ Շտեռնը և գերմանացի ֆիզիկոս Վ․ Գեռլախը (W․ Gerlach), արծաթի (Ag), հետագայում նաև այլ տարրերի ատոմներով։ Ag-ի ատոմների փունջը, անցնելով խիստ անհամասեռ մագնիսական դաշտով, ճեղքվում էր և էկրանի վրա առաջացնում շերտեր, որոնք վկայում էին մագնիսական մոմենտի պրոյեկցիայի քվանտացումը։ Դասական տեսության համաձայն, էկրանի վրա պետք է առաջանար մեկ հաստ շերտ, սակայն իրականում առաջանում էին սիմետրիկ դասավորված 2 նեղ շերտեր։ Շտեռն-Գեռլախի փորձի այս արդյունքը բացատրվեց Ջ․ Ցու․ Ուլենբեկի և Ս․ Գաուդսմիթի վարկածի (1925 թվական) օգնությամբ, ըստ որի էլեկտրոնները, ուղեծրային մեխանիկական ու մագնիսական մոմենտներից բացի, ունեն նաև սեփական մեխանիկական ու մագնիսական մոմենտներ։ Ընդ որում փորձի տվյալներից պարզվեց, որ էլեկտրոնի սպինային մագնիսական մոմենտը հավասար է բորի մեկ մագնետոնի։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 579)։ |