Jump to content

Շաղկապ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայերենի համադասական շաղկապները

Շաղկապ, սպասարկու և չթեքվող խոսքի մաս, որ որոշակի իմաստային հարաբերությամբ կապում է նախադասության համազոր անդամներ, բարդ նախադասության բաղադրիչ մասեր, ինչպես նաև ամբողջական անկախ նախադասություններ։ Ըստ շարահյուսական գործառության շաղկապները լինում են համադասական և ստորադասական։ Համադասական շաղկապները կապում են թե՛ նախադասության անդամներ, թե՛ նախադասություններ՝ ներկայացնելով դրանք որպես քերականորեն հավասարազոր միավորներ, իսկ ստորադասական շաղկապները կապում են քերականորեն ոչ հավասարազոր նախադասություններ՝ ստորադասելով դրանցից մեկը (երկրորդականը) մյուսին (գլխավորին)։ Ըստ իմաստի, համադասական շաղկապները լինում են միավորիչ (և, ու), հակադրական (իսկ, բայց, այլ), տրոհական (կամ, թե) և մեկնական (այսինքն), իսկ ստորադասականները՝ բացատրական (որ, թե), նպատակի (որպեսզի, որ), պատճառի (որովհետև, քանի որ), պայմանի (եթե, թե որ), ժամանակի (երբ որ, հենց որ, քանի դեռ), համեմատության (քան թե, ինչպես որ, կարծես թե), զիջական (թեև, թեպետ, չնայած որ) և հետևանքի (այնպես որ, ուստի)։ Ըստ կազմության շաղկապները լինում են պարզ արմատական (և, ու, իսկ, այլ, կամ, որ, թե) և բաղադրյալ՝ միասին կամ անջատ գրությամբ (այլապես, հետևաբար, որ– պեսզի, որովհետև, քանի որ, բայց և այնպես)։ Ըստ գործածության եղանակի Շ–ները լինում են մենադիր (և, ու, բայց, որ, որպեսզի, քանի դեռ, այնպես որ), կրկնադիր (և՛․․․ և՛, ո՛չ․․․․ ո՛չ, թե՛․․․թե՛) և զուգադիր (ոչ միայն․․․ այլև, ոչ թե․․․ այլ, թեև․․․ սակայն, որովհետև․․․ ուստի, եթե․․․ ապա)։ Որպես սպասարկու բառեր՝ շաղկապները նախադասության անդամ չեն դառնում։

Շաղկապներն իրար են կապում նախադասության համազոր և համադաս նախադասություններ, իսկ բարդ ստորադասական նախադասություններում՝ երկրորդական նախադասությունները գլխավորի և միմյանց հետ։

Համադասական շաղկապներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համադասական շաղկապների դերը համադաս անդամների ու նախադասությունների կապակցումն է։ Այս շաղկապները կապակցում են նախադասության բազմակի անդամներ կամ համադաս նախադասություններ։ Համադասական շաղկապներից են՝ և, ու, իսկ, բայց, ապա, սակայն, այսինքն, ուրեմն, կամ, նաև և այլն։

Ստորադասական շաղկապ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս շաղկապները բարդ ստորադասական նախադասության ստորադաս նախադասությունը կապակցում են գերադաս նախադասությանը՝ որ, թե, եթե, որպեսզի, որովհետև, թեև, թեկուզ, թեպետ, հենց որ, մինչ, մինչև, մինչդեռ, ուրեմն, քան և այլն։

Այն շաղկապները, որոնք ցույց են տալիս նախադասության արտահայտած մտքի եզրակացությունը, հետևությունը կամ հաստատումը, կոչվում են ամփոփիչ շաղկապներ։ Այսպես՝ լատիներեն՝ «Cogito ergo sum» արտահայտության մեջ «ergo» բառն այսպիսի շաղկապ է[1]։

  • Համազասպ Սիրեկանյան, Մարմարաշեն 2017, Խմբագրիչ

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Շարաբխանյան Պ․, Գրաբարի շաղկապները, Ե․, 1960։
  • Գարեգինյան Գ․, Շաղկապները ժամանակակից հայերենում, Ե․, 1963։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 10։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 438