Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (1945 թ.)։ 1946 թվականից աշխատել է ԽՍՀՄ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում։ Աշակերտել է Լևոն Ռոտինյանին և Նիկոլայ Սեմյոնովին։ Աշխատանքները վերաբերում են ածխաջրածինների օքսիդացման շղթայական և իոնային պոլիմերման ռեակցիաների կինետիկայի ու մեխանիզմի, մակրոմոլեկուլների առաջացման ու փոփոխման վրա ֆիզիկական տարբեր ազդակների ներգործության ուսումնասիրությանը։ Նիկողայոս Ենիկոլոպյանը մշակել է այլասերված֊ ճյուղավորված պրոցեսների քանակական տեսության հիմունքները և հաստատել պարզագույն ածխաջրածինների օքսիդացման մեխանիզմը։ Նիկողայոս Ենիկոլոպյանը հայտնաբերել է աճող շղթաների ակտիվ կենտրոնների և մակրոմոլեկուլների օղակների փոխազդեցությունից առաջացող շղթայի փոխանցման նոր ակտ՝ շղթայի կտրատումով։ Սրա համար Նիկողայոս Ենիկոլոպյանը արժանացել է ԽՍՀՄ-ի հայտնագործությունների և գյուտերի պետական կոմիտեի դիպլոմին (1966 թ.)։ Պոլյար հետերոցիկլավոր մոնոմերների պոլիմերման դեպքում ցույց է տվել բարձրամոլեկուլային միացության մասնակցությունը պոլիմերման բոլոր տարրական ակտերում, իսկ պինդ ֆազում ընթացող պոլիմերման համար հայտնաբերել է սողքային մեխանիզմ։ Պոլիմերման վերաբերյալ Նիկողայոս Ենիկոլոպյանի ստեղծած տեսությունը հնարավորություն է տալիս որոշել ելային պոլիմերի մոլեկուլակշռային բաշխումը ըստ դեստրուկցիայի կինետիկայի։ Հեղինակ է 1300 գիտական աշխատության և մենագրության, 30 հայտնագործության և արտոնագրի։ Նիկողայոս Ենիկոլոպյանի աշխատանքները արտոնագրված են 10 երկրում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, ԳՖՀ-ում, Ճապոնիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Իտալիայում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 516)։