Մովսես Բաղրամյան
Մովսես Բաղրամյան | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1][2] |
Ծննդավայր | Ղարաբաղ[3] |
Մահացել է | անհայտ[1][2] |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | հեղափոխական, լուսավորիչ և thought leader |
Անդամություն | Մադրասի խմբակ[1] |
Մովսես Բաղրամյան (անհայտ[1][2], Ղարաբաղ[3] - անհայտ[1][2]), 18-րդ դարի 2-րդ կեսի հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, լուսավորիչ, հայ ազատագրական մտքի ակնառու ներկայացուցիչ, որը հատկապես հայտնի դարձավ իր «Նոր տետրակ որ կոչի յորդորակ» (Մադրաս, 1772) գրքույկով՝ հայ իրականության մեջ առաջին քաղաքական հրապարակախոսական տպագիր աշխատությունը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաղրամյանը նախնական կրթությունն ստացել է Նոր Ջուղայում։ Ապրել է Ռուսաստանում։ Մովսես Բաղրամյանը հավանաբար առաջին անգամ իր ծննդավայրում՝ Արցախում է հանդիպել Հովսեփ Էմինին, որը Անգլիայում ռազմական կրթություն էր ստացել նպատակ ունենալով Հայաստանում ազգային զինված ուժեր ստեղծել։ Հետագայում 1770 թ. մեկնում են Հնդկաստան, որտեղ Մովսես Բաղրամյանը դառնում է Մադրասի հայրենասիրական խմբակի պարագլուխներից մեկը և Շահամիր Շահամիրյանի ամենամտերիմ գործակիցը։
Նրանք նամակագրական աշխույժ կապեր են հաստատում Արցախի մելիքների, Վրաց թագավորների, Էջմիածնի և Գանձասարի կաթողիկոսների, Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Հովսեփ Արղությանի, իշխան Հովհաննես Լազարյանի և շատ ուրիշների հետ։
Հայրենասիրական խմբակի երեք պարագլուխները՝ Մովսես Բաղրամյանը, Հովսեփ Էմինը և Շահամիր Շահամիրյանը, ազատագրական-հայրենասիրական քարոզչություն են սկսում՝ ոգեշնչելով Մադրասի հայերին։ Նրանք համոզում են հնդկահայ այլ գործիչների ևս, որ առանց ժողովրդի լայն աջակցության Հայաստանի ազատագրության գործում հնարավոր չէ հասնել հաջողության։ Հետևաբար անհրաժեշտ է միավորել հայ երիտասարդությանը, նրանց դաստիարակել հայրենասիրության և ազգային արժանապատվության ոգով։
Հայ ժողովրդի լայն շրջաններում ազգային գիտակցությունը բարձրացնելու նպատակով վաճառական և մեծահարուստ Շահամիրյանի միջոցներով 1771 թվականին Մադրասում բացվում է տպարան։ 1772 թվականին այս տպարանում լույս է տեսնում Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ որ կոչի Յորդորակ» գիրքը։
Գրքում ներկայացված են հայ ժողովրդի հերոսական անցյալը, նրա աշխարհագրական լայն սահմանները և դրանց հակադրվում է առկա վիճակը, երբ երկիրը շահագործվում է օտարների կողմից, Հայաստանը աստիճանաբար հայաթափ է լինում։
Գիրքը կոչ է անում հայ երիտասարդներին դուրս գալ օտար բռնակալների դեմ և զենքի ուժով հասնել ազատության։ Եկել է ժամանակը, որպեսզի հայերն ունենան իրենց սեփական պետությունը։ Այդ պերությունը Բաղրամյանը կոչում է «Մեծ Հայաստան», որը պիտի ընդգրկեր պատմական Հայաստանի բոլոր երկրամասերը, այդ թվում՝ Կիլիկիան։
Վերագտնելու համար մեր «հայրենիքը Այրարատյան», նա կարևորում էր երեք պարագա.
- ազգային գիտակցություն
- զինվորականություն
- եվրոպական կրթություն
«Նոր տետրակը» ապացուցում էր, որ հայ պետականության անկման գլխավոր պատճառը երկրի կառավարության միապետական ձևն էր. մեկ մարդը ի վիճակի չէ անսխալ կառավարել, իսկ թագավորի սխալը դժբախտությունը է երկրի համար։ Ուստի վերականգնված հայոց պետականությունը այլևս չպիտի լիներ միապետական, համոզված էր Բաղրամյանը։ Դրա փոխարեն նա առաջարկում է ստեղծել սահմանադրություն և երկիրը կառավարել ընտրովի ներկայացուցիչների կողմից։
«Նոր տետրակի» օրինակները ուղարկվում են Էջմիածնի Սիմեոն կաթողիկոսին, Գանձասարի Հովհաննես Հասան-Ջալալյանին, Վրաստանի Հերակլ Բ թագավորին։ 1786 թվականին այն թարգմանվում է ռուսերեն և լույս է տեսնում Պետերբուրգում։ Իսկ այնուհետև թարգմանվում է նաև վրացերեն։
«Նոր տետրակին» հաջորդում է Շ. Շահամիրյանի «Որոգայթ փառացը» (1773 թվական)։ Այս գիրքը, որին իր մասնակցությունն է ունեցել նաև Մովսես Բաղրամյանը, նույնպես քննադատում էր միապետության վերականգման այդ ժամանակվա շատ քաղաքական մտածողների ձգտումները։ «Որոգայթ փառացը» պարունակում էր պետականության կառավարման համար օրենքների ժողովածու՝ սահամանադրություն, որը պետք էր կիրառվեր հայոց հայրենիքը օտար լծից ազատագրելուց հետո։
Ըստ «Որոգայթ փառացի» պետության բարձրագույն օրեսնդիր մարմինը պետք է լիներ «Հայոց Տունը», կազմված ժողովրդի կողմից ընտրված պատգամավորներից։ «Հայոց Տունը» պետք է ստեղծեր գործադիր իշխանություն (կառավարություն)։ Այդ նպատակով փոխանորդներից պետք է ընտրվեին 13 հոգի, որոնցից մեկը վիճակահանությամբ կարող էր դառնալ նախարար, իսկ մյուսները՝ նախարարի խորհրդակիցներ։ Նախարարը լինելու էր օրենքների առաջին կատարողը և զորքերի գլխավոր հրամանատարը։
Ստանալով «Նոր տետրակի» օրինակները, կաթողիկոս Սիմեոն Երևանցին իր նամակներում զգուշացնում էր Մովսես Բաղրամյանին, որ հայ երիտասարդները կարող են անժամանակ ապստամբություն բարձրացնել։ Մովսես Բաղրամյանի ազատական մտքերը, ըստ կաթողիկոսի, գուցե կարող են օգտակար լինել քիչ թե շատ քաղաքական ապահովություն ունեցող եվրոպացիների համար, որոնց ջատագովում է Բաղրամյանը, սակայն սահմանաձակում չճանաչող խանությունների ու սուլթանությունների լծի տակ գտնվող հայերի համար դրանք միայն վտանգավոր կարող են լինել։
Կաթողիկոսի և Մովսես Բաղրամյանի միջև լարվածությունը իր գագաթնակետին է հասնում «Որոգայթ փառացի» հրատարակությունից հետո։ Սիմեոն Երևանցին որոշում է խիստ միջոցների դիմել. նա հրամայում է հավաքել ու այրել «Նոր տետրակի» օրինակները, փակել տպարանը և հեռացնել Մովսես Բաղրամյանին։ Սակայն այս ամենը չկասեցրեց գրքի տարածումը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լեո, «Հայոց պատմություն», հատոր 2, Երկերի ժողովածու, Երևան – 1973
- Հայոց պատմություն, նոր շրջան, 8-րդ դասարանի դասագրք, խմբագրությամբ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վ. Բարխուդարյանի, Երևան 2007, Մակմիլան Արմենիա, ISBN 978-99941-46-50-5
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 208.
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.anunner.com/name/biography/%D5%84%D5%88%D5%8E%D5%8D%D4%B5%D5%8D_%D4%B2%D4%B1%D5%82%D5%90%D4%B1%D5%84%D5%85%D4%B1%D5%86
|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 258)։ |