Ղարիբ մշեցին
Ղարիբ մշեցին | |
---|---|
Տեսակ | վիպակ |
Ձև | արձակ |
Հեղինակ | Րաֆֆի |
Երկիր | Հայաստան |
Գրվել է | 1879 |
Առաջին ներկայացման վայր | Երևան |
Կերպարներ | Օհան-պանդուխտ մշեցի Ոսկան-համալ /բեռնակիր/ Զահրա-թուրք փաշայի աղջիկը Ելենա-սևազգեստ հրեա կին Ալպինիա-Ելենայի հաճախորդը Էլիաս-Ալպինիայի ամուսինը Թաթոս-սափրիչ Ֆեյրուզ-սևամորթ ծառա Բեյ-ազգությամբ հայ երիտասարդ Մարտիրոս աղա Իշխանապետյանց-աշխատանքի միջնորդ Պետրոս աղա-Մուշից Պոլիս եկած երիտասարդ |
Հրատարակչություն | Արձագանք շաբաթաթերթ |
Վիքիդարան | Ղարիբ մշեցին |
Ղարիբ մշեցին, Րաֆֆու` պանդխտությանը վերաբերող ստեղծագործություններից է, որը հրատարակվել է 1886 թվականին։
Գրության ժամանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիպակի գրության ժամանակի վերաբերյալ րաֆֆիագիտոթյան մեջ առաջացել է սխալ տեսակետ, որը պայմանավորված է վիպակի ուշ հրատարակմամբ և Շիրվանզադեի անստույգ վկայությամբ։ Շիրվանզադեն իր հուշերում վկայում է, որ «Ղարիբ մշեցին» Րաֆֆին գրել է 1886 թվականին, այսինքն այն ժամանակ, երբ հրատարակվել է։ Շփոթի պատճառը տպագրության ընթացքում հեղինակի կատարած փոփոխություններն են[1]։ Րաֆֆին վիպակը գրել է 1879 թվականին, սակայն հետաձգել է վիպակի հրատարակությունը՝ նպատակ ունենալով ճանապարհորդել Կոստանդնուպոլիս՝ հայության (մասնավորապես մշակների) կյանքին ծանութանալու և վիպակը կատարելագործելու համար։ Սակայն Րաֆֆուն այդպես էլ չի հաջողվում գնալ Կոստանդնուպոլիս՝ նյութական միջոցներ չունենալու պատճառով։ Եվ 1886 թվականին «Արձագանք» շաբաթաթերթում հրատարակվում է վիպակը[2][3]։
Վիպակի գրության շարժառիթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պանդխտության թեման տևական ժամանակ զբաղեցրել է Րաֆֆու միտքը՝ ստիպել տալով գրել մի շարք հոդվածներ և «Ղարիբ մշեցին» վիպակը։ Վիպակը գրելու շարժառիթը հայրենի Մուշից ու Վանից Կոստնադնուպոլիս եկած համալների ու ջրկիրների կյանքն է, որոնք, բռնակալության ծանր լծից հալածված, հեռացել էին հայրենի օջախից՝ աղքատությունը թոթափելու հույսով[3]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատանի Օհանը հարուստ ընտանիքի զավակ է եղել, որի հայրը կորցրել է իր հարստությունը և մահացել՝ ընտանիքի հոգսը թողնելով Օհանի վրա։ Վերջինս Մուշից եկել է Կոստանդնուպոլիս՝ աշխատանք գտնելու հույսով։ Օհանին Բաղչե-Ղափուսի նավահանգստում հանդիպում է Ոսկանը, որը երկար տարիներ համալ(բեռնակիր) էր Կոստանդնուպոլսում. նա օգնում է Օհանին աշխատանք գտնելու։ Օհանը դառնում է չոփչի՝ աղբ դուրս ածող։ Սակայն մի անգամ պատահում է անսպասելին, մի սևազգեստ կին, խաբելով միամիտ չոփչուն՝ նրան աղբի փոխարեն տալիս է նորածին մանուկի, որպեսզի ծովը նետի։ Օհանը փրկում է երեխային և երդվում է այլևս չոփչիություն չանել։ Օհանի բախտը փոխվում է, երբ սափրիչի խանութում հանդիպում է Մարտիրոս աղա Իշխանապետյանցին, որ զբաղվում է հարուստ փաշաների և աղքատ հայերի միջև աշխատանքի միջնորդություն անելով։ Նա Օհանին համոզում է թուրք փաշայի մոտ սպասավորություն անելու, որը նրան կապահովեր բարձր աշխատավարձ։ Մեկ տարի հետո Օհանը «էյվազ» է՝ սենեկապետ։ Փաշայի ապարանքում Օհանը հանդիպում է սևազգեստ կնոջը, որը առևտուր անելու նպատակով գալիս է փաշայի դստեր մոտ։ Մի անգամ, երբ հայտնվում է սևազգեստ կինը, Օհանը թաքնվում է փաշայի դստեր սենյակում, որպեսզի իմանա նրա գալու նպատակը։ Եվ պարզվում է, որ այն երեխան, որին փրկել է Օհանը փաշայի դստեր երեխան է, որի փոխարեն ուրիշ երեխա է բերել սևազգեստ կինը։ Օհանը, դուրս գալով թաքստոցից, պատմում է ողջ ճշմարտությունը և սպանում սևագեստ կնոջը՝ նրան նետելով ծովը[3]։
Գաղափարական բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Րաֆֆին իր ստեղծագործական կյանքի ընթացքում մշտապես արձագանքել է հայապահպանության հարցերին։ «Ղարիբ մշեցի» վիպակը այս հարցերի յուրօրինակ քննությունն է, որտեղ մեկնաբանվում է հայի արժանապատվությանը, բարոյականությանը, հավատարմությանը և օտար հողում հայ մնալու հարցերը[3]։
Վիպակի հերոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օհան - պանդուխտ մշեցի
- Ոսկան - համալ
- Զահրա - թուրք փաշայի աղջիկը
- Ելենա - սևազգեստ հրեա կին
- Ալպինիա - Ելենայի հաճախորդը
- Էլիաս - Ալպինիայի ամուսինը
- Թաթոս - սափրիչ
- Ֆեյրուզ - սևամորթ ծառա
- Բեյ - ազգությամբ հայ երիտասարդ
- Մարտիրոս աղա Իշխանապետյանց - աշխատանքի միջնորդ[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Շիրվանզադե (1981). Երկերի ժողովածու։ Հ. 8-րդ. էջեր 476:.
{{cite book}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Գր. Արծրունի (1879, 18 ապրիլ). «Մշակ». №54.։
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Րաֆֆի (1984). Երկերի ժողովածու. Vol. Հ. 4-րդ. «Սովետական գրող» հրատ. էջեր 439:.
{{cite book}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)