Jump to content

Ձմեռային իշխան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձմեռային իշխան

Ձմեռային իշխան (լատին․՝ Salmo ischchan ischchan), սաղմոնայինների ընտանիքին պատկանող ձուկ, Սևանի իշխանի 4 ենթատեսակներից մեկը։

Համեմատաբար խոշոր ձուկ է։ Մարմինը գլանաձև է՝ կողքերից մի փոքր սեղմված, երկարությունը՝ 50-55 (երբեմն՝ 90) սմ, զանգվածը՝ մինչև 15 կգ։ Մարմինը` իշխանի մյուս ենթատեսակների համեմատ համեմատաբար բարձր է։ Ճարպային լողակը գտնվում է մեջքային և պոչային լողակների միջև։ Գլուխը մեծ է, դունչը՝ բութ, բերանը՝ համեմատաբար փոքր։ Էգերի բազմացմանը չմասնակցող արուների ծնոտները հավասար երկարություն ունեն։ Ծեր արուների ստորին ծնոտը վերինից երկար է։ Բերանը զինված է ծնոտների, քմոսկրերի, խոփոսկրերի և լեզվի վրա գտնվող լավ զարգացած ատամներով։ Թեփուկները մանր են, կողագծում՝ 108-114 հատ։ Մեջքային լողակում ճառագայթները 11-14-նն են, հետնալողակում՝ 11-12։ Խռիկային առաջին աղեղի վրա գտնվում են համեմատաբար կարճ, գուրզաձև ծայրերով 16-20 առէջներ։ Մարմնի գունավորումն անմիջականորեն կախված է սեռական գեղձերի հասունացումից։ Մանրաձկները մինչև 1 տարեկանը դեղնականաչավուն են՝ ուղղահայաց դարչնագույն շերտերով։ Սեռահասուն առանձնյակները, բացառությամբ բազմացման շրջանի, ունեն արծաթափայլ գունավորում՝ երկնագույն, ծիրանագույն, կանաչավուն, երբեմն՝ թույլ ոսկեգույն նրբերանգներով։ Մարմինը պատված է 1 մմ-1 սմ տրամագծով սև կլորավուն բծերով։ Լողակները սովորաբար մոխրագույն են։ Էգերը սեռահասուն են դառնում կյանքի 5-րդ, արուները՝ 4-րդ տարում։ Բազմացման ընթացքում արուների մաշկը հաստանում ու մգանում է, թեփուկները թաղվում են մաշկի մեջ, և երևում են միայն նրանց ծայրերը, անհետանում է արծաթափայլ գունավորումը, ատամները երկարում են, ստորին ծնոտի ծայրին առաջանում է կեռ ելուստ։ Մարմինը ծածկվում է լորձով։ Էգերի մոտ այդ փոփոխություններն ավելի թույլ են արտահայտվում։

Սնվում է մերձհատակային կենդանիներով (ջրային իշուկներ, տզրուկներ, ջրային միջատների թրթուրներ)։ Խոշոր առանձնյակները կարող են սնվել նաև մանր ողնաշարավորներով (ձկներ, երկկենցաղներ)։ Մինչև Սևանա լճի մակարդակի նվազումը ունեցել է արդյունաբերական նշանակություն և տվել իշխանի ընդհանուր որսի մինչև 25-30 %-ը։ Ներկայումս համարվում է իշխանի ոչնչացված ենթատեսակ՝ ձվադրավայրերի չորացման և գերորսի հետևանքով։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է եղել միայն Սևանա լճում։ Հայաստանից դուրս չի հանդիպել[1]։

3-5 տարեկան հասակում դառնում է սեռահասուն։ Նոյեմբերից մինչև մարտ, խոշոր, խճաքարային գրունտներում, 6-8 մ խորություններում ձվադրում է։ Բնակվել է առավելապես Փոքր և Մեծ Սևանի առափնյա շրջաններում։ Սնվում էր հիմնականում համարիդներով, փափկամարմիններով, ջրային միջատների թրթուրներով, հասուն առանձնյակները` նաև մանր ձկներով[1]։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին հավաստի որսը կատարվել է 1982 թվականին Մեծ Սևանի հյուսիսարևելյան ափերի մոտ։

Վտանգման հիմնական գործոններ են հանդիսանում ձվադրավայրերի չորացումը լճի մակարդակի արհեստական իջեցման հետևանքով և որսագողությունը։ 1970-1980 թվականներին կատարվել են արհեստական վերարտադրման անհաջող փորձեր, սակայն աշխատանքները ընդհատվել են լճում վայրի արտադրողների բացակայության պատճառով։

1978 թվականից որսն արգելված է։ Պահպանվում էր «Սևան» ազգային պարկում[1]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.