Jump to content

Հոմերոսյան դարաշրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հունական Մութ դարերից)
 Հունաստանի պատմություն

Անտիկ Հունաստան
Հունական Մութ դարեր Ք․ա․1100-800 թթ․
Միկենյան Հունաստան
Արխայիկ Հունաստան

Հունաստանի պորտալ
Պատմական Հունաստան

Հունական մութ դարեր, կոչվել է նաև Հոմերոսյան դարաշրջան[1], Հունաստանի մութ դարերի ժամանակաշրջանն է՝ Միկենյան քաղաքակրթության ավարտից մինչև հունական քաղաք-պոլիսների ի հայտ գալը։ Հնագիտական պեղումները վկայում են բրոնզե դարի մեծ ճգնաժամի մասին Արևելյան միջերկրածովյան շրջանում, թե ինչպես են մեծ պալատները և քաղաքները կործանվել կամ լքվել։ Գրեթե այդ ժամանակաշրջանում ցնցումներից լրջորեն տուժել է խեթական քաղաքակրթությունը, և Տրոյա քաղաքից մինչև Գազա կործանվել են։ Անկումից հետո փոքր և ավելի մանր բնակավայրերը պայքարել են վերաբնակեցվելու համար։ Հունաստանում Գծային Բ-ի գործածությունը միկենյան բյուրոկրատիայի շրջանում դադարել է։ Ք. ա.1100-ական թվականներից խեցեգործական և կերամիկական իրերի պատրաստումը սահմանափակվել է; Սկզբում կարծում էին, որ այդ ժամանակաշրջանում Մայրցամաքային Հունաստանի և այլ իշխանությունների հետ բոլոր կապերը խզվել են, որի պատճառով էլ կանխվել է մշակութային զարգացումը, սակայն պեղումները ցույց են տվել մշակութային և առևտրային էական կապերի առկայությունը Արևելքի, հատկապես Լիբանանի, Սիրիայի և Կիպրոսի հետ։

Միկենյան քաղաքակրթությունը սկսել է անկում ապրել Ք. ա. 1200 թվականից։ Հնագիտությունը ցույց է տալիս, որ մոտ Ք. ա. 1100-ական թվականներից պալատական կենտրոնները և բարձր կազմակերպվածություն ունեցող միկենյան բնակավայրերը լքվել են կամ կործանվել և Ք. ա. մոտ 1050-ական թվականներին։ Միկենյան մշակույթի առանձնահատուկ գծերը անհետացել են, իսկ բնակչությունը՝ պակասել[2]։ Շատ աղբյուրներում բացատրվում են Միկենյան քաղաքակրթության ճգնաժամի և բրոնզե դարի անկման պատճառները։ Միկենյան մշակույթի անկման առաջին հիպոթեզը կապված է դորիացիների արշավանքի հետ, որոնք տարիների ընթացքում աստիճանաբար շարժվել են դեպի հարավ` ամայացնելով տարածքներ, մինչև որ կարողացել են հաստատվել Միկենյան կենտրոններում[3]։ Ըստ Բրոնզի դարի անկման վերաբերյալ որոշ տեսակետների` անկման պատճառներ են համարվում բնական ոչնչացումը` կլիմայի փոփոխություն, երաշտ, երկրաշարժեր[4]։ Այլ մեկնաբանությունները Միկենյան Հունաստանի անկումը բացատրում են Արևելյան Միջերկրականում «Ծովի ժողովուրդների» ակտիվացմամբ, քանի որ նրանք մեծ տարածքներ էին ամայացնում Անատոլիայում և Լևանտում։

Միջերկրածովյան պատերազմ և ծովի ժողովուրդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեթե այս ժամանակաշրջանում մեծ մասշտաբի ապստամբություններ են բռնկվում, որոնք ընդգրկում են Արևելյան Միջերկրականի մի շարք շրջաններ։ Դրանք փորձ են անում տապալել առկա թագավորությունները։ Պատճառը տնտեսական և քաղաքական անկայունությունն է, որի պատճառով տառապում են կորուստ և քաղց տեսած մարդիկ։ Խեթական թագավորություն են թափանցում այսպես կոչված «ծովի ժողովուրդները»։ Տերմինը հորինել են եգիպտացիները ռազմական հաջողությունների վերաբերյալ իրենց՝ սնապարծությամբ արված գրառումներում [5]։ Այս ժողովուրդները Մերնեպտահի օրոք փորձել են երկու անգամ ներխուժել Եգիպտոս մոտ Ք.ա.1178 թվականին։

Երկրաչափական մարմնի տեսքով արկղ՝ Աթենքում Հին ագորայի թանգարանի ցուցահանդեսում։ Ք․ա․ 850 թ․

Պալատական կենտրոնների ճգնաժամի և արքունի կենտրոնների փլուզուման ժամանակ մոնումենտալ շենքեր չեն կառուցվել, և որմնանկարների ստեղծումը հնարավոր է քչացել է։ Գծային Բ-ով գրառումներ անելը պակասել է, անհետացել են առևտրային կապերը, իսկ քաղաքներն ու գյուղերը՝ դատարկվել։ Գծային Բ-ով գրելու անհրաժեշտություն չի եղել, որովհետև տնտեսական զարգացումը խոչընդոտվել է և գծային Բ-ով հաշիվները գրառելու անհրաժեշտություն չի եղել[6]։ Հունաստանի բնակչությունը պակասել է[7]։ Կազմակերպված պետական կառավարման համակարգը՝ թագավոր, բանակ, պաշտոնյաներ և վերաբաշխման համակարգ, անհետացել են։ Այդ ժամանակաշրջանի վերաբերյալ ինֆորմացիայի մեծ մասը ստանում ենք հուղարկավորության սրահից և այնտեղ ամփոփված գերեզմաններից։ Չհամակարգված, տեղայնացված և մասնատված ինքնավար մշակույթներում նկատվում է բազմազանություն խեցեգործական իրերի պատրաստման ոճերում, թաղման արարողություններում։ Դիակիզումը դարձել էր գերիշխող ծես։ Միկենյան պալատական կենտրոնները, ինչպիսին էին Արգոսը և Կնոսոսը, շարունակում էին զբաղեցված մնալ [8]։ Հունաստանի որոշ շրջաններ, ինչպիսիք էին Ատտիկան, Եվբեան և կենտրոնական Կրետեն, այդ իրադարձություններից հետո տնտեսությունը կարողացան բարեփոխել մի քիչ ավելի, քան մյուսները։ Աղքատությունը սակայն դեռ կար, և հույների կյանքը մնում էր գրեթե անփոփոխ։ Դեռևս գոյություն ուներ գյուղատնտեսությունը, խեցեգործությունն ու մետաղագործությունը, բայց զարգացման ցածր մակարդակով։ Որոշ տեխնիկական փոփոխություններ են նկատվում Ք․ա․ 1050-ական թվականներին։ Այս ժամանակաշրջանում խեցեգործական իրերը պատրաստվում էին Պրոտոգեոմետրիկ ( Protogeometric) ոճով, որը հանդիսանում էր հին հունական կերամիկական իրերի պատրաստման ոճը, որը կիրառվում էր Աթենքում Ք․ա․ 1050-900 թվականներին[9]; Այս ոճով իրեր էին պատրաստվում Հունական Մութ դարերում և արխայիկ դարաշրջանի սկզբում։

Պրոտոգեմոտրիկ ոճով ստեղծված ծաղկաման ( Amphora) Ք․ա․975–950 թվականներին, Աթենքում այժմ գտնվում է Բրիտանական թանգարանում

Հին հունական խեցեգործական իրերի առկայությունը 11-րդ դարի կեսերին վերակենդանացող քաղաքակրթության արտահայտությունն էր։ Խեցեգործության առաջավոր տեխնիկան հնարավորություն էր տալիս, որ բրուտի անիվի արագ պտույտի շնորհիվ ձևավորվեր գեղեցիկ ծաղկաման և գլոբուսի արագ պտույտի միջոցով կատարյալ նախշազարդվեր։ Կատարյալ փայլը հասանելի էր դառնում կավը բարձր տեխնիկայով թրծելու միջոցով։ Կատարման տեխնիկան պարզ էր, օգտագործված նյութը՝ քիչ, իսկ արդյունքում ստեղծվում էր արվեստի գեղեցիկ նմուշ։ Երկաթի ձուլումը հայտնի էր դարձել Կիպրոսից և Լևանտից։ Օգտագործվում էր հանքաքարը, որը նախկինում անտեսված էր միկենացիների կողմից։ Երկաթի ռացիոնալ օգտագործումը Մութ դարերի բնակավայրերի առանձնահատկությունն էր [10]։ Դեռ անորոշ է, թե երբվանից է մոռացված երկաթը դարձել զենք ու զրահ և գերադասվել բրոնզից։ 1050 թվականից ի հայտ են եկել երկաթի տեղական արդյունաբերության ճյուղեր, իսկ 900 թվականից գրեթե բոլոր զենքերը պատրաստվել են երկաթից։

Պատմական ժամանակաշրջանում հունական զարգացման դիալեկտիկան արտահայտված է եղել Մայրցամաքային Հունաստանից դեպի Անատոլիա և այնպիսի վայրեր տեղաշարժով, ինչպիսիք են Միլեթը, Եփեսոսը և Կոլոփոնը։ Եվ հնարավոր է դա սկսվել է 1000 թվականից, բայց դեռ փաստերը բացակայում են։ Կիպրոսում որոշ հնագիտական ապացույցներ կան հունական կերամիկայի մասին[11]։ Իսկ Euboean հույների գաղութը, որ հիմնադրվել էր սիրիական ափին, զարթոնք է ապրում։ Փոքր Ասիայի ծովափնյա շրջանում, Կրետեում և Սամոսում հայտնաբերվել է պոտոգեոմետրիկ ոճի կերամիկա[12]։

Հասարակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավանական է, որ Հունաստանը այս ընթացքում բաժանված էր առանձին շրջաններում կազմակերպված տնային տնտեսությունների, ավելի ուշ՝ պոլիսների; Պեղումները ցույց են տվել, որ Մութ շրջանում համայնքը, ինչպիսին Նիկորիան էր Պելոպոնեսում, լքվել էր Ք․ա․ 1150 թվականին, բայց հետո վերականգնվել էր որպես փոքրիկ գյուղ 1175 թվականին։ Հավանաբար այդ ժամանակ կար ընդամենը քառասուն ընտանիք՝ մեծ տարածություն ընդգրկող գյուղատնտեսական հողով, արոտավայրերով ու անասուններով։ Կան շենքի մնացորդներ՝ պահպանված բարձունքի վրա, որոնք եզրակացնել են տալիս, որ դա առաջնորդի տուն է, քանի որ իր չափերով ավելի մեծ է, քան շրջակայքի տները; Սակայն դրանք բոլորն էլ պատրաստված էին միևնույն տեսակի շինանյութից՝ ցեխե աղյուսից ու ունեին ծղոտե տանիք։ Հնարավոր է, որ դա կրոնական նշանակություն ունեցող վայր էր և համայնքային պահեստ՝ հացահատիկի համար պատրաստված։ Գյուղում ապրել են միևնույն կենսամակարդակի մարդիկ, չի եղել ապրելակերպի տարբերություն։ Հույներից շատերը մեկուսացված չէին ագարակներում, այլ ապրում էին բնակավայրերում։ Դա հավանաբար վերաբերվում էր հունական արշալույսին` երկու-երեք հարյուր տարի ավելի ուշ պատմական ժամանակաշրջանին։ Յուրաքանչյուր ընտանիք ուներ հողատարածք` ալոդ։ Առանց դրա մարդը չէր կարող ամուսնանալ[13]։

Հուղարկավորության սրահ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատկեր:Protogeometric building.jpg
Պրոտոգեոմետրիկ շենքը և գերեզմանատունը

Էֆեբեա կղզու վրա ուշ բրոնզի դարում եղել են բարգավաճ բնակավայրեր [14], հնարավոր է, որ դրանք նույնացվել են հին Էրետրիայի (Eretria) հետ[15]։ Բնակավայրերն արագորեն վերականգնվել են միկենյան մշակույթի անկումից հետո, իսկ 1981 թվականի պեղումների ժամանակ հայտնաբերվել է 10-րդ դարի ամենամեծ շենքը, որը մինչև այսօր հայտնի է Հունաստանում[16]։ Այդ երկար, նեղ շենքն երբեմն անվանվել է հերուն (heroon)։ 50 մ երկարություն և 10 մ լայնություն ( կամ 150 ոտք երկարություն և 30 մ լայնություն) ունեցող շինությունն ունի երկու թաղման սրահ։ Մեկում տեղադրված են չորս ձիեր, իսկ մյուսում արական սեռի ներկայացուցիչն է զենք ու զրահով և կին՝ ոսկյա զարդերով[17]։ Մարդու ոսկորները տեղադրված են կիպրյան բրոնզե սկահակում՝ որսի տեսարանով նախշազարդված։ Կինը զգեստավորված է ոսկե բանվածքով հագուստով, կրում է կիպրյան կամ մերձավորարևելյան վզնոց՝ մտահղացված կնոջ թաղումից դեռևս 200-300 տարի առաջ։

Զույգ թրծակավ կոշիկ Աթենքի ագորա-թանգարանում։

Տարբեր վայրերից հայտնաբերված հնագիտական նյութերը ցույց են տալիս, որ տնտեսության վերականգնումը Հունաստանում զգալիորեն առաջընթաց է ապրել Ք.ա.8-րդ դարում։ Այդ մասին են վկայում այնպիսի երկու գերեզմանոցները, որ կան Աթենքում և Լեֆկանդում և սրբատեղիները, ինչպիսին Օլիմպիայինն է, նաև վերջերս Դելփիքում կամ Հերեյոն Սամոսում ստեղծվածները։ Առաջին վիթխարի կամ ազատ կանգնած տաճարները հարուստ են զոհաբերություններով, այդ թվում Մերձավոր Արևելքից, Եգիպտոսից բերված առարկաներով` պատրաստված էկզոտիկ նյութերից, ինչպիսիք են սաթը կամ կամ փղոսկրը։ Բացի դրանից, հունական խեցեգործական իրերի արտահանումը ցույց է տալիս մշակույթի տեղաշարժ դեպի այլ շրջաններ։ Կերամիկական զարդարանքները դառնում են ավելի ու ավելի տարատեսակ և ունեն երկրաչափական բազմազան ձևեր, իսկ Երկաթյա գործիքները և զենքերը ավելի որակյալ են[18]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «The History of Greece». Hellenicfoundation.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.
  2. «Greek Dark Age». Ancient History Encyclopedia. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 6-ին.
  3. Mylonas 1966, էջեր. 231–232.
  4. Tartaron 2013, էջ. 19.
  5. Edgerton and Wilson (1936), pl 46, p. 53; and J. Wilson, "Egyptian Historical Texts" in Pritchard, Ancient Near Eastern Texts Relating to the Old Testament (3rd ed., 1969).
  6. The Early Greek Dark Age and Revival in the Near East. http://www.perseus.tufts.edu/hopper/text?doc=Perseus%3Atext%3A1999.04.0009%3Achapter%3D3 Retrieved 2016-12-4
  7. Snodgrass 1971:360-68.
  8. Whitley 1991.
  9. Cook, 30
  10. Whitley 1991:343, notes regional differences in iron-working in A.N. Snodgrass, The Dark Age of Greece (1971:213–95), and I.M. Morris, "Circulation, deposition and the formation of the Greek Iron Age, " Man, n.s. 23(1989:502–19)
  11. V. Karageorghis, Early Cyprus, 2002.
  12. R.W.V. Catling, "Exports of Attic protogeometric pottery and their identification by non-analytical means", Annual of the British School at Athens 93 (1998:365-78), noted in Robin Lane Fox, Travelling Heroes in the Epic Age of Homer, 2008:48; Fox provides the cultural background to his study of Euboean cultural contacts in the Mediterranean in the 8th century.
  13. Hurwitt (1985)
  14. «Excavations at Lefkandi: Publications». Lefkandi.classics.ox.ac.uk. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.
  15. The candidates and their opponents are noted in Fox 2008:51 note 23.
  16. M. R. Popham, P. G. Calligas, and L. H. Sackett, (eds.), Lefkandi II: the Protogeometric Building at Toumba, Part 2. The Excavation, Architecture and Finds, BSA Suppl. vol. 23, Oxford 1993.
  17. Edward Bispham, Thomas Harrisom, Brian A. Sparkes, Ancient Greece and Rome, page 89, The Edinburgh Companion, Ed 2006.
  18. J.N. Coldstream, Geometric Greece: 900–700 BCE 1979