Հովիտ (հանդես)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովիտ (այլ կիրառումներ)
«Հովիտ», գրական, հասարակական և քաղաքական շաբաթական հանդես։ Լույս է տեսել 1906-17 թթ-ին (1906-10 թթ-ին՝ «Հովիվ» անվամբ), Թիֆլիսում։ Խմբագիր-հրատարակիչներ՝ Ե. Երզնկյան, Հ. Հովսեփյան (1910 թթ-ին)։ Մեծ տեղ է հատկացրել հայերենին, հայ եկեղեցուն, կրթությանն ու մանկավարժությանը։ Ձգտել է ընտանիք-դպրոց կապի ամրապնդմանը։ Անդրադարձել է արևմտահայության վիճակին, բողոքել հայկական կոտորածների դեմ Թուրքիայում։ Քննադատել է դաշնակցությանը, մեղադրել նրան երիտթուրքերի հետ գործակցելու համար։ Ունեցել է հարուստ գրական-բանասիրական բաժին։ Տպագրել է Ե. Գեղամյանի՝ «Մշակ» թերթի 40-ամյա ուղու և Գ. Արծրունու գործունեության մասին, «Իսրայել Օրին և իր քաղաքական ծրագիրը», «Հայերի ազատագրական շարժումները ԺԸ դարում» ուսումնասիրությունները, Պեսսիմիստ-ի (Գ. Տեր-Ղազարյան) «Նախնական կուլտուրայի պատմություն», Հ. Հովհաննիսյանի պոեզիային նվիրված գործերը, Ա. Ալպոյաճյանի հոդվածաշարը հայ ՜ տպագրության 400-ամյա պատմության վերաբերյալ, պատմվածքներ, բանաստեղծություններ, դրամատիկական գործեր և այլն։ Անդրադարձել է Թիֆլիսի ժողովրդական տան գործունեությանը, Հավլաբարի թատրոնի ներկայացումներին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 551)։ |