Հնդիրանական լեզուներ, հնդեվրոպական լեզվաընտանիքի ճյուղ, որը ներառնում է հնդկական (հնդարիական), իրանական, դարդյան և նուրիստանյան լեզուները։ Այս լեզվախմբերի միացումը հատուկ ճյուղի մեջ պատճառաբանվում է անառարկելի ընդհանրություններով, որոնք նախորդում են հնդեվրոպական լեզվատրոհմանը և պարունակում են հնդեվրոպական լեզվական միասնությանը վերաբերող կարևոր հնաբանություններ։ Լեզվական և մշակութային ընդհանրությունները հաստատվում են պատմահամեմատական քերականությամբ ու բառապաշարով։ ժամանակակից Հնդիրանական լեզուների հոլովման և խոնարհման համակարգերում նկատելի է թեքականության կորուստ և անցում վերլուծականության։ Նախադասությունն ունի էրգատիվ կառուցվածք։ Խոսում են Հնդկաստանում, Պակիստանում, Նեպալում, Շրի Լանկայում (հնդարիական լեզուներ), Իրանում, Աֆղանստանում, Պակիստանում (արևմտյան մաս), Իրաքում (հյուսիսային շրջաններ), Թուրքիայում (արևելյան մաս), Տաջիկստանում։ Տես նաև Հնդեվրոպական լեզուներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 472)։