Հարաբերական ածականներ
Հարաբերական ածականներ, միջնորդավորված հատկանիշ ցույց տվող ածականներ։ Հարաբերական ածականների մեջ հատկանիշն արտահայտվում է առարկայական հարաբերությամբ։ Հարաբերական ածականները, ի տարբերություն որակական ածականների, համեմատության աստիճաններ չունեն։
Հարաբերական ածականներն արտահայտում են՝
- առարկաների տեղային-տարածական հարաբերություն (օրինակ՝ քաղաքային, լեռնային, ծովափնյա և այլն),
- ժամանակային հարաբերություն (օրինակ՝ ցերեկային, ամառային, քառամյա և այլն), ակա
- ծագման, պատկանելիության ու հատկացման հարաբերություն (օրինակ՝ ուսանողական, որդիական, մարդկային և այլն),
- կազմության հարաբերություն (օրինակ՝ ոսկյա, արծաթե, բրդյա և այլն),
- ունենալու և չունենալու հարաբերություն (օրինակ՝ ակնոցավոր, աղեղնավոր, անգլուխ և այլն) և այլ հարաբերություններ։
Որակական ու հարաբերական ածականների քանակական սահմանը շատ շարժուն է և հարաբերական[1]։ Սակայն որակական ու հարաբերական ածականների բառիմաստային տարբերություններն ուղեկցվում են բառակազմական ու քերականական մի շարք տարբերություններով, այսինքն՝ կարելի է նշել մի շարք առանձնահատկություններ, որոնց հիման վրա կարելի է որակական ածականներն առանձնացնել հարաբերականներից։ Այդ տարբերություններն են՝
- Հարաբերական ածականները չունեն համեմատության աստիճաններ։
- Հարաբերական ածականները սովորաբար չունեն հականիշներ։
- Որակական ու հարաբերական ածականները տարբերվում են նաև շարահյուսական կիրառությամբ։ Հարաբերական ածականները սովորաբար լրացնում են նախադասության գոյականական անդամներին։ Որակական ածականների մի զգալի մասը կարող է գործածվել բայերի հետ՝ հանդես գալով որպես պարագա, օրինակ՝ գաղտնի մոտենալ, հստակ երևալ և այլն։
- Որակական ածականներն ըստ կազմության կարող են լինել ինչպես պարզ, այնպես էլ ածանցավոր կամ բարդ, այնինչ հարաբերական ածականները պարզ լինել չեն կարող. վերջիններս ունենում են միայն բաղադրյալ կազմություն, օրինակ՝ ամառային, քաղաքային, ոսկե, գիշերային և այլն։
Յուրաքանչյուր հարաբերական ածականի մեջ այս կամ այն չափով առկա է նաև հատկանշային-որակական իմաստ, ինչի շնորհիվ հարաբերական ածականների իմաստային զարգացումը հաճախ հանգեցնում է նրան, որ ածականի մեջ գերիշխող է դառնում նրա հատկանշային-որակական իմաստը, իսկ առարկայական հարաբերության նշանակությունը դառնում է երկրորդական։ Հենց դրանով էլ վերանում է հարաբերական ու որակական ածականների հիմնական տարբերությունը, և հարաբերական ածականները վերածվում են որակականների։ Օրինակ՝ լուսավոր, նվիրական, ականավոր, տաղանդավոր, խորհրդավոր ածականները վերածվել են որակական ածականների և կարող են կազմել համեմատության աստիճաններ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ В. В. Виноградов, Русский язык, М.-Л., 1947, էջ 24։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու։ Ձևաբանություն, Երևան, 2002, էջ 131-133։