Jump to content

Հայաստանի ֆիզիկական և մարդկային ռեսուրսներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆիզիկական և մարդկային ռեսուրսները, առողջապահական հաստատությունների ընդհանուր թվաքանակը դեռևս խորհրդային տարիներին նվազման միտում ուներ, որն ավելի է խորացել անկախացումից հետո։ Համակարգի օպտիմալացման ընթացքում բժիշկների ընդհանուր թվաքանակը պահպանվել է, գրեթե կրկնակի կրճատվել է միջին բժշկական անձնակազմի հիվանդանոցային մահճակալների թիվը, նվազել են մահճակալների տարեկան միջին զբաղվածությունը, մահճակալի վրա 1 հիվանդի անցկացրած օրերի միջին թիվը և ամբուլատոր հաճախումների միջին թիվը։ Ստոմատոլոգների և ատամնաբույժների թիվը կրկնապատկվել է. 10.000 բնակչի հաշվով 1990-93 թվականներից 2009 թվականին հասել է 6,1-ի, իսկ առողջապահության համակարգում նրանց թիվը կրճատվել է մինչև 2,3։ Հայաստանում բժշկական կրթություն ստանում են Մխիթար Հերացու անվան Երևանի Պետական Բժշկական Համալսարանում, ոչ պետական բժշկական բուհերում և բժշկական ուսումնարաններում։ 2011 թվականի տվյալներով՝ միջին բուժաշխատողներ պատրաստում են 12 պետական և 2 ոչ պետական բժշկական ուսումնարաններ։ 2009 թվականին պետական և ոչ պետական բարձրագույն բժշկական հաստատություններն ավարտել է 756 բժիշկ, 460-ը՝ Երևանի Պետական Բժշկական Համալսարանն։ 2009-10 ուսումնական տարում առողջապահություն մասնագիտությամբ Հայաստանի բուհ է ընդունվել 1303 դիմորդ, ավարտել՝ 885-ը։ 2009 թվականին պետական միջին մասնագիտական բժշկական հաստատություններն ավարտել է 3319 բուժքույր։ Հայաստանի, Արցախի և Ջավախքի գիտամանկավարժական և գործնական, բժշկության կադրային ներուժի պահպանման ու համալրման նպատակով պետական պատվերի շրջանակներում մասնագետներ են պատրաստվում կլինիկ, օրդինատուրայում և ասպիրանտուրայում։ Հայաստանի առողջապահության մշակած կարգով լուծվում են նաև Հայաստանի մարզեր գործուղված բժիշկ-մասնագետների ֆինանսական փոխհատուցման հարցերը։ Գործող կանոնակարգի համաձայն՝ բժիշկները և բուժքույրերը 5 տարին մեկ անցնում են որակավորման դասընթացներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։